Մոնթե Մելքոնյան. «Պիտի ուզեի, որ ոչ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով»

Մոնթե Մելքոնյան. «Պիտի ուզեի, որ ոչ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով»

Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեղմ երաժշտություն էր տարածվել Հայաստանյաց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի Զորայան թանգարանում՝ հայտարարելով «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած Արցախի պաշտպանական բանակի հրամանատար, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառման սկիզբը։

Միջոցառմանը ներկա հանդիսատեսների թիվն ակնկալածի կրկնապատիկն էր. մարդիկ նույնիսկ կանգնած էին դռների արանքներում և միջանցքներում։ Երիտասարդների մեծ ներկայություն էր նկատվում, որը հազվագյուտ երևույթ է հայկական համայնքի միջոցառումների ժամանակ։

«Ավոն»՝ Մոնթե Մելքոնյանը, ծնվել է Ֆրեզնոյի մերձակայքում գտնվող Վայսելիա քաղաքում 1957 թվականին։ Իր հայ արմատների մասին գիտակցել է պատանեկության տարիներին, երբ ընտանիքի հետ այցելել է պատմական Հայաստան։ Այնուհետև որպես ուսանող՝ այցելել է հեռավոր արևելքի երկրներ և ճանապարհորդել։

Վերադառնալով Ամերիկա՝ ուսանել է Բըրկլիի համալսարանում՝ հիմնելով տեղի հայ ուսանողների ընկերակցությունը և կազմակերպելով Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներ։ Մոնթեն տիրապետել է 7 լեզվի, ինչպես նաև հմտացել զինատեսակների գործածման ու ռազմարվեստի հարցերում, որն էլ մեծ օգուտ բերեց հայրենիքի պատշպանության ժամանակ։ Մոնթեն այնուհետև դարձել է հայ դատի պաշտպան ու մարտիկ՝ մարտնչելով Լիբանանի հայ համայնքի պաշտպանական կռիվներում, հետագայում՝ Արցախի ազատագրական պայքարում, որտեղ էլ նահատակվել է։

Միջոցառումը, որը կազմակերպվել էր «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ, սկսվեց տերունական աղոթքով և վերածնված Հայաստանի անկախության օրհներգով։ Ցուցադրվեցին տեսանյութեր Մոնթեի ընտանեկան և պատերազմական կյանքից, իսկ «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը կարդաց հատվածներ Մոնթեի անձնական նամակներից.

«… իմ սկզբունքներս, աշխատանքս և համոզումներս կսիրեմ գործադրել հայկական ազատագրական պայքարի սահմաններուն մեջ կամ ալ գոնե հայության ի նպաստ’ըստ իմ հասկացողությանս։ Նաև ըսեմ, որ լրջօրեն միշտ փորձած եմ գիտական ձևով մոտենալ այս հարցին… Այս տեսակ գործերը տեղքայլի մեջ չեն մնար. քանի որ պատմութիւնը տեղքայլի մեջ չի մնար: Միշտ զարգացման պետք կա, միշտ անցյալի սխալներեն սորվելու պետք կայ»:

«…Ձուլումն իր կարեւոր ազդեցությունը ունեցած է շատ մը տեղեր… Պատմության բնական ընթացքը սփյուռքահայության դեմ է: Այս կացության մեջ շատ կարևոր է միշտ Խորհրդային Հայաստանի մշակույթը դիտել իբրև արդիական չափանիշ հայկական մշակութային կյանքին: Ուրիշ բաներու կողքին, կարեւոր է սփիւռքահայության կապել Խորհրդային Հայաստանի կյանքին: Այս ձեւով է, որ սփյուռքի մէջ հայկական հայրենիքի գաղափարը’ ձգտումը պիտի ողջ մնա»:

Խոսեց Մոնթեի եղբայր Մարգար Մելքոնյանը’ հակիրճ կերպով ներկայացնելով Մոնթեի կյանքը, որ նկարագրված է իր հեղինակությամբ հրատարակված գրքի մեջ։ Հանդիսության ժամանակ կազմակերպիչները սկայպով կապ հաստատեցին Մոնթեի կնոջ՝ Սեդայի հետ, ով ներկայացրեց ազնիվ, հոգատար, կանանց և թույլերի պաշտպան, երեխայի հոգով, խոնարհ և ամաչկոտ Մոնթեին, որը բնավ խտրականություն չէր դնում ազգերի, կուսակցությունների կամ կրոնների միջև և հարգանք էր տածում նույնիսկ թշնամի զինյալների հանդեպ՝ ասելով. «Ահա, սրանք լավ կռվողներ են»:

Մոնթեին նվիրված երգ երգեց Սարիբեկ Մարտիրոսյանի դուստրը’ Անժելա Մարտիրոսյանը: Սարիբեկը Մոնթեի հետախուզության պետն էր, ով զոհվել է իր հրամանատարի հետ նույն օրը՝ նույն միջադեպի ժամանակ։ Երբ Սարիբեկին կինը խնդրում էր առաջին գիծ չգնալ, որովհետև 5 երեխա ուներ, նա պատասխանում էր. «5 երեխա ունեմ, դրա համար էլ առաջին գիծ եմ գնում, որ անվտանգ երկրում ապրեն»։

Պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը միջոցառմանը ներկայացրեց Արցախի ռազմավարական կարևորությունը Հայաստանի (իմա՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության) ազգային անվտանգության համակարգում։ Ըստ նրա՝ հայկական հարցը ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, այլ հողային խնդիր է։ Հայկական հարցի էությունը հայ ժողովրդի՝ իր հայրենիքում անկախ և ազատ ապրելն է, որը հնարավոր կլինի առնվազն Հայկական լեռնաշխարհի այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության երկարատև անվտանգ գոյությունն ու զարգացումը: Սա էլ Մոնթեի վերջնական նպատակն էր։

Արմեն Այվազյանը շարունակեց. «Հասկանալով սա՝ Մոնթեն և շատ ուրիշ ազատամարտիկներ նպատակասլաց կերպով իրագործում էին հայկական հողերի ազատագրումը»։ Խոսնակը շեշտեց նաև, որ առանց Արցախի՝ Հայաստան այսօր չէր կարող գոյություն ունենալ, և այսօր մենք ունենք մեկ միասնական Հայաստան՝ 42,000 քառակուսի կիլոմետր տարածությամբ։ Այո, ունեցել ենք արտագաղթ, բայց հայ ժողովուրդը պետք է մնա կառչած իր հայրենի հողին, և Ադրբեջանին որևէ մետր հողի զիջումը անհնարին է ու անկարելի։

Երևանից սկայպով կապ հաստատվեց նաև գեներալ Հմայակ Հարոյանի հետ, որը եղել է խորհրդային բանակի սպա և Մոնթեի հետ ղեկավարել է Մարտունու պաշտպանական շրջանը։ Գեներալը պատմեց Մոնթեի հետ պատահած հանդիպումների և դրվագների մասին՝ ներկայացնելով ռազմական ունակություններն ու քաջագործությունները՝ հաճախ դրանք որակելով «խենթություն»։

«Մի անգամ… ես կապվել էի [Մոնթեի] հետ, ինքը դիրքերում էր, ասում էր. «Վիճակը շատ վատ է։ Մերոնք, մեր տղաները հետ են նահանջել, նույնիսկ չգիտեմ՝ որ ուղղությամբ են նահանջել։ Դիրքերում մնացել ենք երկու հոգով»։ Ասում եմ, բա դո՞ւ ինչու ես մնացել, երկու հոգով այդտեղ ի՞նչ եք անում։ Ասում է. «Դե, եթե ես էլ իջնեմ դիրքերից, էս դիրքերը նորից գրավելու համար մեծ ուժեր են պետք, մեծ կորուստներ կունենանք։ Գոնե ես այստեղ մնացել եմ, որ դու մարդ հավաքես, բերես»։ Դա պարզապես ինձ զարմացրեց, թե ինչքան կարելի է անձնազոհ լինել, որպեսզի դիրքը պահելու համար մենակ նստել դիրքում»։

Երկու հրամանատարներին հաջողվել էր անկազմակերպ և անփորձ մարտիկներից կազմել կանոնավոր զորամիավորում։ Նորաթուխ տանկի անձնակազմերն, ընդամենը մեկ-երկու օր տեխնիկային ծանոթանալուց հետո, նետվում էին մարտի։ Ըստ գեներալի՝ «մեկ-երկու շաբաթվա ընթացքում տեսնում էինք, որ անձնակազմը տիրապետում է զենքին և լավ գործածում է»։ Գեներալ Հարոյանը նշեց, որ շնորհակալություն էին հայտնում ադրբեջանցի այն «հմուտ» զորավարներին, որոնք իրենց «բարձրագույն» կարողությունների շնորհիվ զենք էին հանձնում հայկական ջոկատներին։

«Մոնթեն այդ ընթացքում դրսևորեց հիանալի ընդունակություններ։ Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին։ Զարմանում էի, որ խորհրդային զենքից այդքան ոնց կարող էր տեղյակ լինել մի մարդ, որ սովետական բանակում չի եղել։ Մոնթեն տիրապետում էր նույնիսկ հրթիռների տեսակներին։ Տակտիկատեխնիկական տվյալները լրիվ ճիշտ էր ասում և կարողանում էր մտածել, թե զենքը ինչպես կարելի է կատարելագործել»,- ասաց գեներալը։

Նա նշեց, որ Մոնթեի հետ հետաքրքիր էր զրուցելը։ Ամեն թեմայից շատ տեղեկացված էր։ «…Շատ կարդացած մարդ էր։ Ես զարմացա, երբ նա ասաց, թե Ստեփան Շահումյանի գործերը, Սուրեն Սպանդարյանի գործերը լրիվ կարդացել է, տեղյակ է և հավանում է։ Ես, օրինակ, դրանցից անտեղյակ էի։ Բայց նա ահագին բաներ բացատրեց, թե ինչ նշանակության գործեր են դրանք»։

Սկայպով կապ հաստատվեց նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի փոխղեկավար Արտուշ Մխիթարյանի հետ։ Նա քաջալերեց հայ ժողովրդի բնակությունը Քաշաթաղում այն զարգացնելու համար։

«Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Նելլի Շուշի Մարտիրոսյանը ներկայացրեց Քաշաթաղի ներկա վիճակը, շրջանի կրթական, տնտեսական և խմելու ջրի խնդիրները։ Ադրբեջանը տասնյակ տարիների ընթացքում հայաթափել է Քաշաթաղը և մյուս շրջանները։ Իսկ այժմ մենք պարտավոր ենք բնակեցնել և զարգացնել դրանք։

Հնչեցին նաև Մոնթեի խոսքերից, թե որ գյուղը մտնես, հայկական եկեղեցի կամ ուրիշ շինություն կա, և եթե ուզում ենք իրեն հարգել, իր կենացը չխմենք, այլ իր գործը շարունակենք։ Միջոցառման ավարտին կատարեցին Մոնթեի սիրած «Գետաշեն» երգը։

Սփյուռքահայ մամուլի էջերից
«Հայրենասեր» կազմակերպություն

This post is also available in: Ռուսերեն