Վերաքննիչ բողոք

Վերաքննիչ բողոք

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Պատճենը` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին (հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1)

Պատճենը` Պատասխանող` Հայկ Դեմոյանին (հասցեն` ք. Երևան, Արգիշտիի փողոց, 4-րդ շենք, բնակարան 46)

Հայցվոր` Արմեն Այվազյանից (Երևան, 0015, Զաքյան փողոց, 8-րդ շենք, բնակարան 67)

Վերաքննիչ բողոք

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների

ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ 1051(02)11 գործով

02.12.2011թ. վճռի դեմ

(նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով)

2011 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` Ռ. Ներսիսյանի) իր վարույթում գտնվող թիվ ԵԿԴ 1051(02)11 գործով կայացրել և հրապարակել է վճիռ, որով մերժել է իմ (այսուհետև՝ հայցվոր)՝ Ա. Այվազյանի կողմից ընդդեմ պատասխանող` Հ. Դեմոյանի ներկայացված «Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին» հայցը: Վճիռն անհիմն է և այն պետք է բեկանել հետևյալ պատճառաբանությամբ։

Վճռի բողոքարկման պատճառաբանությունները

Որպես հայցը մերժելու հիմք՝ դատարանը նշել է հետևյալը. «Հայցվորի և պատասխանողի միջև տևական ժամանակ ընթացել են միմյանց գործունեության վերաբերյալ հրապարակային վեճեր, հեռուստատեսությամբ և լրատվական միջոցներով կատարել են միմյանց գիտական գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտություններ, մեկնաբանություններ, դրանցում ներկայացնելով իրենց կարծիք-դժգոհությունները, բողոքները։ …Տվյալ դեպքում դատարանը, գտնում է, որ հայցվորի կողմից միմյանց մեջ (sic) տևական ժամանակ ընթացող հրապարակային վեճերի առանձին դրվագը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս գնահատվել, որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող վիրավորանք կամ զրպարտություն»։

Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև հայցվորի և պատասխանողի միջև միմյանց գործունեության վերաբերյալ հրապարակային վեճեր չեն ընթացել, այն էլ՝ տևական ժամանակ։ Հայցվորը, ինչպես երևում է գործից, քննադատել է պատասխանողին ընդամենը մեկ անգամ՝ 2008 թ. սեպ. 29-ին Երկիր-Մեդիա հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ (տե՛ս http://www.youtube.com/watch?v=5ftbYEc4lE4; http://www.youtube.com/watch?v=qukOXF–8zg)՝ բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին սխալ տեղեկություններ հաղորդելու համար։ Հիշեցնեմ, որ պատասխանողը «Էկոնոմիստ»-ին հայտնել էր, թե իբր Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» ([“Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war”][1]։

Հայցվորն այս կապակցությամբ նշել էր, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից մեկն է եղել, ում հրամանով էլ թուրքական զորքերը 1920 թ. Արևելյան Հայաստանում ոչնչացրել են 200,000 հայերի, իսկ 1921 թ. Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայերի և հույների։ Ավելին՝ Քեմալի հրամանների ու գործունեության արդյունքում Հայաստանից բռնազավթվել են Կարսը, Արդահանը, Իգդիրը, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ինչպես նաև ամրագրվել են Հայոց ցեղասպանության ռազմավարական ծանրագույն հետևանքները։ Համարել հայցվորի այս միանգամայն արդարացի քննադատությունը «պատասխանողի գիտական գործունեության վերաբերյալ տևական ժամանակ ընթացած  հրապարակային արտահայտություններ, մեկնաբանություններ, կարծիք-դժգոհություններ, բողոքներ» կամ պատասխանողի անձին հասցված վիրավորանք կամ նրա նկատմամբ զրպարտություն, անարդար է և անհեթեթ։

Ընդգծեմ նաև, որ պատասխանողի այն պնդումը, թե նույն հաղորդման ժամանակ, հայցվորն իրեն անվանել է «սովորական չինովնիկ», նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ հայցվորի այդ հայտարարությունն անվանապես հասցեագրված չի եղել պատասխանողին, ընդհակառակը՝ հայցվորն այդ արտահայտությամբ ընդգծել է, որ չի կարևորում առանձին որևէ պաշտոնյայի (չինովնիկի) անձի ով լինելը, այլ անընդունելի է համարում այդ պահին իրականացվող «ֆուտբոլային դիվանագիտության» քաղաքականությունը։ Ի դեպ, նման քննադատությամբ հանդես են եկել նաև այլ մտավորականներ, գիտնականներ, պատգամավորներ և ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ։

Դատարանն, ըստ ամենայնի, հալած յուղի տեղ է դրել պատասխանողի որևէ կերպ չհիմնավորված այն պնդումները (որոնք իրականում բացահայտ զրպարտություններ են), թե իբր «վերջին երեք տարիների ընթացքում հայցվորը պարբերաբար վիրավորել է պատասխանողի արժանապատվությունն ու գործարար համբավը», «փորձել է վարկաբեկել պատասխանողին և վերջինիս կողմից ղեկավարվող հիմնարկը», «հետևողականորեն փորձեր է ձեռնարկել պատասխանողի անձի դեմ ուղղված տարբեր սադրանքներ ու վարկաբեկիչ գործողություններ իրականացնել», կամ՝ «2011թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում գործուղման մեջ գտնվելու ժամանակ հայցվորն ու իր համախոհները հերթական սադրիչ գործողությունն իրականացրեցին պատասխանողի դեմ» և ալյն։ Ընդգծենք, որ պատասխանողը չի կարողացել իր այս մերկապարանոց հայտարարությունները ամրապնդել որևէ ապացույցով կամ դատարանին տրամադրել հայցվորի՝ իր հասցեին արած զրպարտչական կամ վիրավորական արտահայտության գեթ մեկ օրինակ։ Հետևաբար, պատասխանողի վերոհիշյալ բոլոր անապացույց պնդումները դատարանի համար որպես հայցը մերժելու հիմք հանդիսանալ չէին կարող։

Մյուս կողմից, անհասկանալի և անընդունելի է դատարանի այն կարծիքը, թե «հայցվորի կողմից միմյանց մեջ տևական ժամանակ ընթացող հրապարակային վեճերի առանձին դրվագը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս գնահատվել, որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող վիրավորանք կամ զրպարտություն»։ Վիրավորանքն ու զրպարտությունը կարող են հասցվել ու սովորաբար հասցվում են հե՜նց վեճերի ժամանակ։ Օրենքը պետք է կիրառվի այն պահից, երբ հասցվել է վիրավորանք և/կամ զրպարտություն, անկախ նրանից, թե մինչ այդ որքան է տևել «գիտական գործունեության» հետ կապված կամ որևէ այլ վեճը՝ մեկ ժամ, թե մի քանի տարի։ Համեմատության կարգով բերեմ մեկ օրինակ։ Սկսած ս. թ. դեկտեմբերի 2-ից հայցվորը վիճարկում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (ի դեմս դատավոր Ռ. Ներսիսյանի) գործողությունները (կայացված անհիմն վճիռը), համարելով դրանք ակնհայտորեն անօրինական և անարդարացի։ Հարց առաջին. արդյոք այսուհետ հայցվորն իրավասու՞ է անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել և/կամ զրպարտել դատավորին, համարել, որ վեճի առանձին այդ դրվագը ենթակա չէ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը։ Հարց երկրորդ. ե՞րբ է սկսվում այն ժամկետը, երբ հայցվորը կարող է վիրավորել կամ զրպարտել դատավոր Ռ. Ներսիսյանին՝ վճռի կայացման պահին, մեկ ամիս անց թե՞ երեք տարի անց։ Իհարկե, պարզ է, որ հայցվորը, ինչպես նաև որևէ քաղաքացի մեկ այլ քաղաքացու վիրավորելու և զրպարտելու իրավունք չունի՝ ո՛չ այժմ, ո՛չ էլ ապագայում, անկախ նրանից, թե նրանց միջև «գիտական» կամ որևէ այլ վեճ եղել է, թե ոչ, երկար է այդ վեճը տևել, թե կարճ։ Հետևաբար, պատասխանողի կողմից հայցվորին հրապարակայնորեն զրպարտելու ու վիրավորելու փաստի արդարացումը՝ նրա ու հայցվորի միջև վեճի առկայությամբ կամ դրա այս կամ այն տևողությամբ՝ հեռու է ոչ միայն ՀՀ օրենսդրության պահանջներից, այլև բանականության պարզ ըմբռնումներից։

Իր վճռով դատարանը հայցվորի՝ գիտականորեն փաստարկված քննադատության և պատասխանողի՝ ծայրահեղ վիրավորական և զրպարտչական արտահայտությունների միջև դրել է հավասարության նշան։ Ըստ էության, դատարանը համարժեք և ընդունելի պատասխան է համարել վիրավորանքն ու զրպարտությունը, այդ թվում հայցվորին անվանարկող հետևյալ մտացածին հերյուրանքները՝ «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ», ով «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել», «թուրքական խայծն է կուլ տվել», զեղել է «իր կուտակած թույնը, մաղձը, նախանձը», «պետական հանցագործություն» և «դավաճանական արարք» է իրականացրել,  «խայտառակել է և՛ Ծիծեռնակաբերդը, և՛ Հայաստանի Հանրապետությունը», «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող լյումպենացված խմբակի» անդամ, որն իրականացնում է «անարդյունավետ և պարապ» գործունեություն։ Պատասխանողը, ի թիվս այլ զրպարտությունների և վիրավորանքների, նաև հայտարարել է, թե իրեն դատափետելու համար հայցվորը թաքնվել է Գևորգ Յազըճեանի գրչի հետևում, անվանել հայցվորին «մերժվածների խմբակ»-ի անդամ, ավելացնելով, թե այդ «խմբակ»-ի «բաշիբոզուկային գործելակերպը» շատերին է նրանից վանել, և որ ինքն այդ «խմբակ»-ի մասին կարող է ասել «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ»։ Պատասխանողը ոչ միայն չի հերքել իր կողմից արված այս բոլոր արտահայտությունները, այլև դատավարության ընթացքում քանիցս հաստատել է, որ ինքն հանձն է առնում դրանց պատասխանատվությունը։

Հենց ինքը` դատարանն իր վճռում արձանագրել է, որ «հայցվորը… մտավորական է, Հայաստանում և Սփյուռքում ճանաչված ու հարգանք վայելող գիտնական…», փաստորեն, չհամաձայնվելով պատասխանողի տված բազմաթիվ հակառակ գնահատականներին։ Սակայն միաժամանակ դատարանը հրաժարվել է իրականացնել օրենքի պահանջներից բխող արդար դատավարությունը։

Վճռի բողոքարկման հիմքերն ու հիմնավորումները

Վերը նշված վճիռը կայացնելով՝ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի մի շարք հետևյալ խախտումներ.

1.         Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, համաձայն որի դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանն ընդհանրապես որևէ ձևով չի հետազոտել ո՛չ հայցվորի, ո՛չ էլ պատասխանողի ներկայացրած ապացույցները՝ բավարարվելով միայն հայցվորի և պատասխանողի կողմից դրանց շարադրանքով, և բացարձակապես չի լուծել դրանց գնահատման հարցը:

2.         Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները, քանի որ ընդհանրապես որևէ կերպ չի գնահատել ապացույցները և չի լուծել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզված լինելու կամ պարզված չլինելու հարցը` վճռի պատճառաբանական մասում անելով միայն անհիմն հայտարարություն առ այն, որ պատասխանողի վիճարկվող գործողությունները հանդիսանում են նրա և հայցվորի միջև «հեռուստատեսությամբ և լրատվական միջոցներով կատարված միմյանց գիտական գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտություններ ու մեկնաբանություններ»:

3.         Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության պահանջները, քանի որ վճռի պատճառաբանական մաuում չի նշել դատարանի կողմից պարզված գործի հանգամանքներն ու ապացույցները, որոնց վրա հիմնված լինեին դատարանի հետևություններն ու այu կամ այն ապացույցներն ընդունելու կամ մերժելու փաuտարկները: Դրա փոխարեն դատարանը բավարարվել է միայն ակնհայտ անհիմն և միանգամայն անհասկանալի եզրահանգմամբ, որ «հայցվորի կողմից միմյանց մեջ տևական ժամանակ ընթացող հրապարակային վեճերի առանձին դրվագը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս գնահատվել»:

Բացի այդ, վերը նշված վճիռը կայացնելիս դատարանը թույլ է տվել նաև նյութական իրավունքի նորմերի մի շարք հետևյալ խախտումներ.

1.         Դատարանը չի կիրառել, սակայն պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնցով սահմանված է, որ «Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաuտական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատաuխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատաuխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»: Տվյալ դեպքում դատարանը, չունենալով պատասնախանողի վիճարկվող գործողություններն արդարացնող կամ հերքող որևէ ապացույց, դրանք պարզապես չի ցանկացել գնահատել որպես վիրավորանք և/կամ զրպարտություն:

2.         Դատարանը չի կիրառել, սակայն պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնցով սահմանված է, որ «Uույն oրենuգրքի իմաuտով` վիրավորանքը խոuքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Uույն oրենuգրքի իմաuտով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է uտույգ փաuտերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով»։ Այնինչ դատարանը, չունենալով հայցվորի կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ պատասխանողի որևէ ողջամիտ բացատրություն, վերջինիս վիճարկվող գործողությունները փաստորեն չի համարել վիրավորանք, քանի որ այդ մասին և ոչ մի նշում չի կատարել վճռի պատճառաբանական մասում:

3.         Դատարանը չի կիրառել, սակայն պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնցով սահմանված է, որ «Uույն oրենuգրքի իմաuտով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիuի փաuտացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատաuխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Այնինչ դատարանը, չունենալով հայցվորի կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ պատասխանողի որևէ ողջամիտ բացատրություն, վերջինիս վիճարկվող գործողությունները փաստորեն չի համարել զրպարտություն, քանի որ այդ մասին և ոչ մի նշում չի կատարել վճռի պատճառաբանական մասում:

4.         Դատարանը կիրառել է, սակայն իրավունք չուներ կիրառելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի (վճռում այն նշված է որպես «կետ») 3-րդ կետի (վճռում այն նշված է որպես «ենթակետ») պահանջները, որոնցով սահմանված է, որ «Uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված փաuտացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն … եթե` այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատաuխանից կամ նրանցից ելնող փաuտաթղթից»: Տվյալ դեպքում դատարանը նախ պետք է գնահատելով պատասխանող կողմի ներկայացված ապացույցները՝ հաստատված համարեր մինչև պատասխանողի վիճարկվող գործողությունները հայցվորի կողմից նրան զրպարտելու փաստը, ինչից հետո միայն կիրառեռ օրենսգրքի այդ պահանջը: Այնինչ դատարանը ո՛չ գնահատել է այդ ապացույցները, ո՛չ ապացուցված է համարել հայցվորի կողմից պատասխանողին երբևիցե զրպարտելու փաստը, և արդյունքում բացարձակապես անհիմն կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջները:

Վերը թվարկված դատավարական և նյութական իրավունքի նորմերի բազմաթիվ ակնհայտ ու կոպիտ խախտումների հետևանքով դատարանը եկել է սխալ եզրահանգման և կայացրել է ՀՀ օրենսդրությանը հակասող վճիռ:

Եթե դատարանը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան`

  • Ø բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ կամ ընդհանրապես որևէ այլ կերպ հետազոտեր հայցվոր ու պատասխանող կողմի ներկայացված ապացույցները և փորձեր գնահատել դրանք ու որակավորել պատասխանող կողմի վիճարկվող գործողությունները,
  • Ø պարզեր գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները կամ թեկուզ և դրանք համարեր չպարզված,
  • Ø վճռի պատճառաբանական մաuում նշեր դատարանի կողմից պարզված գործի հանգամանքներն ու ապացույցները, և դրանցով հիմնավորեր իր ներքին համոզմունքի ձևավորումը,
  • Ø ճիշտ կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի պահանջները,

ապա միանշանակ կգար այն համոզմունքի, որ`

  • Ø պատասխանողի գործողությունները լիովին համապատասսխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վիրավորանքի և զրպարտության հատկանիշներին,
  • Ø պատասխանողի գործողությունները նրա կողմից ներկայացված փատերի կամ հանգամանքների հիման վրա չեն կարող դիտարկվել որպես նույն հոդվածի 5-րդ մասում նշված գործողություններ,
  • Ø հայցապահանջները լիովին հիմնավոր են ու ապացուցված և ենթակա են բավարարման:

Ելնելով վերը նշվածից, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիկան դատավարության օրենսգրքի 53, 131, 132, 220-րդ ու 221-րդ հոդվածների պահանջներով՝ խնդրում եմ բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ 1051(02)11 գործով 2011 թ. դեկտեմբերի 2-ին կայացրած վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ մասնակիորեն բեկանել վճիռը և ելնելով արդարադատության արդյունավետության շահերից`  հայցը բավարարել:

Ակնկալում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի, ի տարբերություն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, կապահովի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատութունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6.*3 հոդվածով սահմանված հայցվորի արդարացի դատաքննության իրավունքի իրագործումը:

Կից ներկայացվում են` պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև բողոքի պատճենները պատասխանողին ու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ուղարկելու անդորրագրերը (3 թերթ):

Հայցվոր`                                 Ա. Այվազյան

30.12.2011 թ.


[1] Տե՛ս  “Turkey and Armenia, Friends and neighbours: Rising hopes of better relations between two historic enemies,”Economist, Sep 25th, 2008 (http://www.economist.com/node/12304946?story_id=E1_TNPDQJQG&CFID=16174 4713&CFTOKEN=30139637):

This post is also available in: ,