Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները 1720-ական թթ. (V)

Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները  1720-ական թթ.  (V)

Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2012 թ., ##3 (212), 4 (213), 5 (214), 8 (217)

 

Վասպուրականի գործողությունը.

գաղտնի խորհրդաժողով՝ Լիմ անապատում

Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն։

1722 թ. գարնանն Օսմանյան կայսրության սահմաններից ներս՝ Վանա լճի Լիմ կղզու նույնանուն մենաստանում («անապատում») գումարվել է մի գաղտնի խորհրդաժողով՝ արևմտահայկական Վասպուրական նահանգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։ Գաղտնի քննարկումները կամ, ինչպես դրանք բնութագրում է Լիմ անապատի սպասավոր Մխիթար աբեղան՝ «զրոյցք գաղտնի եւ ծածկախորհուրդս» տևել են ընդհանուր առմամբ յոթ օր։ Լիակազմ նիստեր տեղի են ունեցել երեք անգամ, հավանաբար, յուրաքանչյուր անգամ նոր մասնակիցների ընդգրկումով։ Գլխավոր ելույթով հանդես է եկել «քաջահամբաւ եւ արիասիրտ» մի ռշտունեցի վարդապետ՝ Ներսեսանունով։ Նա հուզառատորեն ներկայացրել է «դառնակսկիծ վիճակս համօրէն ազգիս Հայոց» և ցնծությամբ հայտնել, որ Դավիթ-բեկը սկսել է զորահավաքն ու ռազմական նախապատրաստությունները՝ «վասն հալածելոյ նեղիչք եւ կշտամբիչք մեր, միտս ունելով ազատագրելոյ արիւնածուփ զաշխարհն Հայաստան»: Ներսես վարդապետի կոչը Մխիթար աբեղան գրանցել է բառացի (մեջբերում ենք՝ վերածելով աշխարհաբարի). «Այժմ, ո՜վ բարեմիտ և հայրենապաշտ ժողովականներ, շրջե՛ք ձեր գավառներով, խրախուսե՛ք խավարի և տանջանքների մեջ քնած ձեր ժողովրդին, որպեսզի թոթափենան իրավ բռնության լուծը, և երբ մենք մարտի հրավեր կարձակենք, ապստամբության ձայն բարձրացնեն մեր մարդակեր և  խաչահալած թշնամիների դեմ»։

Ներսես վարդապետի այն ակնարկը, որ ինքը մաս է կազմում ինչ-որ ղեկավար մի մարմնի, որտեղից որոշակի պահին պետք է գա ապստամբություն բարձրացնելու հրամանը («երբ մենք (sic!) մարտի հրավեր կարձակենք»), կասկած չի թողնում, որ Վասպուրականում զորաժողով կազմակերպելու առաքելությունը նրան լիազորել ու հանձնարարել էր Արևելյան Հայաստանում գտնվող ազատագրական շարժման Կենտրոնը։

Այնուհետև Մխիթար աբեղան հայտնում է. «Եվ եղան բազում ելույթ ունեցողներ, բազմազան կարծիքներ, անհամար առաջարկներ»։ Արդյունքում ընդունված որոշումը հետևյալն էր՝ Վասպուրականում սկսել զորահավաքային միջոցառումներ, որոնց թվարկումն ինքնին մեծապես հետաքրքրական է. «համաձայնվեցին պատերազմական նպատակներով հավաքագրել բազում քաջակորով և մարտունակ տղամարդկանց, հայթայթել նպարեղեն («ուտեստս կռուապաշարոյ»), բազում սայլեր, նժույգներ, բազմազան պետքական իրեր, առճիճ, նավակներ, բուրդ, ցորեն և ոչխարներ»։

Յոթերորդ օրվա գիշերը՝ Ավանց գյուղից ժամանած նավակով (մի սկզբնաղբյուրի համաձայն, XVII դ. վերջին Վանա լճում կային 50-60 մեծ և փոքր նավեր) գաղտնի խորհրդաժողովը պատվիրակներ է ուղարկել Աղթամարի կաթողիկոս Հովհաննես Ձորեցու մոտ։ Աղթամարի կղզում նրանց ընդունելով՝ կաթողիկոսը խանդավառությամբ օրհնում է ազատագրական ձեռնարկը։ Զորահավաքային միջոցառումների հետագա զարգացումների մասին որևէ բան հայտնի չէ։ Սակայն ոչ Վասպուրականում, ոչ էլ Արևմտյան Հայաստանում ապստամբություն տեղի չի ունենում։ Դրա պատճառները հիմնականում երկուսն էին. 1) արևելահայկական զինված ուժերին չհաջողվեց ընդլայնել իրենց վերահսկած տարածքն Արցախից և Սյունիքից դուրս, 2) շատ շուտով՝ օսմանյան մեծաթիվ բանակները կենտրոնացվեցին կայսրության արևելյան շրջաններում, այդ թվում՝ Վասպուրականում և ապա ներխուժեցին Սեֆյան Իրան։

Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արեւելքից (1911 թ. և 2005 թ.)

Լիմի խորհրդաժողովի որոշ արդյունքների մասին կարելի է դատել կողմնակի տեղեկություններից։ 1727 թ. հոկտեմբերին հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանից հայտնում էին, որ ասորիներն ու եզդիները, որոնք ապրում էին Վասպուրականի և Տիգրանակերտի (Դիարբեքիր) շրջաններում, դեռևս հավատարիմ են հայերի հետ նախկինում կնքված հակաօսմանյան դաշինքին՝ «ընդ մեզ [են] որպէս առաջի»։ Ասորիների հետ դաշինքի կնքմանն իր անձնական կապերով կարող էր մասնավորապես նպաստած լինել Մինաս վարդապետ Տիգրանյանը, որի ծննդավայրը նշված էր նրա ազգանվան մեջ, կամ ինչպես ինքն էր ասում մի ռուսերեն վավերագրում՝ «ծնվել եմ ես Տիգրանի քաղաքում՝ Ասորիքում (родился я в граде Тиграна в Ассирии)»։ Նույն դերը կարող էր կատարած լինել նաև Վասպուրականում արևելահայկական Կենտրոնի ներկայացուցիչ Ներսես վարդապետը, որը Վասպուրականի Ռշտունիք գավառի ծնունդ էր։ Իմիջիայլոց, Ներսես վարդապետին էլ հայկական հետախուզության աշխատանքների մեջ կարող էր ներգրաված լինել նրա արևմտահայ համերկրացին՝ Մինաս վարդապետը։

Ըստ առկա բոլոր տվյալների, Լիմ անապատի գաղտնի խորհրդաժողովը երբեք չի բացահայտվել, որն ինքնին հայկական հետախուզության անվիճելի հաջողություն է։ Հասկանալի է, որ այդպիսի խոշոր հավաքի ծածուկ կազմակերպումը նախատեսում էր նախապատրաստական մանրակրկիտ աշխատանք, արհեստավարժություն և գաղտնեգործունեության բարձր մակարդակի պահպանում։

Եվս մեկ փաստ։ 1763 թ. Մշո Ս. Կարապետի վանահայր Հովնան արքեպիսկոպոսը հաղորդում էր հայ ազատագրական շարժման անզուգական գործիչ Հովսեփ Էմինին (1726-1809) հայերի, ասորիների և եզդիների միջև գոյություն ունեցող ռազմաքաղաքական գործող դաշինքի մասին։ Այս տեղեկությունը ստիպում է կարծել, որ 1720-ական թթ. հայկական հետախուզության ստեղծած գաղտնի կապերը Վասպուրականի և Տարոնի ազատագրական կենտրոնների և ասորիների ու եզդիական ցեղերի միջև՝ անցած քառասնամյակում չէին անհետացել և պատրաստ էին վերագործարկման։

Հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանն

ու զինյալ կազմակերպությունը

Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում (АВПР) պահպանվել են հույժ արժեքավոր վավերագրեր հայ զինվորականների՝ Ռեչ Պոսպոլիտայից Ռուսական կայսրության տարածքով Հայկական Սղնախներ (կոնկրետ՝ Արցախ) անցնելու, Կամենեց-Պոդոլսկում բազավորված նրանց ղեկավարների հետ Մինաս վարդապետ Տիգրանյանի նամակագրության, ինչպես նաև Մոսկվայում նրանց ուղարկած պատվիրակների հարցաքննությունների մասին։ Այդ փաստաթղթերի մանրամասն քննությունն ու հանգամանալից գնահատականը կներկայացվի ուսումնասիրությանս գիտական տարբերակում։ Իսկ թերթային այս հրապարակման շրջանակները թույլ են տալիս շարադրելու ընդամենը մի շարք հիմնական փաստեր և եզրակացություններ։

Այս արխիվային վավերագրերը հրապարակվեցին, մեծավ մասամբ, 1960-ական թթ.։ Այնուհետև հայ մի քանի պատմաբանների (Վարդան Պարսամյան, Համո Խաչատրյան, Աշոտ Հովհաննիսյան) միջև սկսվեց բանավեճ, որում շոշափվում էին ինչպես դրանց գիտական հրատարակման մեթոդաբանական և բարոյական կողմերը, այնպես էլ պատմաառարկայական որոշ հարցեր, այն է՝ արդյո՞ք այդ հայ զինվորականները տեղացի՝ լեհահայե՞ր էին, թե Արևելյան Հայաստանից գաղթածներ, որոնք բնակություն էին հաստատել Կամենեց-Պոդոլսկում և մերձակա քաղաքներում, իրենց պնդմամբ, 1722 թ.՝ Պարսկաստանում խառնակություններ սկսվելուց հետո։ Նրանց նպատակը հայկական զորքերին օգնության գնա՞լն էր թե իրենց ընտանիքների գիրկը վերադառնալը։

Բանավեճն ի հայտ բերեց նոր կարևոր պատմական փաստեր, սակայն, հայեցակարգային առումով եղավ ոչ լիարժեք, քանի որ հետազոտողների ուշադրությունից զարմանալիորեն (ընդ որում՝ ցայսօր) վրիպել է ամենակարևորը՝ արևելյան Եվրոպայում հայկական ընդհատակյա կազմակերպության գոյությունը։ Կազմակերպությունը ղեկավարվում էր Կամենեց-Պոդոլսկում գտնվող կենտրոնակայանից, որը ենթարկվում էր հայ ազատագրական շարժման արևելահայաստանյան Կենտրոնին։ Վավերագրերից մի քանիսն այնքան պերճախոս կերպով են նկարագրում հայկական այդ գաղտնի կազմակերպության իրական նպատակները, գործունեության շարժառիթներն ու ձևերը, որ հաճախ լրացուցիչ մեկնաբանության կարիքը պարզապես անհետանում է։

Տակավին 1721 թ. Ռեչ Պոսպոլիտայում հայկական հետախուզության կայանը Միքայել անունով մի սուրհանդակ էր ուղարկել Մինաս Տիգրանյանի մոտ՝ նրան տեղեկացնելով իր ենթակայության տակ արդեն պատրաստ վիճակում գտնվող զինյալ խմբերի մասին, որոնք, ակներևաբար, նախատեսված էին Հայաստան տեղափոխելու համար։ Հետևաբար, գործակալական կայաններն արևելյան Եվրոպայում ստեղծվել էին դեռևս խաղաղ ժամանակներում, համենայն դեպս՝ ավելի վաղ, քան 1722 թ. կփլուզվեր Սեֆյան կայսրությունը և կսկսվեր արևելահայոց ապստամբությունը։ Մինչ այդ արդեն ահռելի աշխատանք էր կատարվել ռազմական կադրեր՝ հիմնականում Հայաստանից ուղարկված երիտասարդներին գաղտնաբար հավաքագրելու և պատրաստելու ուղղությամբ։

Հայկական Սուրբ Նիկողայոսի հսկա տաճարի ավերակները Կամենեց-Պոդոլսկում

Ինչպես ցույց են տալիս առկա արխիվային նյութերը, 1727 թ. հայկական գաղտնի կազմակերպությունը միավորում էր մոտավորապես 500 հայ պրոֆեսիոնալ զինվորականների, որոնց գլխավորում էր Կամենեց-Պոդոլսկի կայանի ղեկավար եռյակը կամ, ինչպես նշում է սկզբնաղբյուրը՝ «նրանք երեք պետ ունեն՝ Իսահակը, Մարտիրոսը և Մանուկը»։ Կազմակերպության հրամանատարական կառուցվածքն օգտագործում էր ցանցային կառավարման տարրեր և էականորեն ապակենտրոնացված էր. այդ 500 զինվորականները (որոնցից ավելի քան 300-ը Ռեչ Պոսպոլիտայում էր) բաժանված էին մանր ջոկատների և ցրված «Կամենեց-Պոդոլսկում և մերձակա լեհական քաղաքներում, ինչպես նաև Վոլոսկի (Վալախիայի) երկրում, Հունգարիայում և այլ երկրներում և քաղաքներում», «իսկ վերոհիշյալ պետերն ու նրանց ենթակայության տակ գտնվող մյուս հայերը բոլորը զինվորականներ են, բայց այդ թաքցնում են ու տեղից տեղ թափառում առևտրական գործերով ու թշվառ տեսքով»։

Ինչպես տեսնում ենք, այս ընդհատակյա կազմակերպության ենթակառուցվածքը սփռված էր Եվրոպայի մի քանի պետություններով, ընդ որում՝ դրանցից ոչ բոլորն են թվարկված։ Կամենեց-Պոդոլսկի կայանի հինգ պատվիրակները, որոնց հարցաքննել էին Մոսկվայում՝ Արտաքին գործերի կոլեգիայում, հայտնում էին, որ զինյալ խմբերի մասին տեղեկություններն ամբողջությամբ գաղտնիացված են և կենտրոնացված միայն ղեկավար եռյակի՝ Իսահակի (նույն ինքը՝ Եսայի), Մարտիրոսի և Մանուկի մոտ. «իսկ թե ո՞ր վայրերում են նրանք այժմ գտնվում ու որտե՞ղ քանի հոգի կա՝ այդ մասին գիտեն վերոհիշյալ երեք պետերը, որոնք նրանց ուղարկել են Կամենեց-Պոդոլսկից»։

Կազմակերպության ղեկավարների նպատակը շարադրված է շատ հստակ՝ Ռուսաստանի միջով անցնել մարտնչող Հայկական Սղնախներ (Արցախ և Սյունիք). «Իսկ նրանց Կամենեց-Պոդոլսկից ուղարկել են հիշյալ գլխավոր հայերը նորին կայսերական մեծության (ն.կ.մ.) մոտ խնդրագրով, որպեսզի ն.կ.մ.-ը ողորմածաբար նրանց իրավունք շնորհի Ռուսաստանի պետության վրայով, առանց արգելքի, ազատորեն անցնելու Պարսկաստան՝ Հայկական Սղնախներ։ Եվ այս է միայն նրանց գլխավոր պետերի միակ ցանկությունը և միմիայն այս մասին են խնդրում ն.կ.մ.-յանը (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)»։ Ավելի ուշ Մոսկվա ժամանած հայ զինվորականների տարբեր խմբեր առավել մեծ հստակություն են մտցնում այս հարցում, հայտարարելով, որ իրենք «…ցանկանում են հայոց բանակին օգնության գնալ», «իսկ իրենք բոլորը ցանկանում են գնալ Հայկական Սղնախներ՝ հայկական բանակին օգնության», «իսկ մտադրվել են Ռուսաստանի միջով Սղնախներ ճանապարհվել, մտածելով, որ քրիստոնյա պետության միջով ավելի դյուրին կլինի անցնելը»։

Կոնսպիրացիայի բարձրագույն աստիճանը պահպանելու նպատակով, պետերի եռյակը, ինչպես նաև հայ զինվորականների մի մասը մշտապես փոխել են իրենց բնակության վայրերը. «նրանք ապրում են քաղաքից քաղաք և տեղից տեղ փոխադրվելով, որպեսզի թաքցնեն իրենց մտադրությունը»։ Կազմակերպության ներսում գաղտնեգործունեության բարձր մակարդակն արտահայտվում էր նաև նրանում, որ նրա անդամների մեծամասնությունը չէր ճանաչում գլխավոր պետերին։ Ոչ միայն տարբեր քաղաքներում և շրջաններում, այլև տարբեր պետություններում գտնվող իր բջիջների վրա ամենօրյա օպերատիվ վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը կարող էր փոխհատուցվել միայն ներքին երկաթյա կարգապահությամբ։ Ամեն դեպքում պետերի եռյակն ուներ գաղտնի կապի ինչ-որ համակարգ, որով արդյունավետորեն իրազեկվում էր իր գործող կառույցների գտնվելու վայրերի և ընդհանուր վիճակի մասին, այլապես չէր կարող 1727-1728 թթ. ձմռանն արագորեն գումարել բոլոր (կամ առնվազն Ռեչ Պոսպոլիտայում եղած) ջոկատների ընդհանուր հավաք։

Հատկանշական է նաև այն, որ այս զինվորները ճանապարհվել են Հայաստան ռազմական տեսակետից ամենաանհուսալի ժամանակ, հրաշալիորեն տեղյակ լինելով, որ օսմանյան բանակը գրավել է ամբողջ Անդրկովկասը, իսկ Արցախն ու Սյունիքն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են խուլ շրջափակման, փաստացիորեն՝ պաշարման մեջ։ Ամենայն հավանականությամբ, այս ծանրագույն վիճակը ստիպել է Կենտրոնին, այն է՝ Արցախի և Սյունիքի հրամանատարությանը պահանջել իր հետախուզության արևելյան Եվրոպայում ներդրված կայաններից՝ շուտափույթ օգնության ուղարկել բոլոր պատրաստ զինյալ ջոկատները՝ քանի դեռ դիմադրությունը երկրի ներսում չի ոչնչացվել։ Հենց այդ կտրուկ հրամանը, ավելի ստույգ՝ Սղնախներից հասած SOS ազդանշանը ստիպում էր հայկական հետախուզության կայանապետերին շտապել Հայաստան ջոկատները ուղարկելու գործում։ Հիշեցնենք, որ այդ զինյալ ջոկատներն ստեղծվել էին Իսրայել Օրիի մտահղացմամբ՝ դեռևս մինչև ապստամբության սկիզբը Հայաստանից Եվրոպա ուղարկված և այնտեղ ռազմական ուսուցում ստացած ընտիր երիտասարդներից (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217)

1727-1728 թթ. ձմռանը Ռեչ Պոսպոլիտայում կազմակերպվեց ջոկատների ընդհանուր հավաք՝ շտապ Հայաստան մեկնելու նպատակով։ Իզուր չէ, որ Կամենեց-Պոդոլսկից Մոսկվա ուղարկված պատվիրակներն «աղերսանքով» թույլտվություն էին խնդրում ռուսաց կայսրից, «որպեսզի նրանք ներկա ձմեռային ճանապարհով կարողանան շարժվել Մոսկվա»։ Ձմռանը՝ռուսական սառնամանիքի և անանցանելիության պայմաններում, ճանապարհ ընկնելու հաստատակամ ցանկությունը կարող է բացատրվել միայն Սղնախներից ստացված շտապելու հրամանով։ Սակայն պետական սահմանների հատումը կազմակերպելու արտակարգ բարդությունների պատճառով այդ ջոկատները դարձյալ տարակենտրոնացվեցին։ Ինքը՝ «հավաքը», ըստ երևույթին, գումարվել էր Ռեչ Պոսպոլիտայի առևտրային կենտրոններից մեկում, ամենայն հավանականությամբ՝ նույն Կամենեց-Պոդոլսկում։ Այդ հավաքի ընթացքում գաղտնեգործունեության կաննոնները պահպանվել են ողջ խստությամբ. ջոկատներն ու նույնիսկ ջոկատների հրամանատարները, ինչպես հայտնում էին Մոսկվա ժամանած հայերը, «միմյանց միջև քննարկումներ ու ժողովներ չեն արել և հնարավորին չափով միմյանցից թաքցրել են Ռուսաստանի վրայով Սղնախներ մեկնելու իրենց ցանկությունը»։

Հայկական Սուրբ Նիկողայոսի հսկա տաճարի ավերակները Կամենեց-Պոդոլսկում

Հայ զինվորականները զգուշանում էին լեհական իշխանություններից, որոնք խոչընդոտներ էին առաջացնում Ռուսաստան մեկնել փորձող նույնիսկ փոքր խմբերի համար. «իսկ եթե Լեհաստանում հայերի շարժումը չկասեցնեին, ապա այստեղ արդեն հասած կլինեին ավելի քան 300 հոգի», – հայտնում էին ռուս պաշտոնյաներին 1728 թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվա ժամանած հինգ հայ զինվորականները։ Ընդ որում, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը բավականին լավ տեղեկացված էր միջազգային քաղաքական իրադրության, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մասին և ըստ այդմ հույսեր չէր տածում Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից ռազմական օգնություն ստանալու վերաբերյալ։ Դեպի Հայաստան իր ջոկատների երկար ճանապարհը հաղթահարելու համար հայոց պետերի եռյակը ռուսաց իշխանություններից անգամ նյութատեխնիկական օժանդակություն չէր հայցում. «Նրանցից ոմանք ձիեր ու հրացաններ ունեն, իսկ ուրիշները չունեն, բայց երբ ն.կ.մ. հրամանով նրանց թույլ տրվի Ռուսաստան գալ, ապա բոլորը կգան՝ ով ինչքանով իրեն կկարողանա զինել… կգան իրենց սեփական ծախսերով, չցանկանալով ն.կ.մ.-ից Ռուսաստանով անցնելու համար որևէ օժանդակություն ոչ դրամով, ոչ սննդով, ոչ սայլերով, միայն թե իրենց Ռուսաստանով անցնելու ազատ և անհապաղ իրավունք տրվի»։ Այսպիսով՝ կայանն ի վիճակի էր ինքնուրույնաբար լուծելու իր ջոկատների զինման, ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Միաժամանակ, Ռուսաստանով անցնելու ընթացքում ձգտելով պահպանել գաղտնիությունը և չվտանգել ամբողջ արևելյան Եվրոպայում գործող հայկական ընդհատակյա կազմակերպությունը, հայկական հետախուզութան Կամենեց-Պոդոլսկի կայանի պատվիրակները համառորեն խնդրում էին, որպեսզի դեպի Մոսկվա ճանապարհին հայ զինվորականներից որևէ մեկին չհարցաքննեն, և միայն այն ժամանակ, երբ հիշյալ պետերը Մոսկվա կժամանեն, «իրենց վիճակի և նպատակների մասին կզեկուցեն նրան, ում կհրամայի ն.կ.մ.-նը»։

Մոսկվայում հարցաքննված հայ զինվորականներից ոմանք գուցեև անձամբ ճանաչում էին իրենց գլխավոր պետերին, սակայն նրանց ինքնության, բնակվելու վայրի և ամենօրյա գործունեության մասին գաղտնիքը չհրապարակելու խիստ հրաման ունեին։ Այսպես, 1728 թ. սեպտեմբերի 8-ին «Լեհաստանից Կիևի վրայով» Մոսկվա հասած հայ զինվորականներ Հովհաննեսը (Իվանը), Գրիգոր Իվանովը, Պետրոս Ղազարյանը (Պետր Լազարև), Բաբուն Նիկիտինը հայտարարում էին ռուս պաշտոնյաներին. «Գլխավոր պետերից ճանաչում են միայն Եսայուն, որն իրենց այստեղ մեկնելուց հետո մնացել է Կամենեց-Պոդոլսկում։ Նրա մոտ իրենց զինակիցներից («եղբայրներից») մնացել են մինչև 60 մարդ, իսկ մյուս պետերին՝ Մարտիրոսին և Մանուկին նրանք չեն ճանաչում»։ Եսայու մասին տեղեկացնելու այս պատրաստակամությունը հավանորեն բխում էր նրանից, որ նա պատրաստվում էր նույնպես Մոսկվա ժամանել՝ Ռեչ Պոսպոլիտայից բոլոր հայ զինվորականներին ուղարկելուց անմիջապես հետո։ Ի դեպ, նրանք, ավելորդ ուշադրություն չգրավելու համար, այնտեղից դուրս էին գալիս «երկուական կամ երեքական» խմբերով։ Այս կապակցությամբ ուշագրավ է, որ ղրիմահայոց ջոկատն էլ Սև ծովն անցնում էր ճիշտ այդպես՝ «մի մի, երկ երկու» հոգով (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217))։ Սա վկայում է հայկական հետախուզության մեջ մասնագիտական փորձի փոխանցման և օգտագործման կանոնավորված համակարգի գոյության մասին։

АВПР-ում պահպանվել են նյութեր 1728 թ. Ռեչ Պոսպոլիտայից Ռուսաստան դուրս եկած հայկական մի ջոկատի մասին, որը գլխավորում էին «գնդապետ» Գրիգոր Ստեփանյանը (Ստեպանովը) և եպիսկոպոս Պետրոս Խաչատրյանը (Խաչատուրովը)։ Իմիջիայլոց, Գրիգոր Ստեփանյանին գնդապետի աստիճան էին շնորհել ոչ թե Ռուսաստանում, այլ ըստ երույթին Ռեչ Պոսպոլիտայում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր առաջադրած վարկածը, թե շատերը նրանցից, ում հայ ազատագրական շարժման կենտրոնն ուղարկում էր արտասահման, հատկապես այն բանից հետո, երբ այդ կենտրոնի գլուխ կանգնեց Իսրայել Օրին, ինչպես և ինքը, մտածված կերպով եվրոպական բանակներում ծառայության մեջ էին մտնում՝ ռազմական առաջավոր ուսուցում և փորձ ձեռքբերելու նպատակով։ Անցնելով Կիև-Մոսկվա-Ցարիցին-Չորնի Յառ-Թերեք երթուղով՝ Գրիգոր Ստեփանյանի 23 «զինվորականներից» բաղկացած ջոկատը հասնում է Դերբենտ 1728 թ. սեպտեմբերին։ Չի բացառվում, որ ջոկատի մի մասը հետախուզական կամ այլ նպատակներով անմիջապես անցած լինի Արցախ։ Մինչդեռ հրամանատարները և, ըստ ամենայնի, ջոկատի մեծ մասը, մեզ առայժմ անհայտ պատճառներով, անցել են Արցախ միայն 1729 թ. վերջին կամ 1730 թ. սկզբին։ Այնտեղ ջոկատը մասնակցել է օսմանյան զորքերի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերին ընդհուպ մինչև 1730 թ. օգոստոսի կեսերը։ Իրադրության հետագա վատթարացումը, սակայն, ստիպում է նրանց, արցախյան ուժերի մի խոշոր ջոկատի հետ, ճեղքել շրջափակումը և մտնել ռուսական վերահսկողության տակ գտնվող մերձկասպյան շրջանները։ Հայ զորապետերը (յուզբաշիները) խնդրում են ռուսաց հրամանատարությյանը՝ ռազմական օգնություն տրամադրել և նրանց ետ ուղարկել՝ օժանդակ «զորախմբի» (команда) հետ միասին, սակայն մերժում են ստանում։

Այսպիսով, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը հայ ազատագրական շարժման ինքնավար ու ինքնաբավ մի ստորաբաժանում էր։ Այն ոչ միայն ղեկավարում էր եվրոպական մի շարք պետություններում և Օսմանյան կայսրությունում գործող ճյուղավորված ընդհատակյա գործակալական ցանցը, այլև իր ենթակայության տակ ուներ զինված ջոկատներ, որոնց ընդհանուր թվաքանակը հասնում էր 500 հոգու։ Սրանք լավ մարտական պատրաստություն, բանակային կարգապահություն և բարձր շարժառիթավորում (մոտիվացիա) ունեցող զինվորականներ էին։ Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես հայկական հետախուզության կայանին, այլև նրա ղեկավարած ռազմականացված գաղտնի խմբավորմանը, որը գործում էր հեռավոր արտասահմանում, լինելով թերևս խոշորագույն նմանատիպ էթնիկ կազմակերպությունը՝ XVIII դարի Եվրոպայում։ Կամենեց-Պոդոլսկի հետախուզական կայանի մասին տեղեկություններն ընդհատվում են 1728 թ., իսկ արդեն 1730-ական թթ. իր գոյությունն է դադարեցնում այն ստեղծած Կենտրոնը։ Այդուամենայնիվ կարելի է ենթադրել, որ կայանի ղեկավարած ընդհատակյա հայկական կազմակերպությունը կարող էր որոշ ժամանակ ևս իր գործունեությունը շարունակած լինել՝ այս կամ այն ձևով և փոփոխված նպատակներով։

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի զրուցակից»,

#18 (227), 11մայիսի, 2012 թ.

This post is also available in: Ռուսերեն