Հայրը դատական գործ է հարուցել Թուրքիայի կրթության նախարարության դեմ` Հայոց «ցեղասպանության» մասին տեսանյութի համար

Հայրը դատական գործ է հարուցել Թուրքիայի կրթության նախարարության դեմ` Հայոց «ցեղասպանության» մասին տեսանյութի համար

«Թայմս», 28 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը`The Times
Սունա Էրդեմ (Suna Erdem)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Մի հայր ծնող դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարությանն այն պատճառով, որ իր 11-ամյա դստերը ստիպել են դիտել «ռասիստական» և «ցնցող» կինոնկար, որը հակադարձում է 1915 թվականին հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության մասին պնդումները և պարունակում է իբր թուրքերի նկատմամբ հայերի գործած դաժանությունների գրաֆիկական պատկերներ:

Այս դեպքը վառ օրինակ է այն բանի, ինչը մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներն անվանում են Թուրքիայի դպրոցականների ուղեղների լվացման (ռասիստական հալածախտի (paranoia) հասցնող) պետական ռազմամոլ քաղաքականություն, որի միջոցով Թուրքիան ձգտում է պահպանել ազգայնականության ներկա մակարդակը` մի բան, որ քննադատել է Եվրամիությունը, որին փափագում է անդամակցել Թուրքիան:

«Աղջիկս շատ վշտացած էր ու վախեցած այդ վավերագրական կինոնկարից և անընդհատ հացնում էր` արդյո՞ք հայերը մեզ մորթել են»,- պատմում է էթնիկ թուրք բժիշկ Սերդար Քայան, որը դատական գործ է հարուցել նախարարության ու երեխայի դպրոցի դեմ` ռասիստական ատելություն հրահրելու համար:

«Ֆիլմում բազմաթիվ զանգվածային գերեզմաններ, ոսկորներ ու գանգեր են ցուցադրվում: Հարցազրույցներ են վարել կարեկցանք ու հավատ ներշնչող ծեր պապիկների հետ: Երբ նման խոսքեր են ասվում, թե` «կտրել են նրա գլուխը» և «օգտագործել այն վառելափայտի փոխարեն», դրանք անպայմանորեն մնալու են երեխաների գիտակցության մեջ»,- հայկական «Ակոս» թերթին ասել է հոգեբան Սերդար Դեգիրմենիչօղլուն, երբ առաջին անգամ հայտնի դարձավ, որ վավերագրական ֆիլմը ցուցադրվում է տարրական դասարանների երեխաներին` ներառյալ ծագումով հայ թուրքերին:

Կրթության նախարարությունը հայտնել է, որ դադարեցրել է հայկական ժողովրդական մի երգի անունը կրող` «Շիկահեր հարսնացուն» (Sari Gelin) վավերագրական ֆիլմի տարածումը: Սակայն ֆիլմը փաստորեն հետ չեն հավաքել, և քննադատներն ասում են, որ այն շարունակում է ուսումնական ծրագրի մաս կազմել:

Որոշ պատգամավորներ այս հարցը բարձրացրել են խորհրդարանում: «Էգիթիմ-Սեն» կրթական միությունը դատապարտել է ֆիլմը, իսկ Պատմության հիմնադրամն այն որակել է որպես անհիմն քարոզչություն:

Մեկ այլ դատական հայց է ներկայացրել թուրքահայ սպանված լրագրող Հրանտ Դինքի հիշատակին ստեղծված հիմնադրամը: «Ակոսի» նախկին խմբագիրը սպանվեց 2007 թվականին, մի երիտասարդ ազգայնականի կողմից, և այժմ հետաքննվում են վերջինիս կապերը անվտանգության ուժերում և պետական ապարատում գործող` «Էրգենեկոն» ծածկանվամբ ծայրահեղ ազգայնական խմբավորման հետ: «Վավերագրական ֆիլմի ողջ ընթացքում «հայ» բառն օգտագործվում է հազարավոր անգամներ և միայն բացասական երանգավորմամբ»,- հայտնում են Հիմնադրամից:

Պրն. Դինքն այն մի քանի հայտնի մտավորականներից էր (դրանց թվում նաև` Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը և բեսթսելլերների հեղինակ Էլիֆ Շաֆակը), որի դեմ ազգայնական փաստաբանները դատական գործ էին հարուցել` հայերի զանգվածային սպանությունների մասին ակնարկող մեկնաբանությունների ու նամակների համար: «Ակնհայտ է, որ այդ բոլոր դատական հայցերը մեքենայությունների ծրագրի մաս են կազմում… Թուրքական հասարակության մեջ կա մի հիվանդ, աննորմալ հյուսվածք, որին թունավորում են ազգայնական, ռասիստական վարակով»,- նշում է անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը, որը պաշտպանում է պրն Քայայի գործը:

Շատ պատմաբաններ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են որակում, սակայն նույնիսկ նրանք, ովքեր մերժում են այդ եզրը, ընդունում են, որ հարյուր հազարավոր հայեր մահացել են, երբ օսմանյան թուրքերը արտաքսել են նրանց արևելյան Անատոլիայից: Ըստ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի` զոհերի քանակը «միլիոնից ավել» է եղել:

«Դու գնում-սպանում ես ավելի քան մեկ միլիոն հայ, Անատոլիայից ջնջում ես հայերի հետքերն, առևանգում ես նրանց սեփականությունը և հետո երեխաներին ցուցադրում ես տեսաժապավեններ, թե` «Ինչ են մեզ արել հայերը»… Մենք մեկուսացնում ենք այս երեխաներին աշխարհից»,- նշում է «Թարաֆ» անկախ թերթի խմբագիր Ահմետ Ալթանը:

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Նախ նկատենք, որ բրիտանական «Թայմսը» իր վերնագրում անգամ Հայոց ցեղասպանությունն անամոթաբար վերցրել է չակերտների մեջ։ Այս փաստը միայն բավարար է պատկերացում կազմելու համար բրիտանական մամուլի այս առաջատարի բարոյական կերպարի մասին։ Բացի այդ, թուրքական մշակված կեղծիքի համաձայն, Արևմտյան Հայաստան բառը երբեք չի օգտագործվում, փոխարենը կրկնվում է թուրքերի հորինած արևելյան Անատոլիան։ Սրանք սովորական երևույթներ են «անաչառ» արևմտյան մամուլի համար։

Իսկ այժմ բուն խնդրի մասին։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվերով պատրաստված այս ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայի դպրոցների մեծ մասում հատկանշական է մի քանի առումով։

Առաջին, կեղծելով պատմութունը և դաստիարակելով թուրք մատաղ սերնդին մոլի հայատյացության ոգով, ֆիլմի պատվիրատուները հաստատում են Թուրքիայի՝ Հայաստանի և հայության դեմ որդեգրած թշնամական կեցվածքի ծրագրավորվածությունը, անհողդողդությունը և դեպի ապագա միտվածությունը։

Երկրորդ, բոլոր խոսակցությունները հայ-թուրքական հաշտեցման մասին առնվազն անլուրջ բնույթ են կրում. Թուրքիայի նպատակը ոչ թե հաշտվելն է, այլ Հայաստանը ստրկացնելն ու ոչնչացնելը։

Երրորդ, հայկական պետության և հայերի դեմ իրականացվող ծայրաստիճան վտանգավոր թուրքական այս կինո-քարոզարշավի նկատմամբ ՀՀ իշխանությունների պահպանվող քար լռությունը բացատրվում է ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգի անմշակվածությամբ։ Խնդիրը շատ ավելի խորն է. հայկական պետության կաթվածահար վարքագիծն իր իսկ գոյութանն սպառնացող հարցերում հայ քաղաքական վերնախավի (ու նաև հասարակության զգալի մասի) ինքնապաշտպանության տարրական բնազդի կորստյան փայլուն վկայությունն է։

Առհասարակ, արդեն ժամանակն է ուսումնասիրության առարկա դարձնելու ոչ միայն Թուրքական ժխտողականության երևույթը, այլև Հայկական ժխտողականությունը, այն է՝ աշխարհաքաղաքական արմատական իրականության՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականության շարունակական անտեսումը։ Եթե Թուրքական ժխտողականությունը հիմնականում ռացիոնալ կերպով մշակված քաղաքականություն է, որը փորձում է կանխել Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր անցանկալի հետևանքները, ապա Հայկական ժխտողականությունը դրսից թելադրվող արհեստական «հայ-թուրքական հաշտեցման» ծայրահեղ անքննադատ, իռացիոնալ ընդունում է։ Ընդ որում՝ այն, ինչ ներկայացվում է որպես «հայ-թուրքական հաշտեցում» ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի անձնատուրություն՝ կապիտուլյացիա ի դեմս թուրքական պետության մշտական հակահայկական գործողությունների։

Այս ֆիլմի պատմության այլ մանրամասնությունները լուսաբանվել են նաև հայկական մամուլում, տե՛ս՝

Հակոբ Չաքրյան, Դադարեցվել է «Սարի աղջիկ. Հայկական հարցի մութ ծալքերը» վավերագրականի ցուցադրումը Թուրքիայի դպրոցներում, «Ազգ», #29, 20-02-2009 ( http://azg.am/AM/2009022008 ).

Марина Григорян, Турция: Поколение Next, Голос Армении, 28.02.2009 ( http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=43177&itemid=37 ).

Армен Айвазян, Карабахский конфликт – часть Армянского вопроса, http://blog.ararat-center.org/?p=180, 23.02.2009.