Քրդական նախաձեռնությունը և քրդական տեղանունները

Քրդական նախաձեռնությունը և քրդական տեղանունները

«Բի-Բի-Սի Թուրքչե», 12 օգոստոսի 2009թ.
Աղբյուրը` BBC Türkçe
Քադիր Քոնուքսևեր (Kadir Konuksever) [1]

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Նախագահ Աբդուլլահ Գյուլը, Բիթլիս կատարած իր այցելության ժամանակ, Գյուրօյմաք գավառի անունը կոչեց իր նախնական քրդերեն տարբերակով՝ Նորշին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Թուրքիայում արգելված է քրդերեն անուններով որևէ նահանգ, գավառ, գյուղ, հովիտ, առու, գետ կոչելը:
Քրդական նախաձեռնությունը [2] , ավելին՝ ժողովրդավարացման մասին բանավեճի ծավալումը և այս օրերին Գյուլի՝ «դրական անջատողականության» [3] թեթևակի երանգ ունեցող արտահայտությունը [քրդական] շրջաններում լավատեսորեն ընդունեցին:
Քրդական տեղանունների անվանափոխության պատմությունը բավականին հին է: Օսմանյան կայսրությունում նահանգների, գավառների, գյուղների, սարերի, գետերի հայերեն, հունարեն և բուլղարերեն անունների թուրքացումը պաշտոնապես սահմանվեց 1913թ. մայիսի 13-ի «Գաղթականների բնակեցման կարգ»-ով։Այս շրջաբերականը տարածվեց նաև քրդական տեղանունների վրա, որոնց արգելումը շարունակվեց նաև Հանրապետության շրջանում: Անվանափոխումների ընթացքն է՛լ ավելի արագացավ 1925թ. Շեյխ Սայիդի և 1938թ. Դերսիմի ապստամբություններից հետո: Դրանք շարունակվեցին նաև 1960թ. մայիսի 27-ի և 1980 սեպտեմբերի 12-ի հեղաշրջումներից հետո: 1957թ. ստեղծված «Անվանափոխման մասնագիտական հանձնաժողովը» բաղկացած էր գլխավոր շտաբի, ներքին գործերի, պաշտպանության, ազգային կրթության նախարարությունների, Անկարայի համալսարանի լեզվի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի, Թուրքական լեզվաբանական ընկերության ներկայացուցիչներից։ Չնայած իշխանափոխությանը՝ այս կազմակերպությունը շարունակեց իր գործունեությունը մինչև 1978թ.:

28 հազար տեղանուն

Այս տարիների ընթացքում (1957-ից մինչև 1978թ.՝ թարգմանչի կողմից) Հանձնաժողովն անվանափոխել է մոտավորապես 28 հազար տեղանուն, որոնցից 12,211-ը գյուղերի, իսկ մնացածները՝ ձորերի, գետերի, դաշտերի և գետակների անուններ են: Բացի քրդականներից՝ թուրքացվել են նաև հունական, լազական, չերքեզական, վրացական, հայկական, ասորական, արաբական տեղանունները: Անվանափոխման մասնագիտական հանձնաժողովը գործեց մինչև 1978թ.։1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո այդ գործը շարունակեց իշխանության եկած զինվորական վարչակազմը: 1981-83թթ. ընթացքում թիրախ ընտրվեցին քրդական նահանգների անունները։Նոր անուններ տրվեցին այն գյուղերին, դաշտերին, սարերին, ձորերին, հովիտներին և աշխարհագրական միավորներին, որոնք մինչ այդ պահպանել էին իրենց նախնական ձևերը։ Սեպտեմբերի 12-ին իշխանության եկած զինվորական վարչակազմը վերափոխեց հազարավոր տարիներ ի վեր օգտագործվող աշխարհագրական անունները:
Թեև Թուրքիայում [վերջերս թույլ է տրվել] քրդական հեռուստաալիքի ազատ հեռարձակումը, առ այսօր Սահմանադրությամբ, «Քաղաքական կուսակցությունների մասին», «Թուրքական այբուբենի մասին» և «Տեղական կառավարման մասին» օրենքներով բազմաթիվ ոլորտներում, թուրքերենից բացի, այլ լեզվի օգտագործումը արգելված է: Այս պատճառով էլ Օսմանյան կայսրության և ապա Հանրապետության պատմության ընթացքում շարունակվող թուրքացման ծրագրի ամենամեծ անարդարությունները կրած տարածքի մարդիկ գոհունակությամբ ընդունեցին հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Գյուրօյմաքի փոխարեն Նորշին տեղանվան օգտագործումը:

Թարգմանությունը՝ Լուսինե Սահակյանի

————–
1. Kadir Konuksever, “Kürt açılımı ve Kürt isimleri”, BBC Türkçe, 12 Ağustos, 2009. http://www.bbc.co.uk/turkce/haberler/2009/08/090812_kurdish_names.shtml.
2. Թուրքական լրատվամիջոցներում «քրդական նախաձեռնություն» են անվանում Էրդողանի կառավարության վերջին քայլերը քրդական հարցի, այսպես կոչված, լուծման վերաբերյալ։
3. Այս տերմինով Թուրքիայում նշում են, մասնավորապես, վերջին շրջանում քրդերին մշակութային սահմանափակ իրավունքներ տալու քաղաքականությունը։

This post is also available in: ,