Անիի ավերակները

Անիի ավերակները

Թուրքիայի Հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մշակութային արժեքների եւ թանգարանների գլխավոր վարչություն
www.ani.gov.tr

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ուրվագծեր Անի քաղաքի պատմության
Միջնադարյան քաղաք է, հիմնադրված՝ Թուրքիա-Հայաստան սամանը տարանջատող Արփաչայ գետի արեւմտյան ափին, Թուրքիայի սահմանների ներսում: Անիի ավերակները Օջաքըլ գյուղի վարչական տարածքում են, որը Կարսից 42 կմ հեռավորության վրա է: Ավերակատեղին Մետաքսի մեծ ճանապարհի վրա իջեւանման առաջին կենտրոնն էր Անատոլիայում, հետեւաբար դարձավ նաեւ առեւտրի կենտրոն: Անտիկ քաղաքը զբաղեցնում էր 78 հեկտար տարածք, շրջապատված նրա հարստությունը պայմանավորող պարիսպներով, որոնց երկարությունը 4,5 կմ էր:

Ավերակատեղիի հնագույն պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 5000 թվին: Նախնադարյան շրջանում այստեղ բնակեցված էին կիրճի քարանձավները: Բրոնզե դարից մեզ հասած բնակավայրի հետքեր են հայտնաբերվել նաեւ պարիսպների շրջակայքում, իսկ ուրարտական շրջանում խիստ աճել է բնակչության խտությունն Անիի ավերակատեղիում: Ավերակների այսօրվա տարածքն ընդգրկող միջնաբերդը մ. թ. 4-րդ դարում կառուցել են կարսաքլուները, որոնց անունով է կոչվում Կարս քաղաքը:
Ավերակատեղիում պարիսպների շինարարությունը 964 թվին սկսել է Բագրատունիների Աշոտ արքան, իսկ 978-ին Սմբատ 3-րդ թագավորը կառուցեց 2-րդ պարիսպը: 1064-ին Ալփ Արսլանը գրավեց Անին եւ քաղաքը հաղորդակից եղավ սելջուկյան մշակույթին: Պարիսպը կառուցվել է խորասունյան շաղախով, 2 կամ 3 շարք շարված դեղնավուն ու սեւ տուֆից:

Տեղանքի հետ ներդաշնակության նկատառումով եռանկյունաձեւ կառուցված պարիսպներն ունեն 7 դարպաս, որոնցից կարեւոր են Առյուծով դարպասը, Կարսի դարպասը եւ Ջրհորի դարպասը: Պաշարումների ժամանակ քաղաքի դիմադրողականությունը մեծացնելու նպատակով պարիսպների միջեւ կառուցվել են աշտարակներ, որոնք միաժամանակ շտեմարանի դեր են կատարել: Ըստ տեղանքի թեքության, մինչեւ 5 մետր բարձրության հասնող պարիսպների արտաքին ճակատը զարդարված է խաչի մոտիվներով, առյուծի եւ օձի բարձրաքանդակներով: Առյուծով դարպասի արեւելյան հատվածում գտնվող աշտարակի վրա կա 1064 թվին սուլթան Ալփ Արսլանի կողմից քաղաքի գրավումը փաստող 4 տողանոց իսլամական արաբատառ արձանագրություն:

Անի քաղաքը երկար ժամանակ մնացել է Շադդադյանների տիրապետության տակ: 12-րդ դարի վերջին քաղաքին տիրել են վրացիները, իսկ 1239-ին նա դարձել է մոնղոլական արշավանքների ականատեսը: Այս արշավանքները մեծ ավերվածություններ են պատճառել եւ քաղաքը հետզհետե կորցրել է առեւտրային նշանակությունը: Սալթուխյանների, ակկոյունլու եւ կարակոյունլու ցեղերի տիրապետությունից հետո 1534-ին, Սուլեյման I-ի օրոք, միացել է Օսմանյան կայսրությանը, որն էլ Անիի միակ գերիշխողն է դարձել:
1492-ին, ծովային նոր ուղիների հայտնաբերման պայմաններում, նվազել է Մետաքսի մեծ ճանապարհի նշանակությունը: Դա է՛լ ավելի է թուլացրել առանց այդ էլ մոնղոլական արշավանքների եւ երկրաշարժերի հետեւանքով տուժած Անիի դիրքը առեւտրի ոլորտում: Սկսած 16-րդ դարից, բնակիչները լքել են քաղաքը:

Ինչպե՞ս է պետք անվանել Անին
Անիի ավերակների ուսումնասիրություններն ու համապատասխան գրականությունը ցույց են տալիս, որ ավերակատեղին տարբեր աղբյուրներում հիշատակվում է տարբեր անուններով: Քանի որ դա նկատվում է նաեւ պաշտոնական գրություններում, ուստի խառնաշփոթ է առաջացել: Այդ իսկ պատճառով օրվա պահանջ է դարձել, նախքան կիրառումը, ստանալ գիտական խորհրդի 14.06.2006 թվականի զեկուցագրի «Բացահայտված խնդիրներ Անիի ավերակներում» բաժնի 7-րդ հոդվածում կատարված «Անին» օսմանյան աղբյուրների հիման վրա «Անը» վերանվանելու ձեւափոխության մասին գիտական շրջանակների եզրակացությունը: Միաժամանակ ընդգծվել է այս կարգի փոփոխությունը գիտական աղբյուրներով հիմնավորելու, փոփոխության փաստարկները գիտական աշխարհի դատին հանձնելու անհրաժեշտությունը:

16.03.2007-ին գումարված նիստում, պրոֆ. Համզա Գյունդողդուից, պրոֆ. Աբդուսսելամ Ուլուչամից, Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթդին Ալփից եւ դոկտ. էսին Քուլելիից կազմված գիտխորհուրդը որոշել է աղբյուրների ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում ձեւավորված անվանափոխության համոզմունքն ավելի որոշակի դարձնելու համար լեզվի, ազգագրության եւ տեղանունների հարցերում մասնագիտացված գիտնականների միջոցով ճշտել, թե ինչպե՞ս է կարդացվում ավերակների անունը, եւ դա որպես տեղանուն օգտագործվե՞լ է արդյոք մինչբագրատունյաց թագավորության շրջանում: Միաժամանակ որոշվել է 2007-ի նոյեմբերի 2-ին հրավիրել մասնագիտական հանձնաժողովի նիստ:

2007-ի նոյեմբերի 2-ին մշակութային արժեքների եւ թանգարանների գլխավոր վարչությունում գումարված նիստին մասնակցել են՝ Կոնիայի «Սելջուկյան» համալսարանի պրոֆ. Աբդուսսելամ Ուլուչամը, Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի պրոֆ. Համզա Գյունդողդուն եւ դոց. Ջենգիզ Ալյըլմազը, Ստամբուլի համալսարանի պրոֆ. Օքթայ Բելլին, Անկարայի համալսարանի լեզվի, պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի դոց, Հիջաբի Քըրլանգըչը, Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթդին Ալփը: Նիստին նախագահել են (մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության) մշակութային արժեքների վերականգնման եւ շինարարական աշխատանքների վարչության պետ Մուստաֆա Բոզդեմիրն ու հետազոտությունների վարչության պետ Մելիք Այալը: Միաժամանակ ընթերցվել են պրոֆ. Էնվեր Քոնուքչուի եւ պրոֆ. Ֆարուք Թոփրաքի եզրակացությունները, քանի որ վերջիններս նիստին չէին մասնակցում:

Նիստում հնչել են հետեւյալ կարծիքները.
Պրոֆ. Օքթայ Բելլի. «Անին բնակեցված է եղել դեռեւս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Քաղաքի թերեւս հյուսիսային հատվածը վաղ երկաթի դարում ունեցել է պաշտպանիչ ամուր պատեր: Ուրարտական թագավորության օրոք շրջանը կոչվել էր «Diauchi»: Չկան Անիի անունը հիշատակող սեպագիր արձանագրություններ: Սկսած մ. թ. 5-րդ դարից, հատկապես 8-րդ դարում, Անին հիշատակվում է որպես «Շիրակի Անի» (Տես Hubschmann. Alt Armenische Ortsnamen: Հին հայկական տեղանուններ): Իսլամական աղբյուրները նույնպես, սկսած 10-րդ դարից, քաղաքն անվանում են «Անի» (Տես. Le Strange, Eastern Caliphate…): Անի են անվանում նաեւ եվրոպական բոլոր աղբյուրները: Իսկ Կարսի շրջանում բնակչությունը օգտագործում է «Անը» տարբերակը»:

Պրոֆ. Ֆարուք Թոփրաքի եզրակացությունն ընթերցող դոց. Հիջաբի Քըրլանգըչը. «Եզրակացության մեջ նշվել է, որ իսլամական աղբյուրներում (պարսկական, արաբական եւ օսմանյան) օրինակ` Հակութ ալ Համավիի (1225 թ.) ժամանակագրությունում, Անի անունը գրված է «ալեֆ, նուն, յե» եւ «ալն, նուն, յե» տառերով»:

Պրոֆ. Աբդուսսելամ Ուլուչայն ընդգծեց, որ Անին իսլամական աղբյուրներում գրվում է «ալեֆ, նուն, յե» եւ «ալն, նուն, յե» տառերով, իսկ գիտական աշխատություններում, եվրոպական, հայկական եւ իսլամական բոլոր աղբյուրներում հիշատակվում է «Անի» տարբերակով, պարզապես տեղի բնակչությունն այս անունը արտասանում է «Անը»:

Դոկտ. Ջենգիզ Ալյըլմազ նշեց, որ Օրխոնյան գրավոր հուշարձանների «Բիլգե Թոնյուքուք» արձանագրության 27-րդ տողում հիշատակվում է «Անը սուբ»-ի (Անը գետ) մասին: Հետեւաբար «Անը» անունը թուրքերեն է, քաղաքին ուղղակի առնչվում է «Անը» անունը կրող թուրքական ցեղերի եւ նրանցով բնակեցված աշխարհագրության հետ:

Պրոֆ. Էնվեր Քոնուքչուի եզրակացությունն ընթերցող պրոֆ. Համզա Գյունդողդու. «Նշվում է, որ արեւմտյան, հունական, լատինական, հայկական եւ վրացական աղբյուրներում քաղաքի անունը «Աննի», «Աինի», «Անի» ձեւով է արտասանվում եւ գրվում, ռուս հեղինակներն այն անվանել են «Անիսկոյ», իսկ իսլամական աղբյուրներում «Անը» ձեւով է հիշատակվում: Հանդիպումներից պարզվել է, որ շրջանի բնակչությունն ի սկզբանե օգտագործել է «Անը» տեղանունը»:

Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթդին Ալփը նշեց, որ պրոֆ. Ֆահրեթդին Քըրզըօղլուն «Կարսի պատմությունը» աշխատության մեջ, ինչպես նաեւ տեղանուններին նվիրված մյուս գրքերում, քաղաքը ներկայացնում է «Անը» ձեւով: Քյազիմ Կարաբեքիր փաշայի գրքում նույնպես օգտագործվում է «Անը» տարբերակը:

Եզրակացություն
Հաստատվել է, որ հայկական, վրացական, արաբական, պարսկական, սելջուկյան եւ օսմանյան ժամանակագրություններում, ինչպես նաեւ եվրոպական այլ աղբյուրներում, խնդրո առարկա տեղանունը գրվում է «Անի» ձեւով, շրջանի բնակչությունը օգտագործում է «Անը» տարբերակը, իսկ «Թոնյուքուքի արձանագրության» մեջ որպես գետ եւ տեղանուն հիշատակվում է «Անը սուբ» բառը:

Որոշվել է՝
Տարբեր մշակույթների եւ քաղաքակրթությունների համար հանդիպման եւ մերձեցման խաչմերուկ հանդիսացող «Անիի ավերակների» վերաբերյալ ուսումնասիրություններում գիտնականներն` ըստ հայեցողության, ազատ են հավասարապես օգտագործելու «Անի» կամ «Անը» տարբերակը եւ այս հարցում կարիք չկա պաշտոնական որեւէ կարգադրության:

————————

[*] Թուրքական նկրտումների բացահայտման առումով կարեւոր են www.ani.gov.tr կայքէջի «Ուրվագծեր Անիի պատմության» եւ «Ինչպե՞ս է պետք է անվանել Անին» բաժինները: Հետեւաբար ներկայացնում ենք դրանց ամբողջական թարգմանությունը («Արարատ» ՌԿ խմբ.):

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Թուրքական նկրտումների բացահայտման առումով կարեւոր են http://www.ani.gov.tr կայքէջի «Ուրվագծեր Անիի պատմության» եւ «Ինչպե՞ս է պետք է անվանել Անին» բաժինները: Հետեւաբար վերը ներկայացնում ենք դրանց ամբողջական թարգմանությունը:

Ընթերցեք նաև «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը նույն թեմայով` արտմամուլի կայքում զետեղված նախորդ նյութի` թուրքական Ռադիկալ թերթի «Ո՛վ Անի, որտե՞ղ է քո նախնական տերը» հոդվածի վերաբերյալ:
http://artmamul.ararat-center.org/?p=121#comment-176

This post is also available in: ,