Հայ լրագրողը հրաժարվում է գործածել Ցեղասպանություն բառը

2009 թվականի սեպտեմբեր ամսին հայ հասարակությունը տեղեկացավ Հայաստանում Հայոց ցեղասպանության ակնհայտ ժխտման իրողության մասին: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական գործ էր հարուցել Երեանում գործող Կովկասյան ինստիտուտի եւ այդ հաստատության տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դեմ` ժխտոողական գրականություն հրատարակելու եւ տարածելու համար: Ցավոք, ինչպես դատական գործի նախաձեռնողները նշեցին ասուլիսի ժամանակ, սա Հայաստանում հայոց ցեղասպանության հերքման միակ դեպքը չէ: Նմանատիպ հերքման մի դեպք էլ պարզվեց վերջերս: Հայաստանի քաղաքացի եւ բնակիչ հանդիսացող մի լրագրող` Էմիլ Դանիելյանը, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար կազմի առջեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին պատմող իր անգլերենով հրապարակված հոդվածում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ միտումնավոր հրաժարվում է գործածել ցեղասպանություն բառը (http://www.azatutyun.am/): Նա նախընտրում է ասել «1915թ.-ի զանգվածային սպանություններ եւ տեղահանումներե, ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլալեզու հրապարակումներում: Ավելին, Հայաստանում հեռարձակվող եւ հայ աշխատակազմ ունեցող լրատվական ծառայությունը` Ազատություն ռադիոկայանը, այս հոդվածը հրապարակել է առանց խմբագրելու կամ առարկելու` պատասխանատվություն կրելով բովանդակության համար:
Կասկածամտությունը կհուշեր վերապահումով մոտենալ հեղինակի այս քայլին. գուցե արտահայտության կիրառումը դիտավորություն չէր` այլ մի անմեղ վրիպա՞կ, կամ գուցե բովանդակությունը վերանայվել էր առանց հեղինակի գիտությա՞ն: Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ նույն հեղինակը հերքում է հայոց ցեղասպանության իրողությունը: Այս տարի ավելի վաղ նա գրել էր մեկ այլ հոդված, որտեղ կրկին օգտագործել էր ’’հայերի զանգվածային սպանություններ’’ արտահայտությունը: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի` Արտասահմանյան մամուլի տեսություն բաժնում քննադատվել եւ թարգմանաբար հրապարակվել էր այդ հոդվածը եւ հեղինակին կոչ էր արվել հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության կիրառումը, ընձեռելով նրան վերոհիշյալ կասկածից օգտվելու հնարավորությունը (http://artmamul.ararat-center.org/?p=161): Սակայն, այդ կոչը մնաց անպատասխան: Այսպիսով, տրամաբանական երկու հետեւություն կարելի է անել. կա’մ Էմիլ Դանիելյանն իսկապես կարծում է, որ հայոց ցեղասպանությունը եղել է ընդամենը հայերի զանգվածային սպանություն, այլ ոչ ցեղասպանություն, կա՛մ նա այդ կարծիքին չէ, բայց պատրաստ է այն ներկայացնել եւ նույնիսկ քարոզել իր հոդվածներում` եթե հրապարակողը վճարում է համապատասխան գին: Ամեն դեպքում, նա օգտագործել է «զանգվածային սպանություններ» արտահայտությունը՝ կատարելով մտածված ընտրություն:
Անպատժելիությունը ծնում է լկտիություն: Ոմանք կարծում են, որ հայոց ցեղասպանությունը հերքելու համար մարդկանց Հայաստանում հրապարակայնորեն դատելը կնպաստի Թուրքիայի կողմից ցեղասպանությունը կասկածի դնելու գործողություններին: Նրանք պնդում են, որ եթե նույնիսկ հայերի մեջ կան ցեղասպանությունը հերքողներ եւ նրանք դատվում են Հայաստանում, ապա գուցե իսկապես կասկածներ առաջանան հայոց ցեղասպանության ճշմարտացիության վերաբերյալ: Բայց այսպիսի փաստարկը որևէ կապ չունի ճշմարտության հետ: Չցանկանալով տեսնել Հայաստանում գոյություն ունեցող ժխտողականությունը՝ մենք միայն ինքնախաբեությամբ ենք զբաղվում:
Իրականում, անսկզբունքային հայերի կողմից թուրքական ժխտողական քարոզչության շարունակական տարածումն է, որ Թուրքիային կեղծելու հնարավորություն է տալիս: Եթե որոշ հայեր անիրավաբար կասկածեն կամ նույնիսկ հերքեն հայոց ցեղասպանությունը, ապա օտար մերժողները մի լուրջ փաստարկ կստանան իրենց երկրներում: Թուրքիային համակրող օտարները կպնդեն, որ եթե նույնիսկ հայերն են կասկածում եւ հարցականի տակ դնում ցեղասպանությունը, եւ նրանց կառավարությունը ոչինչ չի անում դրա դեմ, ապա պատմական խնդիրները դեռ պարզեցման կարիք ունեն:
Ժխտողական փորձերի դեմ խիստ պատժամիջոցները միայն կապացուցեն աշխարհին, այդ թվում` թուրքերին, որ հայերն ու Հայաստանի կառավարությունը միաձայն են իրենց դիրքորոշման մեջ, եւ որ այս հարցում երկիմաստություն լինել չի կարող: Այսպիսով, այն հայերը, ովքեր անիրավորեն կասկածի են ենթարկում Հայոց Ցեղասպանությունը, պետք է հետապնդվեն օրենքով որպես քրեական հանցագործներ, քանզի ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի է: Հերքումը ցեղասպանության վերջին փուլն է:

Եթե Էմիլ Դանիելյանից պատասխանատվության կանչեին իր առաջին հոդվածի համար, նա երկար կխորհեր հայ ազգին երկրորդ անգամ վիրավորանք հասցնելուց առաջ:

Ստեփան Սարգսյան
Արարատ ռազմավարագիտական կենտրոնի
արտահաստիքային թղթակից /Լոս Անջելես/

This post is also available in: ,