Դատական նիստի առաջին օրը. Տեսանյութ

Դատական նիստի առաջին օրը. Տեսանյութ

Կայացավ ՀՀ-ում առաջին դատական նիստը Հայոց ցեղասպանության փաստի ժխտման վերաբերյալ։ 03․12․2009թ․։

«Արարատ» ՌԿ-ի տեսանյութը
Կենտրոն հեռուստաալիք, 03.12.2009
ՀայՏՎ, 03.12.2009
  1. «Արարատ»-ն ընդդեմ «Կովկասի», A1plus.am, 03.12.2009
  2. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի, Գոհար Փիլթոյան, Armar.am, 03.12.2008
  3. Երևանում Հայոց ցեղասպանության ժխտման հարցով դատական հայցի առաջին նիստը, Գևորգ Յազըճյան, Պատ.գիտությունների թեկնածու, Ardarutyun.org, 3.12.2009

«Արարատ»-ն ընդդեմ «Կովկասի»
A1plus.am, 03.12.2009

«Ալեքսանդր Իսկանդարյանը չէր կարող համաձայն չլինել այն տեղեկությունների հետ, որոնք հրապարակում էր, այլապես ինչո՞ւ էր ձեռնարկում եւ տարածում այդ տեղեկությունները»,- նման զարմանք հայտնեց «Արարատ» կենտրոնի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Այսօր Երեւանի քրեական դատարանի շենքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ լսվեց «Արարատ» կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի:

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել «Կովկասի ինստիտուտին» հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել «Ցեղասպանություն» բառի չակերտավոր կիրառումը, ինչպես նաեւ պահանջել վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ «Կովկասի ինստիտուտ»-ը 2008թ.-ին Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, որտեղ ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան» հարաբերություններ. Հավերժական փակու՞ղի» հոդվածը, որում հոդվածագիրը, ըստ հայցվորի` հերքում է հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի պնդմամբ` գրքի խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը եւս հերքում է այդ փաստը:

Դատական նիստին ներկայացել էին հայցոր կողմը ներկայացնող Արմեն Այվազյանը, նրա շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը, իսկ պատասխանող կողմից Ալեքսանդր Իսկանդարյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահագն Գրիգորյանը: Չնայած դռնբաց էր նիստը, սակայն տեսաձայնագրությունը արգելվեց, քանի որ պատասխանող կողմը դեմ էր:
Բացի այն, որ առարկեց, նիստից հետո էլ չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: Վերջինս միջնորդություն արեց դատարանում գործի վարույթը կարճել, քանի որ չակերտավոր օգտագործումը չի ենթադրում այնպիսի իրավիճակ, որը ենթակա լինի դատարական քննության:

Հայցվոր կողմը այդ առնչությամբ բերեց առարկություններ. «Սա դատական գործ է, քանի որ հայցը վերաբերվում է հայ ազգի պատվի եւ արժանապատվության խնդրին»:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ ակտ կայացնելու, իսկ նիստը հետաձգվեց մինչեւ վաղը, ժամը 16:00-ը: Այսինքն` վաղը կորոշվի` հայցը քննության կառնվի, թե ոչ: Ի դեպ, Արթուր Գրիգորյանը փաստեց, որ միջնորդությունը բավարարվելու դեպքում ինքը կբողոքարկի բոլոր ատյաններում:

Նիստից հետո

Ալեքսանդր Իսկանդարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ զարմացած է, թե ինչու են իրեն մեղադրում ցեղասպանության ուրացման մեջ, քանի որ ինքը գրքում նշում է, որ պատասխանատվություն չի կրում գրքում հրապարակվածի համար: Այս պարագայում հայցը որքանո՞վ է հիմնավոր` «Ա1+»-ի հարցին Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Անձը կարող է կատարել շատ լուրջ ֆինանսատնտեսական մեքենայություններ, բայց ՀՀ մի լրատվամիջոցի միջոցով կամ հրապարակում փակցնի մի պաստառ, որ ինքը պատասխանատվություն չի կրում դրա համար: Միայն այդ վերապահումը անձին պատասխանատվությունից չի ազատում: Հիմքը տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելն է: Եթե անձը վերապահում է անում, որ պատասխանատվություն չի կրում այդ հոդվածի համար, դեռեւս չի նշանակում, որ նա ազատվում է պատասխանատվությունից օրենքի տեսանկյունից»:

Արմեն Այվազյանն էլ նշեց, թե եթե բավարարվի իր պահանջը, ապա Հայաստանում ցեղասպանության ժխտումը այսուհետեւ կմտնի դատական պրակտիկայի մեջ` այստեղից բխող շատ հետեւանքներով, իսկ եթե չբավարարվի, ապա կնշանակի, որ այսուհետեւ ՀՀ-ում կարելի է ազատորեն հրապարակել ցեղասպանությունը ժխտող հոդվածներ, ելույթներ ունենալ, քարոզներ կատարել:


«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի

Armar.am, 03.12.2009

Այսօր տեղի ունեցավ դատական առաջին նիստը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի։ Ինչպես տեղեկացրել է ArmAr.amկայքն իր ընթերցողին, Իսկանդարյանը մեղադրվում է Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու և տարածելու մեջ։

Դատական այս գործի նկատմամբ, բնականաբար, հասարակական հետաքրքրությունը մեծ է, ու չնայած դատական նիստը տեղի էր ունենում Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական տարածքներից շատ հեռու գտնվող Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, այնուհանդերձ, դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։

Դատական նիստը երևի թե չէր «հետաքրքրել» միայն «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին, և վերջինս որոշել էր չներկայանալ։ Որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս նրա ներկայացուցիչը։

Դատին ներկա լրագրողներին թույլ չտրվեց լուսանկարել և տեսանկարել դատական նիստի ընթացքը, քանի որ պատասխանող կողմը դեմ էր դրան։ Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114/3 հոդվածի համաձայն, եթե կողմերից մեկը դեմ է՝ նկարահանումն արգելվում է։ Ուստի թույլատրվեց միայն ձայնագրել և սղագրել դատի ընթացքը։

Տպավորությունն այնպիսին էր, որ պատասխանող կողմը լավ չի ըմբռնել, թե ինչու է մեղադրվում, քանի որ, ըստ նրանց՝ ցեղասպանություն բառի չակերտավոր օգտագործումը չի նշանակում Հայոց Ցեղասպանության ժխտում, ուստի պատասխանող կողմի ներկայացուցիչն առաջարկեց` կարճել գործը։

Հայցվոր կողմը ստիպված էր մի քանի անգամ կրկնել հայցի էությունը, բացատրել, որ «Կովկասի» ինստիտուտի հրապարակած հոդվածում առկա է ոչ միայն ցեղասպանության բառի չակերտավոր օգտագործում, որն ինքնին արդեն իսկ հանցանք է, այլև բաց տեքստով ժխտվում է Հայոց Ցեղասպանության փաստը։

Դատական նիստի 10 րոպեանոց ընդմիջումից հետո, դատավոր Կարիներ Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի կարծիքով այս հարցը պետք է քննարկվի խորհրդակցական սենյակում, դրանից հետո միայն՝ առանձին դատական ակտ կկայացվի։ Այսինքն կորոշվի` կարճե՞լ գործի վարույթը, թե՞ շուրունակել գործի քննությունը։

Վաղը ժամը 16.00 դատական ակտը կհրապարակվի։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը նշեց, որ եթե բավարարվի հայցվորի՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի պահանջը, ապա Հայաստանում ցեղասպանության ժխտումն այսուհետ կմտնի դատական պրակտիկայի մեջ՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Իսկ եթե հայցադիմումը չբավարարվի, կնշանակի` ՀՀ-ում այսուհետև կարելի է ազատորեն հրապարակել ցեղասպանությունը ժխտող գրականություն, հոդվածներ, ելույթներ ունենալ՝ խախտելով և’ ՀՀ անվտանգության կենսական պահանջները, և’ հայ ժողովրդի հանրային շահը, հարված հասցնելով յուրաքանչյուր հայի արժանապատվությանը։

Պարզաբանելով դատական նիստի ընթացքը՝«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանն ասաց. «Այսօր տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Կովկաս» հիմնադրամը հրապարակել է թուրք հեղինակի` իրականությանը չհամապատասխանող տեղակություններ, որոնցով ուղղակիորեն հերքվում է ցեղասպանությունը, կասկածի տակ է դրվում ցեղասպանության եղելությունը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդեց գործի վայրույթը կարճել՝ այն պատճառաբանությամբ, թե ցեղասպանություն բառի չակերտավոր օգտագործումը չի ենթադրում այնպիսի իրավիճակ, որը ենթակա է դատարանում քննության։ Մեր առարկությունն այն էր, որ հարցը վերաբերում է հայ ազգի պատվի և արժանապատվության պաշտպանության խնդրին։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն էլ՝ իր կանոնադրական խնդիրների իրականացման կարգով, իրավասու է նման հայց ներկայացնել»։

Փաստաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ եթե դատարանը որոշի, որ այս գործի վարույթը պետք է կարճվի, դա կնշանակի, որ հայցին` ըստ էության լուծում չի տրվում։ Բացի այդ, եթե դատարանի կողմից մերժվում է հայցի քննությունը, դրանով խախտվում ՀՀ մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի 6-րդ հոդվածի 1 կետը։ Այնպես որ, դատական այս ատյանում գործը կարճվելու դեպքում՝ հայցվոր կողմը վճիռը կբողոքարկի վերաքննիչ դատարան. «Եթե վերաքննիչն էլ դա նորմալ երևույթ համարի՝ կբողոքարկենք վճռաբեկ դատարան։ Եթե վճռաբեկ դատարանն էլ իրեն բնորոշ ոճով կորոշի մեր բողոքը չընդունել վարույթ, շատ ցավալի կլինի, որովհետև չէինք ցանկանա, որ Հայաստանը հերթական անգամ, միջազգային ընթացակարգերով, քննության առարկա դառնար»,- ասաց Արթուր Գրիգորյանը։

Կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանի կարծիքով այս դատական նիստում հարկ է երկու հանգամանքի վրա պ ուշադրություն դարձնել։ Առաջինը, որ դատական նիստին չէր մասնակցում «Կովկաս» ինստիտուտի տնօրենը։ «Այս վերաբերմունքը խիստ վիրավորական է։ Բացի այդ, պատասխանող կողմի փաստաբանը չցանկացավ, որպեսզի նկարահանվի դատական նիստը, և դա այն պարզ պատճառով, որ ինքը չի ուզում այս դատական գործի ընթացքում նկարահանվել։ Կարծում եմ, սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ պատասխանող կողմն անհարմար է զգում իր քայլերի համար և չի ցանկանում, որ դատավարության ընթացքը լուսաբանվի։ Մինչդեռ այս հայցը պետք է մեծ հնչեղություն ստանա և լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ լուսաբանվի, ժողովրդի համար շատ կարևոր է տեսնել գեթ մեկ օրինակ, որտեղ արդարությունը` դատական նիստում հաղթելու է»։

Գոհար Փիլթոյան



Երևանում Հայոց ցեղասպանության ժխտման հարցով դատական հայցի առաջին նիստը


Այսօր, հինգշաբթի, 2009թ. դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում (դատավոր` Կարինե Պետրոսյան) սկսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի դատական հայցը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դեմ` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող և ուրացող հրապարակումների համար:
Նիստը կայացավ դատարանի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող շենքի թիվ 10 դահլիճում, որը, դատավարության մասնակիցներից բացի կարող է տեղավորել 20 մարդուց ոչ ավելին` ընդամենը շուրջ 35 քառակուսի մեթր մակերես ունենալու պատճառով: Նիստն սկսելու պահին ներկա էին շուրջ 25 հոգի, առավելաբար զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և ուսանողներ, ջախջախիչ մեծամասնությամբ` հայցորդի կողմնակիցներ: Ներկա էին ընդամենը երկու հեռուստաընկերությունների («Կենտրոն» և «Հայ Թի. Վի») լրագրողներ: Ուշագրավ է, որ նիստին ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի աշխատակից, ըստ երևույթին հետևելու, թե ՀՀ դատարանը որքանո՞վ է կարողանալու քայլ պահել նաև ամերիկյան օրհնությամբ ստորագրված ՀՀ-Թուրքիա արձանագրությունների հետ…
Հայցորդի ներկայացուցիչներն էին «Արարատ» ՌԿ տնօրեն Արմեն Այվազյանը և ճանաչված փաստաբան Արթուր Գրիգորյանը: Պատասխանողը ներկայացել էր ընդամենը մեկ հոգով` Վահագն Գրիգորյան, որի առնչությունը մեղադրվող կողմի հետ բոլորի համար մնաց անհասկանալի առեղծված:
Նիստը բացված հայտարարելով, դատավոր Կարինե Պետրոսյանը նախ ստուգեց հայցորդի և պատասխանողի ներկայացուցիչների ինքնությունը և լիազորագրերը: Այնուհետև տիկ. Պետրոսյանը կողմերին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` միջնորդություններ ներկայացնելու իրավունքը: Ապա նա բացատրեց նիստի ընթացակարգը: Նա հայտնեց, որ ըստ ՀՀ դատավարական օրենսդրության, պատասխանող կողմը պարտավոր էր 14-օրյա ժամկետում դատարանի, և վերջինիս միջոցով հայցորդին ներկայացնել հայցադիմումի իր պատասխանը, ինչը չի արվել: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը հայտնեց, թե իրենք չեն պատասխանել, քանի որ դատարանին դիմել են հայցը մերժելու միջնորդագրով: Այնուհետև նա հայտնեց, որ այսօր ևս դատարանին դիմում են նույնաբովանդակ գրությամբ, քանի որ հայցը քննարկելու հիմքեր չեն տեսնում:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը միջնորդեց դատարանին` տեսագրում և ձայնագրում թույլատրելու հարցը, միաժամանակ հայտնելով, թե հայցորդ կողմը տեսաձայնագրման դեմ որևէ առարկություն չունի: Վահագն Գրիգորյանը առարկեց, հայտարարելով, թե չի ուզում որ իրեն տեսագրեն կամ լուսանկարեն: Այս փաստը չափազանց հետաքրքրական է և մտորումների տեղիք է տալիս: Ինչի՞ց է վախենում պրն Վ. Գրիգորյանը, չէ՞ որ ՀՀ նախագահը Գյուլ-Էրդողանին և նրանց նմաններին կոչել է «խիզախ գործընկերներ»: «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն էլ Երևանում տպագրելով Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» [անգլերեն բնագիրը` “Caucasus Neighborhood: Turkey and The South Caucasus” (Yerevan), ISBN 978-99941-2-220-2] զեկուցումների ժողովածուն, անօրինակ խիզախ քայլի է դիմել` հե´նց հայոց մայրաքաղաքում կասկածի տակ առնելով Հայոց ցեղասպանության իրողության փաստը` խորապես վիրավորելով հայոց ազգային ու մարդկային արժանապատվությունը: Պր. Վ. Գրիգորյանը մի գուցե վախենում է, որ Երևանի փողոցներում ՀՀ-ում և առհասարակ հայկական աշխարհում, տեսնելով իր լուսանկարը կամ տեսանյութը, հայերը իրար կտրորեն իրեն ու իր նման «խիզախ»ներին իրենց շնորհակալությունները հայտնելու համար կամ էլ, ընդհակառակը, ոտնատակ կտան նմաններին` հայոց ազգին նրանց հասցրած չլսված անարգանքի համար…
Դատավոր Կարինե Պետրոսյանը, հենվելով օրենսդրական ինչ-որ մի հոդվածի վրա, բավարարեց պատասխանող կողմի մերժումը, միաժամանակ, «հրապարակայնությունն ապահովելու համար», ներկաներին թույլատրեց նոթագրել ու ձայնագրել:
Դատարանը լսեց պատասխանող կողմի կարծիքը իր դեմ հարուցված հայցի վերաբերյալ: Վ. Գրիգորյանն ընթերցեց պատասխանող կողմի կարծիքն արտահայտող նոր միջնորդագիրը, որով դատարանից խնդրում էր մերժել հայցը` հիմնազուրկ լինելու համար: Ընդ որում, պատասխանող կողմի միակ «փաստարկն» այն էր, թե որևէ արտահայտություն չակերտներում դնելը չի նշանակում վիճելի հայտարարել այդ արտահայտության բովանդակությունը: Դատավորը այս միջնորդագիրը փոխանցեց հայցորդ կողմի ներկայացուցիչներին, որոնք փաստաթղթին ծանոթանալու և դրա հանդեպ իրենց վերաբերմունքը ձևակերպելու համար դատարանից 10 րոպե խնդրեցին, ինչը տիկին դատավորը բավարարեց` 10 րոպե ընդմիջում հայտարարելով:
Ընդմիջման ժամանակ, փաստաբան Արթուր Գրիգորյանը ուշադրությամբ սերտեց պատասխանող կողմի միջնորդագիրը, մինչ հեռուստաընկերությունները դատարանի միջանցքներում հարցազրույցներ էին կատարում Արմեն Այվազյանի հետ:
Քառորդ ժամ դադարից հետո շարունակվեց հայցադիմումի քննարկումը, կամ, իրավական լեզվով ասած, «քաղաքացիական գործի նախապատրաստումը»: Դատավորը հայցորդ կողմի ներկայացուցիչներից վերստին ճշտեց նրա ներկայացրած հայցի առարկան: Այս առնչությամբ, Ա. Այվազյանը նկատեց, որ պատասխանող կողմի միջնորդությունը նենգափոխում է հայցադիմումի բնվանդակությունը, այն ներկայացնելով իբր միայն Հայոց ցեղասպնությունը չակերտավոր ներկայացնելու խնդիր։ Իրականում Գյորգյուլյուն, ցեղասպանությունը 34 անգամ չակերտների մեջ դնելուց բացի, քանիցս ուղղակի, բաց տեքստով ժխտում է Հայուց ցեղասպանության փաստը։ Պր Այվազյանը բերեց այս առթիվ որոշակի օրինակներ հիշյալ ժողովածուի մեջ տեղ գտած` թուրք «վերլուծաբան» Այբարս Գյորգյուլյուի զեկուցումից: Փաստաբան Ա. Գրիգորյանը իրեն հատուկ ոճով ամեն ինչ իր տեղը դրեց, հայտարարելով, թե հիմնազուրկ է պատասխանող կողմի այն կարծիքը, թե «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը չակերտների մեջ դնելը նրա գոյությունը վիճարկելի դարձնել չի նշանակում: Պր Գրիգորյանն ավելացրեց, որ հայցադիմումը հենվում է նաև մեկ այլ հոդվածի վրա, որն արգելում է ապատեղեկատվության տարածումը, մինչդեռ նշյալ ժողովածուում կան բացահայտ ապատեղեկատվություններ: Նա դիմեց դատարանին` մերժելու պատասխանող կողմի` վիճարկելիության չգոյության կարծիքը, քանի որ դա «անհիմն ու անընդունելի է»:
Փաստաբան Ա. Գրիգորյանի այս խոսքից հետո, դատավորը դրսևորեց տարօրինակ վարքագիծ. տիկին Պետրոսյանը հայտարարեց, թե դատարանը տվյալ հարցի վերաբերյալ իր որոշումը կհայտնի վաղը` դեկտեմբերի 4-ի ժամը 16:00-ին` դատական ակտի տեսքով, որից հետո փակված հայտարարեց այսօրվա նիստը:
Նիստից հետո ևս լրատվամիջոցներից մի քանիսը հարցազրույցներ ունեցան պարոնայք Ա. Այվազյանի ու Ա. Գրիգորյանի հետ, մինչդեռ պատասխանող կողմի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը շատ շուտով հեռացավ դատարանի շենքից, հրաժավելով պատասխանել լրագրողների հարցերին:
Սպասվում է դատական գործընթացի հիմնականում երկու զարգացում. Առաջին` դատարանը մերժում է շարունակել հայցի քննարկումը և դա կարճում է` առանց որևէ լուրջ հիմնավորման, երկրորդ` մերժում է պատասխանող կողմի` հայցը կարճելու միջնորդությունը և շարունակում է դատական գործընթացը: Երկու դեպքում էլ հայցորդը` «Արարատ» ՌԿ-ը շահում է դատը. առաջին դեպքում` ՀՀ իշխանություններն ի լուր աշխարհի հայտարարում են, թե ՀՀ-ում արդեն կարելի է անպատիժ կերպով ուրանալ Հայոց ցեղասպանությունը, այդպիսով` հիմնովին ոտնահարելով նաև հայերի ազգային արժանապատվությունը, երկրորդ դեպքում` նույն իշխանությունները գոնե մի անգամի համար կփաստեն, թե իրենք ոչ միայն խոսքով, այլ գործնականում տեր են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրենց ստանձնած պարտավորություններին:
Մի խոսքով` գնդակը իշխանությունների կիսադաշտում է: Տեսնենք, թե ի՞նչ հաշվով է ավարտվելու այս «ֆուտբոլային դատավարությունը»: Եթե նման է լինելու ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային իսկական ու դիվանագիտական խաղերի արդյունքներին, ապա մեզ մնում է հիշեցնել բանաստեղծի խոսքը. «Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդա հայուն նախատինք»:

Հ. Գ. Երբ նիստն ավարտվեց ու վերստին հայտնվեցի Երևանի կենտրոնական փողոցներում, հանդիպեցի հաշմանդամների, որոնք հայ հասարակությանը հիշեցնում էին իրենց գոյության մասին, նաև բաժանում «Դեկտեմբերի 3 – Հաշմանդամների համաշխարհային օր» վերտառությամբ թերթիկներ։ Արդյո՞ք ՀՀ դատական համակարգը, որը տառապում է այնքան խոցելի հիվանդություններից` հակառակ հավերժական դարձած բարեփոխումներին, գոնե այս դեպքում, երբ նժարի վրա դրված է հայ անհատի տարրական արժանապատվության հարցը, կդրսևորի իսկական խիզախություն, թե՞ իր գործելակերպով մի անգամ ևս կապացուցի, թե տառապում է անբուժելի հաշմանդամությամբ…

Գևորգ Յազըճյան
Պատ.գիտությունների թեկնածու
Ardarutyun.org, 3.12.2009

This post is also available in: ,