Դատարա՞նն է որոշում

«Ալեքսանդր Իսկանդարյանը չէր կարող համաձայն չլինել այն տեղեկությունների հետ, որոնք հրապարակում էր, այլապես ինչո՞ւ էր տարածում այդ տեղեկությունները»,- ըստ «Ա1+»-ի, երեկ այդպիսի հարցադրումով է հանդես եկել «Արարատ» վերլուծական կենտրոնի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը: Հիշեցնեմ, որ պատմությունը հետեւյալն է. անցած տարի պարոն Իսկանդարյանի խմբագրությամբ լույս է տեսել «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք քաղաքագետ Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան» հարաբերություններ. Հավերժական փակուղի՞» հոդվածը, որում հեղինակը, «Արարատ» կենտրոնի պնդմամբ, հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Չնայած ժողովածուի խմբագիրը հենց գրքում վերապահում է արել, որ կարող է համաձայն չլինել հրապարակված հոդվածների հետ, այնուամենայնիվ, «Արարատ» կենտրոնը պարոն Իսկանդարյանին դատի է տվել՝ Ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով:
Եվ այսպես, ըստ Արթուր Գրիգորյանի, ստացվում է, որ եթե ես «Առավոտ» թերթում որեւէ տեսակետ եմ հրապարակում (օրինակ, «Արարատ» կենտրոնի կարծիքը), ապա դա պարտադիր կերպով նշանակում է, որ ես այդ կենտրոնի ջերմ ջատագովն եմ: Կամ վերցնենք տվյալ խնդրին ավելի մոտիկ օրինակ. եթե ես թերթում տեղ եմ տալիս ՔԿՀ-ում իր պատիժը կրող կամ թեկուզ փախուստի մեջ գտնվող որեւէ մարդասպանի ու մանիակի, որը «Առավոտի» էջերում պնդում է, թե նա անմեղ է, ապա դա նշանակո՞ւմ է, որ ես էլ եմ համոզված նրա անմեղության մեջ եւ պատասխանատվություն եմ կրում հանցագործի պնդումների համար: Արդյոք այդ դեպքում տուժածների իրավահաջորդները կարո՞ղ են ինձ դատի տալ:
Ես կարծում եմ, որ դա այդպես չէ. ոճրագործին կամ ոճրագործությունը ժխտողին ասպարեզ տալ-չտալը, անշուշտ, բարոյական, էթիկական, գուցե նաեւ՝ մասնագիտական խնդիր է, բայց՝ ոչ քրեական: Եթե պետությունը (տվյալ դեպքում՝ դատարանը) սկսի միջամտել տեղեկությունների կամ գաղափարների տարածման գործընթացին, ապա մենք, ի վերջո, կունենանք այն, ինչ ունեինք նախորդ դարաշրջանում: Կամ այն, ինչ կա այսօր նույն Թուրքիայում, որտեղ «ցեղասպանություն» բառն արտասանելու համար մարդկանց դատում են՝ ազգային ինքնությունը վիրավորելու մեղադրանքով:
Գիտական ժողովածուի վերլուծությունը դատարանի խնդիրը չէ: Հենց նույն պատճառով էլ, ի դեպ, ինձ դուր չի գալիս «պատմաբանների հանձնաժողովի» կամ «ենթահանձնաժողովի» թուրքական գաղափարը: Պետությունը չպիտի լիազորի գիտնականներին՝ այս կամ այն խնդրի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնել: Գիտնականներն, անշուշտ, պիտի բանավիճեն, բայց անկախ, «մասնավոր անձ» կարգավիճակով: «Պետական» պատմաբաններ, կենսաբաններ, լրագրողներ, կոմպոզիտորներ, երգիչներ մենք արդեն տեսել ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

http://aravot.am/

«Արարատ» ռազմավարական կենտրոնի մեկնաբանությունը

«Առավոտ»-ի խմբագիրը և նրա համախոհ Ա. Իսկանդարյանը գաղափար չունեն, թե ցեղասպանության ժխտումն ինչ է։ Ըստ նրանց, դա լոկ «կարծիք» է, այն էլ գիտական։ Նրանք տեղյակ չեն, որ միջազգային գիտական համայնքում ցեղասպանության ժխտումը վաղուց ի վեր համարվում է պատմության բացահայտ ու լկտի կեղծում, իսկ արևմտյան շատ երկրներում՝ նաև քրեորեն հետապնդելի արարք։

Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը կարծիք լինել չի կարող, իսկ այն ժխտողները ոչ միայն ոտնահարում են բարոյական և գիտական նորմերը, այլև կատարում են հանցանք, որը պետք է պատժվի օրենքով, ընդ որում՝ և´ ՀՀ ազգային օրենսդրության, և´ ՀՀ-ում գործող միջազգային մի շարք հիմնարար իրավական փաստաթղթերի համաձայն։ Մասնագիտորեն շատ ավելի Ճիշտ կլիներ, եթե «Առավոտ»-ի խմբագիրն՝ իր խմբագրականը գրելուց առաջ, ուշադիր ընթերցեր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցադիմումը, որտեղ այս հարցերը ներկայացված են և´ իրավական, և´ ՀՀ ազգային անվտանգության, և´ հայ ժողովրդի ազգային արժանապատվության պաշտպանության տեսանկյուններից։

Հեղինակի մասին