Ջավախքում փոփոխում են տեղանունները

Ջավախքում փոփոխում են տեղանունները

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» ելուծական կենտրոն
12.12.2009թ.

Խոսե’ք Հայաստանի լեռներ կամ դարձյալ Ջավախքի մասին

Վրաստանը, հոգևոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ՝ Ջավախք) տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ և ամենակարևոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ։ Այն կատարվում է հիմնականում երկու տարբերակով։ Առաջինը տեղանվանագրության արմատական փոփոխումն է, երբ նախորդ անվանման փոխարեն տվյալ վայրը (գյուղ, գետ, սար և այլն) ստանում է բոլորովին նոր՝ վրացական անուն (ինչպես, օրինակ, քաղաք Ախալքալաքին մերձակա Տավշանկա (Տավշանքա, Տավշանթափա) գեղատեսիլ բլուրը ներկայումս ստացել է Վրաստանին «հարազատ» Ամիրանիս մթա (հայերեն՝ Ամիրանի սար) անվանումը և այլն)։ Անվանափոխության մյուս տարբերակն իրականացվում է նախկին տեղանվան ոչ լրիվ՝ մասնակի «խմբագրումը»։ Այս դեպքում նախկին տեղանունը երբեմն ենթարկվում է մասնակի արմատական փոփոխման, իսկ հիմնական դեպքերում այն ստանում է վրացական լեզվին ոչ այնքան խորթ «ի» վերջավորությունը։ Օրինակ՝ Փարվանա լճից սկիզբ առնող, գրեթե ողջ Ջավախքով անցնող և Խերթվիսի (Խըրթըզ) բերդի մոտ Քռին միացող Փարվանա (Թափարվան) գետն այժմ ցուցանակներում անգլերեն և վրացերեն լեզուներով «ներկայանում» է հասարակությանը «Փարավանի» ձևով։

Ինչպես հայտնի է՝ 1990-ական թվականների սկզբին, առանց ջավախահայերի կարծիը լսելու, անվանափոխվեց Ջավախքի Բոգդանովկա քաղաքը՝ դառնալով Նինոծմինդա (վրացերեն՝ սուրբ Նինո)։ Ջավախահայությունը մեծ դժգոհություններով ընդունեց այս փաստը։

Ներկայումս մեծ թափով տեղի է ունենում Ջավախքի գյուղերի անվանաձևերի աղավաղումներն ու փոփոխությունները։ Եթե մինչ այժմ միայն գլխավոր ճանապարհներին հարող գյուղերը մատնանշող ցուցանակներն էին աղավաղում անվանումները (օրինակ՝ Ջիգրաշեն գյուղը ներկայացվում էր Ջիգրաշենի և այլն), ապա ներկայումս ցուցանակները տեղադրվում են նաև գյուղական ճամփեզրերին՝ աղավաղումները դարձնելով համատարած։

Մի կարևոր հանգամանք ևս. շատ բնակավայրեր ունեն «Մեծ» կամ «Փոքր» ածականները (օրինակ՝ Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Մեծ Խորենիա, Փոքր Խորենիա և այլն ), և այս գյուղերի ցուցանակները տեղադրելիս վրացական ղեկավարությունը չի մոռանում այդ ածանցները ներկայացնել թարգմանաբար։ Արդյունքում՝ Մեծ Սամսարը դառնում է Դիդի Սամսարի, իսկ Փոքր Պամաճը՝ Պատառա Պամաճի։

Անվանումները փակցվում են բացառապես վրացերեն և անգլերեն, ընդ որում՝ անգլերեն անվանումը «բխեցվում է» վրացերենից։ Այսպես՝ օտարերկրացին անգլերենով կարդալու է ոչ թե գյուղի ճշգրիտ հայկական անունը՝ Մեծ Խորենիա, այլ՝ վրացական աղավաղումը՝ Դիդի Խորենիա։ Բայց գյուղի անունը Մեծ Խորենիա է, այլ ոչ՝ Դիդի Խորենիա։

Վրաստանը սրանով բազմակողմանիորեն խախտում է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային Կոնվենցիայի՝ խնդրին վերաբերող դրույթները (Framework Convention for the Protection of National Minorities, Վրաստանը սույն կոնվենցիան ստորագրել է 21/1/2000թ., վավերացրել՝ 22/12/2005թ., ուժի մեջ մտցրել՝ 1/4/2006 թ.)։ Նշյալ կոնվենցիայի 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված է հետևյալը.

«Հոդված 11

3. Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդապես բնակեցված տարածքներում, Կողմերը, իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում նաև ներառյալ այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների՝ փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա»։

Վրաստանի Խորհրդարանը, նախքան 2005թ. դեկտեմբերի 22-ի` ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի վավերացումը, 2005թ. հոկտեմբերի 13-ին ընդունում է նույն կոնվենցիայի վավերացման վերաբերյալ բանաձև, որտեղ Կոնվենցիայի նշյալ հոդվածի հետ կապված նշվում է հետևյալը.

«Հոդված 11

3. Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդապես բնակեցված տարածքներում, Կողմերը, իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում նաև ներառյալ այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների՝ փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա։

d.Համաձայն Կոնվենցիայի 11.3 հոդվածի`ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մեծ թվաքանակի ավանդական բնակության շրջաններում վրացերենով կամ փոքրամասնության լեզվով փողոցների անվանումների և տեղանվանական այլ ցուցանակների կիրառման վերաբերյալ դրույթները կարգավորվում են ներքին օրենսդրությամբ: Վրաստանը չի կարծում, որ ազգային փոքրամասնություններին տրված իրավունքը պարտավորեցնում է պետությանը փոխել տարածքային միավորների գոյություն ունեցող անվանումները և աննպատակահարմար է գտնում վերոնշյալ հարցի վերաբերյալ հետագա միջազգային համաձայնագրերի ստորագրումը»:

Սրանով, փաստորեն, Վրաստանն իրեն ինչ-որ տեղ ազատել է Կոնվենցիայի պահանջների՝ սեփական շահերին չհամապատասխանող մասերի իրագործումից։ Վրաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային Կոնվենցիայի ստորագրումը պարզապես Եվրոպայի աչքին թոզ փչելու մի հաջողված փորձ է միայն, ուրիշ՝ ոչինչ։

Վրաստանը չի ստորագրել և միացել Եվրոպայի խորհրդի «Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիային» (European Charter for Regional or Minority Languages, Европейская хартия региональных языков или языков меньшинств, Ստրասբուրգ, 05.11.1992թ.)։ Պարզ է, որ վերջինիս ընդունումը շրջադարձային նշանակություն կարող է ունենալ Ջավախքի բոլոր` սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, հոգևոր և ամենակարևորը` քաղաքական կյանքում: Ելնելով ստեղծված անելանելի իրավիճակից, երբ Վրաստանի վարած քաղաքականության արդյունքում գնալով մեծանում է լարվածությունը տարածաշրջանում, իսկ խնդիրները գնալով ստանում են առավել սուր բնույթ` եզրակացությունը հստակ է. սույն Կոնվենցիան Ջավախքի փրկության երաշխիքն է, որից այդքան վախենում է Վրաստանը:

Կոնվենցիայում հատուկ դրույթներ կան նաև մեր կողմից քննվող խնդրի մասին։ Այսպես՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետով նախատեսվում է հետևյալը.

«Հոդված 10. Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ

2. Տեղական և մարզային մարմինների առնչությամբ, որոնց տարածքում բնակվող՝ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության քանակը արդարացնում է ներքոհիշյալ միջոցները, Կողմերը պարտավորվում են թույլատրել և/կամ խրախուսել.

է/ անհրաժեշտության դեպքում՝ տեղանունների ճշգրիտ կամ ավանդական ձևերի կիրառումը կամ ընդունումը տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուներով՝ պաշտոնական լեզվով (լեզուներով) ընդունված անունների հետ միասին»։

Վրացական կողմը այս աղավաղումները բացատրում է վրացերենի լեզվական առանձնահատկությամբ։ Այս պատճառաբանությունը միանգամայն հասկանալի կլիներ, եթե, օրինակ, խոսքը վերաբերեր այս կամ այն տառը չունենալուն։ Եթե Միասնիկյան գյուղը (Ախալքալաքի շրջան) վրացերեն գրվում է Միասնիկիան ձևով, դա հասկանալի է, քանի որ «յ» տառը չկա վրացերենում։ Սակայն ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը, որ բոլոր բնակավայրերի՝ բաղաձայնով վերջացող անվանումների վերջում ավելացվում է օտար «ի» վերջավորությունը (Վարևան – Վարևանի, Ալաստան – Ալաստանի, Լոմատուրցխ – Լոմատուրցխի, Աբուլ – Աբուլի և այլն), իսկ շատ դեպքերում, ինչպես արդեն նշեցինք, հայկական բնակավայրերի անվանումները ենթարկվում են արմատական փոփոխման (օրինակ` Ախալքալաքին մերձակա Չամդուրա գյուղը ներկայումս դարձել է Չամձվրալա )։ Թարմ օրինակ է Ախալցխայի Սուխլիս հայաբնակ, կաթողիկե և խոշոր գյուղի օրինակը։ Վերջերս Վրաստանի նախագահը շնորհավորեց այդ գյուղի հիմնման 180 ամյակը, հիշեցնելով գյուղացիների եկվորության մասին, իսկ շնորհավորանքի հետ մեկտեղ՝ գյուղը, որպես «նախագահական նվեր», ստացավ իր նոր՝ վրացահունչ անվանումը՝ Սխվլիսի։

Ճիշտ է, Ջավախքի որոշ տեղանվանումներ ունեն պարսկա-թուրքական հնչեղություն (Ալաթուման, Ղզլքիլիսա և այլն), որոնք վերջիններս ստացել են՝ ինչպես 17-19-րդ դարերի ընթացքում գտնվելով օսմանցիների տիրապետության կազմում, այնպես էլ՝ այդ անվանումներից որոշներն իրենց հետ բերել են 1829-1830թթ. Ջավախք տեղափոխված արևմտահայերը։ (Պարսկահունչ կամ թուրքահունչ տեղանունների թիվը չափազանց մեծ է եղել նաև Արևելյան և Արևմտյան Հայաստանների տարածքներում (Բասարգեչար, Ղամարլու, Դավալու, Բաշ Գառնի, Բյոյուք Վեդի, Ղարաքիլիսա և այլն))։ Սակայն ջավախահայության շրջանում արմատավորվել, ավանդաբար սերնդե սերունդ են փոխանցվել այդկերպ անվանումները, և ամենակարևորը՝ ժողովուրդն այժմ այդ անվանումներն ընկալում է հայկական հոգեբանությամբ։ Այսինքն՝ Ջավախքի տեղանունները հայությունն արդեն սրբացրել է՝ որպես իրեն հարազատ անվանումներ։ Ելնելով այս հանգամանքից՝ տեղանվանումների վերոհիշյալ աղավաղումներն ու վրացականացումները խիստ դժգոհությունների տեղիք կարող են տալ ազգաբնակչության շրջանում։ Ավելին՝ դրանք օտար են և միևնույն է՝ չեն ընդունվելու ժողովրդի կողմից։ Այդ անվանումները Վրաստանի կողմից պարտադրվում են ջավախահայությանը։

Նույն խնդիրն է առկա նաև ներկայիս Վրաստանի տարածքում ապրող հայության ազգանունների հետ կապված։ Նշենք, որ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանից դուրս գտնվող հայության ազգանունները գրեթե համատարած փոփոխված են։ Այսպես՝ Հյուսիսային Լոռու (Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի մի քանի շրջաններ), Թիֆլիսի և մնացած տարածաշրջանների հայության անձնագրերում ազգանվան վերջում ավելացված է «ի» մասնիկը (Միքայելյան – Միքայելյանի և այլն)։ Բարեբախտաբար՝ վերջիններիս մեծ մասի անգլերեն անվանման մեջ այն գրված է ճգրիտ ձևով։

Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների (շրջանների) ազգաբնակչության ազգանունները գրեթե չեն փոփոխված։ Մնացած շրջաններում (Ադիգեն, Ախալցխա, Ասպինձա, Բորժոմ, Ծալկա), որոնց պետական գրանցման գրասենյակների պատասխանատուները հիմնականում վրացիներ են, մինչ վերջին տարիները հայությունն անձնագիր էր ստանում՝ ազգանվան վերջում «ի» մասնիկի հետ միասին։ Մեր ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ վերջին շրջանում նշյալ մունիցիպալիտետների հայության անձնագրերում վերականգնված է ազգանվան ճշգրիտ ձևը (առանց «ի» մասնիկի)։ Ախալցխայի մունիցիպալիտետի, Բորժոմի մունիցիպալիտետի հարավային գյուղերի, ինչպես նաև՝ Բակուրիան ավանի հայության ներկայացուցիչները նշում են, որ մինչև վերջին շրջանը իրենց մոտ առկա էր այդ հիմնախնդիրը, երբ անձնագրում նշված իրենց ազգանունը չէր համապատասխանում մնացած փաստաթղթերին (ծննդյան, վկայական, դիպլոմ, զինգրքույկ և այլն), որոնց մեջ ազգանունն առանց «ի» մասնիկի է։ Սակայն վերջին շրջանում ստացվող անձնագրերում վերացել է այդ խնդիրը։ Իսկ ոմանք, ում անձնագրում դեռևս առկա է աղավաղված ազգանունը, դիմում են իրենց մունիցիպալիտետների անձնագրային բաժանմունքներ և վերականգնում այն։

Այս առթիվ նորից մեջբերենք Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային Կոնվենցիայի՝ խնդրին վերաբերող դրույթներից.

«Հոդված 11

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք՝ տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան»։

Վրաստանի Խորհրդարանը, նախքան 2005թ. դեկտեմբերի 22-ի` ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի վավերացումը, 2005թ. հոկտեմբերի 13-ին ընդունում է նույն կոնվենցիայի վավերացման վերաբերյալ բանաձև, որտեղ Կոնվենցիայի նշյալ հոդվածի հետ կապված նշվում է հետևյալը.

«Հոդված 11

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք՝ տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան։

c.Համաձայն Կոնվենցիայի 11.1 հոդվածի`ազգային փոքրամասնության պատկանող անձանց պաշտոնական փաստաթղթերը վրացերենով գրելիս պարտավորվում են անել հնարավոր ամեն ինչ`որպեսզի պահպանվի նրանց փոքրամասնության լեզվով արտասանությունը` համաձայն ներքին կանոնադրության»:

Միանգամայն ակնհայտ է, որ Ջավախքի տեղանվանագրական փոփոխությունները չեն սահմանափակվում միմիայն ցուցատախտակների վրա նշելով կամ պաշտոնական գրագրությունների ու փաստաթղթերի մեջ գործածմամբ. աղավաղված անվանումներն արդեն մտել են դպրոցական տարբեր, և հատկապես՝ պատմաաշխարհագրական դասագրքերի մեջ, որն արդեն վտանգում է հայ նորօրյա սերնդի ազգային ինքնագիտակցությունը։ Իսկ վերջին շրջանում Ջավախքի տարածք հայկական գիրք-գրականության, թերթերի և այլնի բացարձակ արգելումը (սա առանձին քննման հարց է) մեծապես նպաստում է Վրաստանի այս ծրագրերին։

This post is also available in: ,