Իսկանդարյանների նկատմամբ հարկ է կիրառել օրենք` իր ողջ խստությամբ

Իսկանդարյանների նկատմամբ հարկ է կիրառել օրենք` իր ողջ խստությամբ

ArmAr.am, Դեկտեմբեր 15, 2009թ.

Զարմանալի անտարբերությա՞ն, լռության, չեզոքության, թե՞ ուղղակի անտեղյակության հետևանք է այն, որ նրանք` այն կուսակցություններն ու կազմակերպությունները, այն գիտնականները, ում գործունեության հիմքում է դրված Հայոց Ցեղասպանության ճանաչման համար տարվող պայքարը, շարունակում են լռել ու չարձագանքել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցին: Հայտնի է, որ Կենտրոնը մեղադրում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին` Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու և տարածելու մեջ:

Փորձեցինք` այս ամենի վերաբերյալ ճշտել ՀՅԴ կարծիքը։

ArmAr.am-ի հետ զրույցում Արտյուշա Շահբազյանն (ՀՅԴ) ասաց հետևյալը.

«ՀՅԴ-ն օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի` ցեղասպանության ուրացման, ժխտման, փաստերի խեղաթյուրման վերաբերյալ պատիժ սահմանվի ։ Սակայն այսօր այդ խնդիրը խորհրդարանում միանշանակ չի ընդունվում, և դժվար է լինելու այդ օրինագիծը հաստատելը։ Բայց Իսկանդարյանի օրինակը ցույց է տալիս, որ մեզ անհրաժեշտ է նման օրենք ունենալ։ Իսկ այդ խնդիրների վերաբերյալ տեսակետը պետք է միանշանակ լինի ։

Եթե կան մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, բայց այս հարցերում կարող են այլ տեսակետներ ունենալ, այլ հոսանքների կամ օտարներին հատուկ մոտեցում դրսևորել, ապա այդպիսինների նկատմամբ պետք է օրենքի ուժով խոսել ու խնդիրը քննել օրենքի դաշտում: Մինչդեռ եղած օրենքները դրա հնարավորությունը չեն տալիս:

Ինչո՞ւ պետք է նման մարդիկ (իմա`Իսկանդարյանի ) լինեն մեր երկրում: Այդպիսի փաստերի առիթով պետք է անհանգստանան բոլորը. և դա չպետք է լինի մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ հոսանքի խնդիրը։ Սա բոլորիս խնդիրն է։ Համընդհանուր բողոք պետք է բարձրացնել, մարդիկ պետք է հասկանան, որ չեն կարող հանուն ինչ-ինչ անձնական շահերի, կարիերայի կամ հաշվարկների, նման բաներ իրենց թույլ տալ»։

This post is also available in: ,