Ալեքսանդր Իսկանդարյանը նոր հակահայ քայլ է ձեռնարկել

Iravunk.com, 18.12.2009

Երեկ ՙԱրմենիա՚ հյուրանոցի ՙՏրդատ՚ սրահում մեկնարկեց Կովկասյան ինստիտուտի եւ անձամբ Ալեքսանդր Իսկանդարյանի կողմից կազմակերպված սեմինարը, որը ֆինանսավորել է ՙԵվրասիա՚ հիմնադրամը եւ որին մասնակցում է նաեւ այն թուրք հեղինակ Այբարս Գյորգյուլուն, որն իրեն իրավունք է վերապահել Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդված զետեղել Իսկանդարյանի հեղինակած գրքում:
Մինչ սեմինարի սկսվելը ՙԱրմենիա՚ հյուրանոցի առջեւ մարդկանց մի խումբ էր հավաքվել, նրանց ձեռքի պաստառները փաստում էին, որ բողոքում են ներսում կազմակերպված սեմինարին մասնակցող` հայատյաց գործունեություն ծավալած մի քանի անձանց դեմ: Ցուցարարները փորձել էին ներս մտնել, սակայն ոստիկանները թույլ չտվին:
Լրագրողներին թույլ տվեցին մասնակցել սեմինարին, բայց հատուկ զգուշացվեց` ոչինչ չձայնագրել: Ի դեպ, այս մասին անձամբ նախազգուշացրեց Ա. Իսկանդարյանը, դա պատճառաբանելով նրանով, թե սեմինարի ընթացքում նախատեսվում են բուռն քննարկումներ եւ նպատակահարմար չէ հրապարակել արտահայտվող կարծիքները: Թերեւս Իսկանդարյանը հայ հանրությունից ինչ-որ բան թաքցնելու անհրաժեշտություն ունի: Իսկ թե ինչ` դժվար չէ կռահել:
Թուրքիայում գործող ՙՏեսեֆ՚ կազմակերպության արտասահմանյան ծրագրերի ղեկավարն էլ իր խոսքում նշեց, որ իրենք երկար ժամանակ է, որ համագործակցում են: Իհարկե այդ մասին նա կարող էր եւ չասել, որովհետեւ Կովկասյան ինստիտուտի թուրքամետ գործունեությունը գաղտնիք չէ, դա դարձել է նույնիսկ դատաքննության առարկա: