Իսրայելցի գործիչ. Դուք հիմա՞ հիշեցիք

Իսրայելցի գործիչ. Դուք հիմա՞ հիշեցիք

Հոդվածի հեղինակը Իսրայելի Քնեսեթի նախկին անդամ, Իսրայելի կրթության նախկին նախարար Յոսի Սարիդն է: Հոդվածը հրապարակվել է Haaretz թերթում եւ առնչվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների խնդրին:

Իսրայելի պաշտպանության նախարարն այս շաբաթ այցելեց Թուրքիա: Ասում են` դա հաջողություն էր: Եթե այդպես է, ապա կարելի է շարունակել լռության ու լռեցման գաղտնի համաձայնությունը:

Հենց դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեր վրա դառը խոսքեր թափեց: Իսրայելցի մի կարեւոր անձնավորություն զանգահարեց ինձ ու ասաց հետեւյալը. «Այժմ դու պետք է թուրքերին պատասխան տաս, դատապարտես նրանց` հայերի հանդեպ նրանց գործած հանցանքների համար: Դու, Յոսի, դրա իրավունքն ունես: Այսօր դու մասնավոր անձ ես, բայց անգամ երբ դու հասարակական գործիչ էիր, ձեռնպահ չէիր մնում: Դու հաճախ էիր արտահայտվում` գրավոր կամ բանավոր, թե ինչպես են թուրքերը խուսափում ցեղասպանության պատասխանատվությունից»: Ես լցված էի զզվանքով, ու իմ հոգին ուզում էր բերանիցս դուրս գալ: Ինձ զանգահարած անձը նողկալի իսրայելցու օրինակ էր` ամոթալի մարդկանց շարքում առաջիններից, ով մերժում էր հայկական հոլոքոսթը: Նա մեկն էր այն մարդկանցից, ով միացել էր այլոց եւ խստորեն քննադատել այն օրերի կրթության նախարարին, ով տասը տարի առաջ այցելեց Երուսաղեմի եկեղեցի եւ այնտեղ հավաքվածներին ասաց. «Մարդ արարածի կյանքի արժեքը` լինի հրեա, արաբ, հայ, գնչու, բոսնիացի, ալբանացի, ռուանդացի, այդ արժեքն եմ ես ուզում մեր ժողովրդի մտքում տպավորել: Դպրոցական պատմության նոր ծրագրում ես ուզում եմ ցեղասպանության մասին գլխավոր մի բաժին ներառել եւ որպես դրա մի մաս` հղում կատարել Հայոց ցեղասպանությանը: Սա մեր պարտքն է ձեր առջեւ, սա մեր պարտքն է նաեւ մեր առջեւ»: Երկիրը ոտքի կանգնեց, նախարարները սկեցին քրտնել: Էհուդ Բարաքն ու Շիմոն Պերեսը առաջիններն էին, ովքեր իրենց վերապահումն արտահայտեցին: Նրանք շտապեցին ասել. այս հայտարարությունը կառավարության նախաձեռնությամբ չի արվել, դա բացառապես կրթության նախարարի նախաձեռնությունն է ու նա է պատասխանատուն: Ես ամոթով մնացի: Երուսաղեմում վերջերս նոր մեղեդի եմ լսում. «Թուրքերը վերջինն են, ովքեր իրավունք ունեն մեզ էթիկա սովորեցնել»: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ովքեր են առաջինը: Ակնհայտորեն այդպիսիք չկան, երբ խոսքն աշխարհի «ամենաբարոյական պետության ու բանակի» մասին է: Եթե թուրքերը փորձում են մեզ սովորեցնել, մենք նրանց ապտակելու ենք եւ ուժգին ենք ապտակելու: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է մեր օրերի Թուրքիան, որի ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, ամեն կերպ պաշտպանում է իր նախահայրերին: Անցյալի մեջ խորն ուսումնասիրությունը ներկայի հետքե՞րն է մերկացնում: Երբ ինչ-որ մեկը բռնի կերպով փորձում է ջնջել պատմությունը, ապա այդ պատմությունը սովորաբար վերագրվել է պահանջում, ընդ որում` արյամբ: Բայց խնդիրը միայն քաղաքական գործիչները չեն: Քաղաքական ու հասարակական ոլորտի փորձագետներն էլ անհամբեր սպասում են Թուրքիայի մութ անցյալի քողազերծմանը, որ մեկ միլիոնից ավելի զոհեր է թաքցնում:

Նրանք, ովքեր երբեք բառ չեն ասել քսաներորդ դարի առաջին ցեղասպանության մասին, հանկարծ հիշեցին այն: Դա այն ցեղասպանությունն է, որ Հենրի Մորգենթաուն բնորոշել է «արդի պատմության մեծագույն ոճիրը»: Այդ դժնդակ տարիներին նա Օսմանյան Թուրքիայում ամերիկյան դեսպանն էր, եւ նա հրեա էր: Ես պիտի ասեմ, թե ինչպիսին էր իմ պատասխանը զայրացած զանգահարողին, «Հիմա՞ միայն հիշեցիր: Միայն հի՞մա հիշեցիր, երբ նրանք ձեզ վերագրում են հանցանքներ, ասես դուք եք թուրքերը: Ես չեմ հավատում պատասխանատվության հավասար բաշխմանը, այնպես որ ինքներդ գործ ունեցեք Էրդողանի հետ, դուք արժանի եք նրան: Որքան տխուր է, որ դուք զիջեցիք բարոյական դիրքերը այլ շահերի համար, որ գալիս են ժամանակի հետ ու գնում են նույնպես ժամանակի հետ»: Հիմա ես նաեւ հավելում ունեմ իմ պատասխանին: Եկեք ենթադրենք, որ Թուրքիան բարելավելու է Իսրայելի հետ կապերը եւ հասցնելու այն մակարդակին, ինչպիսին դրանք էին անցյալում: Եւ հետո՞: Հետո ի՞նչ: Մենք էլ ե՞նք մեր ներդրումը կրկին բերելու հայկական հոլոքոսթը մերժելու գործում:

Թարգմանությունը` «Սիվիլիթաս» հիմնադրամի

This post is also available in: ,