Եվրոպայի նորագույն պատմության մեջ արտաքսումները խորհրդանշական մեծ ուժ ունեն: Սակայն գրեթե անհնար է պատկերացնել, որ Եվրամիության անդամակցությանը հավակնող պետության կառավարությունը կարող է առաջարկել իր տարածքից պարտադրված և կոլեկտիվ կերպով արտաքսել որևէ կոնկրետ ազգության ներկայացուցիչներին: Ինչևէ, նման սպառնալիք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հնչեցրեց Թուրքիայում ապօրինի բնակվող 100,000 հայերի նկատմամբ: Այս մասին գրում է բրիտանական The Times-ը:
Ըստ պարբերականի` վարչապետի այս հայտարարության համար հիմք է ծառայել ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովում, իսկ դրանից հետո Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը։
«Հայ-թուրքական հարաբերությունների պատմությունն ու քաղաքականությունը չափազանց խճճված են, սակայն պարոն Էրդողանի դիտողությունների բարոյականությունը` ոչ: Նրա այս հայտարարությունը դեմագոգիկ է և պատիվ չի բերում նրան»,- գրում է թերթը:
Հոդվածագիրը տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը շարունակում է ընդդիմանալ պատմական ճշմարտությանը: «Այդ բարբարոսությունների համար պատասխանատուներից ոչ մեկն այսօր կենդանի չէ։ Դրանք իրագործել է կայսերական պետությունը որը վաղուց արդեն անցել է պատմության գիրկը»,- գրում է The Times-ը:
Tert.am