Լոնդոնում քննարկվել է Ցեղասպանության հարցը

Լոնդոնում քննարկվել է Ցեղասպանության հարցը

Արդեն վաղուց եկել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու ժամանակը՝ հատկապես հաշվի առնելով, որ այս տարի լրանում է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հանդես գալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լոդերի պալատում քննարկումների ժամանակ: Նրա խոսքով, ներկայումս թուրքական իշխանությունները ժխտում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել եւ դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն խեղաթյուրել պատմությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը պատմական ճշմարտությունից հրաժարվել է նշանակում: Իրական փաստերից հրաժարումը վկայում է այն մասին, որ Ցեղասպանություն, իսկապես, եղել է: Այդ իրադարձությունները չեն մոռացվի մարդկության կողմից, քանի որ սպանվել է մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: 1915-ի գարնանը հայերը տեղահանվել են, իսկ տղամարդկանց առանձնացրել ու սպանել են: Ցեղասպանության ժխտումը բերում է անպատժելիության: Ժխտման քաղաքականությունը հանգեցրել է մշակույթի ոլորտում հայկական քաղաքակրթության ոչնչացման, այդ թվում՝ նաեւ ԼՂՀ-ում: Ակնհայտ է, որ իրականացվել են էթնիկ զտումներ: Ամեն տարի հայերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժխտման քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ աշխարհը»,- ընդգծել է բարոնուհի Քոքսը:

Քննարկումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը շոշափվել է անգամ թուրք գրողների ստեղծագործություններում: Նրա խոսքով, Հրանտ Դինքի սպանությունն ապացուցում է, որ հայերը հետապնդվում են անգամ ժամանակակից Թուրքիայում: Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում մամուլի վրա, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, այս ամիս պաշտոնական այց կատարելով Մեծ Բրիտանիա, դեմ է արտահայտվել այդ բանաձեւին՝ սպառնալով իր երկրից վտարել 100 հազար հայերին: Ես նրան 1915 թվականի դեպքերի առնչությամբ բաց երկխոսություն կոչ եմ անում, առաջարկելով սկսել «Կապույտ գրքից» եւ փորձել հաղթահարել 100-ամյա թշնամությունը:

Բացի այդ, ելույթ ունեցողները նշել են, որ 1915-ին թուրքական կառավարությունը ծրագրել է հայերի զանգվածային սպանություններ եւ դա հայ-թուրքական հարաբերությունների ավարտն է եղել: «Թուրքիան կարող էր ներողություն խնդրել Հայաստանի կառավարությունից՝ այն գրողներին հետապնդելու եւ աքսորելու համար, որոնք գրել են ճշմարտությունը Թուրքիայում տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերի մասին»,- հայտարարել են նրանք:

Միաժամանակ, հնչել են նաեւ Ցեղասպանության ճանաչման դեմ կարծիքներ: Մասնավորապես՝ ելույթ ունեցողներից մեկը հայտարարել է, որ «նպատակահարմար չէ մանրամասն կանգ առնել 100-ամյա վաղեմության իրադարձությունների վրա: Շատ ավելի լավ կլիներ լուծել ԼՂ խնդիրը, ոչ թե քննարկել, թե ինչ է եղել 100 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում: Ոչ մի արդարացում գոյություն չունի երկու կողմերի համար էլ, բայց իմ կարծիքով, հայերի եւ ռուսների քայլերն են հրահրել հակամարտություն, որը փաստացի հանգեցրել է բազմաթիվ մարդկանց մահվան: Մեծ Բրիտանիան պետք է հիշի, որ Քեմալ Աթաթուրքը իր դաշնակիցն է եղել եւ մենք շնորհակալ ենք նրան, որ Թուրքիան մասնակցել է Եվրոպայի ազատագրմանը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չվանենք մեր թուրք դաշնակիցներին, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը կողմ է քվեարկել այդ բանաձեւին»:

Իր հերթին բարոնուհի Գլենիս Քինոկը նշել է, որ հայ բնակչությունը ոչնչացվել է ամենադաժան եւ բարբարոսական միջոցով, որ դա եղել է մարդկության եւ հայության դեմ գործած հանցագործություն: «Այդ իրադարձությունները չեն կարող մոռացվել, բայց հայերը պետք է առաջ ընթանան: Հայերն ու թուրքերը պետք է ապրեն հանուն ապագայի: Նրանք հաշտության վերաբերյալ դիվանագիտական արձանագրություններ են ստորագրել, բայց այդ գործընթացը փակուղի է մտել՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշումներին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, հենց որ դրանք վավերացվեն Թուրքիայում: Եթե Թուրքիան չանի դա ողջամիտ ժամկետներում, Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը: Իշխանությունները պետք է միասին աշխատեն եւ վավերացնեն արձանագրությունները որքան հնարավոր է շուտ: Երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում հաջողության հասնելուց հետո, Էրդողանը սպառնում է վտարել 100 հազար հայերին, որոնք անօրինականորեն ապրում են Թուրքիայում: Թուրքիայի ԵՄ անդամության հեռանկարը կստիպի Թուրքիային փոխել իր դիրքորոշումը կառուցողական իմաստով եւ ուսումնասիրել իր անցյալը»,- ընդգծել է նա եւ կոչ արել ազատ պատմական քննարկում ծավալել:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Իրադարձությունները Հայաստանում 1915-17 թվականներին» թեմայով քննարկումների նախաձեռնողը եղել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

This post is also available in: ,