Քրեակատարողական հիմնարկում Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել

Քրեակատարողական հիմնարկում Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարությունը ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ

2010թ. ապրիլի 30-ին Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից: Ընտանիքի անդամների հետ ջավախքահայ քաղաքական գործչի տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա՝ հարվածներ հասցնելով իրանին և դեմքին:

Սա երկրորդ անգամ է, երբ Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվում վրացական բանտում: Առաջին դեպքը տեղի է ունեցել 2009թ. ապրիլի 16-ին՝ Թբիլիսիի Գլդանի քրեակատարողական հիմնարկում: Դրանից երկու օր առաջ՝ ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցույց էր անցկացրել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի:

Ստույգ տեղեկությունների վրա հիմնվելով’ Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հայտարարում է, որ այս միջադեպը ուղղակիորեն կապված է ս.թ. մայիսի 30-ի Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, խստորեն դատապարտելով տեղի ունեցածը, կոչ է անում միջազգային կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների այս խայտառակ քայլին, որով նրանք հերթական անգամ ցինիկաբար ոտնահարում են կտտանքների և եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ իրենց ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը վերահաստատում է Վահագն Չախալյանի ազատ արձակման համար պայքարելու իր վճռականությունը:

This post is also available in: ,