Բարոյական վնասի փոխհատուցում` ոչ քաղաքակիրթ իրավակարգավորմամբ

Բարոյական վնասի փոխհատուցում` ոչ քաղաքակիրթ իրավակարգավորմամբ

Ազգային ժողովի երեք պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Քաղաքացիական եւ Քրեական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների նախագիծը տպավորություն է ստեղծում, որ վերջապես Հայաստանում փորձ է արվում կարգավորել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը: Գուցեեւ այդպես է, սակայն շատ ցավալի է, երբ այդ ինստիտուցից վերցվել է ընդամենը մի մասնիկ` նյութական փոխհատուցում անձի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի դեպքում:

«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումը հնարավորություն կտան ֆիզիկական անձանց քաղաքացիական դատավարության ընթացակարգերով վերականգնել իրենց պատվի եւ արժանապատվության, խախտված իրավունքի վերականգնում հերքման, պատասխանի, ինչպես նաեւ դրամական հատուցման եղանակով:

Նշված փոփոխություններով անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանվում են ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից»,- ասվում է օրենսդրական նախաձեռնության հեղինակների ներկայացրած հիմնավորման մեջ:

Նշեմ, որ բարոյական վնասի փոխհատուցման խնդիր չի առաջանում միայն այն դեպքում, երբ լրատվամիջոցը կամ ֆիզիկական անձը որեւէ մեկին հանիրավի պարսավանքի է ենթարկում, զրպարտում կամ վնասում նրա գործարար համբավը:

18 տարվա անկախություն ունեցող Հայաստան պետությունը վաղուց պետք է քաղաքակիրթ իրավակարգավորում տար այս հարցին, առնվազն 8 տարի առաջ, երբ Հայաստանը Եվրադատարան բողոքներ ներկայացնելու հնարավորություն ունեցավ:

Սակայն առ այսօր բավարարվում է թերի կարգավորումով` ավելացնելով միայն լրատվամիջոցների պատասխանատվության չափը: Ո՞վ է որոշել, թե բարոյական վնասի հետեւանքներից որն է առավել ծանրը, ցավալին կամ նվաստացուցիչը. լրատվամիջոցով մարդուն անվանարկե՞լը, պաշտոնյայի արատների մասին ծաղրով արտահայտվե՞լը, թե՞ անմեղ մարդուն կալանավայրում տարիներով պահելը, իրավապահների խոշտանգումների հետեւանքով կամ բժշկի տգիտության պատճառով խեղանդամ դառնալը:

Ակնհայտ է, որ պետությունը խուսափում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը ներդնելուց` պետբյուջեին վնաս չպատճառելու նկատառումով, լավ իմանալով, որ մեր քաղաքացիների իրավունքները հիմնականում ոտնահարվում են պետական օղակներում, պետական պաշտոնյաների կողմից եւ դրանք շատ ավելի լուրջ խախտումներ են, քան որեւէ լրատվամիջոցի կեղծ կամ վիրավորական հրապարակումը:

Ինչպես նկատում են իրավաբանները, վարչական դատարանում հազարավոր գործեր կան, որոնք մի օր կարող են դառնալ ընդդեմ պետության կայացված վճիռներ:

Մինչեւ հիշյալ նախագիծը ԱԺ-ում շրջանառվելը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարց էինք ուղղել, թե բարոյական վնասի ինստիտուտը ՀՀ օրենսդրության մեջ ներառելու ինչպիսի՞ հեռանկարներ կան: Նախարարը պատասխանել էր, որ Ազգային ժողովի առանձին պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Միաժամանակ հայտնել էր.

«Հավելենք նաեւ, որ գործող օրենսդրությունը եւս չի բացառում նյութական պատասխանատվության ինստիտուտը: Այսպես, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Քաղաքացին, ում մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունները հերքելու հետ միասին պահանջել հատուցելու դրանց տարածմամբ պատճառված վնասները»: Իմ կարծիքով, տվյալ դեպքում գործ ունենք ոչ այնքան թերի օրենսդրության (թեեւ այդ խնդիրը եւս կա), որքան ավանդաբար ձեւավորված ոչ իրավաչափ պրակտիկայի հետ, ինչը պայմանավորված է դարձյալ օրենսդրության որոշ դրույթների ոչ հստակությամբ»:

Հայտնի է, որ Հայաստանի դատարանները երբեւէ չեն բավարարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածով ներկայացված հատուցման պահանջը` պատճառաբանելով, որ այդ ինստիտուտն ընդգրկված չէ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում:

Վերջին օրինակներից մեկը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հ/կ-ի հայցն էր ընդդեմ «Կովկաս ինստիտուտ» հիմնադրամի, որով բարոյական վնասի հատուցման պահանջ էր ներկայացված` այն գնահատելով խորհրդանշական 1 դրամ: Դատական երկու ատյանները կարճեցին գործի վարույթը` պատճառաբանելով.

«Բարոյական վնասը ՀՀ օրենսդրությունում չունի իր օրենսդրական կարգավորումը: Բարոյական վնասի, որպես վնասի տարատեսակի հատուցումը եւս պատասխանատվության տեսակ է, որը պարտադիր պետք է սահմանվի օրենքով: ՀՀ քաղաքացիական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության»:

Սա եզակի օրինակ չէ. ծառայության վայրը լքած 23 Եհովայի վկաների նկատմամբ զինդատախազությունը քրեական գործ էր հարուցել, որը որոշ ժամանակ հետո կարճվեց: Դատարանը բարոյական վնասի հատուցման մասով նրանց պահանջը մերժել էր, եւ նրանք դիմեցին Եվրադատարան:

Դատարաններն այդպես են վարվել անգամ այն դեպքերում, երբ անձի անմեղությունն ապացուցված է եղել եւ արդարադատության նախարարն էլ, իմանալով «ավանդաբար ձեւավորված ոչ իրավաչափ պրակտիկայի մասին», երբեւէ պրակտիկան կարգավորելու փորձ չի արել: Դրա լավագույն օրինակը բոլորին քաջ հայտնի Արմեն Պողոսյանի գործն է:

Հիշեցնենք, որ Ա. Պողոսյանը մանկահասակ աղջկան բռնաբարելու մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Նրանից ցուցմունքները կորզել էին խոշտանգումների միջոցով եւ ապացուցված համարել մեղադրանքը:

Սակայն մոտ 5,5 տարի անց հայտնաբերվել էր իրական հանցագործը, որից հետո Հայաստանի դատարանը 2004 թ. Ա. Պողոսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց։ Արդարացնելուց հետո հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նրա կրած տառապանքները «փոխհատուցեց»
«Կոմս Մոնտե Քրիստո»-ի հատորները նվիրելով։

Արդարացման դատավճռից հետո նա դատարանից պահանջեց փոխհատուցել իր կրած նյութական ու բարոյական վնասները: Դատարանը նրան չհատուցեց անգամ անցած վեց տարիների բաց թողած օգուտը, դատարանը նրա կրած նյութական վնասը գնահատեց մոտ 6 մլն դրամ, որը նրա փաստաբանի ասելով` իր պաշտպանյալի կրած նյութական վնասի ողջամիտ գնահատում չէր:

Բարոյական վնասի հատուցման պահանջը դատարանը մերժեց` Հայաստանում այդ ինստիտուտի բացակայության պատճառով:

Վերջերս Եվրադատարանը Հայաստանի Կառավարությանը ծանուցել է բարոյական վնասի փոխհատուցման պահանջով ներկայացված հիշյալ երկու գործերով եւ խնդրել է ներկայացնել իր նկատառումները:

Կառավարությունը Ա. Պողոսյանի գործով հայտնել է, որ հանրապետության գլխավոր դատախազը պետության անունից ներողություն է խնդրել դատապարտյալից, իսկ Հանրային հեռուստատեսությունն այդ մասին հաղորդում է տարածել, որը նրանք նույնպես հատուցման ձեւ են համարում:

Եվրադատարանին այս պատասխանը չի գոհացրել, նրանք պնդում են, որ որոշ խախտումների դեպքում հատուցումը պետք է ուղեկցվի գումարի տեսքով, երբ անձը չափազանց մեծ վնաս է կրել:

Տվյալ դեպքում անձը նվաստացվել է, ֆիզիկական ու հոգեկան խոշտանգման է ենթարկվել, տառապանք, սթրես, ֆիզիկական ցավ է պատճառվել նրան, խորը հիասթափության եւ անորոշության մեջ է գտնվել, որոնք բոլորն էլ բարոյական վնասի փոխհատուցման հիմքեր են:

Եթե Կառավարությունը կարծում է, որ միայն ներողություն խնդրելով կարելի է հատուցված համարել կալանավայրի խիստ ռեժիմի պայմաններում մարդու կրած այս բոլոր տառապանքները, ապա ինչու՞ չի առարկել պատգամավորների ներկայացրած այն օրենսդրական նախաձեռնության դեմ, որտեղ մինչեւ 1 մլն դրամ է գնահատվում անձի արժանապատվությունը լրատվամիջոցով վիրավորելը:

Գուցե այն պատճառով, որ լրատվամիջոցները մասնավոր են եւ դրանց փակվելուց պետությունը վնասներ չի կրում:

Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով` Ա. Պողոսյանի եւ Եհովայի վկաների գործով կայացնելիք վճիռներով, որտեղ խոսքը վերաբերում է զուտ կալանքին, առնվազն կալանքի դիմաց բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը կստեղծվի Հայաստանում:

«Մեր պետությունը պետք է պատասխանի, թե անձին ազատությունից անօրինականորեն զրկելու դիմաց Հայաստանի օրենսդրությունն ինչո՞ւ բարոյական վնասի փոխհատուցման ընթացակարգ չունի, եւ արդյո՞ք այդ իրավունքի բացակայությունը չի համարվում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում»:

Իրավաբանը նշում է, որ Եվրադատարանի իրավազորությունն ունենալու 8 տարիների ընթացքում Հայաստանի դեմ կայացված վճիռներով Եվրադատարանը նյութականի հետ միասին նաեւ բարոյական վնասի հարցն է լուծում` անկախ կատարված խախտման բնույթից եւ անկախ նրանից` բողոքն այդ հիմքով է ներկայացվել, թե ոչ:

Ա. Ղազարյանը կարծում է, որ անկախ ամեն ինչից` բարոյական վնասի հատուցման ինստիտուտը պետք է ներդրվի ամբողջությամբ, իսկ պետբյուջեին խիստ վնաս չպատճառելու համար կարող են մեծ գումարներ չսահմանել, բայց գոնե քաղաքացին կարող է ոչ միայն նյութական վնասի, այլեւ բարոյականի համար փոխհատուցում ստանալ:

«Բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործում է բոլոր զարգացած երկրներում, եւ այն մեծ հակակշիռ է: ԶԼՄ-ներն էլ պետք է պատասխանատվության դաշտ բերվեն, չնայած նրան, որ գտնվում են Եվրոպական իրավունքի հատուկ պաշտպանվածության ներքո: Այլ բան է, թե հատուցման չափն ինչպես պետք է որոշել: Այս փաստաթղթում պետք է հավասարակշռությունը ճիշտ պահպանել, կոնցեպցիան ճիշտ ընտրել, փոխհատուցման այնպիսի չափեր սահմանել, որ լրատվամիջոցը չսնանկանա»,- նշում է իրավաբանը:

Շրջանառվող նախագծով սահմանված դրամական փոխհատուցման չափերին մեր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, իրենց սահմանափակ միջոցներով, կարող են դիմանալ առավելագույնը 2-3 հայցի դեպքում:

Այնուհետեւ ծայր կառնի օրենքով սահմանված սնանկացման գործընթացը, քանի որ մյուս «պատվասերներին» փոխհատուցելու համար միջոցներ չեն գտնվի:

Սակայն, Կառավարությունն իր ծավալուն դիտողությունների մեջ ոչ մի բառով չի անդրադարձել այդ հարցին, իսկ նախագիծը նախաձեռնողները մտածել են նաեւ սպասվելիք բուռն դիմադրության մասին եւ սկզբից եւեթ խայծ են նախապատրաստել փոխհատուցման մեծ գումարներ սահմանելու դիմաց` ապաքրեականացնել վիրավորանքի ու զրպարտանքի համար լրագրողներին սպառնացող քրեական պատասխանատվությունը:

Սառա Պետրոսյան
Hetq.am

This post is also available in: ,