«Լեզվի մասին» օրինագիծն ընդունվեց Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը

«Լեզվի մասին» օրինագիծն ընդունվեց Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը

Սոնա Ավագյան

Ընդդեմ օտարալեզու դպրոցների քաղաքացիական նախաձեռնությունը խոստանում է հրապարակել պատգամավորների հետ զրույցների մանրամասներ

Այսօր Ազգային ժողովի առջև անցկացվող բողոքի ցույցի ժամանակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ այսօր Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրն է, և հենց այսօր է ԱԺ-ն քվեարկելու «Լեզվի մասին» օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել:

Ոստիկանները ցույցի սկզբում ցուցարարներին զգուշացրին, որ պատգամավորների հասցեին անձնական վիրավորանքներ չլինեն: «Եթե հասարակական կարգ խանգարեք, կհանենք ձեզ էստեղից: Ձեր ակցիան լեզվի թեմայով արեք, ոչ թե անհատական վիրավորանքներ տվեք: Անհատական բան ունեք` անհատական գնացեք, ասեք»,- ասաց ոստիկանը:

Ի պատասխան` ցուցարարները նշեցին, որ երբ հունիսի 10-ի ցույցի ժամանակ ԱԺ պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը մատների կոմբինացիայով հայհոյեց ցուցարարներին, ոստիկանները ոչինչ չարեցին:

Հենց պատգամավորները սկսեցին ժամանալ ԱԺ, ցուցարարները սկսեցին սուլել և վանկարկել «Ամոթ», «Կրթությունը` հայերեն», «Հայոց լեզվից` ոչ մի զիջում», «Լեզուն սուրբ է, ուրացող` դավաճան», «Գաղութացմանը` ոչ»: Պատգամավորները արագ մտնում էին ԱԺ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մոտեցավ ցուցարարներն: Արմեն Հովհաննիսյանը Լիլիթ Գալստյանին խնդրեց հիշեցնել մյուս պատգամավորներին, որ այսօր Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրն է: «Թող իմանան, որ սրբությունների հետ են խաղում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

ԱԺ մտնելուց առաջ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին ասաց, որ առաջարկվող նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և ինքը դեմ է քվեարկելու:

«Լրամշակումներից հետո՞ անգամ դեմ եք քվեարկելու» հարցին պատգամավորը պատասխանեց. «Խոսքը սկզբունքի մասին է: Սահմանադրության մեջ նշված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ դա ենթադրում է, որ հանրակրթությունը նույնպես պետք է լինի հայերեն»:

Ժամը 12:00-ին պատգամավորներն արագ քվեարկեցին օրինագիծը: Այն ընդունվեց 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայնով:

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը մոտեցավ ցուցարարներին և ասաց, որ քվեարկությունից ուշացել էր 3 րոպե, բայց օրինագիծն արդեն ընդունված է եղել:

«Չուշանայիք: Բա էսօրվա օրով կարելի՞ է ուշանալ» ցուցարարի հարցին պատգամավորը պատասխանեց. «Կարելի է ուշանալ, եթե քո ձայնը ոչինչ չի որոշում: Իմ ձայնը էնտեղ ոչինչ չէր որոշում»: «Բայց կիմանայինք, որ 14-ն են, ոչ թե 13-ը: Սա անպատասխանատվություն է: Պիտի Դուք դեմ լինեիք էնտեղ, և մենք իմանայինք, որ դեմ եք»,- ասաց ցուցարարը: «Դուք իմացել եք, որ ես դեմ եմ»,- ասաց Վարդան Խաչատրյանը: «Իմացանք, որ Դուք կողմ եք: Կեղծավորություն է, որ բացակայել եք: Կարևոր հարց էր»,- ասաց ցուցարարը: «Ձեր ի՞նչ գործն է` ինչի եմ բացակայել: Մնացել էր` դու գայիր ինձ բացատրեիր կարգ ու կանոն»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Ի վերջո, ցուցարարներից մեկը վիրավորեց պատգամավորին: Պատգամավորն էլ իր հերթին պատասխանեց վիրավորանքով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ևս չէր մասնակցել քվեարկությանը: Նա ցուցարարներից իմացավ, որ օրինագիծն ընդունվել է: Ստեփան Սաֆարյանը ևս ուշացել էր քվեարկությունից: «Հանդիպում կար»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: «Չգիտեի՞ք, որ էսօր քվեարկություն է» ցուցարարի հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Երեկոյան` գիտեի»:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ 66 կողմ ձայնը բավարար էր, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր: «Եթե մարդ չի եկել, չի քվեարկել, մեկ է այդ 66-ի մեջ չի մտնում: Ես չեմ ուզում այդ աստիճան կասկածամիտ լինել»,- անդրադառնալով քվեարկությանը չմասնակցած, օրինագծին դեմ հանդես եկող պատգամավորներին` ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Օրինագծի ընդունումից հետո ԱԺ-ից դուրս եկող պատգամավորներին ցուցարարներն ընդունում էին սուլոցներով, «Դավաճան» և այլ վանկարկումներով:

«Ինչի՞ համար եք ինձ ասում դավաճան»,- ցուցարարներին մոտեցավ անկուսակցական Մանվել Բադալյանը: «Հանրապետական չե՞ք»,- հարցրին ցուցարարները: Մանվել Բադալյանը պատասխանեց, որ առհասարակ պատգամավոր չէ և չի քվեարկել, ուստի իրեն դավաճան անվանելու կարիք չկա:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ մոտեցավ ցուցարարներին և հավաստիացրեց, որ դեմ է քվեարկել օրինագծին:

Արմեն Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ իրենք հաշվի էին առնել բոլոր` նաև օրինագծի` առաջին ընթերցմամբ ընդունվելու սցենարը: Նախաձեռնող խումբը շտապ կքննարկի իրավիճակը, պաշտոնական հայտարարություններ կտարածի:

«Այդ 71 պատգամավորի անունը մենք պաշտոնապես կվերցնենք, համապատասխան պաշտոնական տվյալները կվերցնենք, կվերլուծենք, թե ով են դրանք, բոլորի անունները կհրապարակենք: Բոլոր մեր անձնական խոսակցությունները կհրապարակենք, բոլոր վարկաբեկող տեղեկությունները, որոնք գիտենք, կհրապարակենք: Սա քաղաքացիական կռիվ է` հանուն մեր արժանապատվության, և մեր կողմից որևէ զիջում բացառվում է»,- լրագրողներին ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ այսօր օրինագիծն ընդունվեց ընդամենը առաջին ընթերցմամբ: «Մինչև սա օրենք դառնա և կիրակրկվի, ժամանակ է անցնելու, ու ժամանակը մեր օգտին է, որովհետև մենք էլ ավելի կազմակերպված, ուժգին, անզիջող, խիստ պայքար ենք վարելու այս ամենի դեմ: Մենք միավորելու ենք հասարակության բոլոր առողջ ուժերին` անկախ քաղաքական համոզմունքներից և այլ հանգամանքներից` ընդդեմ այս փոփոխությունների: Մենք բոլոր ճակատներով հարձակվելու ենք մեր հայրենիքի հայկականությունը վերականգնելու համար, և այդ դպրոցները չեն գործելու: Հայաստանում կրթությունը հայի համար լինելու է միայն հայերեն»,- ասաց նա:

Ցույցի վերջում ոստիկաններից մեկը սկսեց լուսանկարել ցուցարարներին: Ցուցարարների և ոստիկանների միջև բախում չեղավ: Միայն երբեմն ոստիկանները զգուշացնում էին, որ ցուցարարներն անձնական վիրավորանքներ չասեն:

This post is also available in: ,