Թաիլանդի դպրոցի ղեկավարությունը չի պատրաստվում Հայաստանում մասնաճյուղ բացել

Թաիլանդի դպրոցի ղեկավարությունը չի պատրաստվում Հայաստանում մասնաճյուղ բացել

Թաիլանդի միջազգային ճանաչում ունեցող դպրոցը չի պատրաստվում Հայաստանում մասնաճյուղ բացել: Այդ մասին այսօր «Անկախ»-ին հայտնեց Հայաստանում և տարածաշրջանում դպրոցի միակ ներկայացուցիչ «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի տնօրեն Աննա Հարությունյանը:

Նա ասաց, որ այդ մասին խոսակցություններ եղել են անցյալ տարի, տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ վարչապետի հետ, սակայն «այդ գործին ընթացք չի տրվել»: Հարությունյանը նաև պարզաբանեց, որ գործին ընթացք չի տրվել ոչ թե մեր կառավարության կողմից, այլ` Թաիլանդի դպրոցի ղեկավարության: «Նրանք չեն ցանկանում Հայաստանում մասնաճյուղ բացել, որովհետև հավանաբար շուկան գրավիչ չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, թե օրենքում փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ իրեն հանդիպել են Ռուբեն Վարդանյանը (ռուսական «Տրոյկա դիալոգ» ձեռնարկության համասեփականանտեր) և Թաիլանդի դպրոցի տնօրենը` առաջարկելով միջազգային կարգի դպրոցներ բացել Հայաստանում: Ըստ վարչապետի` Թաիլանդի դպրոցի տնօրենն ասել է, որ իրենց դպրոցում Հայաստանից տարեկան 15 հոգի կրթություն է ստանում անգլերենով, և այդ դպրոցում չկա ոչ հայոց լեզու, ոչ հայ ժողովրդի պատմություն, ուստի ավելի նպատակահարմար է այդ դպրոցը Թաիլանդից տեղափոխել Երևան, որպեսզի այդ երեխաները չգնան Թաիլանդ (նրանց վրա ավելի թանկ է նստում), իսկ դասախոսներին Անգլիայից կբերեն Երևան, ու դա ավելի էժան կլինի:

Վարչապետին դուր է եկել գաղափարը, սակայն պարզվել է, որ այն իրականացնելու համար կա մի մեծ «խոչընդոտ»` «Լեզվի մասին» օրենքը: Օրենքում փոփոխություն մտցնելու հարցն, ինչպես գիտենք, արդեն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է: Եվ ակնհայտ է, որ կառավարությունն իր նախաձեռնությամբ չափից ավելի է շտապել:

Ankakh.com

This post is also available in: ,