Գերիշխում է տղայական մոտեցումը

Գերիշխում է տղայական մոտեցումը

ԱԺ 2006-2008 թթ. նախագահ, ներկայում անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, որը քաղաքագիտության դոկտոր է, դեմ է քվեարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին: Այս մասին «Կապիտալ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է նախկին ԱԺ նախագահը։

-Պրն Թորոսյան, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Դուք «դեմ» եք քվեարկել: Ինչո՞ւ:

-Մի քանի նկատառումներով: Նախ՝ կառավարությունը ներկայացրել է ընդամենը մեկ հիմնավորում` Հայաստանում հանրակրթության մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է թույլ տալ միջազգային բարձրակարգ դպրոցների մուտքը: Առանց պատասխան տալու, թե ինչու է իր գործունեության կարևոր ոլորտներից մեկում այդպիսի վիճակ, առանց մասնագիտական վերլուծության` այդ իրավիճակի պատճառների և խնդրի հնարավոր լուծումների վերաբերյալ, կառավարությունը «լուծում» է առաջարկում: Սակայն ակնհայտ է, որ նման հիմնախնդիրն այդպիսի քայլերով հնարավոր չէ լուծել: Գոնե պետք է ուսումնասիրեին իրենց ոգևորած դպրոցների փորձը: Թաիլանդը, որտեղ նման դպրոցում սովորում են մի շարք հայ պաշտոնյաների երեխաներ, աշխարհում հայտնի է բոլորովին էլ ոչ բարձրակարգ կրթական համակարգով, իսկ այդ դպրոցի հիմնադրման նպատակն էլ Թաիլանդի կրթական համակարգի բարելավումը չի եղել: Կա ևս մեկ հանգամանք, որն անհերքելիորեն վկայում է, որ իշխանություններին հանրակրթական համակարգի որակը կամ բարձրակարգ կրթության ապահովումը չի հուզում: Ամեն տարի Հայաստանից մի քանի տասնյակ երիտասարդներ սեփական ուժերով ընդունվում են աշխարհի բարձրակարգ համալսարաններ` բուհական կամ հետբուհական կրթություն ստանալու համար, և ուսումն ավարտելուց հետո վերադառնում են Հայաստան: Արդյոք կառավարությունը փորձո՞ւմ է նրանց ներգրավել պետական ծառայության ոլորտ: Իհարկե, ոչ: Ավելին՝ մի՞թե բարձրակարգ կրթության մասին մտահոգ երկրի կառավարությունը պետական ակադեմիական գիտական ինստիտուտներում աշխատող գիտությունների դոկտորներին, ովքեր ղեկավարում են գիտական ուղղություններ, կվճարի ընդամենը 50 հազ. դրամ աշխատավարձ, ավելի ցածր, քան կառավարության, Ազգային ժողովի ու նախագահի աշխատակազմի վարորդներին: Գիտելիքների ու կրթության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի ակնառու դրսևորում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների գիտելիքների ու կրթության մակարդակը, կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ժամանակ դրսևորվող գիտելիքների ու հմտությունների աղետալի բացակայությունը: Երրորդ հանգամանքն այն է, որ յուրաքանչյուր ողջամիտ և սահմանադրական իրավունքի վերաբերյալ տարրական գիտելիքներ ունեցող մարդու համար ակնհայտ է, որ նախագծով էապես փոխվում է երկրի պետական լեզվի կարգավիճակը, իմաստազրկվում է Սահմանադրության 12-րդ (Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է) և 39-րդ (Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է) հոդվածների հիմնարար տրամաբանական կապը, ըստ որի՝ հիմնական ընդհանուր կրթության (հանրակրթության) լեզուն հայերենն է:
Չորրորդ հանգամանքը, որի պատճառով դեմ եմ քվեարկել այդ նախագծին, այն է, որ իշխանությունը գոնե բնազդաբար զգում է, որ գոյություն չունի առաջարկվող փոփոխությունների ողջամիտ հիմնավորում, և փորձում է նենգափոխել հարցը: Երկրի նախագահի անունից հայտարարվում է, որ «քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, և ՀՀ նախագահը դրան դրական է վերաբերվում»: Կառավարության ղեկավարը հայտարարում է. «Մեր օրենսդրությունն արգելում է, որ լինեն միջակարգ կրթական հաստատություններ, որտեղ թույլատրվում է որոշ առարկաներ դասավանդել օտար լեզուներով»: Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ թե «միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներին» կամ «որոշ առարկաների», այլ «այն ուսումնական հաստատություններին, որոնք հանրակրթությունը կազմակերպում են օտար լեզուներով»: Դա է սահմանում ԱԺ-ում քննարկվող նախագծի առաջին հոդվածի երկրորդ կետը: Հետևաբար՝ երկրի ղեկավարները փորձում են հասարակությունից քողարկել փոփոխությունների նպատակը: Ուրեմն իրենք էլ գիտեն կամ գոնե զգում են, որ անթույլատրելի բան են անում, բայց գերիշխում է տղայական մոտեցումը. խոստացել են, չէ՞: Հինգերորդ հանգամանքն էլ այն է, որ օտարալեզու կրթությունը աղճատում է երեխաների ինքնությունը:

-Բայց որոշ հանրապետականներ ասում են, որ լեզուն կապ չունի լեզվամտածողության հետ և չի կարող վտանգել ազգային ինքնությունը:

-Դա պարզունակ արդարացում է: Իհարկե, նրանցից ոմանք նախ պետք է պարզեն, թե ինչ բան է կրթությունը, լեզվամտածողությունը և ինքնությունը, բայց մյուսները հասկանում են, որ խնդիրն ունի հիմնարար նշանակություն և ուղղակիորեն վերաբերում է հայ ինքնության ձևավորմանն ու պահպանմանը: Յուրաքանչյուր անհատի կամ ազգի համար լեզուները բաժանվում են երկու մասի` մայրենի և օտար: Օտար լեզուները տարատեսակ (օտարների հետ` միջանձնային, մասնագիտական, գիտական և այլն) հաղորդակցությունների միջոց են, մեր օրերում` լավ մասնագետի համար` անհրաժեշտ գործիք: Մայրենի լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև ինքնության անփոխարինելի բաղադրիչ: Անհատի ինքնության ձևավորման հարցում կարևոր է նաև միջավայրը` ընտանեկան և կրթական: Ակնհայտ է և բնական, որ կրթական միջավայրի հաղորդակցության սահմանները շատ ավելի լայն են, քան ընտանեկան հաղորդակցության սահմանները: Իհարկե, առանձին դեպքերում ընտանեկան հաղորդակցության սահմանները կարող են համեմատելի լինել կրթականի հետ, սակայն, բնականաբար, դրանք սոսկ եզակի բացառություններ են: Դժվար չէ պարզել, որ դրանք հենց այն քիչ դեպքերն են, որոնք երբեմն մատնանշվում են` ցույց տալու համար, որ իբր օտար լեզվով կրթված անձանց ինքնության վրա կրթությունը բացասական ազդեցություն չի ունենում: Քանի որ հանրակրթական համակարգը այն միջավայրն է, և կրթության լեզուն` այն միջոցը, որոնք ունեն բացառիկ նշանակություն անհատի ինքնության ձևավորման տեսակետից, հետևաբար, առաջարկելով օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի, թույլ են տալիս ստեղծել «ուսումնական հաստատություններ, որոնք հանրակրթությունը կազմակերպում են օտար լեզուներով», կառավարությունը կամա թե ակամա հիմքեր է ստեղծում օտարալեզու միջավայրում հայ երեխաների կրթության, հետևաբար` ինքնության աղճատման համար:

-Ի՞նչ եք կարծում, աշնանային նստաշրջանում խորհրդարանը այդ նախագիծը կընդունի՞, թե՞ ոչ:

-Կարծում եմ` կընդունի: Ոմանց երբեմն թյուրիմացության մեջ է գցում այն հանգամանքը, որ մինչ առաջին ընթերցումով ընդունվելը կառավարությունը երկու անգամ «զիջումների» գնաց և լրամշակեց նախագիծը: Մինչդեռ այդ ամենը վատ բեմադրված գավառական ներկայացում էր: Նախագծի բուն նպատակը պարզ ու հասկանալի ներկայացրել է կառավարության ղեկավարը. «Երկու նախաձեռնող խումբ եկավ: Մեկը Ռուբեն Վարդանյանն էր, որը Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցում, որի հիմնադրումն արդեն եղել է: Եվ պարզվեց, որ մեր օրենքը թույլ չի տալիս, որ նա այդ միջազգային դպրոցը ստեղծի:… Մյուսը Թաիլանդի մի քոլեջի տնօրեն էր: Նա ասաց, որ Հայաստանից 15 հոգի կրթություն է ստանում անգլերենով, և այդ դպրոցում չկա ո՛չ հայոց լեզու, ո՛չ հայ ժողովրդի պատմություն: Եվ ինքն ասաց` ավելի նպատակահարմար է այդ դպրոցը Թաիլանդից տեղափոխենք Երևան»: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը (ի դեպ, օրենքի խախտումով քվեարկության դրված, քանի որ մինչ քվեարկությունն այն պատգամավորներին չէր բաժանվել) նախատեսում է հենց այդ երկու դպրոցների ստեղծումը:

-Չե՞ք կարծում, որ Դիլիջանի դպրոցի նման նախաձեռնություններն անհրաժեշտ են, գոնե սփյուռքահայերին Հայաստան բերելու առումով:

-Նախ` կարևոր է արձանագրել, որ այդ դպրոցն արդեն հիմնադրվել է, ինչպես նկատեցիք, գործող օրենսդրության խախտումով: Ավելին` ցավալի է, բայց փաստ, որ երկրի օրենսդրությունը ոտնահարող այդ արարողությանը ներկա է եղել երկրի բարձրագույն ղեկավարությունը: Դա առնվազն անհարգալից վերաբերմունք է մեր պետականության նկատմամբ: Ցավոք, այս փաստը վառ օրինակ է, թե մեր երկրում ինչպես են լուծվում պետության և ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը. ինչ-որ մարդիկ կասկածելի գաղափարներ են առաջադրում, իշխանությունն առանց երկար-բարակ մտածելու խոստումներ է տալիս, ապա ամեն գնով դա իրականություն է դարձնում: Ինչ վերաբերում է այդ դպրոցում սփյուռքահայերի սովորելուն, ապա դա միայն հայտարարություն է: Եթե իսկապես այնտեղ պետք է միայն սփյուռքահայեր կամ օտարերկրացիներ սովորեն, ապա դա պետք է արձանագրվեր նախագծում, և համոզված եմ` ոչ ոք դեմ չէր լինի նման նախագծի ընդունմանը: Մինչդեռ նախագծում որևէ սահմանափակում չկա այդ դպրոցներում սովորողների վերաբերյալ: Սփյուռքահայերին առնչվող կամ օտար լեզուների կարևորության մասին խոսակցությունները նենգափոխում են հարցը և շատ են հիշեցնում հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ կամ բաց սահման ունենալու անհրաժեշտության հարցադրումները տխրահռչակ արձանագրությունների քննարկման ժամանակ: Եվ պատասխանն էլ նույնն է: Իհարկե, օտար լեզուների իմացությունը կարևոր է, բայց մի՞թե դրա համար վճարվող գինը պետք է լինի օտարալեզու կրթությունն ու հայ երեխաների ինքնության աղճատումը: Բայց զուգահեռները հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների հետ դրանով չեն ավարտվում: Երեք դեպքում էլ խնդիրը վերաբերում է Հայաստանի և հայության համար կենսական խնդիրների: Երեք դեպքում էլ իշխանությունները փորձում են նենգափոխել խնդրի էությունը: Բայց ամենակարևոր և ամենավտանգավոր ընդհանրությունն այն է, որ կենսական նշանակություն ունեցող խնդիրների ու դրանց լուծումների նկատմամբ վերաբերմունքը իրավիճակային է, մակերեսային ու արկածախնդիր:

Tert.am

This post is also available in: ,