Ազգապահպան օտար լեզու

Ազգային ինքնության  պահպանման առումով հայոց լեզվի ու հայ գրի անփոխարինելի դերակատարության վերաբերյալ հավաստումներին մենք ծանոթանում ենք դեռ դպրոցական կրտսեր տարիքից, երբ արտասանում ենք “Խոսք իմ որդուն”, կամ հետո, երբ խելքներս հասնում է՝ ընթերցում ենք “Վերք Հայաստանին”: Վաղ հասակից մեր գիտակցության մեջ սերմանվում է այն գաղափարը, որ հայ ժողովրդին իր հազարամյա պատմության ընթացքում զորավիգ ու պահապան է եղել հայոց լեզուն, ինչը “Վերքի” հանճարեղ հեղինակը ձեւակերպել է կարճ ու իմաստուն. “Ազգը պահողը լեզուն է ու հավատը”: Բայց օր օրի  փոխվող, գլոբալացվող աշխարհում փոխվում են ոչ միայն արժեքներ ու գաղափարներ, փոխվում են նաեւ պատկերացումներ ու ընկալումներ: Փոխվում է ընկալումը լեզվի մասին: Մասնավորապես աբովյանական նշված ասույթում, արի ու տես՝ խոսքն այլեւս մայրենի լեզվի մասին չէ: Ասույթի վերաիմաստավորման մասին մեկը՝ ես առայսօր բացարձակապես չգիտեի ու այդպես էլ կմնայի անտեղյակ, եթե չլիներ մեր լուսամիտ ներկա վարչապետը: Ի դեպ, լուսահոգի նախկին վարչապետը շատ կզարմանար՝ լսելով իր հաջորդին, քանզի իսկապես զարմանալի է, որ մայրենի լեզվի այլափոխված ընկալման առաջին արձանագրողն ու մունետիկը ոչ այլ ոք է, քան երկրիդ կառավարության առաջին դեմքը, որն ով գիտե ինչ մղումներից ու դրդումներից ազդված՝ եկել է այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում ազգը պահողը… օտար լեզուն է: Սեւանի ափին հավաք-հանգիստ անցկացնող “Միասին” երիտասարդական շարժման մասնակիցներին հուլիսի 19-ին հյուր էր գնացել վարչապետ  Տիգրան Սարգսյանը: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված “օրինակելի” դրվագներում վարչապետը նախ ժողովրդավարորեն շփվեց ջահելների հետ, ուշադիր լսեց նրանցից մեկի (կարծեմ՝ առաջնորդի) բացատրությունները ինչ-որ ծրագրի վերաբերյալ: Այդ բացատրությունները բնականաբար հնչում էին Երեւանի էլիտար բարբառով, “սենց ա, տենց ա”-ով, եւ վարչապետի մտքով իսկ չանցավ ասել՝ տղա ջան, խոսիր մաքուր հայերենով: Չասաց, որովհետեւ ինքն էլ էր խոսելու նույն էլիտար բարբառով, նույն “սենց ա, տենց ա”-ով եւ հայոց գրական լեզվի հերը հերթական անգամ պաշտոնապես անիծելուց հետո հուզիչ մի հարցով դիմելու էր իրմով հմայված երիտասարդ լսարանին. “Հայ ժողովուրդը կարո՞ղ է գոյատեւել առանց օտար լեզվի”: Լսարանը, “միասինական” հմայանքի մեջ, արձագանքեց.  “Ո՜չ, չի կարող”: Ու չեղավ մեկը, որ ասեր՝ ողորմած պարոն, այս լիառատ աշխարհում բարեկեցիկ ու հարուստ ապրելու փոխարեն հայ ժողովուրդն ինչո՞ւ պիտի գոյատեւելու խնդիր լուծի, եւ եթե այնուամենայնիվ դա է երկրի վարչապետի տեսլականն իր ժողովրդի ապագայի մասին, ժողովուրդն ինչո՞ւ պիտի գոյատեւի օտար լեզվի շնորհիվ: Ինչպե՞ս կհրամայեք հասկանալ այս հարցադրումն ու Ձեր սեփական համոզմունք-պատասխանը, պարոն վարչապետ. դիտարկե՞նք դա օտարալեզու դպրոցներ բացելու եւ հանուն դրա “Լեզվի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության համատեքստում, թե՞ համարենք լեզվի սայթաքում:
Կասկածում եմ, թե վերջինն է, որովհետեւ հարցը տալուց եւ ակնկալվող արձագանքը լսել-ուրախանալուց հետո վարչապետը օտար լեզուներ իմանալու մասին մի մոռացված անեկդոտ պատմեց ու շատ զվարճացավ: Օտար լեզուների թեման նրան ակնհայտ բավականություն էր պատճառում, եւ դա միանգամայն հասկանալի էր. չէ որ այսուհետ դրանցով պիտի “գոյատեւենք”:

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ

This post is also available in: ,