ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՆ

ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՆ

Հարգելի սփյուռքահայ գործարարներ,

Ձեր բաց նամակում օտարալեզու դպրոցներ բացելու նպատակով «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու պատճառով առաջացած հանրային լարվածությունը Դուք որակում եք անգիտակից պայքար և պահանջում խորքային բանավեճ սկսել համաշխարհային տիրույթում Հայաստանի, հայ ազգի տեղի ու դերի հարցադրումներով:

Եթե Ձեզ թվացել է, թե մենք չենք հասկացել՝ ինչի համար ենք ոտքի ելել, և Դուք այնքան խելոք եք, որ կարող եք դաս տալ Հայաստանի մտավորականության սերուցքին, քաղաքական պահպանողականությանը, հանրային զգոնությանը, ուրեմն իմացե՛ք՝ մենք չենք բանավիճելու, հայության պաշտպանված լինելու իրավունքը վիճարկման ենթակա չէ, բանավեճի նյութ էլ չի դառնալու: Բայց մենք Ձեզ կփորձենք հասկացնել, որ հայ տեսակի գոյությունը վտանգող ոչ մի գործողություն, ինչպիսի աշխարհաքաղաքական գունագեղ շղարշով էլ այն պատված լինի, թույլ չենք տալու: Եթե Դուք մասնագիտությամբ հանրալեզվաբան, ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հոգեբան լինեիք կամ էլ, գոնե, լեզվաքաղաքականություն հասկացությանը ծանոթ, կհասկանայիք, որ լեզուն լեզվակիրներից զրկելը նշանակում է ազգի, տվյալ տեսակի մշակույթի վերացում: Պետք է գիտակցեք նաև մեկ այլ իրողություն. Դուք, օտար երկրռւմ ապրելով, Ձեր օտարալեզու կրթությամբ ձեզ հայ կզգաք, քանի դեռ հայախոս Հայաստան կա: Ուրեմն՝ փողի վարագույրը մի կողմ քաշեք ու աշխատեք հասկանալ, թե որն է կոչվում բարձրակարգ կրթություն, և ինչ հետևանք կարող է ունենալ Ձեր օտարալեզվյան «հայրենասիրությունը»: Որպեսզի Հայաստանը համաշխարհային տիրույթում իր տեղն ու դերն ունենա, նախ մեր պետականությունը պետք է հաստատուն, անխոցելի լինի, չվտանգվի: Առանց գոյատևման, հարատևման պայմաններ ստեղծելու՝ զարգացում, առավել ևս հզորացում, հնարավոր չէ: Մենք քաղաքական խայծերը շատ լավ տարբերում ենք, և նեղացածի կեցվածք ընդունելով՝ մեր դիրքորոշումը փոխելու Ձեր ջանքերն անիմաստ են: Այնուամենայնիվ, մենք Ձեզ սխալն զգալու, ուղղելու հնարավորություն ենք տալիս՝ պարզաբանելով քաղաքական թնջուկը, պատասխանելով բաց նամակում նշված անհիմն հարցադրումներին:

Հայն աշխատում է ամուր պետականություն ունենալ, ուզում է հարատևել որպես ազգ և մասնակցել համաշխարհային գործընթացներին որքան հնարավոր է արդյունավետ: Ձեր նշած գոյատևման ու զարգացման մոդելներն առանձին-առանձին գոյություն չունեն: Ազգերի համար աշխարհում տեղ զբաղեցնելու մեկ տարբերակ կա, որի նախապայմանը գոյատևումն է, իսկ բարգավաճումն ու զարգացումը՝ շարունակական գործընթացը: Բացատրեմ գործարարության /բիզնեսի/ օրինակով. եթե Ձեզ հնարավորություն տան շատ մեծ գումար աշխատել, բայց աշխատածը տնօրինելու երաշխիք ու հնարավորություն չթողնեն, այդ դեպքում պետք է հասկանաք, որ ծուղակ է լարված, և երբ հարմար համարեն, Ձեր ստեղծածը Ձեզնից խլելու են: Դարեր շարունակ օտարներին բարեկամ կարծելով, սեփական անվտանգությունը երկրորդական համարելով՝ հայերն արժեքներ են ստեղծել, մշակույթ զարգացրել և պարբերաբար նյութական, հոգևոր մեծ կորուստներ կրել: Վաղուց ժամանակն է, որ պաշտպանական միջոցները կարևորենք ու մեր ստեղծագործելու, ապրելու իրավունքը չստորադասենք համաշխարհային խարդավանքին: Ձեր նախաձեռնությունը սնանկ է, որովհետև ոգեզուրկ նյութականը, մեծ քաղաքականության ծուղակները փորձում եք մեզ հրամցնել հայրենասիրական պաթոսով, միջոցը դարձրել եք նպատակ, կառույց եք ստեղծում, գումար ներդնում, գործընթաց սկսում՝ չմտածելով հասցեատիրոջ շահի ապահովության մասին: Օրինակ՝ ինչու՞ է «Երևան» ամսագիրը հրատարակվում ռուսերեն, անգլերեն և միայն 2012թ. պետք է հրատարակվի հայերեն: Ի՞նչ հայանպաստ խնդիր է լուծում այս ամսագիրը՝ մեզ օտարներին ներկայացնելո՞ւ, թե՞ սփյուռքում հայապահպանության: Կարծում ենք՝ ո՛չ մեկը, ոչ էլ՝ մյուսը: Հայաստանում հայերենի նկատմամբ օտար լեզուների գերակայության, մշակութային ներխուժման ծրագրի մի օղակն է սա: Երևի հասկացել եք, որ Ձեր ամենավտանգավոր նախաձեռնությունը «բարձրակարգ, էլիտար» դպրոցներն են: Դուք զարմացած եք, Ձեր նախաձեռնության ավերող ուժից, չեք նախատեսել, որ պետական կառույցի մի պնդօղակը քանդելն այսքան գիշատիչների կոգևորի, ասպարեզ կբերի, և Ձեր շահաբեր մտադրությունը փորձանք կդառնա մեր երկրի գլխին: Սա հնարավոր դարձավ, որովհետև Ձեր և Հայաստանի մի շարք պաշտոնյաների պատկերացմամբ «բարձրակարգ դպրոցը» օտարալեզու կրթություն իրականացնողն է, որը ո՛չ գիտական, ո՛չ իրավական, ոչ էլ բարոյական հիմնավորում չունի:

Իրականում բարձրակարգ կրթությունն ունի 3 բաղադրիչ. ա) գիտելիքի ծավալ, բ) ուսուցման արդյունավետություն, գ) կրթարանի տնտեսական պայմաններ, տեխնիկական հագեցվածություն: Եթե ուզում ենք միջազգային ասպարեզում մեր կրթական վկայականները ճանաչվեն, ընդունելի լինեն, առաջին հերթին պետք է ճշտենք համադրվող գիտելիքի ընդհանուր ծավալը, ուսումնական ծրագրերը կազմենք այդ չափորոշիչներին համապատասխան՝ ավելացնելով նաև մեզ անհրաժեշտ հայագիտական առարկաներ ու նվազագույնը երկու օտար լեզվի պարտադիր ուսուցում: Հանրակրթության նպատակը հայրենասեր և օրինապահ քաղաքացիներ դաստիարակելն է. գիտելիքի ծավալը պետք է լուծի 2 խնդիր, հայության համար առկա դժվարությունները հաղթահարելուն հոգեբանորեն ու մտավոր կարողությամբ պատրաստ և օտարերկրյա շփումների դեպքում մրցունակ, ներկայանալի կադրերի պատրաստում: Ուսուցման արդյունավետությունն ավելի ազատ գործընթաց է: Ուսուցման մեթոդն ընտրելիս պետք է համեմատենք մեր ունեցածն այլոց ներկայացրածի հետ. գուցե մենք ավելի արդյունավետ մեթոդների ենք տիրապետում, քան միջազգային կոչվածն է. աշակերտակենտրոն, նախասիրական կամ էլ ազատ հաճախումների մեթոդները մեր հանրակրթության մակարդակը չբարձրացրին, այլ քայքայեցին:Իսկ եթե մեր դարերի փորձն անտեսում, դեն ենք գցում, գոնե ընտրողական մոտեցում ցուցաբերենք, և մեր կրթահամակարգը խցանված աղբատար չդարձնենք: Տնտեսական, տեխնիկական պայմանները համարժեք են ներդրվող գումարին: Ա՛յ այստեղ, հարգելի՛ գործարարներ, Ձեր նախաձեռնության, իսկական հայրենասիրության կարիքը շատ է զգացվում: Կարող ենք եզրակացնել, որ բարձրակարգ կրթության պահանջը Հայաստանում խիստ հասունացած է, բայց ո՛չ օտարալեզու, օտարանպատակ բարձրակարգը, այլ մերը՝ մեզ ապահովողն ու ներկայանալի դարձնողը:

Սփյուռքի ուծացման կապակցությամբ Ձեր անհանգստությունը բնական է, անբնականը սփյուռքը ձուլումից փրկելու Ձեր ծրագիրն է. Դուք որոշել եք սփյուռքահայ երեխաների համար օտարալեզու կրթություն ապահովել Հայաստանում, որ նրանք հայկական լեզվական միջավայրում քիչումիչ հայերեն խոսեն, բայց օտարին պիտանի լինելու ծրագրով կրթվեն:Քիչումիչ հայկականությունը սփյուռքում կարելի է, թերևս, բավարար համարել, Հայաստանում վրդովեցուցիչ է, անընդունելի, վտանգավոր:

Ճիշտ եք եզրակացրել, որ Ձեր ծրագրով նախատեսած դպրոցներ Հայաստանին պետք չեն: Մնում է Հայաստանին օգտակար լինելու Ձեր նախաձեռնությունը վերանայեք՝ չմոռանալով, որ պետությունն ունի գոյատևման, զարգացման իր խնդիրները, ուղիները, որոնք տարբերվում են համայնքայինից, և դրանք վերադրել հնարավոր չէ: Հայաստանին օգտակար լինելու համար ազգային-պետական մտածողություն ունենալը, ազգային շահով առաջնորդվելը առաջնային, անհրաժեշտ պայման է:

Հայրենի բարձրագույն խորհուրդ