ՄԵԶ ԱՆՊԱՏՎԵԼ ԵՆ ԵՒ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵՆՔ

ՄԵԶ ԱՆՊԱՏՎԵԼ ԵՆ ԵՒ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵՆՔ

- Պարոն Թարումյան, Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողների նամակը Հանրային խորհրդին բավականին հանգամանորեն վերլուծեցիք Ձեր հոդվածում: Ինչպես տեսնում ենք, Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնությունը տատամսում է: Մինչեւ հարց ու պատասխանների մեջ եք, դպրոցի շինարարությունը կավարտվի 2013-ին: Ու մեկ էլ չենք նկատի, թե ինչպես արդեն երեխաների ընդունելություն կհայտարարվի: – Հոդվածում ես փորձել եմ Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակին պատասխանել: Դրանից դուրս կարող եմ ասել, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք հայ ազգի դեմ ուղղված գործողության հետ, որն արվում է մասնավորապես Ռուբեն Վարդանյանի խմբի միջոցով: Բայ դա չի նշանակում, որ իրենք անմեղ են եւ չեն հասկանում` ինչ են անում: Միակ բանը, որ իրենք չեն հասկանում` դա այն է, որ իրենց օգտագործում են, թեեւ վստահ եմ, որ լիովին համաձայն են այդ ծրագրի հետ: Սա ծրագիր է, որը կոչվում է գլոբալիզացիա եւ վերաբերում է ազգային պետությունների վերացմանն ուղղված գործողություններին: Շատ անգամ «գլոբալիզացիա» բառը ընկալվում է հաղորդակցման միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, գիտության նվաճումների տարածում ամբողջ աշխարհով, սակայն գոյություն ունի մեկ այլ գլոբալիզացիա, որի նպատակը ազգային պետությունների ոչնչացումն է, որպեսզի լինեն միայն գործարարական եւ գործառութային հարաբերություններ, որովհետեւ ակնհայտ է, որ ազգերը շատ դեպքերում խանգարում են գործարարներին, եւ նրանք ուզում են ազատվել այդ ավելորդությունից: – Սա համաշխարհային տենդենցների մասին, իսկ ի՞նչ խնդիր է դրել մեր իշխանությունն իր առջեւ, ի՞նչ խնդիր է ուզում լուծել այդ օրենքի փոփոխությամբ: – Մենք գիտենք, որ մի շարք պայմաններ բավարարելու դեպքում, այն է` միջազգային բակալավրիատի հայացման կամ այդ դպրոցը միայն արտասահմանցիների համար բացելու դեպքում օրենքի հետ որեւէ հարց չէր առաջանա, այսինքն` կարելի էր բացել այդ բակալավրիատի դպրոցը միայն դիվանագետների երեխաների, աշխատողների համար, թարգմանել այդ համակարգը հայերեն եւ դասավանդումը հայերեն իրականացնել: Հետեւապես, եթե սա չի արվում եւ փոխում են օրենքը, նշանակում է` նպատակը հենց օրենքը փոխելն է: Այսինքն` տվյալ դեպքում ճնշում է կատարվում մեր կառավարության վրա հենց օրենքը փոխելու նպատակով: Եվ այդ ճնշումը գալիս է դրսից: – Եվ որտեղի՞ց է գալիս այդ ճնշումը, մանավանդ որ` մեր իշխանությունը ճնշված չի այդ առումով, բավականին ինքնավստահ է: – Ճնշումը կարող է գալ ցանկացած երկրից, բայց ըստ էության դրա հիմնական հարուցողները կարող են լինել համաշխարհային լեզու լինելու հավակնորդ երկրները, դրանք երեքն են` անգլերենը, իսպաներենը եւ ֆրանսերենը, եւ տարածաշրջանային ուժերը, քանի որ մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում, եւ ուրեմն` նաեւ ռուսերենը: Պարզ տրամաբանությունը խոսում է հետեւյալի մասին. իսպաներենն այստեղ անելիք չունի, հեռու ենք այդ գոտուց, ֆրանսերենը շարունակվում է ֆրանկոֆոնիայի գործակալության միջոցով, բայց իրենք էլ լավ հասկանում են, որ եթե փորձեն ճնշում գործադրել մեր կառավարության վրա, պարզապես կհեղինակազրկվեն, եւ դրանից հետո էլ դեռ պարզ չէ, իրենք կշահե՞ն, թե՞ ոչ: Անգլիացիներն են մնում. նրանց լեզուն փաստացի համաշխարհային լեզու է, որի հետ կարող է մրցել միայն իսպաներենը, այն էլ` մեզ մոտ իսպաներենը չկա: Նրանք հասկանում են, որ առանց ջանքերի էլ կտարածվի, մարդիկ ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները անգլերեն սովորեն, դրա համար էլ ինչի պետք է ստիպեն փոխել, բայց եթե մեկ ուրիշը դա անի, իրենք դեմ չեն լինի, որովհետեւ դա իրենց կօգնի: Այս ծրագրից էլ ձեռքի հետ կօգտվեն թուրքերը, իրանցիները, կասեն` մենք էլ իրավունք ունենք այնտեղ դպրոց բացելու, Հայաստանի լեզվական տիրույթում մենք էլ մեր կարկանդակի կտորը պոկենք: Մնում է ռուսը. ինչպես հայտնի է, սա նրանց չորրորդ փորձն էր. մինչ այս զարգացումները Ռուսաստանը փորձում էր ճնշել մեզ` ռուսերենը ընդունել տալ որպես երկրորդ պետական լեզու: Անհեթեթությունը այն աստիճանի էր հասնում, որ ասում էին` քանի որ Հայաստանում բարբառներ կան, որպեսզի տարբեր բարբառներ կրողները իրար հետ խոսեն, պետք է ազգամիջյան լեզու լինի: Չես հասկանում` տգիտությո՞ւնը, թե՞ ցինիզմն է երեւում: Բայց գոյություն ունի փաստ, որ դա արվել է ոչ թե ետնամուտքային, միջանցքային զրույցներում, այլ բաց զրույցով. անցյալ տարի գարնանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Պավլովը ուղղակի բաց տեքստով ասել է, որ լավ կլինի վերանայվի այդ օրենքը, որը խոչընդոտում է Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանը: Չնայած դրանից հետո սկսեցին կարծիքներ հնչել, որ ներկայիս դեսպանը սա համարում է հակառուսական ծրագիր, որ եթե այդ օրենքը ընդունվի, միանգամից կբացվեն անգլիական դպրոցներ, եւ մարդիկ իրենց երեխաներին կտանեն անգլիական դպրոց: – Սա Ռուսաստանի ծրագիրն է, բայց մենք գիտենք, որ դպրոցներում ունենք ռուսական դասարաններ, շատ աշակերտներ: – Ըստ տարբեր գնահատումների (իհարկե բաց տվյալներ չկան)` մոտ 10.000 երեխա սովորում է ռուսական դասարաններում, այսինքն` ժամանակին մենք օրենքով փակեցինք ռուսական դպրոցները որպես օտարալեզու դպրոցներ, բայց ռուսական դպրոցների փոխարեն, բացվեցին ռուսական դասարաններ: Իրենք էլ մտածում են, որ 10.000 աշակերտ ունենալը քիչ չէ: Օրենքի ընդունումից հետո էլ ավելի շատ մարդիկ իրենց երեխաներին այդ դպրոցներ կտան, որովհետեւ հիմա հազար ու մի մեքենայությունների միջոցով են իրենց երեխաներին տալիս ռուսական դպրոց` կեղծելով ազգությունը, փոխելով քաղաքացիությունը: – Փաստորեն, խոսում ենք եվրոպացի լինելու մասին, բայց գնալով ռուսամոլ ենք դառնում: – Պատմությունը ցույց է տալիս, որ մենք միշտ ենք այդպիսին եղել: Մեսրոպ Մաշտոցից հետո հայերենը եղել է պետական լեզու, հետո էլ միջնադարում, երբ Հայաստանը պետություն չի ունեցել, պարզ է, որ պետական լեզու էլ չէր կարող ունենալ, բայց մնացած մեր ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ երբեք Հայաստանում մեր պետական լեզուն հայերենը չի եղել: Մենք առնվազն ունենք տեղեկություններ Արարատյան թագավորության վաղ շրջանից, երբ պետական լեզուն աշուրերենն էր, հետո, այսպես կոչված, ուրարտական-խուռիական լեզուն, որն էլ հիմք է տալիս պատմաբաններին ասելու, որ ուրարտական պետությունը հայկական չի եղել, հետո արամեերենը, հունարենն են եղել մեր պետական լեզուները, իսկ նոր ժամանակներում, դեռ վերջերս` ռուսերենը: – Այսօր փաստացի ազգային անվտանգության հարց է դրվում եւ, ամենակարեւորը, ի՞նչ պետք է անել, որ նման նախաձեռնություններից երկիրն ապահովագրված լինի: – Նախեւառաջ մեր նախաձեռնությունը պետք է շարունակի իր գործունեությունը, պիտի ամեն ինչ անի, որ այս օրենքը չանցնի, մեր ազգաբնակչության եւ օտարամոլ ազգաբնակչության համար պետք է քարոզչությունը ծավալել այն ուղղությամբ, որ անընդհատ այսպես չի լինելու, շուտ թե ուշ այս իշխանությունները կամ հեռանալու են, կամ հեռացվելու են ազգադավ քաղաքականություն վարելու համար. եւ գալու է ազգային կառավարությունը, որը փակելու է ձեր այդ դպրոցները եւ, հարգելի՛ ծնողներ, եթե չեք ուզում ձեր երեխաների կյանքը դժվարացնել, մի՛ տվեք այդ անօրինական դպրոցները: – Ինչպե՞ս անել, որ այս կամ այն ծրագիրը Տիգրան Սարգսյանի, Աշոտյանի կամքով օրակարգ չբերվի: – Ես պատրանք չունեմ, այսօրվա իրավիճակով մենք ունենք այն ազգը, որն ունենք, եւ այդ ազգը փոխելու համար ժամանակ է պետք, ընդ որում` նույնիսկ պարզ չէ, թե ինչքան ժամանակ է պետք: Մենք առնվազն պետք է կարողանանք վերադառնալ Մեսրոպ Մաշտոցին, Գագիկ թագավորին, երբ հայերենը պետական լեզու էր, արձանագրություններն էլ հայերեն էին կատարվում, սա ավելի հնարավոր է, քան ազգի հոգեբանության փոփոխության մասին խոսելը: Մենք պետք է հասնենք նրան, որ մեր օրենքը, Սահմանադրությունը ավելի հստակ ձեւակերպի պետական լեզվի էությունը: Այսօրվա դրությամբ Սահմանադրությունը նույնիսկ ավելի անորոշ է ձեւակերպում հայոց լեզվի գործառույթը, քան Անկախության հռչակագիրը, որտեղ շատ հստակ է, որ հայոց լեզուն պետական լեզու է եւ ստեղծում է իր կրթական, գիտական եւ մշակութային բոլոր համակարգերը: Իսկ Սահմանադրության մեջ ընդամենը գրված է` պետական լեզու է: Իսկ լեզվի մասին օրենքը ներկայումս սահմանադրական դրույթը մեկնող փաստաթուղթ է, ուստի եւ այն ունի սահմանադրական օրենքի կարգավիճակ, եւ այն չի կարող փոխվել այլ կերպ, քան հանրաքվեով: – Մեր իշխանությունն իսկապես չի՞ պատկերացնում խնդրի լրջությունը, թե՞ ուղղակի ուզում է փող աշխատել: Դիլիջանի միջազգային դպրոցի նախաձեռնությունը ի սկզբանե հասարակությանն անտեսեց, Սերժ Սարգսյանի հետ Դիլիջանում ծառ տնկեց ու մտածեց` ամեն հարց լուծված է: – Ի դեպ, մի ծառ տնկեցին, բայց 3 հեկտար ծառ ուզում են ոչնչացնել: Ես կփորձեմ իրենց դիրքերից խոսել, համաշխարհային ճգնաժամ է ընթանում, քանի գնում այն սաստկանում է: Ինչքան էլ եվրոպական, ամերիկյան, ռուսական վերնախավը փորձում է ինքնախաբեությամբ զբաղվել, ասել, որ ճգնաժամը նահանջում է, բայց լուրջ տնտեսագետները եւ պարզապես սովորական իրատես մարդիկ, որոնք իրենց մաշկի վրա են զգում այդ ամենը, հասկանում են, որ ճգնաժամը խորանում է: Այս իրադրության մեջ մեր կառավարությունը պետք է կարողանա ապահովել մեր ֆինանսական համակարգի կայունությունը: Հիմա այս մարդիկ գալիս են, ասում են` մենք 60 միլիոն դոլար ենք բերում ձեր երկիր… – Հանուն միլիոնների կասկածի տա՞կ ենք դնում ինքնությունը: – Դրա համար եմ ասում` արդարացնել հնարավոր չէ: Մի ելույթի ժամանակ Աշոտյանն ասում էր, որ իր ընդդիմախոսները սկսում են իրեն հայհոյել, եկեք հայհոյանքը մի կողմ դնենք եւ անցնենք կառուցողական բանավեճի: Ես ասում եմ` քանի որ խոսքը մեր մայրենի լեզվի մասին է, այստեղ որեւէ հանգիստ բանավեճ չի կարող լինել, մեզ արդեն անպատվել են ու ուզում են գրական հայերենով խոսենք: Այսինքն` իրենց արդարացնել չի կարելի, բայց հասկանալ կարելի է, սա ներդրում է: Ես չեմ բացառում, որ գոյություն ունի Ռուսաստանի կողմից ճնշում, այսինքն` դուք փոխում եք օրենքը, մենք ձեզ դրամի փոխարժեքը կայունացնող գումարներ ենք տալիս: – Հիմա կարծես կառավարությունը մեկ անգամ այո-ի կոճակը սեղմեց, ինչ եք կարծում` երկրորդ անգամ ի՞նչ կլինի: – Յուրաքանչյուր մարդ, որը ձեռքը դնելու է կոճակին եւ սեղմելու է այո-ի համար, պիտի հիշի, որ իր անունը չի մոռացվելու, ինչպես ասում են` ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

* Սիրանույշ Պապյան

Zhamanak.com