Հայ եկեղեցու երեք բարձրագույն առաջնորդները բոյկոտում են Աղթամարի թուրքական շոուն

Հայ եկեղեցու երեք բարձրագույն առաջնորդները բոյկոտում են Աղթամարի թուրքական շոուն

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու կրոնական շոուին Հայ եկեղեցու առաջնորդներին ներգրավելու թուրքական ծրագիրն անցյալ շաբաթ ի դերև եղավ:

Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների (Էջմիածնում, Անթիլիասում և Երուսաղեմում) երեք առաջնորդները չեն մասնակցելու և ներկայացուցիչներ չեն ուղարկելու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվող սրբազան Պատարագին: Երեքն էլ մերժեցին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն առաջինը հայտարարեց, որ բոյկոտելու է սեպտեմբերի 19-ի արարողությունը: Այս առիթով Արամ Վեհափառը հայտարարեց. «Փորձելով Եվրամիությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել, որ Թուրքիան պահպանում է իր բռնազավթած տարածքների մշակութային ժառանգությունը, թուրքական կառավարությունը վերականգնեց Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, սակայն որպես եկեղեցի այն պահպանելու փոխարեն վերածեց թանգարանի»: Կիլիկիո Կաթողիկոսությունը Թուրքիայի կողմից շեփորահարվող արարողությունը բնութագրեց որպես «Հայոց ցեղասպանության և վերապրողների իրավունքների հետևողական ուրացման և ժխտման քաղաքականության քողարկման փորձ»:

Մյուս կողմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապես հայտարարել էր, որ բարձրաստիճան երկու հոգևորականներ է գործուղելու Աղթամար: Իմ նախորդ հոդվածներից մեկում հույս էի հայտնել, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը կվերանայի իր որոշումը: Անցյալ շաբաթ, երբ թուրքական կառավարությունը դրժեց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու իր խոստումը, Գարեգին Վեհափառը, ինչպես և սպասվում էր, առկախեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնակցությունը սեպտեմբերի 19-ի արարողությանը:

Հայ եկեղեցու նվիրապետական երրորդ աթոռը’ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, նախապես հայտարարել էր, որ մտադիր է Աղթամար ուղարկել պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ և Էկումենիկ ու արտաքին կապերի ղեկավար Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին: Սեպտեմբերի 5-ին պատասխանելով նախատեսված այցելության մասին իմ հարցադրմանը, արքեպիսկոպոս Շիրվանյանն ասաց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշման համաձայն, նա ևս չի մասնակցի արարողությանը’ Թուրքիայի կողմից Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը մերժելու պատճառով:

Այժմ երեք եկեղեցական առաջնորդներն էլ այս հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ունեն: Դրվատանքի է արժանի նրանց’ թուրքական վարչակարգի կողմից եկեղեցական արարողության քողի տակ իրականացվող քաղաքական շոուին չօժանդակելու որոշումը:

Ցավոք, Հայ եկեղեցու նվիրապետական չորրորդ աթոռը’ Պոլսո Հայոց պատրիարքությունը, դեռևս մտադիր է մասնակցել սեպտեմբերի 19-ի շոուին, չնայած այն հանգամանքին, որ թուրքական կառավարությունը խաբել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, հրաժարվելով եկեղեցու գմբեթի խաչը վերականգնելու խոստումից:Վանի նահանգապետը զավեշտալի հայտարարություն է արել, նշելով, որ թուրքական պետությունը տեխնիկական միջոցներ չուներ 200 կիլոգրամանոց խաչը եկեղեցու գմբեթին տեղադրելու համար: Բոլոր նրանք, որոնք խաբվելով Թուրքիայի կեղծ խոստումներից, ինքնաթիռի տոմսեր են գնել և հյուրանոցում սենյակներ պատվիրել, պետք է շտապ չեղյալ հայտարարեն իրենց ուղևորությունը և իրենց թյուրիմացության մեջ գցելու համար փոխհատուցում ու ներողություն պահանջեն թուրքական իշխանություններից:

Չնայած արքեպիսկոպոս Աթեշյանը պատանդ է թուրքական վարչակարգի ձեռքում և, հետևաբար զրկված է անկախ որոշումներ կայացնելու իրավունքից, այնուամենայնիվ, եթե նա գնա ու պատարագ մատուցի’ թուրքական իշխանությունների կողմից ներկայացվող «Ակդամարի հուշարձան թանգարանում», ապա լիովին կկորցնի աշխարհասփյուռ հայության և Հայ եկեղեցու նվիրապետական երեք աթոռների վստահելիությունը: Արքեպիսկոպոս Աթեշյանը պետք է պայման դնի, որ սեպտեմբերի 19-ին ներկա չի լինելու Սուրբ խաչ եկեղեցում, մինչև Անկարան խոստացված խաչը չտեղադրի եկեղեցու գմբեթին: Թուրքական իշխանությունները ստիպված են լրջորեն հաշվի առնել նրա պայմանը, քանի որ առանց նրա մասնակցության հնարավոր չէ եկեղեցական արարողություն կատարել: Նրա բացակայությունը հօդս կցնդեցնի Թուրքիայի քարոզչության ակնկալիքները դրանք վերածելով PR մղձավանջի:

Սեպտեմբերի 19-ի «շռայլ բեմադրության» վերջին կարևոր դերակատարը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է: Վերջին շաբաթներին, երբ Հայաստանի հասարակության մի ստվար հատված խստորեն քննադատում էր Սուրբ Խաչ «թանգարանում» տարվա մեջ մեկ անգամ եկեղեցական արարողություն իրականացնելու Անկարայի որոշումը, պաշտոնական Երևանը լուռ էր մնում: Անցյալ ամիս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից պաշտոնական հրավեր չի ստացել: Ընդհանրապես ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն նման սկանդալային շոուին մասնակցելուց, հատկապես այն բանից հետո, երբ Անկարան խաբեությամբ Հայաստանի իշխանություններին համոզեց ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները’ առանց դրանք վավերացնելու որևէ մտադրության:

Ինչպես Արձանագրությունների վավերացումից հրաժարվելով թուրքական կառավարությունն ակամա պաշտպանեց Հայաստանի շահերը, այնպես էլ այս անգամ, դրժելով Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու իր խոստումը, Անկարան պատճառ  դարձավ, որ հայերը չմասնակցեն այս խեղկատակությանը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

www.7or.am

This post is also available in: ,