Նախարար Աշոտյանը պնդում է, որ «էական փոփոխություններ» են կատարվել վիճահարույց օրինագծում

Նախարար Աշոտյանը պնդում է, որ «էական փոփոխություններ» են կատարվել վիճահարույց օրինագծում

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը օրինագծին ընդդիմացողներին խորհուրդ տվեց կարդալ «երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը»:
«Այն մտավախությունները, որ ունեին մի շարք քաղաքական ուժեր` Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը, անգամ իմ հանրապետական գործընկեր որոշ պատգամավորներ, մտահոգությունները, որոնք հնչեցվել են Հանրային խորհրդի կողմից, այն է` օրենքով բացառություն չնախատեսել, այդ ձեւակերպումը չգրել, հանված է այդ ձեւակերպումը: Օրենքը օգոստոսի 12-ին առաքվել է Ազգային ժողով, տեղադրվել է Ազգային ժողովի կայքէջում: Այսօր սեպտեմբերի 8-ն է, մեր քննադատներից ոչ ոք դա չի կարդացել», – հավելեց Արմեն Աշոտյանը:

Հարկ է փաստել, սակայն, որ կատարված փոփոխությունը Ազգային ժողովի կայքէջում դեռեւս տեղադրված չէ, եւ հենց այդ պատճառով ո’չ պատգամավորները, ո’չ էլ օրենքի փոփոխություններին ընդդիմացող հասարակական նախաձեռնության անդամները այսօր դեռեւս ծանոթ չէին վերաձեւակերպումներին:

Նախարարի նշած փոփոխությունը վերաբերում է միայն «Լեզվի մասին» օրենքին: Եթե նախկին տարբերակում ամրագրված էր, որ Հայաստանի Հանրապետության գործող ուսումնական հաստատություններում «կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի», ապա վերաշարադրումից հետո` «կրթության լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օտար լեզուներով ուսուցման դեպքերի»:

Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը («Ժառանգություն») նշված փոփոխության կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. – «Ես ընդհանրապես առաջարկել էի վերջակետ դնել այնտեղ, բայց, ինչպես տեսաք նախագծում, էլի բացառություն բառը կա: Իհարկե, այդ բացառությունը վերաբերում է օտար լեզվի ուսուցմանը. բնականաբար, օտար լեզուն հայերենով չի ուսուցվի: Հետեւաբար, կարծես, այդ մտավախությունը վերացավ»:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանի (ՀՅԴ) գնահատմամբ, նոր ձեւակերպումը ոչ միայն անհասկանալի է, այլեւ նոր հակասություններ է առաջացնում:

«Հանրակրթության օրենքով, այնուամենայնիվ, այլընտրանքային, հեղինակային եւ փորձարարական դպրոցներին թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Եվ «Հանրակրթության մասին» օրենքում չունենք հասկացությունները` ինչ է նշանակում այլընտրանքային դպրոց, ինչ է նշանակում հեղինակային դպրոց, փորձարարական դպրոց… Այսինքն` սահմանումները մենք չունենք: Եվ այս նոր փոփոխությունը բոլորովին էլ չի փարատում այս անհանգստությունները: Ես այդտեղ նույնիսկ հակասություն եմ տեսնում», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գալստյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում կազմակերպվելիք լսումների ընթացքում իրենց կհաջողվի ոչ միայն որոշ բացատրություններ ստանալ, այլեւ շարադրել իրենց մեկնաբանությունները:


Օրինագծի ընդդիմախոսները շարունակելու են պայքարը

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները, մինչդեռ, շարունակում են պահանջել, որպեսզի «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկված փոփոխություններն ընդհանրապես չկատարվեն:

«Մենք պահանջում ենք, որ այս առաջարկները դուրս բերվեն շրջանառությունից. կա’մ կառավարությունը ետ քաշի իր առաջարկը, կա’մ Ազգային ժողովը մերժի այն: Որից հետո մի լայնածավալ քննարկում սկսվի կրթական հարցերի շուրջ, այդ թվում` նաեւ օտար լեզուների դասավանդման խնդիրների շուրջ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը:

Նախաձեռնության անդամները այսօր էլ բողոքի ակցիա անցկացրին` հայտարարելով, որ իրենց պայքարն ավելի ընդգրկուն ու լայնածավալ կլինի, եթե իշխանությունները ընդհանրապես չհրաժարվեն փոփոխություններից:

Օրինագիծը, հիշեցնենք, չնայած լայնորեն հնչած քննադատությանը, բողոքի ցույցերին ու երթերին, Ազգային ժողովի շենքի մոտ կազմակերպված պիկետներին, առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջում:

Կարինե Քալանթարյան

www.azatutyun.am