ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՃՃԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՃՃԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության երկրորդ ընթերցումից առաջ՝ առայժմ առաջարկներ է ներկայացրել միայն Անահիտ Բախշյանը:

Կառավարությունն օգոստոսի 12-ին ԱԺ է ներկայացրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախաձեռնության լրամշակված տարբերակը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար: Նախագիծն, ի դեպ, մինչ երեկ էլ տեղադրված չէր ԱԺ կայքում, եւ տպագիր տարբերակն ի վերջո մեզ տրամադրեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Ահա թե հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի համեմատ ինչ էական փոփոխություններ է արել կառավարությունը: Նախ անդրադառնանք «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջին ընթերցման տարբերակում նշված էր. «Այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ (կամ) միջազգային ծրագրեր իրականացնող օտարերկրյա այն ուսումնական հաստատությունները, որոնք կրթությունը կազմակերպում են օտար լեզուներով, կարող են գործել բացառապես ՀՀ կառավարության որոշումով»: Երկրորդ ընթերցման տարբերակում դուրս է եկել «օտարերկրյա» բառը: Ըստ այդմ՝ օտար լեզուներով կրթություն կարող են կազմակերպել նաեւ տեղական ոչ պետական ուսումնական հաստատությունները: Սա որոշակիորեն հակասում է վարչապետ Տիգրան Սարգսյանի նախապես արված հավաստմանը, թե նախաձեռնության նպատակը միջազգային երկու դպրոցներին Հայաստանում գործելու հնարավորություն տալն է:
Ի դեպ, Անահիտ Բախշյանն առաջարկել է օրենքում սահմանել այլընտրանքային, փորձարարական եւ հեղինակային ծրագրերի հասկացությունը՝ լրացում կատարելու միջոցով: Ամփոփաթերթիկում մեջբերված կառավարության պատասխանն է. «Առաջարկվող լրացումը կներառվի առաջիկա օրենսդրական փոփոխությունների փաթեթում»:
Նոր տարբերակից դուրս է բերվել, թե օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել նաեւ «միջգերատեսչական համաձայնագրերով» ստեղծված ուսումնական հաստատությունները: Ըստ երկրորդ ընթերցման՝ դրանք կարող են իրականացնել «միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:
«Լեզվի մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում այժմ առաջարկվող փոփոխություններն ավելի շատ են: Լրամշակված տարբերակով առաջարկվում է այսպես շարադրել «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը. «ՀՀ-ում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է՝ բացառությամբ օտար լեզվի ուսուցման դեպքերի»: Հետաքրքիր կլինի լսել օրենքի հեղինակների բացատրությունն այս՝ «օտար լեզուն չի կարող ուսուցանվել գրական հայերեն» ձեւակերպման վերաբերյալ: Մերժել են Անահիտ Բախշյանի առաջարկը՝ «լեզուն գրական հայերենն է» արտահայտությունից հետո ուղղակի դնել վերջակետ: Մերժման հիմնավորումն էլ մի առանձին բացատրության կարիք ունի. «Ընդունված չէ, քանի որ ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով ենք նախատեսում բացառությունները»:
«Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածում կառավարությունն առաջարկում է նոր պարբերություններ: Նախ՝ «ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ»: Հետո՝ «ՀՀ տարածքում օտարալեզու մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն ՀՀ կառավարությունը»: Անահիտ Բախշյանն առաջարկել է ամբողջությամբ հանել այդ վերջին մասը, իսկ կառավարությունը մերժել է՝ հիմնավորելով. «Հակասում է ամբողջ օրենսդրական նախաձեռնության բուն նպատակին»:
Ի դեպ, ամփոփաթերթիկում ներկայացված են միայն տիկին Բախշյանի՝ մեծ մասամբ մերժված եւ կառավարության՝ ամբողջությամբ ընդունված առաջարկները: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել էր, թե 9 առաջարկ էլ արել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն դրանք չկան ամփոփաթերթիկում:
«Մինչ այսօր տրված խոստումները՝ ներկայացնել առաջարկներ կամ՝ այս կամ այն պատգամավորի կողմից` կրթության նախարարության հետ համատեղ աշխատել, իրավաբանական խորհրդատվություն ներկայացնել՝ չեն կատարվել»,- նաեւ ասել էր պրն Աշոտյանը: Մինչդեռ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ հունիսի 23-ի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթում առաջարկել էր՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունից խուսափել եւ անհրաժեշտ բարեփոխումները կրթության համակարգում տեղավորել ուրիշ օրենքների մեջ, այսինքն՝ ինչ-որ հնարավոր է անել՝ դրանով սահմանափակելով հետագա վտանգների հնարավորությունը»: Ուստի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանից, որն ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է՝ հետաքրքրվեցինք, թե ինչու իրենք չեն ներկայացրել համապատասխան առաջարկներ: Ի պատասխան՝ նա հիշեցրեց. «Նախ՝ մենք ունեցել ենք շատ համոզված ու վերջնական դիրքորոշում՝ ընդհանրապե՛ս օրակարգից ու շրջանառությունից հանել օրինագծերի այդ փաթեթը: Երբ այն մեր մշտական հանձնաժողովում 4 «կողմ եւ 3 «դեմ»-ով ներառվեց օրակարգ՝ մի պայմանով մտավ, եւ այդ պայմանը եղել է իմ առաջարկով, որ գոնե առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպվեն խորհրդարանական լսումներ, լսեն ու հաշվի առնեն հասարակական առողջ ընդվզումը, որի հետեւում մեր մտավորականներն են՝ ԳԱԱ 3-4 հումանիտար ինստիտուտներ, բազմաթիվ լեզվաբաններ եւ այլք: ԱԺ լսումների ժամանակ մենք կլսենք մասնագիտական կարծիքներ, որոնք կլինեն թե՛ իրավաբանական, թե՛ գիտական, թե՛ մանկավարժական, թե՛ մեթոդական»: Լիլիթ Գալստյանը նաեւ ասաց. «Մեր հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստում Արմեն Աշոտյանը ներկայացրեց մի իբրեւ լրամշակված տարբերակ, որտեղ էլ ավելի է խճճել պատկերը: Հասել են անգամ տաֆտալոգիայի՝ իրենց սահմանած բացառությամբ, թե կրթության լեզուն հայերենն է՝ բացառությամբ օտար լեզվի ուսուցման»: Եվ հավելեց. «Լսումները կլինեն, ու կարող ենք մեր առաջարկներն անել դրանցից հետո: ԱԺ կանոնակարգը չի սահմանափակում մեր այդ հնարավորությունը: Հանձնաժողովում էլ եմ հետաքրքրվել, թե առաջարկներ դեռ կարո՞ղ եմ անել եւ ստացել դրական պատասխան: Բայց ես նախ եւ առաջ ուզում եմ լսել ձայն բազմաց»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

www.aravot.am