ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱՄԱԿԸ Ի ՊԱՏԱՍԽԱՆ “ԴԻԼԻՋԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ” ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱՄԱԿԸ Ի ՊԱՏԱՍԽԱՆ “ԴԻԼԻՋԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ” ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

“Դիլիջան միջազգային դպրոց”
նախագծի նախաձեռնող
պրն. Ռ.Վարդանյանին

Հարգելի պարոն Վարդանյան

ՀՀ Հանրային խորհրդի անդամները շատ են կարևորում մեր երկրի ակտիվ ներգրավումը համաշխարհային գործընթացներում` պահպանելով մեր ազգային ինքնությունը, լեզվամտածողությունը և մշակութային արժեքները: Այդ խնդրի լուծումը մեր կարծիքով էապես կախված է կրթական համակարգից, որը, ցավոք սրտի բարվոք վիճակում չէ: Այստեղ կուտակված են բազմաթիվ խնդիրներ և, Հանրային խորհուրդը ուսումնասիրելով դրանք, փորձում է համապատասխան առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Ուրախալի է, որ վերոհիշյալ խնդիրը մտահոգում է նաև Ձեզ:
Հանրային խորհրդի կարծիքով օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ և կրթական համակարգում եղած խնդիրները, այլև էլ ավելի կխորացնեն դրանք: Ճիշտ չէ այն կարծիքը, որ առաջարկվող օտարալեզու դպրոցների հիմնումն է կրթական բնագավառի խնդիրների լուծման ճանապարհը: Անհրաժեշտ է կրթական համակարգի բոլոր օղակներում ապահովել որակի շեշտակի բարձրացում: Մեր երկրի ապագան, նրա ինքնության աստիճանը, ժամանակակից աշխարհի հետ համաչափ քայլելու ունակությունը կախված են այն բանից, թե կհաջողվի± արդյոք մեզ կարճ ժամանակահատվածում կտրուկ բարձրացնել կրթության որակը` հիմնվելով “Լեզվի մասին” գործող ՀՀ օրենքի վրա:
Ցանկանում եմ հիշեցնել, որ նույնիսկ ստեղծված պայմաններում հարյուրավոր երեխաներ, ավարտելով մեր հայկական դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում` ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում: Սակայն նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում եւ ստիպված է մեկնել արտերկիր` աշխատանք որոնելու:
Պատահական չէ, որ “Լեզվի մասին” ՀՀ օրենքի մեջ առաջարկվելիք փոփոխությունները, հասարակական դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մեր երկրում: Դրանց դեմ է արտահայտվում նաև ազգային մտավորականության մի ստվար հատված, որոնցից շատերը ստացել են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և վաղուց ինտեգրվել են համաշխարհային գործընթացներում: Նման դիմադրությունը օրենքի փոփոխման հանդեպ զգացմունքային և արհեստական չէ, այն ունի խոր արմատներ:
ՀՀ Հանրային խորհուրդը այս մասին արդեն արտահայտել է իր տեսակետը: Հարցի վերջնական լուծումը գտնվում է ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում:
“Դիլիջան միջազգային դպրոց” նախագծի մասին տեղեկացանք Ձեր կողմից ՀՀ Հանրային խորհրդին ուղղված նամակից: “Լեզվի մասին” գործող ՀՀ օրենքի համաձայն` ծրագիրը կարող է իրականացվել օտարերկրացիների` այդ թվում նաև սփյուռքահայերի համար: Ծրագրի լիարժեք տեղայնացումից ու հայկականացումից հետո, այդ ուսումնական հաստատությունում կարող են առանց սահմանափակումների ուսանել Հայաստանի բոլոր քաղաքացիները: Կարծում ենք, որ Ձեր ծրագրի իրականացման համար ուշադրության են արժանի նաև այն առաջարկները, որոնք ներկայացվել են “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” նախաձեռնող խմբի կողմից /http://www.publiccouncil.am/news.php?id=43&l=2/:
Ծանոթ լինելով Ձեր կողմից մշակված և իրականացված ծրագրերին` հարգանքով ենք վերաբերվում կրթական համակարգի բարելավման մեջ ներդրում ունենալու Ձեր ցանկությանը: Կարևորելով Ձեր նախաձեռնությունը նպատակահարմար ենք գտնում, որպեսզի կրթական ոլորտին վերաբերող ինչպես Ձեր, այնպես էլ մյուս կազմակերպությունների ծրագրերը հանգամանալից քննարկվեն հասարակության լայն շերտերի հետ: ՀՀ Հանրային խորհուրդը իր կողմից պատրաստակամություն է հայտնում մասնակցել և աջակցել այդպիսի քննարկումներին:

Հարգանքով

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ                Վ.Մանուկյան

http://www.publiccouncil.am