Թուրքիայի Հանրապետությունը պատմության առաջին ֆաշիստական պետությունն է

Թուրքիայի Հանրապետությունը  պատմության առաջին ֆաշիստական պետությունն է

Հայաստանի Հանրապետությունը երկարատև ու չլուծվող հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։ Ուստի՝ Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախոսությունը համարժեքորեն գնահատելու հարցը խիստ կարևոր է հայկական պետության միջազգային ճիշտ դիրքավորման ու գրագետ արտաքին քաղաքականության կառուցման համար։

Օսմանյան կայսրության փլատակների վրա առաջացած Թուրքիայի Հանրապետությունը արևմուտքում ավանդականորեն ներկայացվում է իբրև մահմեդական աշխարհիկ ժողովրդավարական պետություն։ Իրականությունից շատ հեռու այս մտակաղապարը մշտապես տիրաժավորվում է արևմտյան ԶԼՄ-ներում, հաճախակի հնչեցվում ամերիկացի ու եվրոպացի պետական այրերի շուրթերից։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը ցայժմ չի համարձակվել արդի թուրք պետականությանը տալ իր սեփական հայեցակարգային գնահատականը ու լռելյայն հաշտվել է միջազգային վերոհիշյալ անստույգ մեկնության հետ։

Իրականում Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը եղավ այն, որ Եվրոպայի մերձակայքում ստեղծվեց առաջին ֆաշիստական պետությունը՝ Թուրքիայի Հանրապետությունը, որն իր հիմնական բնորոշ գծերով նույնանում էր ավելի ուշ Իտալիայում, Գերմանիայում, Եվրոպայի մի շարք այլ պետություններում առաջացած ֆաշիզմին ու նացիզմին։ Առանձնացնենք թուրքական ֆաշիզմի վեց հիմնական հատկանիշները.

1. Թուրքական ազգայնամոլությունը (շովինիզմը) ու ցեղասպան քաղաքականությունը։ Մուստաֆա Քեմալը (Աթաթուրքը) ինքը երիտթուրքերի «Իթթիհաթ վե Թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության ղեկավար կազմի անդամ է եղել։  Գալով իշխանության՝ նա և քեմալականները ոչ միայն շարունակեցին Հայոց ցեղասպանությունը, այլև մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդեն փորձված քաղաքականությունն ուղղեցին հույների և այլ փոքրամասնությունների դեմ։ Արևելյան Հայաստանում քեմալականները ոչնչացրել են 200.000 հայերի (1920-1921 թթ.), Զմյուռնիայում՝ 100.000 հույների և հայերի (1922 թ. սեպտեմբեր), մերձսևծովյան շրջաններում՝ մոտ կես միլիոն պոնտացի հույների (1919-1923 թթ.)։ Թուրքիայում թվով երկրորդ էթնոսի՝ քրդերի, քաղաքական և մշակութային ճնշումները, բռնի տեղահանությունները, զանգվածային ոչնչացումը սկսվեցին անմիջապես Հայոց ցեղասպանությունից հետո ու շարունակվում են մինչև այսօր։ Քրդերի բոլոր ելույթներն՝ ի պաշտպանություն իրենց ազգային տարրական իրավունքների, դաժանորեն ճնշվեցին 1925, 1927, 1937 թթ.։ Բոլորովին վերջերս՝ 1980-1990-ական թթ. ավելի քան մեկ միլիոն քուրդ բռնի տեղահանվեց խոշոր քաղաքներ (այդ տեղահանությունների ընթացքում, տարբեր հաշվարկներով, ոչնչացվել է երկուսից մինչև երեք հազար քրդական գյուղ)։

Թուրքական ազգայնամոլությունն օրենսդրորեն ամրացվել է 1937 թ. սահմանադրության մեջ՝ առավել բարեհունչ «ազգայնականություն» (Milliyetçilik) անվան տակ, որ անթաքույց նպատակ է դնում ձուլելու ոչ թուրք էթնոսներին ու իրավականորեն նույնացնում է նրանց թուրքերի հետ։ Ու թեև հետագայում թուրքական «ազգայնականության» հայեցակարգն այլևայլ մեկնություններ է ստացել, նրա ազգայնամոլական բնույթն ու էությունը մնացել են անփոփոխ։

Ժամանակակից ցեղասպանագիտությունը գնահատում է ցեղասպանության ժխտումը որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Գրեգորի Սթենթոնն ընդգծում է. «Ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է, որը տուժող խմբին հոգեբանորեն ու մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին նույնիսկ իրենց հարազատների մասին հիշողությունից զրկելու շարունակական փորձ է: Հենց դա է Թուրքիայի կառավարությունն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»: Ողջակիզումը վերապրած նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը Հայոց ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի արշավը որակում է որպես «կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը»: Ճիշտ այսպիսի և առավել խիստ գնահատականներ պետք է տան թուրքական ժխտողականությանը ՀՀ իշխանությունները, որ մինչև այսօր, ավաղ, չեն արել՝ բոլորովին անհասկանալի պատճառներով։

Արդի ժողովրդավարական Գերմանիայում անհնարին է պատկերացնել, որ որևէ փողոց կամ հաստատություն անվանակոչվի ի պատիվ Երրորդ Ռայխի պարագլուխներից որևէ մեկի։ Մինչդեռ «ժողովրդավարական» Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները՝ երիտթուրքերի ղեկավարները, հերոսացված են։ Այսպես, ոճրագործ Թալեաթ փաշայի անունով են կոչվում մի ամբոջղ թաղամաս, մի քանի պողոտա և փողոց՝ Ստամբուլում, զբոսայգիներ՝ Անկարայում և Էդիրնեում, տարրական դպրոցներ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, ավագ դպրոց՝ Կոնիայում…

«Ժողովրդավարական» Թուրքիայում գործում է Քրեական օրենսգրքի չարահամբավ 301-րդ հոդվածը («թուրքական ինքնագիտակցությանը վիրավորանք հասցնելը», 2008-ից՝ «թուրք ազգին վիրավորանք հասցնելը»), որն օրենսդրորեն արգելում է, ի թիվս այլոց ու հատկապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս հոդվածի առաջադրած մեղադրանքներով՝ արդեն կայացել է շուրջ 50 դատավարություն։

2. Ամբողջատիրություն։ Ընդհուպ մինչև 1940-ական թթ. երկրորդ կեսը Թուրքիան միակուսակցական պետություն էր։ Սակայն այսօր էլ «ժողովրդավարական» Թուրքիայում պարբերաբար արգելանք է դրվում այս կամ այն կուսակցության գործունեության վրա, իսկ նրա առաջնորդները հայտնվում են բանտերում՝ քաղաքական շինծու մեղադրանքներով։ Բազմաթիվ այդպիսի դեպքերից վերջինը տեղի ունեցավ 2009 թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվեց քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը (ԺՀԿ), որը խորհրդարանում 21 պատգամավոր ուներ։ ԺՀԿ ամբողջ ունեցվածքը բռնագրավվեց հօգուտ պետության։ Այդ կապակցությամբ անգամ Եվրամիությունը, որն ընդհանուր առմամբ աչք է փակում Թուրքիայում 20 միլիոն քրդերի դեմ իրականացվող ռասիստական ճնշումների վրա, Անկարային հիշեցրեց, որ «քաղաքական կուսակցությունների ցրումն արտակարգ միջոցառում է, որը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում»։

3. Պետականապաշտ կապիտալիզմ (էտատիզմ)։ 1937 թ. թուրքական սահմանադրությունն հաստատեց պետության կարգավորող դերը ոչ միայն տնտեսության, այլև գաղափարախոսության մեջ։

4. Հակակոմունիզմ։ Աթաթուրքն, անտեսելով Խորհարդային Միության հետ իր բարեկամությունը՝ մոլի հակակոմունիստ էր։ 1923 թ. ի վեր՝ Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունն արգելվել է և իր ամբողջ պատմության ընթացքում գործել անլեգալ դրության մեջ՝ մշտապես ենթարկվելով պետության ամենադաժան բռնություններին։

5. Առաջնորդամոլություն և անձի պաշտամունք։ Թուրքիայում Աթաթուրքի պաշտամունքը մինչ օրս ուժի մեջ է։ Աթաթուրքի արձանները դրված են յուրաքանչյուր քաղաքում, նրա դիմանկարները կախված են պետական ու վարչական բոլոր հաստատություններում, ինչպես նաև դպրոցական դասասենյակներում, դրոշմված են բոլոր արժողության թղթադրամների ու մետաղադրամների վրա։ Նրա գործունեության ու կենսագրության քննադատությունը քրեականացված է։ Աթաթուրք ազգանվան կրումը նույնպես արգելված է։

6. Ռազմամոլություն և ագրեսիա։ Թուրքիան աշխարհի ամենառազմականացված պետություններից է. թուրքական բանակն իր թվաքանակով ութերորդն է աշխարհում և երկրորդը՝ ՆԱՏՕ-ում (ԱՄՆ-ից հետո)։ Զինվորականության վճշռորոշ ազդեցությունը Թուրքիայի ներքին քաղաքականության վրա նույնպես հանրահայտ փաստ է. բավական է միայն վերհիշել 1960, 1971 և 1980 թթ. բանակի իրականացրած պետական հեղաշրջումները, ինչպես նաև 1997 թ. իսլամիստական վարչապես Ն. Էրբաքանին իշխանությունից հեռացնելը (ի դեպ, նրա «Բարօրության կուսակցությունը» ևս արգելվեց)։

Թուրքիայի Հանրապետությունը բազմիցս է ռազմական ուժ կիրառել կամ սպառնացել այն կիրառել հարևան պետությունների՝ Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Իրաքի, Հայաստանի դեմ։ Թուրքիան բռնագրաված է պահում Կիպրոսի հյուսիսային մասը, Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, Հայաստանի արևմտյան մասը։ Թուրքական բանակը կանոնավոր ներխուժումներ է իրականացնում հյուսիսային Իրաք։

1920 թ. հե՛նց քեմալականների հարվածների տակ ընկավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Ընդ որում՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան Մուստաֆա Քեմալից ստացել էր հետևյալ բառացի հրամանը՝ «Բարոյապես և ֆիզիկապես ոչնչացրու՛ Հայաստանը»: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի երրորդ Հանրապետության դեմ դարձյալ ընդունեց բացահայտ ագրեսիվ դիրքորոշում, ներառյալ՝ երկարամյա ցամաքային շրջափակումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարումը, Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ նոր ռազմական արկածախնդրություն ձեռնարկելու նախապատրաստություններին ցուցաբերվող լիակատար ու բազմակողմանի աջակցությունը և այլն։

Թուրքիայում ֆաշիզմի առաջացումն ու հետագա վերնակառուցային փոխակերպումները համարժեք գնահատական չստացան ո՛չ խորհրդային ու արևմտյան պատմագրություններում, ո՛չ միջազգային իրավական ու քաղաքական վավերագրերում։ Այս փաստը, սակայն, որևէ մեկին չպետք է մոլորեցնի։ Առհասարակ, արևմուտքի և ԽՍՀՄ/Ռուսաստանի քաղաքական ու ակադեմիական շրջանակներում ծաղկող թուրքասիրությունը՝ քննարկման առանձին ու բազմաշերտ թեմա է։ Այստեղ բավարարվենք մասնակի բացատրություն տալով. ԽՍՀՄ-ում պարզապես անհնար էր Աթաթուրքին ֆաշիստ անվանել, քանզի «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ» Վ. Լենինը 1921 թ. մարտի 16-ին (ի դեպ՝ ուղիղ 90 տարի առաջ) նրա հետ կնքեց Մոսկվայի «բարեկամության ու եղբայրության» չարաբաստիկ պայմանագիրը։ Իսկ արևմուտքում այդպիսի գնահատական չէր տրվում, որովհետև Թուրքիան պատմականորեն (և իրավամբ) համարվում էր Ռուսաստանի/ԽՍՀՄ-ի դեմ պատնեշ ու ռազմավարական կարևոր դաշնակից, ինչը ստացավ իր միջազգային իրավական ձևակերպումը՝ 1952 թ. ՆԱՏՕ-ին նրա միանալով։

Եթե համաշխարհային հանրությունը (ասել կուզի՝ մեծ տերությունները) համարժեք բնութագրություն չի տվել թուրքական արդի պետականության ֆաշիստական էությանը, ապա դա ընդամենը նշանակում է, որ այդպիսի գնահատականով այն հետաքրքրված չի եղել։ Անկախ Հայաստանը, թուրքական ֆաշիզմին քաղաքական գնահատական չտալով՝ ոչ միայն հրաժարվում է բաց աչքերով նայել իր դարավոր թշնամու մարդատյաց գաղափարախոսությանը, ռազմավարական նպատակներին ու հաշվարկներին, այլև ինքն իրեն զրկում է սեփական աշխարհառազմավարական ծանրագույն դրությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորությունից։ Բայց չէ՞ որ Հայաստանի այդ դրությունը թուրքական ֆաշիզմի հանցագործությունների ուղղակի հետևանքն է։

Թուրքիան ռեաբիլիտացնելու այն փորձերը, որոնք նրան պատասխանատվության չեն կանչում, մասնավորապես՝ տարածքային և այլ փոխհատուցումներ հօգուտ Հայաստանի չեն նախատեսում, հղի են նոր ցեղասպանություններ ծնելու վտանգով։ Սա է այն հիմնական եզրակացությունը, որ միջազգային համայնքը տակավին պետք է անի։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

10 (173 ), 18 մարտի 2011թ..

This post is also available in: ,