538-539 թթ. հայոց ապստամբությունը (պատմառազմագիտական վերլուծություն). III

538-539 թթ. հայոց ապստամբությունը  (պատմառազմագիտական  վերլուծություն).  III

Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2011 թ., #20 (183), #22 (185),

III. Բյուզանդական բանակի հարձակումը և գլխավոր ճակատամարտը՝ Ավնիկի մոտ

(539 թ.)

Նախապատրաստվելով հայերի դեմ հարձակմանը՝ Սիտտասն իր հույսը չէր դնում միայն ռազմական ուժի վրա, այլև ուղիներ էր փնտրում հայկական զինված ուժերի՝ Հայաստանի բյուզանդական մասում արդեն կայացած միավորումը պառակտելու համար։ Այդ նպատակով նա սեպարատ բանակցություններ նախաձեռնեց ապստամբությանը մասնակցող երեք ամենահզոր նախարարական տներից մեկի՝ Բագրատունիների հետ (մյուս երկուսն էին Մամիկոնյաններն ու Արշակունիները). «Նախևառաջ փորձեց մեծ գումար խոստանալով կաշառել [հայերից] ոմանց և իրեն դաշնակից դարձնել, որպեսզի կարողանա ավելի հեշտությամբ հաղթել մնացածներին»։ Պրոկոպիոս Կեսարացու համաձայն՝ «նրան էր ուզում հարել մեծ և բազմամարդ Ասպետյանների (Ասպետունիների, այն է՝ Բագրատունիների) տոհմը, որ մարդ ուղարկեց Սիտտասի մոտ, խնդրելով գրավոր հավաստիացում, որ եթե իրենք՝ Ասպետյանները, այդ գործի ժամանակ լքեն իրենց ցեղակիցներին և անցնեն հռոմայեցիների կողմը, ոչ մի պատիժ չեն կրելու վերջիններիս կողմից և պիտի շարունակեն տիրել իրենց ունեցվածքին։ Սիտտասն ուրախությամբ այդ մասին գրեց մի փոքր գրություն, տվեց նրանց պահանջած հավաստիացումը և, կնքելով գրությունը, ուղարկեց նրանց։ Նա համոզված էր, որ [Ասպետյանների] օգնությամբ կկարողանա առանց պատերազմի հաղթել և ամբողջ զորքով շարժվեց Օյնոքալակոն վայրի վրա, որտեղ ճամբարել էին հայերը»։

Սակայն հետագա դեպքերն ստիպում են կասկածի տակ դնել Բագրատունիներին վերագրվող դաշնադրուժ տրամադրությունները։ Ահա թե այնուհետև ինչ է գրում Պրոկոպիոսը. «Սակայն գրությունն ստացողները պատահմամբ ուրիշ ճանապարհով գնացին և չկարողացան հանդիպել Ասպետյաններին։ Այդ միջոցին հռոմեական բանակի մի զորամաս հանդիպեց [Ասպետյանների] մի փոքր խմբի և ձեռք բերված համաձայնությանն անտեղյակ՝ կոտորեց նրանց որպես թշնամիների։ Սիտտասն էլ մի քարայրում գերի վերցրեց նրանց երեխաներին ու կանանց և սպանեց՝ կամ այն պատճառով, որ չիմացավ, թե ովքեր են նրանք, կամ էլ որովհետև զայրացել էր Ասպետյանների դեմ, որ հակառակ համաձայնության չէին անցնում իր կողմը»։

Վերոշարադրյալից հետևյալ հակասական պատկերն է ուրվագծվում։ Սիտտասն առաջ շարժեց իր բանակը՝ չստանալով Բագրատունիներից իր կողմն անցնելու վերջնական համաձայնություն։ Նմանատիպ պատմական իրադրություններում պայմանավորվածություններն ամրապնդվում էին որոշակի երաշխիքներով, օրինակ՝ պատանդներ հանձնելով կամ փոխանակելով։ Մինչդեռ Սիտտասը շոշափելի որևէ երաշխիք Բագրատունիներից չէր ստացել, բացի այդ՝ անհասկանալի պատճառներով չէր ցանկացել մեկ-երկու օր սպասել մինչև իր ուղերձը կհասներ հասցեատիրոջը։ Նրանք, ովքեր տանում էին այդ գրությունը (ըստ տրամաբանության՝ Բագրատունիների մարդիկ) ինչ-որ պատճառով չեն կարողացել գտնել իրենց տերերին, որը նույնպես անճշմարտանման է թվում։ Արշավանքն սկսելուն պես՝ բյուզանդական բանակի մի խոշոր զորամիավորում, Սիտտասի զորավարներից մեկի հրամանատարությամբ, բախվում է Բագրատունիների մի փոքրաթիվ ջոկատի և ջախջախում այն։ Սրանից պետք է եզրակացնել, որ Սիտտասն իր զորավարներին չէր տեղեկացրել Բագրատունիների հետ իբր կնքված պայմանագրի մասին, ինչն ինքնին արդեն մի պարզ վկայություն է, որ երկու կողմերը համաձայնության չէին եկել։ Վերջապես ինքը՝ Սիտտասն էլ արյունալի ոճիր է գործում՝ կոտորելով քարայրում ապաստանած մի խումբ կանանց և երեխաների, որոնք Բագրատունիների տան անդամներ ու նրանց ենթականերն էին։ Այս բոլոր անցքերը միասին, հատկապես Սիտտասի և նրա բանակի դաժան գործողությունները Բագրատունիների դեմ, որևէ կերպ չեն համապատասխանում Պրոկոպիոս Կեսարացու առաջադրած այն վարկածին, թե իբր Բագրատունիները ցանկանում էին անցնել Սիտտասի կողմը։ Ընդհակառակը, վերը նկարագրված իրադարձություններն իրենց տրամաբանական բացատրությունը կստանան միայն հակառակ ենթադրությունն անելու դեպքում, այն է՝ Սիտտասն իսկապես Բագրատունիներին առաջարկել էր լքել հայկական ճամբարը, սակայն նրանք չէին համաձայնել թշնամու կողմն անցնել և այդ իսկ պատճառով էլ բյուզանդացիների վայրենաբարո վերաբերմունքին են արժանացել։

Այնուհետև Պրոկոպիոսը հատուկ նշելով, որ Բագրատունիները «զայրացած՝ մյուս բոլոր [հայերի] հետ միասին՝ պատրաստվեցին մարտի», հաղորդում է խիստ կարևոր մանրամասնություններ գլխավոր ճակատամարտի մասին. «Որովհետև երկու կողմերն էլ գտնվում էին դժվարանցանելի և զառիթափ տեղանքում, իրար դեմ կռվում էին ոչ թե մի տեղում կենտրոնացած, այլ ցրված՝ լեռների ստորոտներում և ձորերում»։

Առաջին հայացքից անբավարար թվացող այս տեղեկությունները, իրականում, բավականին բովանդակալի են և թույլ են տալիս քննել հայերի և բյուզանդացիների պատերազմ վարելու մարտավարությունը։ Այս առումով նախ պետք է ճշգրիտ տեղորոշել ճակատամարտի վայրը։

Օյնոքալակոնն առաջին անգամ ճիշտ նույնացրել է Ավնիք բերդաքաղաքի հետ Միքայել Չամչյանը (1738-1823)։ Ավելի ուշ նրա այս ճշտման հետ համաձայնել է Ն. Ադոնցը, թեև առանց Չամչյանին հղելու։ Ո՛չ Չամչյանը, ո՛չ Ադոնցը, սակայն, հատուկ չեն բացատրել Օյնոքալակոնի ստուգաբանությունը, հավանաբար վստահ լինելով, որ այն պետք է միանգամայն պարզ և անվիճելի լինի գրաբարի բոլոր գիտակներին։ Բանն այն է, որ Ավնիկը (Աւնիկ) գրաբարով կարդում և արտասանում էին Օնիկ, իսկ այդ տեղանվան երկրորդ մասը՝ «քալակոն»-ը ոչ այլ ինչ է, քան հայերեն «քաղաքը» (Հ. Բարթիկյանը ճիշտ ստուգաբանել է տեղանվան միայն այս երկրորդ մասը)։ Այսպիսով՝ Օյնոքալակոնը՝ Օնիկ քաղաքն է, այսինքն՝ Ավնիկը։ Ցավոք, հետագա ուսումնասիրողներն անուշադրության մատնեցին Չամչյանի այս կարևոր տեղորոշումը։ Ավնիկը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառում (ավելի ստույգ՝ Վերին Բասեն գավառակում), Երասխի արևելյան ափին, 530-ական թթ. սկզբից բյուզանդական Հայաստանի ստրատեգոսի նստավայր դարձած Թեոդոսուպոլսից (Կարինից) ուղիղ գծով 60 կմ հեռավորության վրա։ Այժմ Ավնիկը համապատասխանում է Թուրքիայի Էրզրումի նահանգի Պասինլեր գավառի Գյուզելհիսալ գյուղին և Ջիվան-կալեսի ամրոցին։ Թեոդոսուպոլսից բյուզանդական բանակը կարող էր մոտենալ Ավնիկին նրանից դեպի հյուսիս ընկած Բասենի դաշտով։ Ճակատամարտը տեղի է ունեցել Ավնիկի մատույցներում, 2000-2100 մ բարձրության վրա` Ջրաբաշխի (Սուկավետի, այժմ՝ Քոսադաղի) լեռնաշղթայի արևմտյան ճյուղավորման շրջանում։

Եվ այսպես՝ բյուզանդական բանակի հարձակման պահին հայկական զորքի կենտրոնացման վայրն արդեն ոչ թե Ֆարանգիոնն էր՝ Սպերի շրջակայքում, ինչպես ապստամբության սկզբում, այլ կայսրության պետական սահմանի անմիջապես այն կողմում՝ Պարսկահայաստանում (Պերսարմենիա) ընկած շրջանը։ Այն, որ Սիտտասն այնուամենայնիվ հրաման է տվել անցնել սահմանը և այդպիսով՝ կայսրության արևմուտքում մղվող պատերազմների այդ ծայրաստիճան լարված միջոցին ստեղծել Պարսկաստանի հետ հարաբերությունների սրման անցանկալի առիթ, վկայում է այն մասին, որ, առաջին՝ այդ որոշումն ընդունվել է, ըստ երևույթին, լեռներ նահանջող հայկական զորքերի հետապնդման թունդ պահին, երկրորդ՝ որ այդ սահմանամերձ բարձրլեռնային շրջանը, մեծ ցանկության դեպքում, կարելի էր Արևելահռոմեական կայսրության և Պարսկական տերության միջև «ոչ ոքու տարածք» համարել, և երրորդ՝ այն արտակարգ կարևորության մասին, որը տրվում էր հայկական ապստամբության ճնշմանը, ասել է թե՝ կայսրության համար այդ ապստամբությունը պակաս վտանգ չէր ներկայացնում, քան Պարսկաստանին պատերազմի սադրելու հնարավորությունը։ Ստուգապես չգիտենք, թե Վասակ Մամիկոնյանը մինչև Սիտտասի Թեոդոսուպոլիս ժամանելը, դրանից հետո՞, թե բյուզանդական բանակի հարձակման նախօրեին է որոշել հայկական բանակը Սպերից տեղափոխել նշված շրջանը, որը սահմանակից էր մի կողմից Թեոդոսուպոլսին, մյուս կողմից՝ Պարսկահայաստանին։ Սակայն նրա այդ ռազմավարական զորաշարժի նպատակները պարզ են. նախ՝ անմիջական հարվածի վտանգի տակ դնել Հայաստանում բյուզանդական ռազմաքաղաքական վարչության կենտրոնը՝ Թեոդոսուպոլիսը, իսկ պատերազմական գործողությունների անհաջող ընթացքի դեպքում՝ խուսափել շրջափակումից և պահպանել Պարսկահայաստանի խորքերը նահանջելու հնարավորությունը։ Այսինքն՝ Վասակ Մամիկոնյանի ընտրած դիրքը հարմար էր ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, հայկական բանակի Թեոդոսուպոլսի հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք կատարած լայն տարաշարժումն ինքնըստինքյան փաստում է նրա զորությունն ու շարժունակությունը։

Հատուկ պարզաբանման են կարոտ նաև երկու վերը հիշատակված դեպքերը՝ բյուզանդական մի զորամասի հայկական փոքրաթիվ ջոկատի հետ բախումը և Սիտտասի՝ Բագրատունյաց կանանց ու երեխաներին քարայրում կոտորելը։ Այս իրադարձությունները միաժամանակյա էին՝ տեղի էին ունեցել բյուզանդական բանակի, ըստ ամենայնի, Թեոդոսուպոլսից անմիջապես դուրս գալուց հետո։ Հետևաբար, առաջին՝ ապստամբները վերահսկում էին Թեոդոսուպոլսից դուրս ընկած ամբողջ շրջակայքը (այս առումով նկատենք, որ Կարինը Արշակունիների տոհմական շրջաններից էր)։ Երկրորդ՝ սկզբում բյուզանդական բանակը բաժանվել է և շարժվել տարբեր ուղղություններով՝ քիչ ուշ նորից միանալով։ Նման տրոհում Սիտտասը կարող էր թույլ տալ՝ միայն հավաստի տեղեկություններ ունենալով հայկական բանակի հիմնական ուժերի՝ անմիջական մոտակայքում չգտնվելու մասին։ Երրորդ՝ քարայրում սովորաբար թաքնվում էին, որպեսզի փրկվեն ամրոցներն ու բնակավայրերը գրոհող թշնամու զորքերից, և այնտեղ Սիտտասի իրագործած ջարդը հուշում է, որ մինչ այդ տեղի էր ունեցել Սիտտասի՝ հայկական զորքի հետ կատաղի մի բախում կամ հայկական ամրոցի գրոհ, որի ժամանակ բյուզանդացիները, հավանորեն, ցավալի կորուստներ էին տվել։ Դա էլ հենց միայն կարող էր առաջ բերել Սիտտասի անմարդկային դաժանությունը, որովհետև չմոռանանք, որ մինչ այդ Սիտտասն ամեն կերպ փորձում էր խուսափել հայերի հետ թշնամության հետագա խորացումից։ Չորրորդ՝ բյուզանդական բանակն անարգել կերպով չէր արշավում դեպի հայկական բանակի կենտրոնացման վայրը, այլ իր ճանապարհին հաղթահարում էր դիմադրության օջախներ։ Այդ դիմադրության բուն նպատակն էր, ամենայն հավանականությամբ, որքան հնարավոր է հյուծել թշնամուն՝ միաժամանակ ներքաշելով նրան գլխավոր ճակատամարտի համար Վասակ Մամիկոնյանի ընտրած վայրը։ Վարելով պաշտպանողական պատերազմ՝ Վասակը հրաժարվեց ճակատամարտել փոքրիշատե բաց տարածքում և հասավ իր ուզածին՝ ճակատամարտը տեղի ունեցավ խիստ կտրտվածություն ունեցող տեղանքում, որտեղ գովական լեգեոներների արդյունավետ մարտակարգերը և նրանց միջև փոխհամագործակցության կազմակերպումը զգալի չափով չեզոքացվում էին, փոխարենը՝ առաջին պլան էր մղվում տեղանքի լավ իմացությունը և ռազմիկների անհատական մարտական պատրաստությունը։

Եվս մեկ անգամ ընթերցենք Պրոկոպիոսի հաղորդումը. «Որովհետև երկու կողմերն էլ գտնվում էին դժվարանցանելի և զառիթափ տեղանքում, իրար դեմ կռվում էին ոչ թե մի տեղում կենտրոնացած, այլ ցրված՝ լեռների ստորոտներում և ձորերում»։ Այս կապակցությամբ տեղին կլինի մեջբերել ռազմական տեսության դասական Կարլ ֆոն Կլաուզեվիցի խորաթափանց դիտարկումը. «Զորքերի ազգային ոգին (եռանդը, ֆանատիկ մոլեռանդությունը, հավատը, համոզմունքները) ամենից առավել արտահայտվում են լեռնային պատերազմում, որտեղ յուրաքանչյուր մարդ, ընդհուպ մինչև առանձին զինվորը, ինքն իր գլխի տերն է… [Մինչդեռ] ջոկատները մեկ ձուլակտոր դարձնող հմուտ մարտական պատրաստությունը և կոփված արիությունը ամենավառ կերպով արտահայտվում են բաց դաշտում իրականացվող գործողություններում»։

Այնուհետև Պրոկոպիոս Կեսարացին նկարագրում է ճակատամարտի վճռորոշ պահը.

    «Այնպես պատահեց, որ հայերի մի փոքրաթիվ խումբ և Սիտտասը՝ իր զորքի մի փոքր մասով, հայտնվեցին իրար շատ մոտիկ։ Նրանց բաժանում էր մի ձոր։ Երկու հակառակորդներն էլ հեծյալ էին։ Սիտտասը փոքրաթիվ մարդականցով անցավ ձորը և շարժվեց հակառակորդների վրա, իսկ հայերը նահանջելով կանգ առան։ Սիտտասն այլևս չէր հալածում նրանց և կանգ էր առել։ Հանկարծ հռոմայեցի զինվորներից մեկը, ծագումով էրուլոս, որը հալածում էր թշնամիներին, զայրացած ետ վերադարձավ։ Սիտտասն այդ ժամանակ գետնի մեջ էր խրել իր նիզակը. Էրլուսի ձին մեծ թափով ընկավ նիզակի վրա և ջարդեց այն. դա անչափ տխրեցրեց զորավարին։ Մի հայ ճանաչեց նրան և հայտնեց մյուսներին, թե սա ինքը հենց Սիտտասն է։ Նրա գլխին սաղավարտ չկար, իր զորքն էլ փոքրաթիվ էր և դա հնարավորություն տվեց, որ թշնամին իրեն ճանաչի։ Սիտտասը, երբ լսեց հայի ասածը, քաշեց թուրը (իր նիզակը, ինչպես ասացինք, ջարդված ընկած էր գետնին) և որոշեց անմիջապես ետ անցնել ձորը։ Թշնամիները մեծ արագությամբ շարժվեցին նրա վրա և մեկը ձորում հասնելով նրան, թրի շեղ հարվածով վերք հասցրեց գլխին ու թեև գանգի կաշին լրիվ տարավ, բայց մետաղը չդիպավ ոսկորին։ Սիտտտասը նախկինից ավելի թափով առաջ նետվեց, սակայն Հովհաննեսի որդի Արտավան Արշակունին թիկունքից հարձակվելով, հարվածեց նիզակով ու սպանեց նրան։ Ահա այսպես անփառունակ վախճան ունեցավ Սիտտասը, վախճան, որին արժանի չէր առաքինի և թշնամիների հանդեպ [քաջություն] ցուցաբերած այդ մարդը։ Նա շատ գեղեցիկ էր, քաջ կռվող, լավագույն զորավար, ոչնչով չզիջող իր ժամանակի [զորավարներին]։ Ոմանք պատմում են, որ Սիտտասին սպանողը ոչ թե Արտավան էր, այլ Սողոմոնը՝ հայերի մեջ բոլորովին անհայտ մի մարդ»։

Վերոշարադրյալից հետևում է, որ Վասակ Մամիկոնյանն օգտագործելով տեղանքի առանձնահատկությունները, հաջողել է բյուզանդացիների բանակը մասնատել մանր խմբերի, ցրելով կամ նույնիսկ թույլ չտալով նրանց շարել իրենց ավանդական մարտակարգերը։ Միմյանցից կտրված կիրճերում և ձորակներում սկիզբ առած մեկուսի մարտերում հայկական զորքերն ի վերջո հաղթանակ տարան։ Պրոկոպիոսի հավաստիացումը, թե հայերն Սիտտասին ճանաչեցին իբր պատահականորեն՝ մարտի թոհուբոհում, բացարձակապես արժանի չէ վստահության։ Իրականում բյուզանդական բանակի գլխավոր հրամանատարը կարող էր ճանաչվել ոչ այնքան իր դիմագծերով, ինչպես, ըստ Պրոկոպիոսի, պատահել է այս դեպքում, որքան ավելի խոշոր հատկանիշներով և նշաններով, այդ թվում՝ ստրատեգոսի մարտական դրոշով, անձնական զինվորական տարբերանշաններով, հրամանատարական հանդերձանքով և այլն։ Ավելին՝ պատահականություն չի կարելի համարել նաև այն, որ Սիտտասի ջոկատի (որն անկասկած լավագույնն էր նրա բանակում) դեմդիմաց հայտնվել էր իր հանդգնությամբ ու փայլուն ռազմական ձիրքով արդեն հայտնի հայ երիտասարդ զորահրամանատար Արտավան Արշակունու գլխավորած ընտիր ջոկատը, որի առջև Վասակ Մամիկոնյանը, ըստ ամենայնի, ճակատամարտի հենց սկզբից խնդիր էր դրել գտնել և ոչնչացնել Սիտտասին։ Արտավանն ու նրա ջոկատը շահեցին այս առանձին վերցված մարտն ինչպես մարտավարական առումով՝ հմտորեն համադրելով նահանջն անսպասելի հակագրոհի հետ, այնպես էլ անհատական մարտական պատրաստությամբ՝ փորձառու և քաջ ռազմիկ Սիտտասի ու լեգեոներների դեմ մենամարտերում։

(Շարունակելի)

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#27 (190), 15 հուլիսի, 2011 թ.

This post is also available in: ,