Ադրբեջանցիների ազգակերտման պատմության համառոտ քրեստոմատիա

Ադրբեջանցիների ազգակերտման պատմության համառոտ քրեստոմատիա

Մոսկովյան ‹‹Ռուսկայա պանորամա›› հրատարակչությունում` ‹‹Կովկասյան հետազոտություններ›› շարքի շրջանակներում, լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի ‹‹ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն (պատմաազգաբանական ակնարկ)›› գիրքը` ռուսաց լեզվով: Աշխատության գիտական խմբագիրը և նախաբանի հեղինակն է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, գրախոսներն են` փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արթուր Ցուցիևը (Վլադիկավկազ, ՌԴ) և հումանիտար գիտությունների դոկտոր` Ռասա Չեպայտենեն (Վիլնյուս, Լիտվա): Գիրքը տպագրության է երաշխավորվել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) գիտական խորհրդի որոշմամբ (տնօրեն` պրոֆեսոր Վլադիմիր Զախարով):
Այս գիտական մենագրության նշանակությունը դժվար է գերագնահատել, հատկապես եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում ադրբեջանական պատմագրությունը բնիկ հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի զավթողական նկրտումների ուժգնացման պայմաններում թևակոխել է սեփական և տարածաշրջանային պատմության համընդհանուր կեղծման ու խեղաթյուրման մի նոր փուլ:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք ‹‹Խմբագրի առաջաբանը›› (էջ 9-10)` Թամարա Վարդանյանի հույժ այժմեական ուսումնասիրության մասին:
Մտքի տարբեր դպրոցներ, այդ թվում ֆունդամենտալ-գիտականն ու քաղաքական-կիրառականը, մեծ հետաքրքրություն են դրսևորում ազգակերտման (էթնոգենեզի) նկատմամբ: Էթնիկությանն առնչվող խնդիրների այս կարևորագույն բաղադրիչը հետազոտական գերակա ուղղություններից մեկն է գիտության մի շարք ճյուղերում, այդ թվում` պատմության, ազգաբանության, սոցիալական հոգեբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների համար: Սակայն էթնոսների ձևավորման և էթնիկ գործընթացների բարդագույն գիտական խնդիրները հաճախ են դառնում քաղաքական  նպատակներով կատարվող` գիտական կեղծ շղարշով պատած շահարկումների և կեղծարարության առարկա: Սա բխում է նրանից, որ էթնիկ ‹‹մենք››-ի ու ‹‹նրանք››-ի մասին պատկերացումներն էթնոսների քաղաքական ինքնագիտակցության և ենթագիտակցության անքակտելի մասն են, ըստ այդմ նաև արժեքավոր նյութ` ժողովրդական զանգվածների աշխարհայացքի ու հոգեբանության վրա նպատակամղված ազդեցություն իրագործելու համար: Հենց այդ պատճառով է, որ ազգակերտումը` պատմության կեղծարարների սիրած ուղղություններից է:
Պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի` ‹‹Ադրբեջանցիներ. մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն (պատմաազգաբանական ակնարկ)›› աշխատությունն անկասկած պատկանում է վերը նշված դպրոցներից առաջինին` ֆունդամենտալ-գիտականին: Հիմնվելով էթնոսի ժամանակակից գիտական տեսությունների մշակած դրույթների վրա` Վարդանյանը քննում է առանցքային նշանակություն ունեցող այնպիսի եզրութաբանական հասկացությունների պատմական համարժեքության հարցը, ինչպիսիք են` ‹‹ադրբեջանական էթնոսը››, ‹‹ադրբեջանցիների էթնիկ տարածքը››, ‹‹էթնիկ ադրբեջանցին››:
Հետազոտության թեմայի արդիականությունն ու հրատապությունն ակնհայտ են: Հայ-ադրբեջանական էթնոքաղաքական շարունակվող հակամարտության պայմաններում տակավին շատ սուր է զգացվում պատմաազգաբանական մի շարք խնդիրների գիտական անաչառ վերլուծության անհրաժեշտությունը` խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ ալեկոծել են Հայաստանի ու Ադրբեջանի ոչ միայն ակադեմիական շրջանակներին, այլև հասարակությանը: Չնայած ադրբեջանցի և ադրբեջանամետ մի շարք հեղինակների` պատմականության սկզբունքների բազմաթիվ խախտումների բացահայտմանն ու քննադատությանը, Վարդանյանն անշեղորեն պահպանում է գիտական էթիկայի և օբյեկտիվության կանոնները: Քննարկելով ադրբեջանցի պատմաբանների կողմնակալության պատճառները` նա իրավացիորեն նշում է, որ նրանք, ըստ էության, ստիպված են ապրել և ստեղծագործել նվաճողական նպատակներ հետապնդող քաղաքական իշխանությունների հրահանգների ու խստագույն վերահսկողության պայմաններում: Վարդանյանի գիտական բարեխղճությունն արտահայտվում է մասնավորապես նրանում, որ դրականորեն է ընկալում ադրբեջանցի որոշ հեղինակների նորագույն աշխատություններից մի քանիսը, որոնց հեղինակները ‹‹նույնիսկ վերևների ճնշումների պայմաններում փորձում են ազատագրվել հին ‹‹հարացույցներից››, վերանայել ու կազմալուծել խորհրդային պատմագրության մոտեցումները››: Միևնույն ժամանակ Վարդանյանը համապատասխան գնահատականներ է տալիս այն գրվածքներին, որոնց հեղինակները գիտակցաբար բռնում են պատմական խեղաթյուրումների և սեփական ժողովրդի զոմբիացման ճանապարհը, ինքնակամ դառնալով ոչ միայն Բաքվում իշխող հայատյաց վարչակազմի անհեթեթ քաղաքական պատվերների կույր կամակատարն ու պատմագիտությունն այդ նպատակին ծառայեցնելու ջատագովը, այլև վերջին հաշվով` հակամարտության ու պատերազմի հրահրողը:
Վարդանյանի ակնարկում կենտրոնական ուշադրությունը հատկացված է էթնիկ անվանման (էթնոնիմ) խնդրի վերլուծությանը, ընդ որում և ինքնանվանումներին (էնդոէթնոնիմ), և օտարների տված անվանումներին (էկզոէթնոնիմ): Սրանք նոր էթնոսի ստեղծման, ուրիշ էթնիկ հանրույթներից նրա վերջնական տարանջատման առաջնային ցուցիչն են: Մանրազնին ուսումնասիրելով և բացատրելով այսրկովկասյան մահմեդականների պատմականտարբեր էթնոնիմները, հեղինակը տալիս է տվյալ դեպքին առավել համապատասխան անվանումներ` նախաէնդոէթնոնիմներ և նախաէկզոէթնոնիմներ: Եվ իրոք` ‹‹ադրբեջանցի›› եզրը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ինքնանվանում` պոլիտոնիմ, այսինքն` հավաքական էթնոնիմ, որը միավորում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի և ներկայիս Ադրբեջանական Հանրապետության մահմեդականներին ու ոչ միայն թյուրքախոսներին:
Մեթոդաբանորեն սա միջառարկայական հետազոտություն է, քանի որ պատմագիտական ու ազգաբանական նշանակության հետ մեկտեղ ունի նաև քաղաքագիտական արժեքավոր բովանդակություն: Ընթերցողի առջև է, ես կասեի, մի համառոտ քրեստոմատիա, որը հիմնված է սկզբնաղբյուրների, գիտական գրականության և մամուլի մանրազնին վերլուծության վրա:
Անկասկած, Թամարա Վարդանյանի ակնարկը երկար ժամանակ սեղանի գիրք կլինի ադրբեջանական էթնոսն ուսումնասիրողների համար, մի էթնոս, որը գտնվում է, թերևս, իր ձևավորման ավարտական փուլերում, մի կարևոր վերապահմամբ սակայն` եթե առաջիկա տասնամյակներին պատմությունը արմատական ճշգրտումներ չկատարի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզին…


“Հայաստանի Զրուցակից” N.22 (231)

http://sobesednik.am/am/social/2944-2012-06-10-09-23-58

This post is also available in: ,