Դատական նիստի երկրորդ և… վերջին օրը առաջին ատյանի դատարանում

Դատական նիստի երկրորդ և… վերջին օրը առաջին ատյանի դատարանում
  1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆԱԼ ԵՎ ՄՆԱԼ ԱՆՊԱՏԻԺ, Գևորգ Յազըճյան, Պատ.գիտությունների թեկնածու, Ardarutyun.org, 4.12.2009
  2. Կեցցե մեր արդար դատարանը, աշխարհի ամենա~արդարը… , Գոհար Փիլթոյան, Armar.am, 04.12.2009
  3. «Արարատ»-ը գնալու է մինչեւ վերջ
    , Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Yerkir.am, 05.12.2009
  4. Կովկասյան ինստիտուտ»–ի տնօրենը մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռ պապը չէ
    , 7or.am, 05.12.2009

ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆԱԼ ԵՎ ՄՆԱԼ ԱՆՊԱՏԻԺ

Ուրբաթ, 2009թ. դեկտեմբերի 4-ի ժամը 16:00-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում (դատավոր` Կարինե Պետրոսյան) շարունակվեց «Արարատ» ՌԿ դատական հայցը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դեմ` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող և ուրացող հրապարակումների համար: Դատական վարույթն սկսվել էր երեկ և մինչև այսօրվա հիշյալ ժամն ընդմիջվել, որպեսզի դատավորը դատական ակտի տեսքով գրավոր կերպով հայտնի իր կարծիքը տվյալ հայցը կարճելու`պատասխանող կողմի միջնորդության մասին։

Նիստը կայացավ նույն վայրում` դատարանի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող շենքի թիվ 10 դահլիճում: Նիստն սկսելու պահին ներկա էր շուրջ 20 հոգի, առավելաբար զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մի քանի մտավորականներ և ուսանողներ, ջախջախիչ մեծամասնությամբ` հայցորդի կողմնակիցներ: Այսօր բացակայում էին երեկվա նիստին ներկա լինելու «համարձակությունն» ունեցած երկու հեռուստաընկերությունների լրագրողները: Փակագիծ բացելով նշենք, թե այս դատին առհասարակ ներկա չգտնվեց ՀՅԴ «Երկիր-մեդիա» հեռուստաընկերությունը. սա էլ ի գիտություն Հայ դատի նախանձախնդիր (??!!) ՀՅԴ-ի` ՀՀ ղեկավարության պարտվողական քայլերից իսկապե´ս տագնապող անդամների ու համակիրների…

Այսօրվա նիստին, երեկվա նիստի նման, ներկա էին հայցորդի ներկայացուցիչները` «Արարատ» ՌԿ տնօրեն Արմեն Այվազյանը և փաստաբան Արթուր Գրիգորյանը և պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Վերջինս, երեկվա նման, իրեն շատ հանգիստ էր զգում դատարանի դահլիճում: Հայտնապես, նրան հե´նց սկզբից հայտնի էր դատական գործընթացի արդյունքը: Չէ՞ որ իր «շեֆը»` ՀՀ-Թուրքիա իշխանությունների սիրաբանության հակահայկական գործընթացի աշխուժացման հետ բավականին աշխուժացած և ՀՀ հեռուստաընկերությունների ամենաշատ հյուրընկալած «աստղերից» մեկի վերածված ալեքսանդր իսկանդարյանը (սրա անունը գրում եմ հայոց այբուբենի փոքրատառերով, քանի որ, ի շարս հայկական այլ արժեքների, նա հետևողականորեն անարգում է հայոց լեզուն, թեև ավելի ճիշտ կլիներ գրել թուրքերենով` Iskender Iskenderoglu ձևով) մի հեռուստաելույթի ժամանակ շատ ինքնավստահ կերպով հայտարարել էր, թե դատը ընդամենը հինգ րոպե է տևելու…

Մեր օրերի այս Նոստրադամուսը մի փոքր սխալվեց` եթե նկատի ունենանք այսօրվա նիստը միայն: Նրա կանխագուշակումը իրականացավ… պլանի գերակատարումով: Արդարև, տիկին Կարինե Պետրոսյանը ներկայացավ և անթաքույց անտարբերությամբ հապճեպ ընթերցեց «հանուն Հայաստանի Հանրապետության» իր կայացրած վճիռը` ԿԱՐՃԵԼ ՀԱՅՑԸ: Այս տիկինը վստահաբար չէր հասկանում, թե ի~նչ ահավոր հանցագործություն էր գործում նման վճռի հրապարակումով, այն էլ` «ՀՀ անունից»: Ընթերցումը տևեց ընդամենը 1 րոպե 15 վայրկյան, որով ալեքսանդր իսկանդարյանը քառապատիկ սխալած դուրս եկավ իր կանխագուշակման ժամանակի հարցում…

Արձանագրած «հաղթանակից» թևեր առած` պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն այսօր ևս նիստից անմիջապես հետո խույս տվեց լրագրողներից ու անմիջապես հեռացավ դատարանի տարածքից: Մեր ժողովուրդն իզուր չի ստեղծել «Գող` սիրտը դող» իմաստուն ասացվածքը…

Այսպիսով, յամի Տեառն 2009 թուականին, իբրև թե հայկական պետություն հայտարարված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի «դատարանում» «դատավոր» ոմն Կարինե Պետրոսյանի ձեռքով, իրականում`ՀՀ ամենաբարձր իշխանության անմիջական հրահանգով, ՀՀ-ում կատարվեց մի քայլ, որն անհնար էր նույնիսկ ամենավատ երազում երևակայել ընդամենը մեկ-երկու տասնամյակ առաջ:

Այս վճռի չբողոքարկման դեպքում, ՀՀ-ում այսուհետ որևէ արարած, այդ թվում` թուրք թշնամիներ, կարող են Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ առնող կամ ուրացող հրապարակումներ, տեսանյութեր և այլն հրապարակել ու տարածել անպատիժ կերպով` ունենալով ՀՀ իշխանությունների բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը:

Մի անգամ ևս շեշտենք, թե կասկածից դուրս է, որ այս խայտառակ դատավճիռը կայացվել է ՀՀ ամենաբարձր իշխանությունների թելադրանքով, որով մի անգամ ևս ապացուցվում է, թե ՀՀ-ում դատական իշխանության անկախություն կոչված հասկացությունը պատկանում է ֆանտաստիկայի բնագավառին:

Մյուս կողմից, ինչպես նիստից հետո իր տված իրավագիտական գնահատականում նշեց հայցորդի փաստաբան Արթուր Գրիգորյանը, նման վճիռ կայացնելով, ՀՀ դատարանը փաստորեն կատարեց ապօրինություն` ՀՀ քաղաքացուն և իրավաբանական անձին զրկելով դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու` ՀՀ սահմանադրությամբ, օրենսդրությամբ և ստորագրած միջազգային փաստաթղթերով ամրագրված տարրական իրավունքից:

Ավելորդ չէ հիշեցնել, թե նման խայտառակությունն արձանագրվում է մի իշխանության օրոք, որն իր գաղափարախոսությունը հայտարարել է նժդեհյան ցեղակրոնությունը. սրանից ավելի մեծ անարգանք Նժդեհի հիշատակին` անհնար է երևակայել։

Իսկապես, հարց է ծագում. եթե դատարանը կարճելու էր հայցը, ինչո՞ւ էր դա դատական վարույթ ընդունել: Սա տրամաբանական տարրական մի հարց է, սակայն խնդիրը հենց այն է, որ ՀՀ-ում շատ երևույթներ հեռու են տարրական տրամաբանությունից… ՀՀ-ի իշխանությունների և հասարակության մեծ մասի, այդ թվում իրենք իրենց մտավորական հորջորջողների համար` «ազգային ու մարդկային պատիվ», «ազգային ու մարդկային արժանապատվություն» ու նման հասկացություններ վաղուց հանգրվանել են նմանների հիշողության աղբանոցում…

Այս բոլորը զարմանք չեն հարուցում մի պետության մեջ, որի իշխանությունները, ստորագրելով ՀՀ-Թուրքիա արձանագրությունները` համընդհանուր պատերազմ հայտարարեցին ոչ միայն Հայոց ցեղասպանության հիշատակման ու նրա քաղաքական գնահատականի, այլև առհասարակ հայոց պատմության, այսինքն` մեր ռազմավարական մեծագույն և հզորագույն պաշարներից մեկի` պատմական հիշողության դեմ:

Այս ամբողջ խայտառակությունից հետո, իրավունք չունե՞նք չակերտների մեջ դնելու ոչ միայն տիկին Կարինե Պետրոսյանի դատավորի կոչում-հանգամանքը, այլև նույնինքն ՀՀ-ի` որպես հայության շահերը իբրև թե պաշտպանելու կոչված պետության` որպես այդպիսին (պետություն) լինելը:

ՀՀ դատարանի վճիռը, մեր համոզումով, հե´նց հրապարակման պահից դառնալու է թուրքական, ադրբեջանական և նրանց հովանավոր-գաղափարակից արևմտյան-ռուսական ու այլազգի զանգվածային լրատվամիջոցների գլխավոր լուրերից մեկը: Նրանք և այդ երկրների քաղաքական ղեկավարությունները ինչո՞ւ այդպես չնշեն իրենց արձանագրած հերթական գոլը հայկական խաղադաշտի` դարպասապահից և պաշտպաններից զուրկ դարպասին, այն էլ «հայկական» դատարանի այնպիսի~ ինքնագոլով (սեփական դարպասի գրավում), որն իր հարվածի ուժգնությամբ նաև պատռեց դարպասի ետևի ցանցը և իր թափով սպառնում է նաև խաղի հանդիսականների քիթ-մռութին…

Ամբողջ հայությունը կոչված է համընդհանուր ընդվզելու ՀՀ դատարանի այս ամոթալի, անպատիվ ու զազրելի վճռի դեմ: Դուք և մենք բոլորս ԿՈՉՎԱԾ ԵՆՔ գործո´ն և գործնակա´ն ցասումով ապացուցելու, թե չենք մոռացել Խաչատուր Աբովյանի խոսքը. «Այդ ո՞ւմ դեմ եք սուր բարձրացրել: Հայոց մեծ ազգին դուք չե՞ք ճանաչում>…

Գևորգ Յազըճյան

Պատ.գիտությունների թեկնածու
Ardarutyun.org, 4.12.2009


Կեցցե մեր արդար դատարանը, աշխարհի ամենա~արդարը…
Armar.am, 04.12.2009

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և` հաշված րոպեների ընթացքում ավարտվեց դատական նիստը, որտեղ պետք է քննվեր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի։

Դատավոր Կարինե Պետրոսյանի թեթև ձեռքով դատական այս ատյանում գործը րոպեների ընթացքում կարճվեց։ Որևէ պարզաբանում, որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ դատական վարույթ ընդունված այս գործը կարճվեց առանց քննության, չհնչեց գործը քննող դատավորի կողմից։ Որևէ հիմնավորում չկար նաև կողմերին տրամադրված վճռի ամբողջական տեքստում։ Փոխարենը՝ դատավորն իր խոսքը եզրափակեց` այս գործի հետ ամենևին կապ չունեցող մի նախադասությամբ. «Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո։ Վճիռը չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»։ Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են։

Մենք փորձեցինք կայացված վճռի և, ընդհանրապես, այս դատական գործի մասին իմանալ «Կովկաս» ինստիտուտի շահերը պաշտպանող Վահագն Գրիգորյանի կարծիքը։ Ինչպես և երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում և դրա ավարտից հետո, այսօր ևս` ակնհայտ էր, որ Վ. Գրիգորյանն ուղղակի խուսափում է լրատվամիջոցների հետ շփումից։

Թերևս նկատելով, որ իր խույս տալը փախուստի պես մի բան է ստացվում, Գրիգորյանն, այնուահանդերձ, որոշեց պատասխանել մեր` մեկ-երկու հարցին: Նկատեց, թե իր կարծիքով, հայցն ընդհանրապես ենթակա չէր դատարանում քննության, որովհետև, իր մեկնաբանմամբ, այն իր մեջ վեճ չէր պարունակում։ Մեր հաջորդ հարցին, թե՝ այդ դեպքում ի՞նչ հարթության մեջ պետք է «քննության առնել» Հայոց Ցեղասպանությունը ժխտողների գործերը, պատասխանող կողմի ներկայացուցիչը պատասխան չուներ, հետևապես, նախընտրեց լռել ու ոչինչ չասել… Այսինքն, նույն Գրիգորյանի տրամաբանությամբ, քաղաքացիական որևէ գործ քննելու համար նախ պետք է «ակնհայտ վիճահարույց» թեմա լինի, մինչդեռ, նույն անձի դիտարկմամբ` ցեղասպանության հերքումը վիճահարույց թեմա չէ։

Ի՞նչ է ստացվում. ենթադրվում է, որ այս թեման դատարանում քննելի դարձնելու համար, երևի թե, պետք է մեկի բերանը ջարդել,(բնականաբար, Հայոց Ցեղասպանությունը հերքել հանդգնողի), որ հետո արդեն՝ ոչ քաղաքացիական վարույթով, մանր խուլիգանության հոդվածով ներկայանաս դատարան ու վերջինիս ստիպես քննել այդ «խուլիգանության» դրդապատճառը հանդիացող վեճի էությունը…

Պարզաբանելով կայացված վճիռը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչն արդեն իսկ ակնկալվում էր` երեկ տեղի ունեցած դատական նիստում ներկայացրած հայցի և դրա պահանջների նկատմամբ դատավոր Կարինե Պետրոսյանի անլուրջ վերաբերմունքից։

«Այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն առանց որևէ բացատրության` կարճվեց։ Իհարկե, այս վճիռը բողոքարկվելու է բոլոր ատյաններով, սակայն պետք է հասկանանք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը անխուսափելիորեն հանգեցնելու էր նաև նման երևույթների, որ ՀՀ դատական իշխանությունը ևս ստանձներ ի կատար ածել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ուղղված գործողություններ, այդ թվում հրաժարվեր պաշտպանել հայ ժողովրդի ազգային արժանապատվության հարցը` դատական կարգով քննելուց։ Այսինքն՝ մենք ունենք պետական համակարգ, որի և’ գործադիր, և’ դատական իշխանությունը քայլեր է կատարում, որոնք կտրուկ հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և աջակցում են Հայաստանի և հայ ժողովրդի ոխերիմ թշնամուն՝ Թուրքիային, նրա հակահայկական քաղաքականության մեջ։ Կարճելով այս գործը, նույնիսկ հնարավորություն չտալով, որ մենք դատական կարգով ներկայացնենք ու պաշտպանենք մեր իրավունքները, դրանով իսկ այսօրվա դատավորը դուռ բացեց, որ վաղը Հայաստանում ազատորեն հրապարակվեն Հայոց Ցեղասպանությունը ժխտող հոդվածներ, գրքեր, հնչեն ելույթներ, իրականացվի համակարգված քարոզչություն։ Վաղ թե ուշ, այսօրվա դատավորը կրելու է իր արարքի պատասխանատվությունը, և կրելու է` ՀՀ դատական իշխանության առջև»,- հայտարարեց Արմեն Այվազյանը։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը իրավական տեսանկյունից պարզաբանելով կատարվածը նշեց, որ եթե կար գործի քննությունը դատարանում բացառող հանգամանք, այդ դեպքում, ի սկզբանե, այդ գործը դատական վարույթ չպետք է ընդունվեր։ Իսկ եթե ընդունվել է ու նշանակվել է դատավարություն, ապա… «Սա ինքնին մտածելու տեղիք է տալիս։ Նշանակում է, որ այդ չակերտավոր կարճման հիմքերն ի հայտ եկան հետագայում ՝ պայմանավորված ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում և քաղաքական»:

Նշվեց նաև, որ այս վճռով, ըստ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի կետի, խախտվել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի իրավունքը։ «Վճիռը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, եթե այնտեղ էլ նույնանման պատասխան տրվի, անպատճառ բողոք կներկայացվի նաև վճռաբեկ դատարան։ Եթե այնտեղ դարձյալ նույնը որոշվի, ապա ՀՀ-ի դեմ հերթական գործը կներկայացվի Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը։

Գոհար Փիլթոյան


«Արարատ»-ը գնալու է մինչեւ վերջ
Yerkir.am, 05.12.2009

Դեկտեմբերի 3-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Կովկաս ինստիտուտ» հիմնադրամի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցադիմումի քննարկման առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ «Կովկաս ինստիտուտ»-ը 2008 թվականին Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերտառությամբ ռուսալեզու գիրքը, որում, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» հոդվածը: Հեղինակը, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում 1893-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությանը, այդ պատմական փաստը վիճարկման եւ կասկածի է ենթարկել ինչպես բացահայտ հայտարարություններով, այնպես էլ իրավական նշանակություն ունեցող ցեղասպանություն տերմինը 34 անգամ չակերտների մեջ գործածելով:

Հարկ է նկատել, որ թե՛ անգլերենում եւ թե՛ ռուսերենում չակերտներ դրվում են այն բառից առաջ եւ հետո, որը կիրառվում է հեգնական իմաստով կամ երբ կիրառողը դրանով կասկած է հայտնում կամ կասկածի տակ դնում տվյալ բառի իմաստը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը պահանջում է դատարանից` պատասխանողին Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնել, Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելել եւ փոխհատուցել վնասը: Հայցվոր կողմը պահանջում է խորհրդանշական 1 դրամ:

Դատական նիստի առաջին օրը պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց` նշելով, թե հայցը ներկայացվել է միայն Ցեղասպանություն բառը չակերտավոր օգտագործելու դեմ: «Հայցվոր կողմը այս միջնորդությունն անհիմն է համարում, քանի որ, բացի Ցեղասպանություն բառի չակերտավոր գործածումից, ինչն ինքնին արդեն հանցագործություն է, նաեւ բացահայտ տեքստով Ցեղասպանության ժխտում կա»,- ասաց հայցվոր կողմի փաստաբան Ա. Գրիգորյանը: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի խոսքով էլ, այս հայցը, ըստ էության, մեր դատական համակարգում նախադեպային երեւույթ է:

«Եթե չբավարարվի հայցը, ապա դա կնշանակի, որ ՀՀ-ում այսուհետեւ կարելի է հրապարակել Ցեղասպանությունը ժխտող հոդվածներ, ելույթներ ունենալ, քարոզ կատարել` այսպիսով խախտելով ե՛ւ ՀՀ ազգային անվտանգության կենսական պահանջները, ե՛ւ հայ ժողովրդի հանրային շահը, ինչպես նաեւ հարված հասցնել հայի արժանապատվությանը»,- ասաց Ա. Այվազյանը:

Եվ երեկ, քննարկելով պատասխանող կողմի միջնորդությունը, դատավոր Կարինե Պետրոսյանը, առանց որեւէ լուրջ հիմնավորման, հայտարարեց, թե կարճում է գործի վարույթը:

Նշվեց, որ Ցեղասպանություն բառի չակերտավոր գործածման խնդիր կա, սակայն ՀՀ օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի պահանջում: Մեկնաբանելով դատարանի որոշումը` Արմեն Այվազյանը նկատեց, որ նման որոշումը շատ վտանգավոր է եւ դուռ է բացում այն առումով, որ Հայաստանում այսուհետ ազատորեն կարելի է հրապարակել, խոսել եւ կասկածի տակ դնել Ցեղասպանությունը:

Նա նկատեց, որ մեր օրենսդրությունը սահմանում է բարոյական վնասի փոխհատուցում, իսկ այդ դեպքում վիրավորանք է հասցվում հայության արժանապատվությանը: «Ըստ էության, մեր հայցադիմումին պատասխաններ չտրվեցին, թույլ չտվեցին, որ դատ տեղի ունենա»,- ասաց Ա. Այվազյանը` նկատելով, որ սրա հետեւանքները շատ սպասել չեն տան:

«Արարատ» կենտրոնը պատրասվում է բողոքարկել դատարանի որոշումը տարբեր ատյաններում, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ


Կովկասյան ինստիտուտ»–ի տնօրենը մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռ պապը չէ

7or.am, Դեկտեմբեր 05, 2009

«Կովկասյան ինստիտուտ»–ի տնօրենը մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռ պապը չէ
«Կովկասյան ինստիտուտ»–ի տնօրենը մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռ պապը չէ

Վերջերս «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը դատի է տվել «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամին և վերջինի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանին:

Հիմնադրամը մի ժողովածու էր հրապարակել, որտեղ թուրք ուսումնասիրողի հոդվածում «ցեղասպանություն» բառը 34 անգամ չակերտների մեջ է գրված եղել, և հերքվել է Ցեղասպանության փաստը։

Այսօր «Հայելի» ակումբում այն հարցին, թե ինչո՞ւ չի ներկայանում դատական նիստերին, Ա. Իսկանդարյանը պատասխանել է, որ մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռը պապ չէ, իսկ պարզից էլ պարզ է, որ չի կարող իր ժողովածուում տպագրված հոդվածների բոլոր հեղինակների կարծիքների հետ համամիտ լինել։

Սակայն նույն ակումբում Ա. Իսկանդարյանի հետ բանավիճող կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը հայտարարել է, որ եթե տվյալ դեպքում խոսքը պարզապես Ա. Իսկանդարյանի հեղինակած ժողովածուի մասին է, ապա 1999թ. Մոսկվայում տպագրված իր իսկ հոդվածում Ա. Իսկանդարյանը գրել է, որ Հայաստանի արևմտյան հողերը ոչ թե հայերի պատմական տարածքն են, այլ բնակեցված են եղել հայերով։ Իսկ Ղարաբաղում հայերի բնիկության մասին խոսելիս «բնիկություն» բառը վերցված է եղել չակերտների մեջ։ Հայաստանի առաջին հանրապետության մասին էլ Ա. Իսկանդարյանը գրել է՝ այսպես կոչված՝ առաջին հանրապետություն, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին նշել է, որ այն դարձել է ամենամյա միջոցառումների սիրված վայր։

Այս ամենին ի պատասխան՝ Ա. Իսկանդարյանն ասել է, որ դա գիտական թեմա է, և գիտական մակարդակում ինքը պատրաստ է այն քննարկել, բայց այսօր պարզապես արդարանալ չի պատրաստվում։

7or. am

This post is also available in: ,