Ծիծաղելիի և ողբերգականի արքաները

Ծիծաղելիի և ողբերգականի արքաները

Հայաստանի զրուցակից, 11 դեկտեմբերի, 2009, #45 (116)

Դատավորը հովանավորում է ցեղասպանությունը ժխտողին

Մենք տեղյակ ենք, որ որոշ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք է համարվում: Այդ առումով կիրառվում է նաև դատական պրակտիկա, արդեն կան քրեական պատասխանատվության ենթարկված մարդիկ: Մասնավորապես` Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Բայց դուք գիտե՞ք, որ նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, մեր երկրում այդպես չէ, մեր երկրում անգամ դեռ չսկսված գործը դատարանում կարճում են ու… գնա տուն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Կարինե Պետրոսյան) այսպե՛ս սկսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցի քննությունը՝ ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի. նա Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի՝ զետեղել է նաև թուրք Այբարս Գյորգյուլուի՝ Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածը: Թուրք հեղինակը 34 անգամ ցեղասպանություն բառն օգտագործել է չակերտների մեջ, միաժամանակ արել է ցեղասպանությունը ժխտող բացահայտ հայտարարություններ, մասնավորապես` «ցեղասպանության չհիմնավորված պնդումներ» և այլն:
Նախ ասենք, որ ինքը` Ալեքսանդր Իսկանդարյանը, չէր ներկայացել դատարան. հարկ չէր համարել, դատարանում երևում էր իր ներկայացուցչի տեսքով:
Դատը սկսվեց ու… ավարտվեց պատասխանող կողմի` Ալեքսանդր Իսկանդարյանի «մարդու»` Վահագն Գրիգորյանի՝ իրար հետևից արած երկու միջնորդություններով ու դատավորի կողմից դրանց բավարարմամբ:
Առաջին միջնորդությամբ Վահագն Գրիգորյանը պնդեց, որ դատական գործընթացը չպետք է տեսագրվի: Դե, եթե նա այդպես է ուզում, դատավորն էլ հլու-հնազանդ պետք է կատարի պահանջը:
Հաջո՛րդ միջնորդությունը. ոչ ավելի, ոչ պակաս՝ դատական գործը պետք է կարճվի: Դատավորն ընդմիջում հայտարարեց, նիստը նշանակեց հաջորդ օրը: Հաջորդ օրը եկավ ու այս միջնորդությունն էլ բավարարեց. դե՛, արդեն ցրվեք ձեր տները, էլ հարց չկա, գնացեք ու մոռացեք, որ Ալեքսանդր Իսկանդարյան անուն-ազգանունով մարդը ցեղասպանությունը ժխտող նյութեր է հրատարակում Հայաստանի մեջ` Երևանում և օտար լեզուներով տարածում: Այսքա՛նը: Վե՛րջ:
Անհասկանալի, անըմբռնելի…
Լավ, ես ուզում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հասկանալ դատավոր Կարինե Պետրոսյանի տրամաբանությունը. ինչո՞ւ չի կարելի տեսագրել դատական գործընթացը, ինչո՞ւ հեռուստաօպերատորներին դուրս հրավիրեց: Մարդկանց հոգեբանության վրա կարող էր հիվանդագին ազդեցությո՞ւն թողնել քննարկվող նյութը կամ գուցե ազգային անվտանգությունը շոշափող հարցեր ու հարցադրումնե՞ր էին հնչելու: Անկեղծորեն ասած` չեմ կարողանում քիչ թե շատ տրամաբանական բացատրություն գտնել, կամ ինչ որ հիմնավորում ինձ համար հասկանալի դարձնել:
Միայն մի բացատրություն է մնում. պետք չէ, որ մեր հասարակությունը տեղյակ լինի՝ դարասկզբին Օսմանյան Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ուրիշը կա՞: Գուցե ասեք՝ որպեսզի Ալեքսանդր Իսկանդարյանի կերպարը հասարակության աչքում անխաթա՞ր մնար (եթե մեղավոր չէ, իհարկե): Է, թող էլի մնար. դատարանը հենց նրա համար է, որպեսզի թացը չորից ջոկի ու հանրությանը ցույց տա, թե ով ով է, և ինչն ինչ է:
Հիմա` հիմնականի մասին. կարճում ես գործի վարույթը: Սովորական լեզվով ասած` հայտարարում ես՝ այստեղ հանցակազմ չկա, Ալեքսանդր Իսկանդարյանն ինչքան ուզում է՝ կարող է գրքեր տպել, նրանցում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող հոդվածներ ներդնել: Ո՛չ իր, այլ ուրիշ հեղինակների միջոցով ու նրանց բերանով ասել, որ ցեղասպանություն չի եղել: Կարող է ասել ու մի կողմ քաշվել. ինքը ի՞նչ է արել որ: Ինքը հո մեղավոր չէ՞. գրքի նախաբանում ասել է, չէ՞, որ պատասխանատվություն չի կրում հոդվածների բովանդակության համար:
Իսկանդարյանը թող մնա իր սոփեստության մեջ, Աստված իր հետ: Բայց դու որ դատարան ես, հայոց դատարան ես` չե՞ս տեսնում, որ այստեղ գործ ունենք պարզ փարիսեցիության հետ: Եթե նա իրոք այդպես էր մտածում, ապա պատասխանատվություն չկրելու մասին հերթապահ խոսքերի փոխարեն կարող էր պարզապես գրքի նախաբանում կամ հոդվածին կից ծանոթագրության մեջ իր անունից հերքել թուրքի պնդումները:
Լա՛վ, մարդը կարո՞ղ է արդյոք նման դեպքերում այդպես հեշտ ու հանգիստ ազատվել նաև օրենքի պատասխանատվությունից: Հիշենք, որ գուցե գիտակցաբար, գուցե ոչ գիտակցաբար նա թուրքի տեսակետ-կարծիքները տարածել է: Դուրս է գալիս, որ մարդը կարող է նպաստել մեկ այլ մարդու ապօրինությանը, ապա հայտարարել, որ ինքը պատասխանատվություն չի կրում նրա արածի համար, ու ջրից չոր դուրս գալ:
Հարգելի դատավոր, ո՞ւր մնաց մեր Սահմանադրությունը, որը բխում է Հռչակագրի դրույթներից, ո՞ւր մնաց մեր քաղաքացիական օրենսգիրքը, որը պատիժ է նախատեսում արժանապատվությունը վիրավորող գործողությունների համար (այս դեպքում ամբողջ ազգի արժանապատվության մասին է խոսքը): Կամ ո՞ւր մնացին միջազգային տարատեսակ համաձայնագրերն ու պայմանագրերը, որոնց միացել է մեր երկիրը, և որոնք ցեղասպանության մերժումը համարում են ցեղասպանության շարունակություն: Ե՛ս չէ, որ այդ մասին ձեզ պետք է ասեմ. դուք ինձնից լա՛վ գիտեք դրանց գոյության մասին: Իսկ գուցե դատավորն անտեղյա՞կ է մեր Սահմանադրությունից և օրենքներից:
Շան գլուխը
Մի բան էլ. եթե ինչպես դատարանը հայտարարեց վարույթը կարճելու վերաբերյալ, որ հարցը չպետք է դատարանում քննարկվի, չկա դատարան դիմելու և դատական պաշտպանության իրավունքը իրացնելու հիմք, ապա նախապես ինչո՞ւ էին գործը դատական վարույթ ընդունում: Եթե ընդունել են, ապա նախապես հիմք տեսել են, չէ՞: Իսկ եթե տեսել են՝ ինչո՞ւ գործը կարճեցին:
Ա՛յ, հենց այստե՛ղ է թաղված շան գլուխը: Կարճեցին, որովհետև այդպես «որոշեցին» վերևներում: Որոշեցին և հրահանգեցին հլու-հնազանդ անկախ դատարանին: Կամ էլ, ո՞վ գիտե, կարճման հիմքերը հետո՞ «առաջացան»` ինչ-ինչ անհրաժեշտություններից ելնելով. դե, թուրքերի հետ մտնում ենք գործնական հարաբերությունների մեջ, և այլևս բարոյական դաշտի, այս դեպքում արդեն` նաև իրավական դաշտի ամեն խոսակցություն պետք է ածանցյալ դառնա: Անգամ ցեղասպանության մասին հարկ է զգուշությամբ արտահայտվել, հանկարծ ու նեղացնենք մեր հնարավոր գործընկերոջը:
Մի բան էլ հասկանալի է. եթե Ալեքսանդր Իսկանդարյան քաղաքագետը իրենց` իշխանությունների մարդը չլիներ, կլինե՞ր հայոց հեռուստաեթերի ամենավառ աստղը. ամեն լավ ու վատ, ամեն լուրջ ու անլուրջ հեռուստաալիքներով նրան կլսեի՞նք… Ամեն ինչ առավել քան հասկանալի ու պարզ է:
…Սա էլ լիցքաթափվելու համար՝ երգիծանքի ժանրից. դատն արդեն սկսվում է, ամենքն իրենց տեղում են, սպասում են դատավորի մուտքին: Իսկանդարյանի ներկայացուցչի` Վահագն Գրիգորյանի հեռախոսը զնգում է: Սկսում է խոսել, տեսնում է` երկարում է, ընդհատում է զրույցը ու դառնում զրուցակցին` հիմա զբաղված եմ, կես ժամից ես քեզ կզանգեմ: Դահլիճում գտնվողներն ակամա նայեցին իրար երեսի. լա՛վ, այս տղան որտեղի՞ց գիտեր, որ գործը կարճվելու է, ու դատ չի լինելու: Պարզվում է` գիտեր…
Ի՞նչ տեղի ունեցավ…
Դատավոր Կարինե Պետրոսյանը գիտակցե՞ց, թե ինքն ինչ արեց: Գիտակցե՞ց, որ քննությունը մերժելով` պարզապես նախադեպ ստեղծեց երկրում: Որ այսուհետև տեղից վեր կացողը կարող է անարգել ասել-խոսել, դատողություններ անել ցեղասպանության մասին, կարող է անգամ նրա իսկությունը կասկածի տակ առնել: Գիտակցե՞ց, որ դուռ բացեց նորանոր ժխտումների առաջ: Գիտակցե՞ց, որ սա այն դեպքն է ու այն դաշտն է, ուր լիբերալիզմը բնավ արդարացված չէ, ավելին` վտանգավոր է: Որ հարցը վերաբերում է մեր երկրի կենսական շահերի պաշտպանությանը, որ սեղանին դրված է մեր ժողովրդի արժանապատվության խնդիրը…
Մեր օրերի աբսուրդը
…Իսկ հայցադիմումի հեղինակը` «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, աներեր է՝ դիմելու է և Վերաքննիչ, և Վճռաբեկ դատարաններ: Եթե նրանք էլ գործը չլսեն՝ հայցով կմտնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ա՛յ, այդ ժամանակ շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, փաստորեն` դատ Հայաստանի Հանրապետության դեմ` Հայոց ցեղասպանությունն ուրանալու մեղադրանքով: Իրավիճակ, որը կլինի շա՜տ ծիծաղելի, եթե չլինի… ողբերգական:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

This post is also available in: ,