Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը դատապարտում է

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը դատապարտում է

Երեւան, Yerkir.org
Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն

23 դեկտեմբերի 2009թ.

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը դատապարտում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի սուտը

2009թ. դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը հանդես է եկել ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի վերաբերյալ Վրաստանի արտգործնախախար Գրիգոլ Վաշաձեի սուտը դատապարտող հայտարարությամբ, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

_______________

Փարիզ, դեկտեմբերի 22, 2009թ.

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը


Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը:


Պատասխանելով Վահագն Չախալյանի գործի եւ դատավարության վերաբերյալ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլանի հարցին՝ Վրաստանի արտգործնախարարը ստեց ջավախքահայ քաղաքական գործչի դատապարտման պատճառների եւ դատավարության արդարացիության աստիճանի վերաբերյալ:


Հայտարարելով, որ Վրաստանի տվյալ հայազգի քաղաքացին (առանց նրա անունը նշելու) մեղադրվում է երրորդ երկրի (իմա՝ Ռուսաստանի) հետ համագործակցելու մեջ՝ Գրիգոլ Վաշաձեն անգիտակցաբար եւ ակամա հրապարակայնորեն ապացույց տվեց առ այն, որ Վահագն Չախալյանը հանդիսանում է ոստիկանական դավադրության եւ անարդար դատավարության զոհ:


ՖՀԿՀԽ-ը հիշեցնում է, որ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «զենք-զինամթերքի անօրինական պահպանման», ինչպես նաեւ՝ «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցության» եւ «խուլիգանության» համար: 2009թ. հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը թողել է տվյալ դատավճիռն անփոփոխ:


Ինչ վերաբերվում է նախարարի այն պնդման, որ Չախալյանն ունի երկու-երեք տարբեր ծագման փաստաբան, եւ վրացական օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա փաստաբաններին պաշտպանել մեղադրյալի շահերը Վրաստանի դատարաններում, ապա դրանով Գրիգոլ Վաշաձեն նորից ցույց տվեց իր ունկնդիրներին թյուրիմացության մեջ գցելու մտադրություն:


ՖՀԿՀԽ-ը հիշեցնում է, որ նախարարը միտումնավոր լռում է այն մասին, որ օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանությունը թույլատրող դրույթը օրենքից հանվել է 2009թ. հունիսի 24-ին, իսկ ֆրանսիացի փաստաբանի գրանցման դիմումը տրվել էր դեռեւս 2008թ. նոյեմբերին: Վրաստանի արդարադատության նախարարությունը մշակել է, իսկ վրացական խորհրդարանն հապճեպորեն ընդունել է օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացումն արգելող օրենսդարական փոփոխությունները՝ դրանով խախտելով Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետը, ինչպես նաեւ Վրաստանի սահմանադրության 42-րդ հոդվածը: Այդ խախտումը հաստատվել եւ դատապարտվել է Վրաստանի հանրային պաշտպանի կողմից: Այդ կապակցությամբ Չախալյանի փաստաբանները Վրաստանի Սահմանադրական դատարան են ներկայացրել բողոք, որը ներկայումս գտնվում է քննության փուլում:

Եթե ՖՀԿՀԽ-ը նախկինում կասկածի տակ էր դնում Վահագն Չախալյանի գործում վրացական իշխանությունների դրդապատճառները հաշվի առնելով ջավախքահայ քաղաքական գործչի արդար դատավարության իրավունքի վրացական իշխանությունների կողմից բացահայտ ու նպատակաուղղված խախտման դեպքերը եւ միջազգային պարտավորությունների ոտնահարման փաստերը, ապա հիմա սրանով բոլոր կասկածները փարատված են:


Ի հավելումն արդար դատավարության իրավունքի աղաղակող խախտումներին՝ վրաց նախարարի ցինիզմն ու սուտը եկան ապացուցելու Վահագն Չախալյանի անմեղությունը իրեն մեղսագրվող արարքների մեջ, որոնք հիմք հանդիսացան նրա դատապարտման համար:


Համապատասխանաբար, Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը պահանջում է՝

  • Վրացական իշխանություններից՝ անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին՝ վերականգնելով նրա բոլոր իրավունքները.
  • Եվրախորհրդի մարդու իարվունքների հարցերով հանձնակատարին՝ – ստանձնել տվյալ գործը.
  • Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից՝ – ուղարկել առաքելություն Վրաստան՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի գործնական կիրառումն ուսումնասիրելու նպատակով.
  • Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահին՝ – բողոքի նոտա հղել իր վրաց գործընկերոջը՝ նախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից Ֆրանսայի Հանրապետության օրենսդրական մարմնի նկատմամբ ցուցաբերած բացահայտ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ:

This post is also available in: ,