1915-ի իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու հայցով դատարան դիմած Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդիլ Ջելիլ Էզմանի դեմ դատական հայց է ներկայացվել:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Ստամբուլի փաստաբաններից Սերհաթ Քամիլ Զորը հանրապետական դատախազություն ներկայացրած հայցադիմումի մեջ մեղադրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին` թուրք ազգին վիրավորելու, պետական կառույցների դեմ սուտ խոսելու, փաստաբանի մասնագիտությանը հակառակ գործելու մեջ: Հայցադիմումում փաստաբանը նշում է, որ ինքը ծնվել է Էրզրումի Իսպիրի գավառի գյուղերից մեկում, որի շրջակայքի շատ բնակավայրեր կրում են հայկական եւ հունական անուններ, սակայն դարասկզբին ռուսների նվաճումների ժամանակաշրջանում հայերն են կոտորել թուրքերին:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել էր Անկարայի դատարաններից մեկը` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ նրա անուններով փողոցները անվանափոխել: Փաստաբանը նշել է, որ իրեն մերժել են ներկայացնել 1918 եւ 1922 թվականների դատական գործերի փաստաթղթերը, որոնք վերաբերվում են 1915-ի ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում իրականացրած տեղահանության մեղավորների դատապարտմանը: Թուրք փաստաբանը հայցադիմումում մեղադրանք է ներկայացնում Թալեաթ փաշայի կոմիտեի անդամների դեմ` ժամանակակից Թուրքիայի քրեական օրենսգրքի 220 եւ 3713 հոդվածներով, 76, 77, 78 հոդվածների հատկանիշներով, որոնց ճանաչման դեպքում 1915-ին հայերի դեմ համակարգված կերպով իրականացված հանցանքները տեղավորվում են ցեղասպանություն հանցանքի մեջ:
Լուրեր Հայաստանից – NEWS.am