ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 2

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 2

Սկիզբը տես՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», թիվ 41 (159)թիվ 45 (163)


II. Միջազգային իրավական մակարդակ

2. 1918-2010 թթ. Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործը

1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը Հայոց եղեռնի կազմակերպիչների և կատարողների նկատմամբ բաց դատավարություն անցկացնելու ժամանակ և հնարավորություն չունեցավ։ Այդուհանդերձ, նրանց պատժելու մասին որոշումն ընդունվեց այդ կարճ ժամանակահատվածում՝ 1919 թ. հոկտեմբերին ու հե՛նց Երևանում՝ իշխող կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության 9-րդ համագումարում։ Մինչդեռ Հայաստանի «երրորդ» Հանրապետության (1991թ.-ցայսօր) ղեկավարությունը, հույսը դնելով միջազգային միջնորդության միջոցով ղարաբաղյան և հայ-թուրքական հակամարտությունների արագ լուծման վրա և բոլորովին չըմբռնելով Հայկական հարցի էությունը, որոշեց պարզապես հրաժարվել ինքնապաշտպանության և հատուցման՝ իր տրամադրության տակ եղած արդյունավետ միջոցից՝ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների կազմակերպիչների ու կատարողների դեմ ազգային և միջազգային դատական հետապնդումից, որն ինքնիշխան պետության բացառիկ իրավունքն է։ Չմոռանանք, որ այդ հանցագործությունները մասամբ իրականացվել են «երրորդ» հանրապետության գոյության օրոք։

ՀՀ երեք նախագահների՝ Բաքվի հայատյաց վարչակազմին և Անկարայի նրանց հովանավորներին խաղաղեցնելու անհույս փորձերը բերեցին ընդամենը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի համընդգրկուն նախապատրաստությունների արագացմանն ու հակահայկական սանձարձակ քարոզչության ուժեղացմանը՝ ինչպես այդ երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Հետևաբար, ադրբեջանական պետական ֆաշիզմի ցեղասպանական ծրագրերին այսօր էլ կարելի է համարժեքորեն պատասխանել նրա դեմ իրավական հետապնդում սկսելով՝ դատարանի դահլիճում նրան մերկացնելով հայասպանության մեջ, սկսած հայերի կոտորածներից նորաստեղծ մուսավաթական Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում (1918 թ.) և Շուշիում (1920 թ.), մինչև էթնիկական զտումները Նախիջևանում (1918-1988 թթ.), Սումգայիթում, Կիրովաբադում, դարձյալ Բաքվում, դաշտային և լեռնային Ղարաբաղում (1988-1994 թթ.)։ Այս գործը վաղուց ի վեր, մաս-մաս ու հանգամանորեն, պետք է քննվեր Երևանում՝ Հայաստանի Հանրապետության ստեղծած հատուկ տրիբունալում։ Բացի այդ՝ ՀՀ-ի և Սփյուռքի կառույցները պետք է ամեն կերպ՝ իրավական, ֆինանսական, կազմակերպչական առումներով աջակցեին Ադրբեջանում հայասպանության ու էթնիկական զտումների հետևանքով արտասահմանում հայտնվածներին, որպեսզի նրանք այդ պետությունների ազգային դատարաններում առանձին գործեր հարուցեին իրենց դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այս ամենը դեռևս արված չէ, սակայն ուշացնել այլևս չի կարելի, մանավանդ որ Ադրբեջանը պատրաստվում է ինքը միջազգային իրավական կանխարգելիչ գրոհ ձեռնարկել՝ իր իսկ հնարած կեղծ մեղադանքներով։ Ուստի հարկ է առանց հապաղելու ՀՀ իրավասու քննչական մարմնում ստեղծել հատուկ քննչական խումբ, որն իր վրա կվերցնի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի շրջաններում ու քաղաքներում, Արցախում ու Նախիջևանում հայության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև այդ վիթխարի գործի նախապատրաստությունն ընդհանուր դատավարությանը։ Քննչական օժանդակ մի խումբ էլ պետք է ստեղծել ԼՂՀ-ում։ Այնուհետև հենվելով միջազգային իրավունքի՝ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների գործող օրենսդրական մեծ կորպուսի վրա, պետք է անցկացնել բուն դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դատավարության նախապատրաստության և անցկացման աշխատանքներին հարկավոր է ներգրավել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային մասնագետների։

Կոպտագույն սխալ էր, մի կողմից՝ խոսել Արցախի հայության Ադրբեջանից ամբողջովին անջատվելու իրավունքի մասին, մյուս կողմից՝ խուսափել Ադրբեջանի՝ մարդկայնության դեմ կատարած հանցագործություններին դատարանի դահլիճում իրավական գնահատականներ տալուց։ Այդ սխալը մեծապես թուլացրեց ՀՀ և ԼՂՀ դիրքերը դիվանագիտական ճակատում։ Եթե անկախ հայկական պետությունն ինքը չի համարձակվում դատել իր հայրենակիցների զանգվածային սպանությունների, ջարդերի և բռնի տեղահանությունների կազմակերպիչներին ու կատարողներին, այսինքն՝ չի փորձում սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականության դեմ կիրառել իրավական պաշտպանության միջոցները, ապա շատ լուրջ հարցեր են առաջանում այդ պետության ինքնիշխանության աստիճանի, ինչպես նաև նրա քաղաքական վերնախավի պրոֆեսիոնալիզմի մակարդակի և արժեհամակարգի մասին։

Միջազգային իրավական հարցերում ՀՀ իշխանությունների գրագիտության ու քաղաքական կամքի սուր պակասը ևս մեկ անգամ բացահայտվեց հարաբերականորեն վերջերս, երբ նրանք համարժեք պատասխան չտվեցին Ադրբեջանի կատարած հակահայկական վայրագ հանցագործություններին։ Խոսքը վերաբերում է 2004 թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանությանը և 2005 թ. դեկտեմբերին Ջուղայում հայ միջնադարյան ճարտարապետության հազարավոր անգին նմուշների՝ խաչքարերի ջարդի հերթական գործողությանը, որը տեսագրվեց հե՛նց վանդալության պահին։

Բացի այդ՝ Բուդապեշտում կատարված ոճիրը տուժող կողմը (Հայաստանի Հանրապետությունը) պետք է որակեր որպես ազգային ատելության հողի վրա կատարված պետական ահաբեկչության արարք, որը նախապատրաստել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ իրենց թուրք գործընկերների հնարավոր մասնակցությամբ (հիշեցնենք, որ մարդասպանը որպես զինվորական մասնագետ որոշ ժամանակ աշխատել էր Թուրքիայում), այլ ոչ թե գոհունակությամբ ընդուներ Բուդապեշտի դատարանի՝ Հունգարիայի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն կայացրած լղոզված վճիռը, ըստ որի՝ հանցագործը ինչ-որ (չճշտված) «ստոր մղումներից» կատարել է «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից մեկ ամիս անց, երբ դեռ շատ ժամանակ կար մինչև բուդապեշտյան դատավարության սկիզբը, ես առաջարկեցի պահանջել այլ մեղադրանքի առաջադրում, ընդգծելով, որ առկա փաստերը «հայկական կողմին լիովին իրավունք են տալիս պնդելու սպանության այնպիսի վարկածի վրա, որը մատնանշում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կանխամտածված ու մանրամասնորեն ծրագրված գործողությունը։ Այսինքն՝ խոսքը պետական հանցագործության մասին է» (տե՛ս “Агентство Де-факто”, 29.03.2004; “Новое время”, 30.03.2004 Բուդապեշտյան դատարանի վճռի անհամարժեքությունը, ինչպես նաև ադրբեջանական վանդալության անպատիժ մնալն ավելի քան բավարար հիմք էին, որպեսզի Հայաստանում անցկացվեին առանձին դատավարություններ ու հեռակա դատավճիռներ կայացվեին ինչպես այդ հանցագործությունների կազմակերպիչների, այնպես էլ կատարողների նկատմամբ։ Փոքր-ինչ շեղվելով, նկատեմ, որ հայատյացության այդ վայրագ դրսևորումներին ՀՀ իշխանությունները պատշաճ պատասխան չտվեցին նույնիսկ զուտ քաղաքական դաշտում, շարունակելով իրենց հանդիպումներն ու բանակցությունները Բաքվի ֆաշիստ պարագլուխների հետ, փոխանակ, գոնե ժամանակավորապես, դադարեցնեին նրանց հետ շփումներն ու կապերը։ Բանակցությունների դադարեցումը, որն անհրաժեշտ էր ազգային ու պետական արժանապատվությունը պահպանելու համար, միաժամանակ կլիներ նաև զորեղ միջոց միջազգային հասարակական կարծիքին իրազեկելու այն մասին, որ Ադրբեջանի հակահայկական ռասիզմը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, և այդ պետության իրավասության տակ Արցախի վերադարձը բացարձակապես անհնար է։

Իհարկե, միջազգային դատական պրակտիկայում հեռակա դատավարություններն արդարադատության բավականին հազվադեպ ձև են, քանի որ, մեղադրյալի բացակայությամբ ընթանալով, սահմանափակում են նրա պաշտպանության հնարավորությունները։ Բայց այդպիսի դատավարությունները հանրածանոթ երևույթ են, երբ գործը վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, իսկ հանցագործներն ինչ-ինչ պատճառներով բռնված ու ներկայացված չեն արդարադատությանը։ Այսպես, 1919 թ. Ստամբուլում ստեղծված ռազմական արտակարգ տրիբունալները հեռակա կարգով դատապարտեցին երիտթուրք առաջնորդներից շատերին։ Աշխարհի ամենատարբեր պետություններում բազմաթիվ հեռակա դատավարություններ են անցկացվել նացիստական հանցագործների նկատմամբ։ Միայն 2009-2010 թթ. նացիստական ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է հինգ հոգի, որոնցից երկուսը Գերմանիայում, իսկ երեքը Իտալիայում՝ հեռակա կարգով։ Ելնելով Հայաստանի ազգային անվտանգության ընդգծված առանձնահատկություններից, որոնք արտահայտվում են հատկապես հայ ժողովրդի դեմ շարունակվող ցեղասպանական քաղաքականության, դրան միջազգային իրավական գնահատական չտալու և այն վարողների՝ Թուրքիայի և Ադրբեջանի երկարատև անպատժելիության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվի ինչպես մարդկայնության դեմ հանցագործությունների, այնպես էլ դրանց դեմ արդյունավետ դատավարություններ կազմակերպելու հարցերում։

Հայաստանում անցկացված հեռակա դատավարաթյունների նյութերն այնուհետև պետք է մաս-մաս կամ ամբողջությամբ փոխանցվեն միջազգային դատական ատյաններին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործով հատուկ ստեղծված միջազգային տրիբունալին (Հաագայում)։ Միջազգային դատարանում Հայաստանն Ադրբեջանից հայցելու է նյութական ու ֆինանսական տուգանքներ, բարոյական, մշակութային և հողային փոխհատուցում, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

3. Վրաստանի հայ բնակչությանն ազգային խտրականության ենթարկելու և Ջավախքի հայության իրավունքների մասին գործը

Վրաստանում ապրող հայության ոտնահարված ազգային շահերի և իրավունքների պաշտպանությունը վաղուց ի վեր պետք է վրաց իշխանությունների դեմ միջազգային իրավական ճնշման ձևեր ընդունած լիներ։ Դա նախևառաջ վերաբերում է ջավախահայության՝ Վրաստանի կազմում ինքնակառավարում ու վարչամշակութային ինքնավարություն ունենալու անկապտելի իրավունքին։ Հայկական այդ երկրամասի կենսագործունեության լեզվական, կրթամշակութային, ժողովրդագրական, կրոնադավանական, վարչական բնագավառներում պաշտոնական Թբիլիսիի վարած խտրական քաղաքականության փաստերը կարող են հիմք հանդիսանալ ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային ատյաններում ջավախահայերի իսկ կողմից հարուցված դատաքննությունների համար։

Ազգային ինքնապահպանության համար մղվող պայքարում Ջավախքի հայությունը պրոֆեսիոնալ, ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների սուր կարիք է զգում։ ՀՀ-ն և Սփյուռքի հայկական կառույցները պարտավոր են աջակցել ջավախցիներին իրավական հարցերում, որպեսզի մոտ ապագայում ստիպված չլինեն զբաղվելու բաց հակամարտության հրշեջային մարումով կամ էլ կանգնել ռազմավարական առումով Հայաստանի համար կենսականորեն կարևոր այդ երկրամասի հայաթափության փաստի առաջ։ Հնարավորություններ կան նաև, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ուղղակի միջազգային իրավական միջամտություն ցուցաբերի ջավախքցի իր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության գործին։ Վրաց իշխանությունների նկատմամբ այդպիսի ճնշում գործադրելու համար հիմք կարող են լինել ՄԱԿ-ի և Եվրոխորհրդի շրջանակներում ընդունված ու Վրաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, այդ թվում (փակագծերում նշում ենք դրանց Վրաստանի միանալու տարեթվերը)՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1991 թ.), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը (1994 թ.), Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիան (2005 թ.) և այլն։ Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ ջավախահայությունը դասական իմաստով փոքրամասնություն չէ, քանի որ ապրում է իր սեփական հողի վրա՝ հայոց պատմական Գուգարք նահանգի հյուսիսային մասում։ Ջավախքի կորուստը՝ նրա հայաթափությունը «նախիջևանացման» սցենարով (որն ի դեպ ընթանում է ողջ թափով) պետք է բացառել, այլապես այն Հայաստանի ռազմաաշխարհագրական իրադրության մեջ կառաջացնի աղետալի բարդություններ, որոնք կարող են բաղդատվել թերևս միայն Արցախի կորստի հետ։ Ջավախահայությունը միանգամայն իրավասու է առանց Թբիլիսիի թույլտվության հռչակելու իր ինքնավարությունը, ինչպես նաև հայերենին հաղորդելու պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ տարածաշրջանային մակարդակում։

Ավելորդ չի լինի նկատել, որ բոլորովին վերջերս Եվրոպայում այդպիսի նախադեպեր են գրանցվել։ Այսպես՝ 2009 թ. սեպտեմբերի 5-ին, Ռումինիայի մեծամասամբ հունգարաբնակ Տրանսիլվանիա երկրամասի տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների համագումարը հռչակեց Սեկույսկի ինքնավարության ստեղծման մասին («սեկույը» Տրանսիլվանիայի հունգարների ինքնանվանումն է)։ Իսկ նորաստեղծ ինքնավարության 2010 թ. մարտի 12-ին կայացած երկրորդ համագումարի ընդունած գլխավոր որոշմամբ՝ հունգարերենին շնորհվեց պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ տարածաշրջանային մակարդակում։ Ու թեև Ռումինիայի իշխանությունների կենտրոնական մարմինները չճանաչեցին նշված երկու համագումարներում ընդունված որոշումների օրինականությունը, Տրանսիլվանիայի հունգարների ինքնակազմակերպումը՝ ինքնավարության ստեղծման և հունգարերեն լեզվի կարգավիճակի բարձրացման միջոցով, մեծապես ամրապնդեց նրանց դիրքերը Տրանսիլվանիայում, դառնալով նաև Հունգարիայի՝ արտասահմանում բնակվող իր հայրենակիցների շահերն ու իրավունքները պաշտպանելու վճռական քաղաքականության ակնհայտ հաջողությունը։

(Շարունակելի)

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի Զրուցակից»,

#1 (164), 14 հունվարի, 2011 թ.

This post is also available in: Անգլերեն, Ռուսերեն