Azatutyun.am, 13.11.2009
Իրինա Հովհաննիսյան
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը 60 օրով հետաձգեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու` ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության առաջարկած նախագծի քննարկումը:
Նախագծով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը «հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ ուրանալու համար»:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը որոշումը հիմնավորեց, թե՝ հետաձգումն անհրաժեշտ է գոնե այս փուլում, երբ դեռ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանը մեկնաբանությամբ հանդես չի եկել, իսկ քննարկումները շարունակվում են։
Հարությունյանը հայտարարեց, որ այս պահին Հայաստանը նման օրենքի ընդունման անհրաժեշտություն չունի, որովհետեւ, նախ, օրենքի ընդունումը կհանգեցնի հայ-թուրքական բանակցություններում «լրջագույն խնդիրների», եւ երկրորդ. – «Նման բոլոր նախագծերը ծագել են այն երկրներում, որտեղ սկսվել են լուրջ մերժողների շարժում»:
«Առաջին հերթին, ես չեմ տեսնում Հայաստանում որեւէ քաղաքական հենք նման քայլ ձեռնարկելու համար», – շարունակեց նա: – «Քրեական օրենսդրության մեջ փոփոխություն կատարում են այն ժամանակ, երբ երկիրը մտահոգվում է ինչ-որ մի իրողությամբ: Պրեվենտիվ նստել-գրել նման բաներ, ես կարծում եմ, դա անթույլատրելի է: Հակառակ ձեւով կմեկնաբանվի այլոց կողմից»:
«Այնքան ուժեղ եմ համարում Հայաստանի դիրքորոշումը այս հարցում, որ պաշտպանվելու լրացուցիչ գործիքներ` քրեական պատասխանատվության տեսքով պետք չեն։ Ուժեղը կարիք չունի նման գործիքների», – հավելեց Դավիթ Հարությունյանը:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ հիմա նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պատճառը հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հեռանկարն է:
Իսկ ի պատասխան ուժեղ լինելու մասին Դավիթ Հարությունյանի դիտարկմանը, նկատեց, թե ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելը «հենց թուլության նշան էր»:
ՀՅԴ-ի խորհրդարանական Խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ հավելեց, թե պաշտպանական մեխանիզմեր ունենալը երկրին անհրաժեշտ է: Շահբազյանը վտանգ է տեսնում արձանագրություններում «երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին խոչընդոտող գործողությունների չկատարելու մասին» ամրագրումների մեջ. – «Վաղը սա կարող է բերել նրան, ասենք, ապրիլի 24-ին բարձրանալը Ցեղասպանության հուշարձանի մոտ կդառնա բարիդրացիական հարաբերությունները խաթարող գործողություն»: