Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու

Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու

Հրատապ թեմա

Եվ այս պիտակումն արևմտյան «հայագիտության» զանցանքներից ընդամենը մեկն է: Հայոց պատմության ու հայ ինքնության ժխտման, մեծագործ հայորդիներին վիրավորական որակումներ տալու, ազատագրական ոգին ու ազգային գիտակցությունը նոր սերնդի մեջ սպանելու մոլուցքը հատկապես ամերիկյան «հայագիտությունում» շարունակում է տիրապետող մնալ, ավելին՝ այն ներմուծվում է ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետություն, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Թեման արծարծելու նպատակով զրույցի ենք հրավիրել քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻՆ

– Պարոն Այվազյան, մայիսին Երևանում անցկացվեց մի գիտաժողով, որ շատ խոստումնալի վերտառություն ուներ՝ «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության»: Ասում եմ խոստումնալի՝ նկատի ունենալով սպասվող արդյունքները, առաջին հերթին հայ ժողովրդի պատմության կեղծարարությանը հակահարված տալը: Թեև դուք այդ գիտաժողովին հրավիրված չեք եղել՝ խնդրում եմ ասեք՝ նման հակահարված տրվե՞ց և արդյո՞ք մենք այդ ճակատում ձեռքբերումներ ունենք:

-Անչափ ուրախ կլինեի, եթե հատկապես Հայաստանում հայոց պատմության և մշակույթի՝ միջազգային մակարդակով իրականացվող կեղծարարության դեմ մղվեր պետական հովանավորություն ունեցող համակարգված պայքար: Ցավոք՝ այդպիսի բան գոյություն չունի: Ավելին՝ մեր պատմության կեղծարարներն այսօր դեսանտով իջեցվում են Հայաստանի Հանրապետություն և անգամ ճակատային գծում գտնվող Արցախ: Արևմտյան կեղծ տեսակետները, թե հայերը բնիկ չեն, մեր պատմության ոսկեդարի սկզբնաղբյուրներն արժանահավատ չեն, հայերն իրենց հայրենիքում մեծամասնություն չեն կազմել, հայկական ինքնությունը շատ ուշ է ձևավորվել, մեր հին և միջնադարյան պետությունները եղել են ընդամենը խաղալիք՝ հզորների ձեռքին և այլն, բազմիցս քննադատության են արժանացել, ինքս այդ մասին շատ եմ գրել, այդ թվում երկու գիրք եմ հրապարակել (առաջինը՝ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. Քննական տեսություն», Երևան, 1988): Սակայն այս հակագիտական և հակահայ տեսակետները, ՀՀ ակադեմիական և պետական շրջանակների, ինչպես նաև Սփյուռքի կողմից հակահարվածի չարժանանալով, արևմուտքում տիրապետող են դարձել, ավելին՝ այժմ կազմակերպված ձևով ներդրվում են արդեն Հայաստանում: Ձեր նշած գիտաժողովը ես համարում եմ ձախողված և ձևական, քանի որ այնտեղ խոսք է եղել միայն ադրբեջանա-թուրքական կեղծարարության մասին, իսկ ավելի վտանգավոր՝ արևմտյան, հատկապես ամերիկյան կեղծարարությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ անտեսվել է (այդ մասին տե՛ս մայսիսի 4-ին «Անկախ» շաբաթաթերթում հրապարակված Անի Գասպարյանի հաղորդագրությունը)։ Այդ գիտաժողովին հրավիրվել է նույնիսկ «Կովկասի ինստիտուտը», որը հայտնի է հայոց պատմության աղավաղման գործում իր ուրույն «նպաստով» (այդ մասին բազմաթիվ հրապարակումներից վերջինը՝ պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանի անդրադարձը լույս տեսավ օրեր առաջ՝ հունիսի 14-ին «Գոլոս Արմենիի» թերթում)։ Իսկ 2009 թ. «Կովկասի ինստիտուտը» Երևանում անգլերեն և ռուսերեն գիրք էր տպագրել, ուր մի թուրք հեղինակ ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես բաց տեքստով, այնպես էլ 34 անգամ (!) այն չակերտելով: Այդ հարցով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական գործ էր հարուցել «Կովկասի ինստիտուտի» դեմ (տե՛ս Հայցադիմումի ամբողջական տեքստը), որը նույնպես լայնորեն լուսաբանվեց մամուլում, ներառյալ ձեր թերթում (տե՛ս «Ապագա բանտարկյալը. Երբ հայն է ժխտում ցեղասպանությունը»)։ Եվ հիմա այդ «ինստիտուտը» հրավիրվել է մասնակցելու հայոց պատմության ու մշակույթի կեղծարարության դեմ իբր պայքարելու կոչված գիտաժողովի: Սա մեզանում արդեն տարածում ստացած մի գործելաոճ է, երբ վեհ գաղափարների, հատկապես հայրենասիրության դրոշը պարզելով՝ անում են ճիշտ հակառակը: Մինչդեռ արտասահմանում ամեն տարի բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են տպագրվում, որոնցում հայ ժողովրդի պատմությունը՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով, շարունակաբար կեղծվում ու խեղաթյուրվում է: Օրինակները բազմաթիվ են և շատ մտահոգիչ:

– «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախագիծը և՞ս այդ շարքում է. դրա վերաբերյալ համացանցում հաղորդագրություն կար, արտաքուստ շատ անմեղ, նույնիսկ օգտակար միջոցառում թվաց:

– Այդ դպրոցը բացվելու է հունիսի 26-ին, ֆիանանսավորումը կատարում է Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), դասախոսելու են գալու Ռազմիկ Փանոսյանը, Ասպետ Քոչիկյանը, Ռոբերտ Նալբանդովը, Գրիգորի Ավթանդիլովը՝ բոլորն ԱՄՆ-ից: Այդ դպրոցն ունենալու է մասնագիտական երկու խմբակ՝ քաղաքագիտական և պատմագիտական: Ահա թե ինչ են գրում. «Պատմագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն հայ պատմագիտության ձեռքբերումները և հիմնախնդիրները»: Այժմ տեսնենք, թե, օրինակ, Ռազմիկ Փանոսյանն ինչն է պատմագիտական ձեռքբերում համարում: 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել նրա գիրքը՝ «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» (The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars): Արդեն վերնագրից ընդգծվում է արհամարհանքը՝ հայոց պատմության և ժողովրդի հանդեպ՝ իբր՝ որտեղից ուր են հասել: Այս մարդը հավանաբար մոռացել է, որ բոլոր դարերում, հայերը տվել են տաղանդավոր գործիչներ, ընդ որում՝ կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ լինի մշակույթ, թե գիտություն, ռազմարվեստ, թե քաղաքականություն:

– «Կոմիսար» պիտակով երևի խորհրդային հային է ծանակում:

– Այդ ընդգծումը պատահական չէ, որովհետև ԱՄՆ-ում կոմունիստական որևէ առնչություն ընթերցողի վրա միայն բացասական տպավորություն է թողնում: Անգլախոս ընթերցողի համար վաճառականը ևս դրական կերպար չէ: Փանոսյանն ամբողջ գրքում կուրորեն պաշտպանում է ամերիկյան հայագիտության ամենախայտառակ կեղծիքները: Սա հերթական ծրագրված հարձակումն է հայոց ազգային պատմագրության դեմ: Որոշակի թերություններով հանդերձ՝ վերջին տասնամյակներին Հայաստանում ստեղծվել է պատմագիտական դպրոց, որը Փանոսյանը համարում է նացիոնալիստական: Մասնավորապես նացիոնալիստ և ռևիզիոնիստ են պիտակվում հայոց բնիկությունը հաստատող հեղինակները (էջ 33-34): Հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտություններն շրջանցված են։ Ըստ նրա՝ «Հայաստանի մտավորականների և պատմաբանների մեծամասնությունը» հարում են «նացիոնալիստական գծին» և չեն ընդունում «արևմտյան (քննական) միտքը», որն այս դոգմատիկի համար միակ ճշմարիտն է (էջ 16, ծնթ. 32)։ Հայ գիտնականներից հականե-հանվանե նացիոնալիստ են կոչված պատմաբաններ Լենդրուշ Խուրշուդյանը, Մանվել Զուլալյանը, Մուրադ Օհանյանը, ես, Երևանի պետհամալսարանի Հայոց պատմության ամբիոնն ամբողջությամբ, փիլիսոփա Համլետ Գևորգյանը, բանասեր Վարդան Դևրիկյանը (էջ 14-17, 34, 114) և այլոք։ Փանոսյանը որևէ արևմտյան պատմաբանի երբեք նացիոնալիստ կամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, իմպերիալիստ, բնականաբար, չի անվանում։ Պատմության ադրբեջանա-թուրքական կեղծարարության քննադատությունը նրա գրքում նույնպես բացակայում է։ Նրա գլխավոր խնդիրը հայ պատմագիտական դպրոցը վարկաբեկելն է, այն նացիոնալիստական, այսինքն՝ անհավաստի հռչակելը։ Միաժանակ «ծայրահեղ նացիոնալիստ» են անվանված նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Հանրապետական կուսակցության որոշ հին անդամներ, որոնք նաև ծաղրի են ենթարկված՝ նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար (էջ 389-392)։ Ցեղասպանությունից մազապուրծ փրկված և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է «ռադիկալ» անվամբ, պատճառաբանելով՝ թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին։ Մինչդեռ Փանոսյանը այդ հայ վրիժառուներին՝ բոլորին՝ այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» տերմինով է կոչում, ընդգծելով, թե նրանք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում ու չհամաձայնվելով նրանց «ազատամարտիկ» համարողների հետ (էջ 227, 310-311): Իսկ XIX դ. վերջի-XX դ. սկզբի հայ հեղափոխական-ֆիդայիների գործողությունների մասին նա խորշանքով գրում է. «Նրանք աղտոտեցին իրենց ձեռքերը մեծավ մասամբ Օսմանյան և պակաս չափով Ռուսական կայսրություններում» (էջ 226)։

Առհասարակ՝ Փանոսյանի զրպարտչագիրն ընթերցելուց հետո այն տպավորությունն է ստեղծվում, թե այժմ Հայաստանում՝ քաղաքական և հատկապես ակադեմիական բնագավառներում իշխում է մոլի նացիոնալիզմը, որն իհարկե բացահայտ սուտ է: Եվ նա ի՞նչ է սովորեցնելու արցախցի ուսանողներին. ինքնապախարակու՞մ՝ հայությանը նացիոնալիզմի մեջ անհիմն մեղադրե՞լ…

-Միշտ թվացել է, թե «նացիոնալիստը» զուտ բոլշևիկյան մեղադրանք է, պարզվում է՝ առաջադեմ ԱՄՆ-ում ևս դա գործածվող մտրակ է:

– Այդ հասկացությունը նույն կերպ է գործածում նաև արևմուտքը: Կայսրությունները և բազմազգ պետությունները մեծ վախ ունեն ազատագրական շարժումներից: Դրանք անվանելով ազգայնամոլական՝ փոքր ազգերի հետ իրենց ուզած ձևով են վարվում: Նացիոնալիստը բացասական պիտակ է, և Փանոսյանը լինելով ամերիկյան «հայագիտության» սանիկ՝ հենց այդ իմաստով էլ այն օգտագործում է:

-Չխորշելով ազգանվան յան-ից: Բնականաբար նա փոքրիկ «հունձքով» չի սահմանափակվել, այդ վերաշարադրանքում ուրիշ ի՞նչ «հայտնագործություններ» է ընդգծում:

– Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, նա երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչները: Օրինակ, Փանոսյանը կրկնում է այն սուտ դրույթը, թե հին Հայաստանը եղել է «կախյալ թագավորություն՝ որոշակի ներքին ինքնավարությամբ» (էջ 38): Այսինքն՝ իբր մենք չենք ունեցել հզոր պետություն՝ 120 հազարանոց զորքով, այլ ընդամենը՝ ներքին ինքնավարություն:

Իհարկե՝ Ուրարտուն նա հայկական պետություն չի համարում: Գրում է Հայաստան, փակագծում ավելացնում թուրքական հնարովի տերմինը՝ Անատոլիա (էջ 34): Ավելին, ըստ նրա՝ «հայերի պատմական հայրենիքը գտնվում է Անատոլիայի սրտում», ընդ որում հայերն իրենց հայրենիքում լավագույն դեպքում կազմել են «հարաբերական մեծամասնություն» (էջ 387)։ Փանոսյանը նսեմացնում է նաև հայ արքայատոհմերին, օրինակ գրում է, թե հայտնի չէ՝ Երվանդունիները հա՞յ են, թե այլազգի, որովհետև «նրանք հավանաբար խառնամուսնությունների մեջ էին մտնում Պարսկաստանի իշխող [ընտանիքների] հետ» (էջ 35): Իսկ ո՞ր երկրի արքայատոհմերում դրանք հնարավոր չէին, հենց այսօր Անգլիայի թագուհու արյան մեջ անգլիականը որքա՞ն է, բայց մի՞թե կարելի է նրան անգլուհի չհամարել: Կամ՝ Փանոսյանը անհիմն թեականությամբ է խոսում Արշակունիների հայախոս լինելու մասին, անհարկիորեն շահարկելով առաջին Արշակունիների պարթևական ծագումը (էջ 38-39): Իսկ «իսկական հայկական առաջին պետության հիմքերը», ըստ նրա՝ դրվել են Արտաշես Ա-ի օրոք միայն (էջ 36):

-Հայ ժողովրդի ծագման և ինքնության խեղաթյուրումն ի՞նչ «հիմնավորումներով է» հրամցվում:

– Հիմնավորումներ չկան, կան անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ Գալով, օրինակ, Արշակունյաց շրջանի հայի ինքնությանը՝ անապացույց ասում է, որ այն իբր «տեղական, պարսկական, հունահռոմեական տարրերի մի յուրահատուկ սինթեզ էր» (էջ 40): Այսինքն, հայերը մշակութային առումով հայ էլ չէին դեռ, այլ մի ինչ-որ խառնուրդ։ Փանոսյանը, չափազանցնելով, քանիցս կրկնում է, որ հայոց լեզուն, հայկական մշակույթն ու սովորույթներն «խորապես ազդվել են» պարսից լեզվից, զրադաշտական կրոնից և սովորույթներից, թե հայերի «ինքնությունը հիմնված էր մի մշակույթի վրա, որը մասամբ փոխառված էր Հռոմից և Պարսկաստանից, սակայն արմատներ էր գցել Հայաստանում։ Հայոց լեզուն էլ ազդված էր պարսկերեն փոխառումներից, բայց (?!-Ա.Ա.) շարունակում էր լայնորեն գործածվել» (էջ 35, 39): Գրում է, թե հայկական Արտաշեսյանների ժամանակ հայկական վերնախավն իբր «ամենայն հավանականությամբ, խոսում էր հունարեն և պարսկերեն, մինչդեռ արամեերենը մնում էր վարչարարական լեզու, իսկ հայերենը հասարակ ժողովրդի խոսակցական լեզուն էր» (էջ 37): Այս իր հայտարարությունն անելուց հետո վկայակոչում է Ստրաբոնին, իհարկե՝ առանց բառացի մեջբերում կամ որևէ հղում անելու, որպեսզի չբացահայտվի կեղծիքը։ Ստրաբոնը նման բան չի գրել, այլ ընդամենն ընդգծել է Հայաստանի բնակչության հայալեզու լինելը՝ «բոլորը միալեզու են» ասելով։ Փանոսյանը թութակի պես կրկնել է նաև այն հին ու անհեթեթ, միայն վարկաբեկիչ նպատակներով օգտագործվող «թեզը», թե հայ ժողովրդի մեջ ռեգիոնալ տարբերություններ են եղել (էջ 40): Իսկ որտե՞ղ դրանք չեն եղել. ռեգիոնալ տարբերություններ կան անգամ ներկայիս Գերմանիայում և Իտալիայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ Իսկ, օրինակ Անգլիայում, հե՛նց նրա մայրաքաղաքում քանի՞ բարբառով են խոսում:

-Թոմսոնը Խորենացուն 5-րդ դարից տեղափոխում է 8-րդ՝ համոզելու համար, որ նրա աշխատությունը հավաստի չէ, հաղորդած տեղեկություններն էլ ամբողջությամբ կեղծիք են: Պարոն երիտսյունին ավելի հեռուն չի՞ գնացել:

– Պարզապես կրկնել է Թոմսոնի ասածները, շողոքորթելով, թե իբր Թոմսոնը «համոզիչ փաստարկներ է բերում առ այն, որ Խորենացին գրել է 8-րդ դարի կեսերին», և անտեսելով Թոմսոնի բազմաթիվ քննադատների բոլոր փաստարկները։ Փանոսյանը ևս մեկ անգամ մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը՝ «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է»՝ մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ հայոց Պատմահոր հասցեին այս վիրավորանքն ուղղված է յուրաքանչյուր հայորդու դեմ (էջ 50)։ Խորենացին մեր պատմագրության հիմքն է, ամբողջությամբ հերքելով նրա երկի արժանահավատությունը, նրան կոչելով «լկտի խաբեբա»՝ փորձում են զրկել մեր հավաքական հիշողությունն իր հիմքից, փլուզել հայ պատմագրության մեծ շենքը: Խորենացու հաղորդած ահռելի և բացառիկ նյութի քննական վերլուծության հիման վրա միայն կարելի է պարզել, թե Հայաստան պետությունը երբ է ստեղծվել, պետական ինչ կառուցվածք ու ռազմական հզորություն է ունեցել: Մինչդեռ Թոմսոնը Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանել է միտումնավոր սխալներով՝ նպատակ ունենալով ոչ թե արևմտյան պատմագիտության շրջանառության մեջ մտցնել համաշխարհային պատմագրության այդ խոշորագույն կոթողներից մեկը, այլ թույլ չտալ, որ այն արևմուտքում պատշաճ հետազոտության արժանանա: Ցավոք, ՀՀ ԳԱԱ-ի, պետության և Սփյուռքի կառույցների կրավորականության պատճառով դա նրան մեծապես հաջողվել է։ Այսօր Խորենացու երկի արժանահավատությունը ժխտվում է անգամ Բրիտանիկա հանրագիտարանում։ Մինչդեռ թե՛ Թոմսոնի թերի թարգմանությունը, թե՛ նրա «Առաջաբանը» դասական կեղծարարության օրինակ են: Ի դեպ, հենց վերջերս Երևանում պաշտպանած թեկնածուական իր դիսերտացիայում բանասեր Լուիզա Գասպարյանը հիմնավոր կերպով ևս մեկ անգամ հերքել է Թոմսոնի միտումնավորությունն ու սխալները՝ սկսած վերնագրի սխալ ընթերցումից («Հայաստանի պատմության» փոխարեն՝ «Հայերի պատմություն») մինչև Ատրպատականի փոխարեն Ադրբեջան գրելը։

– Հետաքրքիր է, թե ազգային-ազատագրական պայքարն ի՞նչ բնութագրումների է արժանացել:

– Հայոց ազգային-ազատագրական շարժումները կեղծարարների ամենագլխավոր թիրախներից են։ Օրինակ՝ Դավիթ-բեկի գլավորած Սյունյաց ապստամբությունը, ըստ Փանոսյանի, ազգային-ազատագրական պայքար չէր, այլ… այն այդպես են կոչում «նացիոնալիստ պատմաբանները», ընդ որում՝ իբր «այդպիսի մեկնաբանության արմատները գալիս են խորհրդային ժամանակաշրջանից» (էջ 114)։

Խոսելով Վարդանանց պատերազմի մասին՝ նա, հետևելով Ռ. Սյունիին՝ անտեսում է նրա ազգային-ազատագրական բնույթը՝ անհեթեթ կարծիք հայտնելով, որ դա միայն կրոնական պատերազմ էր: «Մահ իմացեալ անմահութիւն է» արտահայտությունը նրա կարծիքով վերաբերում է միայն հոգու անմահությանը, մահվանից հետո կյանքի գոյությանը, և ոչ մի դեպքում՝ հայրենիքի ազատության համար զոհվելուն (էջ 197): Այնինչ քրիստոնեական կրոնն այն ժամանակվա գաղափարախոսությունն էր և բնականաբար շաղկապված էր ազգային ինքնագիտակցությանը, այլ կերպ չէր կարող լինել: Արևմտյան Հայաստանը նկատի ունենալով, նա չակերտների մեջ է դնում՝ «կորուսյալ հողեր» արտահայտությունը, փաստորեն ծաղրելով հայրենիքի նկատմամբ հայոց ունեցած զգացմունքները (էջ 317, 388)։ Մի խոսքով՝ մեր ազգային բոլոր խորհրդանիշերն արևմտյան կեղծ-հայագիտության հարվածի տակ են հայտնվել: Եթե կարողացան դրանք ջարդել՝ հայ ժողովրդի արժանապատվությունը կկործանվի վերջնականապես: Այնուհետև հայերի հետ ցանկացած բան կարելի կլինի անել. նրանք ոչ զենքով կդիմադրեն, ոչ էլ առանց զենքի:

– Ուզում եմ առարկել. իմ կարծիքով մեր ազգային համընդհանուր դիմադրողականությունը դեռ ամուր է, միգուցե ճեղքեր կան, բայց խելացի գործողություններով դրանք կարելի է վերացնել:

– Բանն էլ հե՛նց այն է, որ մենք արդեն 20 տարի շարունակ ականատեսն ենք ոչխելացի գործողությունների։ Ցավոք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ճակատը լայնորեն բաց է ամեն տեսակի ներխուժումների և ավերածությունների առջև, որովհետև այդ ճակատի պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնած հայկական կառույցները, մեղմ ասած, չեն կատարում իրենց գործը, այդ թվում՝ պետությունն իր բազմաթիվ պատկան մարմիններով, Սփյուռքի տարատեսակ կազմակերպությունները, եկեղեցին։ Թեկուզ հիշենք, թե հեռուստաեթերով զօրուգիշեր ինչ է մատուցվում մեր երիտասարդությանը. միայն սերիալները հերիք են, որ նրանց ազգային ոգին մեռնի: ՀԲԸՄ-ի կողմից «Արցախ» հորջորջված հասարակագիտական ամառային դպրոցի ֆինանսավորումն ինքնին խոսուն փաստ է։ Լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի նաև այն, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին չեն հասկանում, թե ում են պատրաստվում գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը: Կրկնեմ հարցս՝ հայ ուսանողներին երիտսյունիներն ի՞նչ են սովորեցնելու՝ կեղծ պատմությու՞ն, ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, պարտությու՞ն:

– Ուրիշ օրինակներ ձեզ հայտնի՞ են, թե սա մի անզգույշ սայթաքում է:

– Խնդրեմ՝ թուրքական «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը, հայկական Ազգաբանական հետազոտությունների կենտրոն «Հազարաշենը» և Հայաստանի դերասանների միությունը նախաձեռնել են մի հերթական հայ-թուրքական «երկխոսության» ծրագիր: Արևմտյան կեղծ հայագետները հաճախ են խոսում այն մասին, թե իբր պատմության ուսումնասիրությունը կապ չունի քաղաքականության հետ: Սակայն թեկուզ միայն այս ծրագրի նախաձեռնումը ցույց է տալիս, թե որքան մեծ է այդ կապը: Հապա ինչո՞ւ է օտար պետության քաղաքական կառույցը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ֆինանսավորում մի ծրագիր, որն իբր կոչված է «լայնացնելու մասնակիցների գիտելիքները՝ պատմությունն ուսումնասիրելու մոտեցումների և գործիքների մասին»: Իսկ այդ ծրագրի հարցերից մեկը ձևակերպված է այսպես՝ «Անատոլիայի հայկական համայնքների ոչնչացումը 1915 թ.»: Այս կարճ ձևակերպման մեջ աղավաղված է միանգամից չորս հարց.

    1. Իրավական կշիռ ունեցող Հայոց ցեղասպանություն տերմինը չի գործածվում, փոխարենը խոսվում է ոչնչացման (destruction) մասին, որը կարող է նաև ցեղասպանություն չլինել և չնշանակել:
    2. Բնիկ հայ ժողովրդի իր հայրենիքում բնաջնջումն անվանված է ընդամենը «հայկական համայնքների» ոչնչացում, տպավորություն ստեղծելով, թե հայ բնակչությունն իբր թուրքական օվկիանոսի մեջ ցրված մեկուսի կղզյակներ էր ներկայացնում:
    3. Այդ «ոչնչացման» ժամանակը սահմանափակվում է միայն 1915-ով՝ պատրանք ստեղծելու համար, թե ոճրագործությունը պատերազմական թոհուբոհի հետևանք էր, այնինչ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1893-1923 թթ. ընթացքում՝ մի քանի փուլով:
    4. Վերջապես՝ Արևմտյան Հայաստանը թուրքավարի անվանված է Անատոլիա, որպեսզի իսպառ մերժվի հայերի՝ իրենց հայրենիքում բնաջնջված լինելու իրողությունը:

Թե ինչպես են կազմակերպիչները «լայնացնելու» հայ երիտասարդների գիտելիքները՝ արդեն հասկանալի է՝ աղավաղելով նրանց պատկերացումները սեփական պատմության մասին և Հայաստանում թուրքական ժխողականություն սերմանելով: Եթե թուրքական որևէ կազմակերպություն կամ անհատ չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, ապա նրա հետ որևէ համագործակցությունն անիմաստ է, այն կարող է միայն վնաս հասցնել հայկական կողմին։ Սա, իհարկե, առաջին դեպքը չէ. եռանդուն աշխատանքներ են տարվում հայ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում թշնամու հետ համագործակցողներ՝ կոլաբորացիոնիստներ դաստիարակելու համար: 2009 թ. փետրվարին Թուրքիայի Նևշեհիր քաղաքում տեղի ունեցած նման մի հավաքում, որը կազմակերպել էին տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական TESEV հիմնադրամը (ի դեպ՝ սա վերոհիշյալ «Կովկասի ինստիտուտի» մշտական գործընկերն է), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Կ. Պոլսում լույս տեսնող «Ակոս» օրաթերթը, ընդունել էր հայ և թուրք ուսանողների մի համատեղ հայտարարություն, որը ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ այն թուրքավարի անվանելով «1915թ. դեպքեր»: Հայաստանցի 20 հայ ուսանողներ այդ խայտառակ փաստաթղթի տակ դրել էին իրենց ստորագրությունները:

-Նման հակահայ գրոհները կանխելու հարցում, փաստորեն, մեր պետությունն անկարող է, մնում է դրանց հասարակական հնչողություն տա՞լը:

– Ես բազմիցս գրել և ահազանգել եմ, այժմ հնարավոր եմ համարում միայն ևս մեկ անգամ դրանց անդրադառնալը և ուշադրություն հրավիրելը: Խորհելու համար ևս մի քանի փաստ բերեմ Արցախում դասավանդելու հրավիրված Ռ. Փանոսյանի հակահայ գաղափարական դիրքորոշումների մասին։ Նա անվանում է Ջավախքը վրացական տերմինով՝ Ջավախեթի, հայոց այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները դարձյալ բացասաբար է բնութագրում՝ դրանք իռեդենտիստական և նացիոնալիստական պիտակավորելով (էջ 317)։ Ավելին՝ 1988-1994 թթ. արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է անջատողական` secessionist movement (էջ 317), ավելացնելով, թե այն՝ «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը» (էջ 311)։ Փաստորեն, սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում՝ արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում։ Ես ուզում եմ հարցս ուղղել Արցախի ղեկավար այրերին՝ արդյո՞ք տեղյակ եք այս ամենի մասին։ Իսկ եթե տեղյակ չե՞ք՝ դրանում ո՞վ է մեղավոր… Այսպես շարունակվելու պարագայում, չեմ զարմանա, եթե շուտով Ստեփանակերտում Ամառային դպրոց անցկացնեն Բաքվից ժամանած բունիաթովական «պատմաբանները»…

Հրաչուհի Փալանդուզյան

«Հայաստանի զրուցակից»,

#24 (187), 24 հունիսի 2011 թ., էջ 4-5

This post is also available in: ,