26.12.2013թ. 20:33:22
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի որոշում է կայացրել` Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով: Փերինչեքը` աննշան թուրքական կուսակցության ղեկավարը, 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա այն դիտավորությամբ, թե ինչպես են շվեյցարական իշխանությունները հանդգնելու պատժել իրեն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանությունը նա լկտիաբար անվանել էր «միջազգային սուտ»:
Ի պատասխան «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության կողմից քրեական գործ հարուցելու մասին բողոքի` Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Փերինչեքին դատապարտել և տուգանել էր ռասայական խտրականության համար:
2008 թվականի հունիսի 10-ին Փերինչեքը բողոքարկել էր իր դատավճիռը Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պնդելով, որ իր բազմաթիվ իրավունքները, այդ թվում` խոսքի ազատության իրավունքը, խախտվել են շվեյցարական դատարանների կողմից:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը չի բավարարել Փերինչեքի գրեթե բոլոր պահանջները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները) և մերժել փոխհատուցման նրա դիմումը: Սակայն, յոթ դատավորներից հինգը որոշել են, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը (Հոդված 10):
Սա շատ արտասովոր որոշում էր, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եվրոպական իրավագիտության մեջ: Շատ եվրոպական երկրներ սահմանափակումներ են կիրառել խոսքի ազատության վերաբերյալ, ներառյալ ազատազրկում` Հոլոքոստի ժխտման համար: Հոլոքոստի ժխտման պատժումը, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման հանդուրժումը անընդունելի երկակի ստանդարտներ են: Կա’մ երկու ցեղասպանությունների ժխտումը պետք է լինի պատժելի, կա’մ ոչ մեկը:
Նման մոտեցում մենք հաճախ ականատես ենք դառնում արցախյան հիմնահարցի շրջանակներում, որտեղ միջազգային բեմերում Ադրբեջանի կողմից ցուցաբերված տմարդի ագրեսիվ գործողություններին անհրաժեշտ գնահատական չեն տրվում, կամ ի պատասխան մեր արդարացի բողոքներին` միջազգային բեմերում հաճախ հնչում են կոչեր, որտեղ դատապարտվում են միաժամանակ երկու կողմերը: Համոզված ենք, որ նման երկակի մոտեցումների պատճառով ավելի կլկտիանան թուրք – ադրբեջանական կողմերը, որը որևէ նպաստ չի կարող ունենալ ժողովուրդների բարեկամության խթանման ու տարածաշրջանի խաղաղության հաստատման համար:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միություն,
Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի <<Արամ Մանուկյան>> ուսանողական միություն,
Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թեւ,
Ազատ Հայրենիք կուսակցության երիտասարդական թեւ
http://aparaj.am/new/%D5%AC%D5%B2%D5%B0-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A5%D6%80/