Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ

Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ

«Սայենս Նյուզ», 12 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (ScienceNews)
Բրյուս Բաուեր (Bruce Bower)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Պեղումներն ի հայտ բերեցին քաղաքակրթության սկզբնավորմանը մոտ գտնվող սակավ հայտնի մշակույթի մոտավորապես 6 000 տարվա հնության մասունքներ

ՖԻԼԱԴԵԼՖԻԱ – Հայաստանի հարավ-արևելքում, Արփա գետից վեր գտնվող քարանձավներից մեկում` անմիջապես իրանական սահմանի մոտ գիտնականները հայտնաբերել են, հնարավոր է, հնադարյան ժամանակներից պահպանված մարդկային ամենահինավուրց ուղեղը։

Քարարայրը նաև ժամանակակից քաղաքակրթությունների ծագումը հասկանալու, զարմանալիորեն նոր հնարավորություն է ընձեռում, այնպիսին, ինչպիսին է` գինեգործության մասին վկայությունն ու մշակութորեն բազմաբնույթ խեցեղենի հավաքածուն:
«2007-2008թթ. Արենի-1 քարանձավի ներսում և դրսում կատարված պեղումներն ի հայտ բերեցին մեծ թվով Պղնձե դարի` մոտավորապես 6,200-5,900 տարվա վաղեմության արտեֆակտներ», հունվարի 11-ին կայացած Ամերիկայի Հնագիտական ինստիտուտի տարեկան ժողովում հայտնել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից Գրիգոր Արեշյանը: Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում (իմա` Առաջավոր Ասիա-թարգմ.)` հարավարևմտյան Ասիայի մեծ մասն ընդգրկող տարածաշրջանում Պղնձե դարն ընթացել է մոտավորապես 6,500-5,500 տարի առաջ:
Գտածոները ցույց են տալիս, որ մշակութային հիմնական զարգացումները տեղի են ունեցել Պղնձե դարում` ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում, նշում է Արեշյանը: Քարանձավային նոր հայտնագործությունները վկայում են, որ Հայաստանի տարածքում մշակութային գործունեություն ծավալվել է ներկայում հայտնի ժամանակաշրջանից 800 տարի առաջ: «Սա ոգեւորող աշխատանք է», մեկնաբանում է Ռանա Օզբալը` Ստամբուլի Բոգազիցի համալսարանից:
Հայկական քարանձավի մեջ տեղադրված երկու մետր երկարությամբ ավազանը` շրջապատված խոշոր կուժերով և խաղողի որթի կեղևի ու սերմերի ցաք ու ցրիվ մնացորդներով, վկայում է ակնհայտորեն մեծ ծավալի գինեգործական աշխատանքների մասին:
Հետազոտողները նաև գտել են Պղնձե դարի մարդկային գանգերի մի եռյակ, որոնցից յուրաքանչյուրը թաղված է մի առանձին որմնախորշում` երեքսենյականոց 600 մ2 քարանձավում: Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ: «Սա, Հին Աշխարհում երբեւէ հայտնաբերված մարդկային ամենահին ուղեղն է», – նշում է Արեշյանը: Հին աշխարհը կազմում են Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և շրջակա կղզիները:
Ներկայում ուղեղը հետազոտող գիտնականները դրա մակերեսին նկատել են պահպանված արյունատար անոթներ: Պահպանված կարմիր արյան բջիջները այդ կարծր անոթներից դուրս են բերվել անալիզի համար:
Պարզ չէ, թե ո՞վքեր են հաճախել Արենի-1, ո՞րտեղ են այդ մարդիկ ապրել, կամ ին՞չ մեծության էին նրանց բնակատեղիները: Քարայրի ներսում կամ դրսում տնտեսություն վարելու ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Ով էլ նրանք լինեին, այս մարդիկ մասնակցել են Մերձավոր Արևելքով ընթացող առեւտրին, ենթադրում է Արեշյանը:
Պղնձե դարի կավագործական իրերը հնավայրում չորս խմբի են բաժանվում, որոնցից միայն մեկն է ներկայացնում տեղական արտադրանք: Գունազարդ խեցեղենի մի խումբը արևմտյան-կենտրոնական Իրանից է: Որոշ անոթներ ներկայացնում են Մայկոպի մշակույթին մի տիպիկ ոճ` հարավային Ռուսաստանից և հարավարևելյան Եվրոպայից: Մինչդեռ մյուսները բնորոշ էին Կուր-Արաքսյան մշակույթին, որը Ռուսաստանում ծաղկում էր հենց Մայկոպի տարածքից արևմուտք:
Խեցեղենի և Պղնձե դարի մյուս գտածոների ռադիոկարբոն թվագրումը վկայում է, որ Մայկոպյան և Կուր-Արաքսյան մշակույթները ծագել են ավելի վաղ` ներկայում հայտնի ժամանակաշրջանից 1000 տարի առաջ, հայտնում է Արեշյանը:
Արենի-1 քարայրի լրացուցիչ հայտնագործությունները ներառում են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգն և չորացած խաղող ու սալոր:
Պինդ, կարբոնատե կեղևը` ծածկելով Պղնձե դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը:
Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դդ. միջնադարյան վառարաններ:
Արեշյանն ակնկալում է, որ Արենի-1-ի և Արփա գետը եզերող շատ այլ քարայրների հետազոտության արդյունքում ավելի շատ նյութեր կհայտնաբերվեն: Ըստ նրա, «Այդ քարանձավներից մեկն ավելի մեծ է, ներսում մոտ մեկ ակր (0,4 հեկտար) մակերեսով, քան Արենի-1-ը»:

‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունը

ԱՌԿ-ի առաջարկությամբ այս հաղորդագրությունը մեկնաբանում է պատմ.գիտ. դոկտոր-պրոֆեսոր Է. Լ. Դանիելյանը

Հայկական քարայրի` Արենի-1-ի պեղումների ժամանակ մեծ հայտնագործություն է կատարվել, որը, լուսաբանելով Հայոց պատմության հնագույն էջերը, հարստացնում է Հայկական լեռնաշխարհում վկայված համաշխարհային նշանակության քաղաքակրթական զարգացումների ծագումնաբանության պատմությունը:
Միևնույն ժամանակ, Բրուս Բաուերի հրապարակած հաղորդագրության մեջ ներկայացված Գ. Արեշյանի որոշ մեկնությունները մտորումների տեղիք են տալիս.

1. Ըստ նրա, հայտնաբերված երեք գանգերից երկուսի վրայի կոտրվածքները բռնության արդյունք են: Նա ենթադրում է,
ա. աղջիկներին սպանել են,
բ. դա արել են մահակով,
գ. դա տեղի է ունեցել ծիսական արարողության ժամանակ:

Սակայն այսպիսի ենթադրության համար ոչ մի հիմք չկա: Հայաստանում երբեք նման վայրենի «զոհաբերության» ծիսակատարություն չի եղել: Այսպիսի փաստ չկա ո՜չ հնագիտական նյութերի մեջ, և ո՜չ էլ հետագա գրավոր սկզբնաղբյուրներում:

2. Գինու արտադրությունը, ինչպես նաև կավագործական իրերի` խեցեղենի, մետաղյա դանակների, հագուստեղենի և այլ իրերի հարուստ հավաքածուն, վկայում են այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում քաղաքակրթության որոշակի մակարդակի դրսևորման մասին:
Իսկ Գ. Արեշյանը հավաքածուի երեք քառորդը ներմուծված է համարել: Ավելին, Արենի-1 քարանձավի նյութի հիման վրա, Կուր-Արաքսյան մշակույթին զուգահեռ նա նաև Մայկոպի մշակույթի տարիքն է 1000 տարով հետ տեղափոխում, որպեսզի ապացուցի, որ հավաքածուի մի խումբը «ներմուծված է»:

ա. «Կուր-Արաքսյան մշակույթ» եզրը ժամանակին օգտագործվել է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի և հարակից տարածքների հնագիտական մշակույթի նկարագրության հիման վրա, այնուհետև դրան ավելի լայն կիրառում է տրվել: Միևնույն ժամանակ, հնագիտական մշակույթի ծագումնաբանական պատկանելության խնդրին անդրադառնալիս, պատմա-աշխարհագրական տերմինաբանության ընդգրկած հասկացությունների ոչ ճիշտ կիրառման դեպքում խառնաշփոթ է առաջանում: Հայկական լեռնաշխարհում հնագիտական նոր հայտնագործությունների հիման վրա որոշակի դարաշրջանի մշակույթի (իմա` Կուր-Արաքսյան) տարիքի հնացման հիման վրա այլ` համեմատվող մշակույթի ( որպիսին նշվել է Մայկոպի մշակույթը) տարիքի հնացման մասին խոսելիս, բնականից կհետևի, որ Հայկական լեռնաշխարհում վավերացված մշակույթը տարիքով առաջնային է, ուստի Արենի-1-ի ամբողջ հնագիտական նյութը տեղական ծագում ունի:

բ. մեկ քարայրի սահմանափակ տարածքում հայտնաբերված գտածոների երեք քառորդը համարելով ներմուծված, որոնցից Կուր-Արաքսյան, այսինքն` Հայկական լեռնաշխարհի մշակույթի հետ համեմատվող մշակույթի ծաղկումն էլ նշելով Մայկոպից արևմուտք, Գ. Արեշյանը դիմազրկել է Արենի-1-ի հնագիտական նյութերի մշակութային պատկանելությունը։

գ. Ըստ Գ. Արեշյանի կարծիքի, խնդրո առարկա մշակութային զարգացումները տեղի են ունեցել «ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում»: Սակայն դեռևս XVIII դ. Դ.Կալմեն, XIX դ. վերջում Վ.Գլադստոնը, իսկ XX դարու Դեյվիդ Մ. Լանգը Հայաստանը քաղաքակրթության բնօրրան են համարել, այնպես որ Արենի-1-ի քարայրում կատարված հնագիտական հայտնագործությունները պատկանում են հե՜նց քաղաքակրթության բնօրրանին, որպիսին Հայկական լեռնաշխարհն է, և կազմում են նրա հարուստ նյութական մշակույթի ամբողջության մասը:

3. Գյուղատնտեսական և մետաղամշակման արգասիքների առկայությունը քարանձավի գտածոներում վկայում է այն իրողության մասին, որ Հայկական լեռնաշխարհը մշակովի ցորենի, խաղողի, դրանով իսկ գինեգործության, ինչպես նաև մետաղագործության հայրենիքն է:

4. Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է, և Արենի-1 քարանձավի ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող հնագիտական հայտնագործությունները գալիս են լրացնելու Հայկական լեռնաշխարհի մշակույթի էնեոլիթին նախորդած` նեոլիթի (նոր քարի դար), ինչպես նաև էնեոլիթին հաջորդած` բրոնզի և հետագա դարաշրջանների հոգևոր և նյութական մշակույթին վերաբերող հնագիտական հայտնագործությունների շարքը:

This post is also available in: ,