«Առաջ Հայաստան, թե դպրոցդ հայկական է»

«Առաջ Հայաստան, թե դպրոցդ հայկական է»



Այսօր ՀՀ կառավարության շենքի առջև, որտեղ Ազգային ժողովը նիստեր է գումարում, բողոքի ակցիա անցկացրին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը և խնդրով մտահոգված անհատներ:

Հունիսի 4-ին ԱԺ Կրթության և գիտության հանձնաժողովը քննարկեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնելու հարցը: Հանրապետական կուսակցությունը կողմ քվեարկեց, և ձայների 3/4 հարաբերակցությամբ օրինագիծը մտավ նիստերի օրակարգ: Դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի պահանջներից են` մերժել օրենքի նախագիծը և այն վերջնականապես հանել օրակարգից, լեզվի ու հանրակրթության խնդիրների վերաբերյալ լսումներ անցկացնել հանրության և մասնագիտական խմբերի մասնակցությամբ, վերանայել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` իր պաշտոնում մնալու նպատակահարմարությունը և այլն:

«Մենք չգիտենք` քառօրյայի որ մասում են քննարկելու այդ օրենքը, բայց մենք ուզում ենք` առաջին իսկ պահից բոլոր պատգամավորները և հանրությունը հասկանան, որ մենք այս հարցում անզիջող ենք, որ այս օրինագիծը չպետք է ընդունվի: Եվ հավաստիացնում եմ նախաձեռնող խմբի և ակտիվիստների անունից, որ մենք շատ հետևողական ենք լինելու և մեր պայքարի ալիքն անընդհատ ուժգնանալու է, ոչ թե հակառակը: Եթե առաջին ընթերցմամբ ընդունվի, ուրեմն դա ևս մի հանգրվան է մեր պայքարի համար: Մենք կհետևենք այս գործընթացին և ամեն անգամ ավելի ուժգին և ադեկվատ պատասխաններ կտանք: Այս ամենը հաշվարկվում է»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բերացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրենք այս ընթացքում հանդիպել են և խմբակցությունների, և անհատ պատգամավորների հետ, նրանց ներկայացրել օրենսդրության վտանգները, և իրենց նպատակը որևէ մեկի հետ թշնամանալը չէ:

«Մինչ այս քառօրյայի քվեարկությունը դեռ չենք բացահայտի, բայց հավատացնում եմ ձեզ, որ շատ հանրապետականներ ասել են, որ իրենք մեր դիրքերն են պաշտպանում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նախաձեռնությունը նախատեսում է, որ եթե հանրապետականները քվեարկեն իրենց խոստացածի պես, ապա օրինագիծը չի ընդունվի: Եթե նրանք դրժեն խոստումը, Արմեն Հովհաննիսյանը կհրապարակի նրանց անունները:

Ցուցարարներից Արմինե Կոնդակչյանը, ով երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, իսկ այժմ հայրենադարձ է, «Հետքին» ասաց, որ պատահել է, որ ԱՄՆ-ում փողոցում հայերեն խոսելով քայլել են, և որևէ ամերիկացի իրենց կողքից ասել է. «Անգլերեն խոսեք»:

«Մարդը գիտակցություն ունի, որ երկրի լեզուն անգլերենն է: Այս նախաձեռնությունը լեզվաբանական ցեղասպանություն է: Եթե այսպես շարունակվի, հայ թատրոնն է կորսվում, հայ գրականությունն է կորսվում: Սփյուռքում տասնյակ դպրոցներ են պահվում մեծ ծախսերով և մեծ զոհողություններով, որ մեր հայ երեխեքը հայերեն սովորեն, հայերեն խոսեն և հայերեն կարդան, և մեր իշխանությունները այս են ստեղծում: Անընդունելի բան է սա»,- ասաց նա:

Ցուցարարներից ազատամարտիկ Խաչատրուր Խաչատրյանի խոսքերով էլ` մենք ունենք 7-8 մլն-անոց սփյուռք, որն աշխարհի տարբեր երկրներում արդեն իսկ ստանում է օտարալեզու կրթություն:

«Հանրակրթական դպրոցին կպչելու իրավունք չունեն: Հոգուն են կպել: Կենդանին որ կենդանի է, եթե ուրիշ պաշտպանելու ձև չունի, հարձակման է անցնում»,- ասաց նա:

Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի համոզմամբ էլ` այսօր Հանրապետական կուսակցությունը ղեկավարվում է հականժդեհյան գաղափարներով, «և չի կարող այս երկրում այդ կուսակցության առաջնորդությամբ ազգօգուտ ձևով որևէ խնդիր լուծվել, այդ թվում` նաև դպրոցի խնդիրը»:

Պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը մարզից էր եկել` հատուկ ցույցին մասնակցելու համար: Նա պահել էր «Առաջ Հայաստան, թե դպրոցդ հայկական է» գրությամբ պաստառ: ««Առաջ Հայաստան» խոսքը պարզապես հօդս կցնդի և չի իրականանա, եթե դպրոցը հայկական չլինի, եթե հայ մարդը չկրթվի հայոց լեզվով: Դեռևս Միքայել Նալբանդյանն է ասել, որ սուտ է այն կրթությունը, որ ստանում են օտարի լեզվով: Այս քայլի մեջ, որ մեր կառավարությունը անում է, ոչ մի ողջմատություն չեմ տեսնում»,- ասաց ուսուցիչը:

Երբ պատգամավորները սկսեցին ժամանալ Կառավարության շենք, ոստիկաններն ավելի խիտ կանգնեցին ցուցարարների դիմաց և պատ ստեղծեցին ցուցարարների ու պատգամավորների միջև: Էդուարդ Շահվերդյանը փորձեց մոտենալ պատգամավորներին, բայց նրան ոստիկանը թույլ չտվեց: Ցույցի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև որևէ բախում չեղավ:

Ցուցարարները պատգամավորներին տեսնելուն պես սկսեցին բացականչել «Ամոթ», «Կրթությունը` հայերեն», «Կեցցե Նժդեհը, ամոթ հականժդեհականներին», «Ձեր արածը ձեզ դո՞ւր է գալիս, նժդեհականներ», «2 բաժին քյաբաբով մի փոխեք ձեր հոգին» և այլ վանկարկումներ: Պատգամավորներն արագորեն մտնում էին շենք:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց. «Հանրապետականները իրենց կարծիքը կասեն: Մեր վերաբերմունքը մենք Ազգային ժողովում կարտահայտենք: Իրենց իրավունքն է, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, մեր քաղաքացիներն են: Օրենքի հետ կապված մտահոգություններ կան, եղել են: Հենց հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էր հրապարակային ասել, որ բոլորիս մոտ կան մտահոգություններ: Պարզապես այստեղ մի բան բոլորիս համար պարզ է, որ ի հաշիվ հայոց լեզվի` ոչ մի բան չպիտի լինի: Մենք բոլորս անկախ Հայաստանում պետք է այնպես անենք, որ դպրոցը լինի հայրենասիրության տաճար, բայց մյուս կողմից էլ` պետք չէ ծայրահեղականացնել և մեր մեջ փնտրել դավաճաններ, հայրենասերներ: Կնստենք, կոնստրուկտիվ կքննարկենք և այդ հարցերը կլուծենք: Համոզված եմ, որ բոլորը տեսել են, որ Հանրապետականը պատրաստ է բոլոր կառուցական առաջարկները քննարկել»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք այս տարբերակով դեմ են օրինագծին, և ամեն ինչ անելու են, որ դրանում փոփոխություններ լինեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ լրագրողներին ասաց, որ բացարձակապես հիմնավորում չկա, որ հանրապետությունում 15 օտարալեզու դպրոց գործի: Պատգամավորի համոզմամբ` խնդիրը երկրում կրթության որակի փոփոխությունն է, բայց ոչ օտարալեզու դպրոց բացելու ճանապարհով:

««Հանրակրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համապատասխան կետն արտոնում է օտար լեզուների խորացված ուսուցումը: Շատ լավ լիներ, որ ղեկավարությունն իր ուշադրությունը բևեռի կրթության որակի, գիտելիքների խորացման ուղղությանը և ոչ թե փորձի մայրենի լեզվի հաշվի կրթության մրցակցային առավելությունները բարձրացնել: Այնպես որ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ «ոչ»»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մոտեցան ցուցարարներին և ասացին, որ իրենք դեմ են օրինագծին: Ցուցարարների խնդրանքին` թույլ չտալ օրենքի ընդունումը` պատգամավորները պատասխանեցին. «Կրթության պրոբլեմները դրանով չեն լուծվում, ինչ որ իրանք են ուզում անել: Միևնույն է` փոփոխությունները մեզ չեն բավարարում: Օտար լեզուների ուսուցմանը մենք դեմ չենք, բայց օտար լեզվով ուսուցմանը դեմ ենք»:

«Մարտի 1-ից հետո Դուք Ձեր դեմքը ցույց տվեցիք: Եվ ափսոս էն ժամանակը, որ ես ծախսեցի Ձեզ վրա»,- Վահան Հովհաննիսյանին ասաց «Սարդարապատ» շարժման անդամ Գրիզելդա Ղազարյանը: «Ես էլ եմ ափսոսում, որ Դուք ինձ վրա ժամանակ եք ծախսել: Ես դրա մասին Ձեզ չեմ խնդրել»,- նրան պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:

Ցուցարարներից 16-ամյա Սարգիս Ալագուլյանը «Հետքի» հետ զրույցի ժամանակ ասաց. «Այդ դպրոցները, որ բացվելու են, մասնավոր դպրոցներ են, և այդ դպրոցների համար պատասխանատու են տնօրենները. նրանք են ասելու են, թե ինչ լեզու ուսումնասիրեն: Հիմնականում հայերենին տեղ է տրվում` որպես 2-րդ ուսումնասիրվող առարկա: Դա մեզ չի գոհացնում»:

Սարգիսը համոզված է, որ հայկական կրթություն ստանալով` կարելի է օտար լեզուների տիրապետել: Օրինակ` ինքը տիրապետում է անգլերենի ու ռուսերենի: «Առաջին տեղում պետք է հայերենը լինի»,- ասաց նա:

Ցուցարարներից Գայանե Ղազարյանը ևս հայկական կրթություն ունի, բայց տիրապետում է ռուսերենի, անգլերենի, գերմաներենի, այժմ սովորում է ճապոներեն և մեռած լեզուներից հին նորվեգերեն: Գայանեն նշեց, որ Գերմանիայում 10 մլն-անոց թուրքական համայնք կա, սակայն Գերմանիան, լինելով եվրոպական զարգացած երկիր, նրանց համար անգամ մեկ թուրքական դպրոց չի բացում:

«Ընդհանրապես պետական մակարդակով օտարալեզու դպրոցներ թույլատրվում են միայն ազգային փոքրամասնությունների համար, բայց նույնիսկ Գերմանիայի պես եվրոպական երկրում (իրենք սիրում են մեր աչքը մտցնել, որ Եվրոպան շատ զարգացած է) որևիցե օտարալեզու դպրոց, նույնիսկ որոշ ազգային փոքրամասնությունների համար` չկա: Հայաստանում կան ազգային փոքրամասնությունների համար դպրոցներ, բայց դա միայն ազգային փոքրամասնությունների համար է: Ցույց տվեք ինձ ֆրանսիական, անգլիական, գերմանական մեր համայնքը: Հայաստանում չունենք մենք այդպիսի համայնքներ, որ բացենք այդպիսի դպրոցներ: Պիտի բացենք եզդիական, ասորական, հունական դպրոցներ: Ուրիշ լեզվով դպրոց` մենք իրավունք չունենք բացելու: Մեզ համար ինչո՞ւ եք բացում: Մենք հայ ենք»,- ասաց Գայանե Ղազարյանը:

Դերասան Երվանդ Մանարյանը դժգոհ էր բողոքի ակցիայի մասնակիցների թվից: Նրա համոզմամբ` ակցիային պետք է շատ ավելի շատ մարդիկ մասնակցեին:

«Սա ի՞նչ ակցիա է: Ասում են` 2 մլն ենք, դրա դիմաց այսքանը չնչին բան է: Հասարակությունը պետք է այս իշխանությունները փոխելու մասին մտածի, որովհետև այս իշխանությունները իրենց բուն խնդիրը պատվով չեն կատարում: Այս ազգը պիտի իր դպրոցը ունենա: Այն ժամանակ, որ պետություն չենք ունեցել, ազգային դպրոցներ ենք ունեցել: Հիմա պետություն ունենք, ազգային դպրոցը արմատախիլ ենք անում: Տրամաբանություն չկա մեր արածների մեջ»,- ասաց դերասանը:

Ժամը 12:35-ից պատգամավորները սկսեցին դուրս գալ Ազգային ժողովից: Ցուցարարները դարձյալ սկսեցին վանկարկել «Ամոթ» և այլն:

«Ամոթը քեզ» ցուցարարներից մեկին պատասխանեց հունվարի 10-ին ԱԺ ընտրություններում հաղթող ճանաչված պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը:

«Բա որ մեկը կանգնի, դեմքիդ ասի` ամոթ, դու ի՞նչ պետք է պատասխանես, ինչի՞ համար, թող գա, մոտենա, եթե հարց ունի: Փողոցում կանգնել է` «ամոթ» է դեմքիս գոռում, առանց հարցնելու` ինչի համար: Համընդհանուր կարելի՞ է բոլորին ասել»,- լրագրողներին ասաց պատգամավորը: «Դուք դե՞մ եք այս օրենքին» լրագրողի հարցին Արա Սիմոնյանը պատասխանեց. «Ո՞ր օրենքին, աղջիկ ջան»:

Երբ ցուցարարները իմացան, որ ԱԺ-ում այսօր օրինագիծը չի քննարկվելու, ցրվեցին: Վաղը և քառօրյայի մյուս օրերին նրանք դարձյալ ակցիա են անցկացնելու Կառավարության շենքի առջև:

Գրեթե բոլոր ցուցարարներն արդեն հեռացել էին, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին մոտեցան 3-4 ցուցարար, և իրենց վրդովմունքը հայտնեցին օրենքի վերաբերյալ:

«9-րդ դասարանում պարտադիր ուսուցումը վերջանում է: Մարդը ուզենա կգնա ավագ դպրոց, ուզենա` չի գնա: Ավագ դպրոցները իրենք են ընտրում իրենց հետագա ընթացքը` ինչ թեքում, ինչ մոտեցում ունի: Իսկ ինչ վերաբերում է ավագ դպրոցներին, որոնք օտարալեզու կլինեն, դրանք վճարովի դպրոցներ են: Դուք այս տեսակետն ունեք: Բոլորի տեսակետներին պիտի ուշադրություն դարձնենք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա պատասխանը չգոհացրեց ցուցարարներին, քանի որ նրանք համոզված են, որ ավագ դպրոցում սովորող անչափահասը ևս պետք է մայրենի լեզվով առարկաներն ուսումնասիրի, և ավագ դպրոցում ևս լեզվամտածողություն է զարգանում:

Սոնա Ավագյան

Hetq.am

This post is also available in: ,