ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 3

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ. II – 3

II. Միջազգային իրավական մակարդակ

Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2010 թ., թիվ 41 (159), թիվ 45 (163). 2011 թ., #1 (164)

4. Արցախյան գործը

Միջազգային դատավարության ձև կարող է ընդունել նաև հայ ժողովրդի՝ Արցախին, ներառյալ նրա շուրջն ազատագրված բնիկ հայկական տարածքին տիրելու անօտարելի իրավունքը։ Այդ իրավունքն իրացվելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության հետ վերջնական՝ դե-յուրե վերամիավորման, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման միջոցով։ Այսպիսի իրական հնարավորության վրա է մատնացույց անում Կոսովոյի անկախության հռչակման մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2009 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թ. հուլիսի 22-ը քննված նախադեպային գործը։ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի խորհրդատվական վճռում եզրակացվեց, որ 2008 թ. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, քանի որ միջազգային օրենսդրության մեջ բացակայում է որևէ դրույթ, որը կարող էր արգելել Կոսովոյին հռչակելու իր անկախությունը։ Դրանով իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Սերբիայից Կոսովոյի անկախության ինքնահռչակումը։

Այդուամենայնիվ, պետք է հստակ գիտակցել, որ Հայկական հարցի ռազմավարական իրողությունների բերումով երկարաժամկետ հեռանկարում «մեկ ազգ, երկու պետություն» (ՀՀ և ԼՂՀ) տարբերակը վտանգավոր է և կարող է հայկական կողմի համար ընդունելի համարվել միայն իբրև ձևական ու միջանկյալ լուծում (այս հարցն ավելի մանրամասն կքննարկենք ավելի ուշ)։

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ վերոթվարկյալ գործերից որոշներն, այս կամ այն փաթեթավորմամբ, կարող են մտցվել միջազգային դատական ատյաններ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, բնականաբար՝ ճիշտ հակառակ պահանջներով և պատմական փաստերի լիակատար աղավաղմամբ։ Ուստի Հայաստանն ակամա կարող է հայտնվել միջազգային դատարաններում, հետևաբար ձեռքի տակ պետք է ունենա Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը, ինչը նախատեսում է ամենօրյա տքնաջան աշխատանք՝ արդեն այսօրվանից։

    5. Եկեղեցական գործերի շարք. Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի

Նամազ Անիի հայկական տաճարի ավերակներում, 2010թ․

Ներկայիս Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) եղել է հայ ամենամեծ հողատերն ու սեփանակատերը։ Ցեղասպանության տարիներին հայ կղերը կրել է անդառնալի մարդկային կորուստներ. սպանվել են հազարավոր հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի հավաքական գիտելիքի, մշակույթի, ավանդույթների և սովորույթների եզակի կրողն էին։ 1915 թվականից մինչև այսօր Թուրքիայում ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, իսկ մի մասը վերածվել է մզկիթների։ Հայկական եկեղեցիները խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում նույն ճակատագրին են արժանացել, մի քանիսը հռչակվել են «աղվանական» և «վերանորոգման» ենթարկվել՝ միմիայն հայկական հետքերը ջնջելու նպատակով։ ՀԱԵ-ի, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու և Հայ Ավետարանական Եկեղեցու պատմամշակութային արժեքները, վիթխարի անշարժ գույքը և հարուստ ունեցվածքը բռնագրավվել ու թալանվել են։

1990-ական թթ. սկզբին Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում կար մի քանի հարյուր հայկական եկեղեցի՝ կանգուն և կիսավեր վիճակում։ ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց պետությունը և Վրաց Ուղղափառ Եկեղեցին ոչ միայն հրաժարվեցին հայկական եկեղեցիներն ու վանքերը վերադարձնել օրինական տիրոջը՝ ՀԱԵ-ին, այլև դրանցից շատերը վրացական հռչակեցին, ավելին՝ առհասարակ չճանաչեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի իրավական կարգավիճակը։ Իրավիճակը կարելի է պատկերացնել թեկուզ միայն Թիֆլիսի օրինակով. եթե 1899 թ. այնտեղ կար հայկական 27 եկեղեցի և մեկ վանք, ապա այսօր այնտեղ գործում է ընդամենը երկուսը, իսկ հայկական հինգ եկեղեցի վրացիները հայտարարել են «վիճելի»։

Մշո Սուրբ Կարապետ Վանք, 1923թ․

Մշո Սուրբ Կարապետ Վանք, 1923թ․

Մշո Սուրբ Կարապետ Վանքը մեր օրերում

Հայ Առաքելական Եկեղեցին պետությունից անջատ՝ առանձին իրավաբանական անձ է։ Կառուցվածքային առումով ՀԱԵ-ն համազգային կազմակերպություն է, որի վարչականորեն ինքնիշխան չորս նվիրապետական աթոռներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունները (վերջին երեքն ընդունում են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը)։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանն անկախ պետություն հռչակելուց հետո ՀԱԵ-ն, օգտվելով միջազգային քաղաքական համակարգի արմատական ձևափոխումից, կարող էր դիմել նորագույն միջազգային իրավական մեխանիզմներին և նրանց հիման վրա մշակեր եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ինքնուրույն գործողությունների ծրագիր։ Սակայն դա չարվեց։ Այդուհանդերձ, նման ծրագիր չմշակելու մեղքն ընկնում է ոչ այնքան ՀԱԵ-ի, որքան ՀՀ ղեկավարության վրա, որը չկարողացավ համարժեք քաղաքականություն մշակել հայ-թուրքական հակամարտության և Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ։ Ընդհակառակը՝ Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքականությունը բոլոր 19 տարիների ընթացքում եղել և մնում է պարտվողական, իսկ վերջին մի քանի տարիներին՝ պարզապես անձնատվական։ Այդ քաղաքականության «գլուխգործոցը» դարձան ցյուրիխյան մեռելածին արձանագրությունները, որոնք 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունն ինքը հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջից։ Փաստորեն, այդ արձանագրություններն ստորագրելով՝ ՀՀ-ն կրավորականորեն հաշտվում է Հայոց ցեղասպանության աղետալի արդյունքների հետ՝ հայության տարածքային, մշակութային, բարոյական և նյութաֆինանսական կորուստներն այլևս չհամարելով փոխհատուցման (և, առհասարակ՝ հատուցման) ենթակա հարց։ Այսպիսի իրավիճակում ՀԱԵ-ն պարզապես անկարող էր Թուրքիայի դեմ միանձնյա գործադրել դատական հետապնդման միջազգային իրավական մեխանիզմները, հատկապես եթե նկատի ունենանք, որ Հայոց եկեղեցին մինչև այսօր չի ապաքինվել ցեղասպանության և դրան անմիջապես հաջորդած խորհրդային ամբողջատիրության յոթանասունամյա ժամանակաշրջանի հետևանքներից, իսկ սառը պատերազմի տարիներին դառնալով գերտերությունների առճակատման զոհը, ենթարկվել էր ցավալի և կազմալուծիչ բաժանման։

Մինչդեռ հայկական պետության և Սփյուռքի կառույցների աջակցության պարագայում Հայ Առաքելական Եկեղեցին (բացառությամբ թուրքական կառավարության ճնշման տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության) այսօր էլ կարող է մշակել և միջազգային իրավական ատյաններին ներկայացնել իր սեփական՝ ավտոնոմ ծրագիրը՝ առանձին վերցված եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ, որը կներառի հետևյալ հիմնական դրույթ-պահանջները (մանրակրկիտ մշակված իրավաբանական ձևակերպումներն ապագայի խնդիր են).

ա) ՀԱԵ-ի հոգևոր-վարչական իրավասությանը հանձնել (վերադարձնել) մինչև 1915 թ. եղած բոլոր հայկական եկեղեցիները և/կամ այն հողատարածքները, որտեղ դրանք գտնվել են.

բ) բարոյական ու ֆինանսական փոխհատուցում վճարել ցեղասպանության տարիներին հայկական եկեղեցիների ոչնչացման, նրանց ունեցվածքի և պատմամշակութային արժեքների բռնագրավման ու կողոպուտի, ինչպես նաև հազարավոր հայ հոգևորականների սպանդի դիմաց.

գ) ՀՀ և այլ պետությունների հայ քաղաքացիներին իրավունք տալ ազատորեն այցելել և իրականացնել իրենց հոգևոր պահանջմունքները Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում գտնվող ՀԱԵ-ի սրբավայրերը.

դ) ՀԱԵ-ի հետ համաձայնեցնել Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում գտնվող հայ եկեղեցական ճարտարապետության հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքները, եթե այդպիսիք իրականացվեն տվյալ պետությունների տարածքներում, ինչպես նաև ՀԱԵ-ին թույլ տալ սեփական միջոցներով իրականացնել նմանատիպ վերականգնողական ծրագրեր։

Հե՛նց հայ-թուրքական հակամարտության հանդեպ ինքնուրույն դիրքորոշման բացակայության, ինչպես նաև Թուրքիայից ու միջազգային համայնքից հստակորեն մշակված պահանջներ չունենալու պատճառով էլ 2010 թ. Հայ Առաքելական Եկեղեցին հանկարծակիի բերվեց թուրքական քարոզչամեքենայի հերթական հակահայկական գործողության՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու «վերականգնման» և այդ առթիվ այնտեղ անցկացվելիք Սուրբ Պատարագի առջև։ Փոխանակ դատապարտելու այդ «վերականգնումը», որն իրականացվել է առանց նրա օրինական տիրոջ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և վերջինիս կողմից գործուղված հայ միջնադարյան ճարտարապետության ու արվեստի մասնագետների մասնակցության (այդ օրն Աղթամար կղզու վրա թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության ձևական ներկայությունն ակնհայտորեն ստիպողական բնույթ ուներ) և այդ հնարանքը գնահատելու որպես հայկական սրբավայրի անարգում ու շեմքից իսկ մերժելու թշնամի պետության՝ Թուրքիայի հրավերը՝ ներկա գտնվելու Ս. Խաչ եկեղեցում անցկացվելիք Ս. Պատարագին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, պաշտոնական Երևանի ցուցումով, սկզբում նույնիսկ հայտարարեց այնտեղ պատվիրակություն ուղարկելու իր մտադրության մասին ու միայն վերջին պահին մերժեց թուրքական կանչը։ Ընդ որում՝ այդ մերժումը պատճառաբանվեց թուրքերի կողմից Ս. Խաչի գմբեթին խաչ տեղադրելն անորոշ ժամանակով հետաձգելու հանգամանքով, կարծե՛ս թե թուրքերին մերժելու համար այլ պատճառներ գոյություն չունեին։ Մինչդեռ իսկական սրբապղծություն պետք էր համարել արդեն այն, որ հանցագործ երիտթուրքերի հակահայկական ուղեգծի շարունակողները՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքող թուրքական պետության պարագլուխներն առհասարակ համարձակվել էին այդ լկտի ծաղրը ձեռնարկել՝ «վերանորոգել» իրենց իսկ կողմից չճանաչված զոհերի սրբատունը ու այդպիսով անամոթաբար ընդունել պատմական հուշարձանների պահպանողի և վերականգնիչի ազնիվ կեցվածք։

Ժամանակն է արդեն, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իրեն հեռու պահի դրսից թելադրվող, այդ իսկ պատճառով՝ հայկական շահերի տեսակետից անմեղսունակ ՀՀ արտաքին քաղաքականությունից։ Իբրև հայ ժողովրդի ավանդական ազգային-կրոնական կազմակերպություն, որն ունի իրավական ինքնուրույնություն, պատմական հեղինակություն, միջազգային կարգավիճակ և բարեկամական կապեր համաշխարհային քրիստոնեական եկեղեցիների հետ, Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պարտավոր է պայքարել հայության ոտնահարված կրոնական և եկեղեցական իրավունքների վերականգնման ու Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում մնացած հայկական պատմաեկեղեցական ժառանգության փրկության համար, անկախ նրանից, թե նշված երկրների նկատմամբ տվյալ պահին ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք Հայ եկեղեցու գործի ահռելի ծավալի մասին, նկատենք միայն, որ դիվանական նյութերի նորագույն հետազոտությունների համաձայն, ցեղասպանության տարիներին թուրքերն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացրել են 2538 հայկական եկեղեցի և 451 վանք[1], որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում էր Հայ Առաքելական Եկեղեցուն։ Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դատավարությունների համար միջազգային իրավական հիմք կարող են դառնալ մի շարք միջազգային կոնվենցիաներ ու պայմանագրեր, այդ թվում՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան» (ընդունվել է 1954 թ. Հաագայում, Թուրքիան ստորագրել է 1965 թ.), 1972 թ. ընդունված «Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան», վերն արդեն հիշատակված «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» ու ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունված այլ համաձայնագրերը։

    6. Առանձին գործեր՝ հայերի և նրանց ընտանիքների անշարժ գույքի և ունեցվածքի մասին

Սա միակ միջազգային իրավական ասպարեզն է, ուր համաշխարհային հայությունը, թեև մեծ ուշացումով, բայց արդեն մուտք է գործել։ Առայժմ եզակի դատական հայցերը, որոնք հարուցել են ցեղասպանության զոհ դարձած հայերի անմիջական ժառանգները, վերաբերել են հիմնականում իրենց նախնիների՝ արևմտյան բանկերում և ապահովագրական ընկերություններում կուտակված ակտիվներին։ Սակայն 2010 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի դաշնային դատարանում հարուցվեց շատ ավելի լուրջ գործ. ամերիկահայ երեք հայցվոր պահանջել են Թուրքիայի Հանրապետությունից, Թուրքիայի Կենտրոնական բանկից ու «Զիրաաթ» բանկից փոխհատուցում՝ իրենց հողատարածքի «անօրինական բռնագրավման և [այն օգտագործելու միջոցով] անարդար հարստացման դիմաց»։ Խնդրո առարկա հողակտորն Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմաօդային բազայի տարածքի մաս է կազմում։ Առաջիկայում սպասվում են նմանատիպ նոր գործերի հարուցումներ, այդ թվում՝ Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրի վերաբերյալ. այդ շենքը գտնվում է Քասաբյանների ընտանիքին պատկանած հողերի վրա։ Այս, ինչպես և նախորդ գործերի կապակցությամբ, համապատասխան փաստաթղթերն առկա են։

Հնարավոր կամ պարտադրված (ադրբեջանական կամ թուրքական կողմի նախաձեռնած) միջազգային դատավարությունը Հայկական հարցի վերը թվարկված բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի նկատմամբ պահանջելու է հայկական կողմից բարձրագույն պրոֆեսիոնալ մակարդակի գիտելիքներ միանգամից մի քանի մասնագիտացված բնագավառներում, ներառյալ ժամանակակից միջազգային իրավունքը՝ իր բազմազան դրսևորումներով, առարկաներով և նախադեպերով, միջազգային հարաբերություններն ու համաշխարհային քաղաքականությունը, հակամարտությունների պատմությունը մեր տարածաշրջանում և այլն։ Հարկավոր է, ի վերջո, հասկանալ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունները, ամենից առաջ, պետությունների ու ժողովուրդների մտավոր առճակատում են։

Դժվար չէ նաև նկատել, որ հայության հիմնական միջազգային իրավական խնդիրները միմյանցից անջատ քննարկվելու դեպքում չեն կարող ստանալ հայկական կողմի համար ընդունելի լուծում։ Հետևաբար, դրանց ամուր և հմուտ կապակցումն ընդհանուր փաթեթի մեջ հայկական դիվանագիտության և իրավագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի։ Պարադոքսալ կերպով՝ Հայաստանում այդպիսի կապակցումը ցայսօր համարվում է քաղաքական տաբու, թեև համոզիչ պատճառաբանություններ այս առթիվ, բնականաբար, որևէ մեկը չի բերում։

——–

[1] Raymond H. Kévorkian and Paul B Paboudjian, Les Arméniens dans l’Empire ottoman а la veille du Génocide, Paris: Arhis, 1992, pp. 57-60.

(Շարունակելի)

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#4 (167), 4 փետրվարի, 2011 թ.

This post is also available in: Անգլերեն, Ռուսերեն