538-539 թթ. հայոց ապստամբությունը (պատմառազմագիտական վերլուծություն). IV

538-539 թթ. հայոց ապստամբությունը  (պատմառազմագիտական  վերլուծություն).  IV

Սկիզբը՝ «Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ», 2011 թ., #20 (183), #22 (185), #27 (190)

Ապստամբության վերջը։ Ակոռիի և Ավնիկի ճակատամարտերում (481 և 539 թթ.) հայոց մարտավարության համեմատական վերլուծություն։

Ճշմարիտ է, որ Սիտտասի և Արտավան Արշակունու ջոկատների միջև տեղի ունեցած մարտը մեծապես որոշեց Ավնիկի ճակատամարտի բախտը։ Սակայն պետք է նաև ընդունել, որ այդ ճակատամարտի խիստ անսովոր բնույթը թույլ չէր տալու, որ Սիտտասի մահն ունենա այնպիսի մեծ նշանակություն՝ նրա բանակի վերջնական պարտության գործում, ինչպիսին այն կունենար, եթե պատահեր բաց դաշտում՝ բոլորի աչքի առջև։ Զորամասերի տարանջատվածության, նրանց միջև հուսալի կապի բացակայության և առանձին մարտերի մեկուսացվածության պատճառով և՛ հայկական, և՛ բյուզանդական զորքերի մեծ մասը բավականին ուշացումով պետք է տեղեկացված լինեին Սիտտասի սպանվելու մասին։ Եթե հայկական զորքերն ընկրկեին ու պարտվեին մյուս մարտերում, ապա Սիտտասի ոչնչացումը նրանց ընդհանուր հաղթանակ չէր պարգևի, քանի որ սպանված Սիտտասի փոխարեն հրամանատարությունն անմիջապես ստանձնած պետք է լիներ նրա տեղակալը, ինչպես ընդունված էր հռոմեական (ի դեպ՝ նաև հայկական) բանակում։

Ավնիկ գյուղը և ամրոցը այսօր

Հետևաբար հայերը ճակատամարտը շահել էին շնորհիվ ոչ միայն Սիտտասի ջոկատի դեմ տարած հաղթանակի, այլև ընդհանուր առմամբ՝ այդ օրը տեղի ունեցած բազմաթիվ մարտերի մեծ մասում՝ պարտության մատնելով նաև բյուզանդացիների մյուս զորամասերին։ Ուստի Ավնիկի մոտ հաղթանակի առավել ստույգ բանաձևը կստանանք՝ գումարելով բյուզանդական բանակի գլխավոր հրամանատարի ոչնչացումը ճակատամարտի ընթացքում տեղի ունեցած առանձին մարտերի ավելի քան կեսում հայոց տարած հաղթանակներին։ Հաղթանակի ձեռքբերմանը, անշուշտ, նպաստել էին հայոց հրամանատարության՝ տեղանքի մանրազնին ուսումնասիրությունն ու հմուտ օգտագործումը, այնտեղ պաշտպանողականհարձակողական ճակատամարտի նախապատրաստումը, ներառյալ՝ հայոց զորամասերի ճիշտ տեղաբաշխումը, դարանակալումների ու պահեստազորի համար նախապես թաքուն տեղերի որոշումը, մի շարք ամրաշինությունների հնարավոր կառուցումը և այլն։ Համարժեք նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու համար Սիտտասը չուներ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հնարավորություն, քանի որ Վասակ Մամիկոնյանի ընտրած ռազմական գործողությունների թատերաբեմ ոտք դնելուն պես՝ նա անմիջապես ենթարկվեց հարձակման. հայկական բանակը դուրս եկավ պաշտպանվողի դրությունից և բազմաթիվ հանդիպական մարտերի սկիզբ դրեց։

Այսպիսով, Վասակ Մամիկոնյանը Սիտտաս Ուրսիկոսի հանրաճանաչ զորավարական տաղանդը գերազանցեց ոչ միայն ամբողջ պատերազմափուլը ծրագրելու և վարելու գործում, հատկապես ստիպելով հակառակորդին գլխավոր ճակատամարտը տալ պաշտպանողական-հարձակողական գործողությունների համար նախապատրաստված և բնույթով իրեն ձեռնտու տեղանքում, այլև այդ եզակի ճակատամարտի ղեկավարման ընթացքում, ճակատամարտ, որը դեռ պետք է իր արժանի տեղն զբաղեցնի վաղ բյուզանդական ժամանակաշրջանի պատերազմների մարտավարության պատմության մեջ։ «Զորավարին՝ իր տաղանդը բացահայտելու համար՝ ամենալայն ասպարեզ է տրամադրում կտրտված, բլրաշատ տեղանքը»՝ Կլաուզեվիցի այս դիպուկ միտքը կարող ենք լիովին վերագրել նաև Վասակ Մամիկոնյանին՝ անարդարացիորեն մոռացության մատնված ականավոր այդ զորահրամանատարին, ով 538-539 թթ. գլխավորեց հայոց ապստամբական բանակը։

Ավնիկ ամրոցը

Փոքր-ինչ շեղվելով՝ անցկացնենք ռազմապատմական մի զուգահեռ։ Ավնիկի ճակատամարտից առաջ և նրա ընթացքում Վասակ Մամիկոնյանի կիրառած մարտավարությունը մի շարք ակնհայտ նմանություններ ունի 481 թ. տեղի ունեցած Ակոռիի հայտնի ճակատամարտի հետ, ահավասիկ՝ 1) նահանջ դեպի խիստ կտրտված տեղանք, ապա հակագրոհի ձեռնարկում, 2) մարտի հրահրում բարձրլեռնային գոտում, 3) թշնամու զորքերի գլխավոր հրամանատարների նախածրագրված ոչնչացում։ Հիշեցնենք, որ 481 թ. 300 հոգուց բաղկացած հայկական մի ջոկատ՝ մեկ այլ Մամիկոնյանի (այն էլ՝ դարձյալ Վասակ) գլխավորությամբ ջախջախեց 7000-անոց պարսկական զորքը։ Ինչպես և Ավնիկի ճակատամարտից առաջ, հայերն սկզբում ներքաշեցին հակառակորդին լեռնոտ տեղանք՝ դեպի Մեծ Մասիսի լանջերը, ապա Ակոռի գյուղի մոտ, ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա սրընթաց հակագրոհ ձեռնարկեցին՝ ընդսմին ոչնչացնելով պարսիկների գլխավոր հրամանատարին՝ մարզպան Ատրվշնասպին։ Միաժամանակ կարևոր տարբերությունն էլ այս երկու բարձրլեռնային ճակատամարտերի միջև այն էր, որ Ակոռիի մոտ հայկական զորքը մանր ջոկատների չէր բաժանվել, ինչպես Ավնիկի մոտ, այլ հանդես էր եկել իբրև մեկ միասնական բռունցք, որը ճիշտ պահերին ու ճիշտ տեղերում ուժերի կենտրոնացման շնորհիվ կարողացավ հաջորդաբար ջարդել թշնամու միմյանցից անջատված զորամասերը. սկզբում 300 հայ մարտիկները ժամանակին հակագրոհ ձեռնարկեցին և ճզմեցին պարսկական հեծելազորի ընտրանին, որը պոկվելով առաջ՝ կտրվել էր հիմնական ուժերից, այնուհետև նրանք տեղափոխեցին կենտրոնացված հարվածը (ինչպես մինչ այդ Վասակն անձամբ անցկացված նախազննությամբ արդեն պարզել էր) մարտական թույլ պատրաստություն ունեցող պարսկական զորամասերի վրա, իսկ ամենավերջում գրոհեցին ու ցրիվ տվին ուշացումով իրենց թիկունք թափանցած՝ էթնիկապես խառը կազմ ունեցող խմբավորումը (ներառյալ մարտի ամենասկզբում պարսիկների կողմն անցած մախղազ Գարջույլի հարյուրակը)։ Ընդ որում՝ այս երրորդ ու վերջին մարտի ժամանակ սպանվեց պարսիկներին դաշնակից կատշաց ցեղախմբի զորամասը գլխավորող հրամանատարը։ Պատմական սկզբնաղբյուրի՝ Ղազար Փարպեցու համաձայն, վերջին մարտից առաջ Հրահատ Կամսարականն անցկացրել է մարտավարական հետախուզում, որից հետո «սակաւ արամբք» նա և նրա եղբայր Ներսեհը (չշփոթել ավելի ուշ՝ 527 թ. Բելիզարիոսին և Սիտտասին հաղթած նույնանուն Կամսարական եղբայրների հետ) գրոհի են նետվել։ Բայց չպետք է կասկածել, որ հայկական զորքի հիմնական մասը ևս մասնակցել է այդ վերջին գրոհին, նրանց հետևելով երկրորդ շարակարգում. չէ՞ որ մյուս ուղղություններում հակառակորդ այլևս գոյություն չուներ։

Առանձին ուշադրության է արժանի հակառակորդի գլխավոր հրամանատարների ոչնչացումը՝ երրորդ ընդհանուր մարտավարական տարրը, որը հայերը հաջողությամբ կիրառել են Ակոռիի և Ավնիկի ճակատամարտերում։ Թշնամական բանակին հասցված այսպիսի անհամաչափ հարվածի բարձր գործունությունը բոլոր ժամանակներում էլ հայտնի է եղել մեծ և փոքր ռազմական կազմակերպությունների հրամանատարությանը։ Այդ իսկ պատճառով էլ դժվարը եղել է ոչ թե նման քայլի մտահղացումը կամ նույնիսկ ծրագրում, այլ՝ դրա իրականացումը։ Բուն մարտի ընթացքում նման գերբարդ առաքելության կատարումը պահանջել է, մասնավորապես՝ հավաստի նախնական հետախուզական տեղեկություններ, հրաշալիորեն վարժեցված և շարժունակ ընտիր ջոկատի՝ ճիշտ ժամանակին գրոհի առարկայի՝ հակառակորդի գլխավոր հրամանատարի վրա դուրս բերում (նկատի ունենալով, որ նա ինքն է սովորաբար պաշտպանված եղել թիկնապահներից բաղկացած սեփական ընտիր ջոկատով) ու կայծակնային արագությամբ հասցված «կետային հարված»։ Ակոռիի և Ավնիկի մոտ հայկական զորքերը լուծեցին այդ բոլոր խնդիրները, ընդ որում՝ Ակոռիի մոտ կատշաց առաջնորդը՝ «զայր հզոր և զմարտիկ», իսկ նրանից առաջ, հնարավոր է, նաև պարսից զորքի գլխավոր հրամանատար Ատրվշնասպը խոցվել են համապատասխան մարտերի ամենասկզբում՝ առաջին իսկ բախումների ժամանակ։

Այն, որ այս երկու ճակատամարտերը ղեկավարել են Մամիկոնյան զորավարները և երկրորդում՝ 58 տարի անց, օգտագործվել են առաջինում կիրառված մարտավարական կարևոր տարրեր (բնականաբար՝ պատմառազմական հանգամանքների տարբերությունից բխող անհրաժեշտ ձևափոխումներով հանդերձ), հանգեցնում է միանգամայն պարզ մի եզրակացության՝ լեգենդար սպարապետների տոհմական տանը գործում էր հայոց ռազմարվեստի մի անզուգական դպրոց, որտեղ սերնդեսերունդ ջանադրաբար փոխանցում էին ռազմական արժեքավոր փորձը և լավագույն ավանդույթները։

Վերադառնանք, սակայն, 538-539 թթ. հայոց ապստամբության պատմությանը։ Մեր միակ սկզբնաղբյուրը՝ Պրոկոպիոսը, ոչինչ չի հաղորդում Ավնիկի ճակատամարտում բյուզանդական բանակի կրած ընդհանուր կորուստների մասին, սակայն նրա կրած ծանր պարտության մասին կարելի է դատել թեկուզ այն փաստից, որ Հուստինիանոսն ստիպված էր Հայաստան ուղարկել իր փորձառու զորավարներից ևս մեկին՝ Բուզեսին, հասկանալի է՝ խոշոր համալրումների կամ նույնիսկ նորակազմ բանակի հետ։ Պարզ է, որ Ավնիկի ճակատամարտից հետո Սիտտասի բանակի մնացորդները նահանջել էին և Հայաստանի բյուզանդական մասում իշխանությունը գրեթե լիովին անցել էր ապստամբների ձեռքը, որոնք, հնարավոր է, գրավել էին նաև Թեոդոսուպոլիսը։ Եվ ահա թե ինչ շարունակություն է ունենում ապստամբությունը՝ ըստ Պրոկոպիոսի.

    «Սիտտասի վախճանվելուց հետո կայսրը Բուզեսին հրամայեց արշավել հայերի վրա։ Վերջինս, երբ տեղ հասավ, [հայերին] նամակ ուղարկեց, որով խոստանում էր նրանց հաշտեցնել կայսեր հետ և այդ կապակցությամբ առաջարկում էր, որ մեծամեծներից մարդիկ գան իր մոտ՝ բանակցություններ վարելու։ Սակայն [հայերը] Բուզեսին հավատալու ոչ հիմքեր ունեին, ոչ էլ նրա խոսքերին ականջ դնելու ցանկություն։ Բուզեսը մի մոտիկ ընկեր ուներ՝ [ծագումով] Արշակունի, անունը՝ Հովհաննես, որը Արտավանի հայրն էր։ Վերջինս, հույս դնելով Բուզեսի հետ ունեցած բարեկամության վրա, իր փեսա Վասակի և մի քանիսի հետ եկավ նրա մոտ։ Նրանք հասան և ապաստանեցին մի վայրում, որտեղ հաջորդ օրը պետք է հանդիպեին Բուզեսի հետ, բայց զգացին, որ հռոմեական զորքերը շրջապատել են իրենց։ Հովհաննեսի փեսա Վասակը շատ էր աղաչում Հովհաննեսին փախուստի դիմել, բայց երբ չհաջողվեց համոզել, մենակ թողնելով նրան, հռոմայեցիներից գաղտնի, մնացածների հետ նույն ճանապարհով վերադարձավ։ Այսպիսով, Բուզեսը միայն Հովհաննեսին գտավ և սպանեց, որից հետո հայերը հռոմայեցիների հետ համաձայնության գալու բոլոր հույսերը կտրեցին, ի վիճակի չլինելով պատերազմում պարտության մատնել կայսերը, գործունյա Վասակի գլխավորությամբ նրանք գնացին պարսից արքայի մոտ»։

Այսպես էլ 538-539 թթ. հայոց ապստաբմությունն ավարտվում է, բայց այն ունենում է կարևոր շարունակություն. Պարսկաստան անցած հայ զորահրամանատարները և նրանց ջոկատներն իրենց մասնակցությունը բերեցին, նաև իրենց համառ դրդմամբ, 540 թ. մայիսին Բյուզանդիայի դեմ Խոսրով Ա-ի սկսած պատերազմին։ Շատ կարևոր է հասկանալ հայոց ապստամբության պարագլուխների շահագրգռվածությունն այս նոր պատերազմում։ Մեր կարծիքով՝ Վասակ Մամիկոնյանը, Արտավան Արշակունին, նրանց զինակիցները, ինչպես նաև հայ աշխարհիկ ու հոգևոր վերնախավի զգալի մասը հույսեր էին տածում, որ պատերազմի արդյունքում Հայաստանի բյուզանդական մասը կմիացվի Պարսկահայաստանին, փաստորեն՝ տեղի կունենա Հայաստանի արևմտյան ու արևելյանի մասերի վերամիավորումը՝ թեկուզ և Պարսկաստանի կազմում։ Եթե այդ սցենարը հաջողվեր իրականացնել, ապա կտրուկ կաճեր Պարսկահայաստանի բավականին լայն ինքնավարության աստիճանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով երկիրն ամրապնդելու և հանուն անկախության ապագա ազատագրական պայքարի համար։ Ցավոք, այս ծրագրին վիճակված չէր իրականանալ։ Մինչև 542 թ. պատերազմն ընթանում էր ոչ թե Հայաստանում, այլ Միջագետքում և Լազիկեում։ Համոզվելով իրենց հույսերի անիրական լինելու մեջ և հիասթափվելով Հայաստանի նկատմամբ պարսկական քաղաքականության մեջ՝ ապստամբության պարագլուխները՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ (որն այս առթիվ դարձյալ հիշատակվում է իբրև նրանց առաջնորդ), նաև Արտավան Արշակունին ու նրա եղբայր Հովհաննեսը՝ «ստանալով հռոմայեցիներից երաշխիքներ իրենց անձեռնմխելիության վերաբերյալ» անցան Բյուզանդիա։ Դա եղավ արդեն 542 թ.։ Մասնավորապես, Արտավանը, ինչպես այդ մասին վերն արդեն ասվել է, արագորեն բարձրացավ արքունիքի աստիճանակարգով և արդեն կայսրության մայրաքաղաքից փորձեց ներազդել Հայաստանի ճակատագրի վրա՝ մի քանի այլ բարձրաստիճան հայերի հետ միասին՝ իր մասնակցությունը բերելով Հուստինիանոսի դեմ ձախողված մահափորձին։

Այդուամենայնիվ 538-539 թթ. հայոց ապստամբությունը, անշուշտ, մեծ նշանակություն ունեցավ ազգային ոգու և անկախության ձգտումների պահպանման համար հատկապես Հայաստանի բյուզանդական մասում, որը կայսրության հետ կրոնական մերձավորության պատճառով ենթակա էր նրա ձուլողական քաղաքականության ազդեցություններին։ Այդ շարժմանը հետևեցին հայոց նոր ազատագրական ելույթներն ինչպես Պարսկաստանում, որտեղ հզոր ապստամբություն բռնկվեց 571 թ., այնպես էլ Հայաստանի բյուզանդական մասում՝ 589, 591, 601 թվականներին… Ի հեճուկս բոլոր հակամիջոցների, որոնք ձեռնարկում էին այն ժամանակվա գերտերությունները՝ Արևելյան Հռոմեական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը, հայոց զինված ուժերը շարունակում էին պահպանել իրենց կազմակերպչական կառուցվածքը և մարտական բարձր որակները, որոնք հաջողությամբ կիրառվեցին հետագա ազատագրական կռիվներում։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#28 (191), 22 հուլիսի, 2011 թ.

This post is also available in: ,